Հայ գրականությունը Ռուսաստանում և Այսրկովկասում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռուսաստանում 18-ից 19-րդ դարերում հայ բնակչության աճի հետևանքով աշխուժացել է հայ գրական և մշակութային կյանքը։ Այդ ասպարեզում նշանակալի դեր են ունեցել 1781-ին Սանկտ Պետերբուրգում Գրիգոր Խալդարյանի հիմնած հայկական տպարանը և 1815-ին Մոսկվայում բացված Լազարյան ճեմարանը։ 19-րդ դարի կեսերին հայկական պարբերական մամուլի Երևան գալը խթանել է հայկական և ռուսական գրական կապերի մերձեցումը։ 1830-1840-ական թվականին ռուս գրականությունից թարգմանություններ են կատարել Խաչատուր Աբովյանը, Մկրտիչ Էմինը, Գաբրիել Այվազովսկին և ուրիշներ։ 1858-ին Մոսկվայում հիմնված «Հյուսիսափայլ» (խմբագրող՝ Ստեփանոս Նազարյան) ամսագրի շուրջ համախմբվել են Միքայել Նալբանդյանը, Րաֆֆին, Ռափայել Պատկանյանը, Սմբատ Շահազիզը, Ռուբեն Հասան-Ջալալյանը և ուրիշներ։ Ամսագրում տպագրվել են Նալբանդյանի հրապարակախոս-քննադատական, գիտական հոդվածները, գրական-պատմական գործերը («Յիշատակարան», «Մեռելահարցուկ» և այլն)։ Մոսկվայում հրատարակվել են նաև Մսեր և Զարմայր Մսերյանների «Ճռաքաղ» (1858-1862), «Համբավաբեր Ռուսիո» (1861-1864), Զարմայր Մսերյանի «Փարոս» (1872-1876), «Փարոս Հայաստանի» (1879-1881), Մկրտիչ Բարխուդարյանի «Հանդես գրական և պատմական» (1888-1896), Նոր Նախիջևանում՝ «Նոր կյանք» (1906-1907), «Մեր ձայնը» (1907-1909), Աստրախանում՝ «Մեր կյանքը» (1910-1912), և այլ պարբերականներ, որոնք իրենց շուրջն են համախմբել հայ գրողներին և էականորեն նպաստել հայ գրականության առաջընթացին։ 1854-ին Մոսկվայում ստեղծվել է «Գամառ-Քաթիպա» գրական, 1908-ին Աստրախանում՝ Հայ գրականության և արվեստի սիրողների ընկերությունները, որոնք զգալիորեն նպաստել են հայ գրականության զարգացմանը։ Նոր Նախիջևանում են գրական առաջին քայլերն արել Միքայել Նալբանղյանը, Ռափայել Պատկանյանը և ուրիշներ, լուսավոր-մշակութային բեղուն գործունեություն են ծավալել Հարություն Ալամդարյանը, Սերովբե, Գաբրիել և Ռափայել Պատկանյանները, Գրիգոր Չալխուշյանը և ուրիշներ։ 19-րդ դարի վերջին թարգմանություններով հանդես են եկել Քերովբե Պատկանյանը, Կարապետ Եգյանը, Պետրոս Շանշյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Ստեփան Մալխասյանցը, Հարություն Թումանյանը և ուրիշներ։

Ռուսական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ժամանակ Ռուսաստանում են ապրել ու ստեղծագործել Ալեքսանդր Ծատուրյանը, Վահան Տերյանը, Պողոս Մակինցյանը, Եղիշե Չարենցը և ուրիշներ։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին մեծացել է ռուս հասարակայնության հետաքրքրությունը հայ գրականության նկատմամբ։ Այդ ասպարեզում մեծ ավանդ ունեն Յուրի Վեսելովսկին, որի ջանքերով 1894-ին ռուս, լույս է տեսել «Հայ արձակագիրներ» ժողովածուի 1-ին հատորը (2-րդը գրաքննությունն այրել է), 1906-ին՝ «Հայկական քնար» անթոլոգիան, Վալերի Բրյուսովը, որը 1916-ին՝ հայ ժողովրդի համար ողբերգական ժամանակաշրջանում, հրատարակել է «Հայաստանի պոեզիան...» անթոլոգիան, Մաքսիմ Գորկին, որի խմբագրությամբ լույս է տեսել «Հայ գրականության ժողովածուն»։ Ռուսաստանում են ապրել և ռուսերեն ստեղծագործել Աննա Աբամելիք-Լազարևան, Դմիտրի Ախշարումովը, Նորա Ադամյանը, Ալեքսանդր Վերմիշևը, Գրիգորի Վերմիշևը, Լյուսյա Արգուտինսկայան, Նիկոլայ Ատարովը, Էդուարդ Ասադովը, Աշոտ Գառնակերյանը և ուրիշներ։ Ռուս գրակյան պատմության մեջ առանձնանում է Մարիետա Շահինյանի գրական վաստակը։ 1922-ին և 1927-ին նա եղել է Հայաստանում. Մոսկվա վերադառնալով՝ գրել է «Սովետական Հայաստան» (1923) գիրքը, «Հիդրոցենտրալ» (1930-1931) վեպը։ Թարգմանել է հայ բանաստեղծների ստեղծագործություններից, քննադատական հոդվածներով անդրադարձել հայ գրողների գործերին։ Այսօր էլ կան ռուսագիր հայ գրողներ, որոնք համախմբված են «Նոյյան տապան» («Նոյև կովչեգ», հրատարակվել՝ 1997-2000-ին Քիշնևում, 2000-ից՝ Մոսկվայում) ամսագրի շուրջ։

Վրացական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերնատան անդամները Թումանյանի հարկի տակ

Վրաստանում ստեղծագործող բազմաթիվ հայ մտավորականներ ակտիվորեն մասնակցել են երկրի հոգևոր կյանքի տարբեր ճյուղերի սկզբնավորմանն ու զարգացմանը։ Վրացական գրականության պատմության մեջ նշանակալի ավանդ ունեն աշուղ Սայաթ-Նովան, դրամատուրգ, ռեժիսոր Զուրաբ Աևտոնովը, որը վրացական դրամատուրգիայի հիմնադիրն է, բանաստեղծ, հասարակական և թատերական գործիչ Միխայիլ Թումանովը, հրապարակախոս Գևորգ Թումանովը և ուրիշներ։ 19-րդ դարի վերջին-20-րդ դարի սկզբին արևելահայ գրական կյանքը հիմնականում կենտրոնացած էր Թիֆլիսում։ Այստեղ են ստեղծագործել Գաբրիել Սունդուկյանը, Ղազարոս Աղայանը, Րաֆֆին, Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Նար-Դոսը, Դերենիկ Դեմիրճյանը, Ծերենցը, Մուրացանը, Պերճ Պռոշյանը, Ջիվանին, Վրթանես Փափագյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Շիրվանզադեն, Լևոն Շանթը և ուրիշներ։ 1899-ին Թիֆլիսում կազմակերպվել է «Վերնատուն» գրական խմբակը, որը որոշ ընդմիջումներով գործել է մինչև 1908-ի վերջը (վերաբացվել է 1997-ին)։ Թումանյանի գլխավորությամբ խմբակի հիմնադիր անդամները (Ղազարոս Աղայան, Ավետիք Իսահակյան, Լևոն Շանթ, Դերենիկ Դեմիրճյան) կազմակերպել են ընթերցումներ, գրական զրույցներ, քննարկել գրականությանն առնչվող հարցեր։ Հայաստանի առաջին հանրապետության և հատկապես ՀԽՍՀ-ի ստեղծումից հետո հայ գրողների զգալի մասը տեղափոխվել է Հայաստան։ 1912-ին Թիֆլիսում հիմնադրվել է Հայ գրողների կովկասյան ընկերությունը (նախագահ՝ Հովհաննես Թումանյան), որի նպատակը նյութ, օժանդակություն կազմակերպելն էր հայ գրականության, գիտության ու լրագրության ոլորտների աշխատողներին։ Ընկերության ջանքերով ու միջոցներով 1914-ին Թիֆլիսի Սուրբ Գևորգ Եկեղեցու զավթում կանգնեցվել է Սայաթ-Նովայի մահարձանը, հրատարակվել նրա ստեղծագործությունների ժողովածուները։ Այդ ժամանակներից, որոշ ընդմիջումներով, ամեն տարվա մայիսի վերջին կիրակին տոնվում է Սայաթ-Նովայի հիշատակին նվիրված Վարդատոնը։ Ընկերությունը գոյատևել է մինչև 1921-ը։ Վրաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ընկերությունը վերակազմավորվել է Հայ գրչի մշակների միության և ընդգրկվել «Հայարտուն» կազմակերպության մեջ։ Թիֆլիսում գործել է նաև Վրաստանի պրոլետ, գրողների ընկերակցության հայկական մասնաճյուղը, որը, 1926-ին միավորվելով «Հայարտան» գրական բաժանմունքի հետ, կոչվել է Հայ գրողների միություն և 1934-ին, որպես Վրաստանի գրողների միության մասնաճյուղ, ընդգրկվել է ԽՍՀՄ գրողների միության մեջ։ 1956-ից հայկական մասնաճյուղը հրատարակել է «Ալմանախ» տարեգիրքը (1960-1992-ին կոչվելէ «Կամուրջ», վերահրատարակվել է 2002-ին, հրատարակել է 5 պրակ)։ Թիֆլիսում ապրել և ստեղծագործել են Բագրատ Այվագյանը, Հակոբ Աղաբաբը, Հակոբ Հակոբյանը, Սուրեն Ավչյանը, Մարտին Քարամյանը, Բենիկ Սեյրանյանը, Մկրտիչ Ասլանյանը, Ջավախքում՝ Վիկտոր Հովսեփյանը, Օքրո Օքրոյանը և ուրիշներ։ Ներկայումս այնտեղ գործում է Վրաստանի Հայ գրողների միությունը (նախագահ՝ բանաստեղծ Գևորգ Սնխչյան), որի անդամները (Գիվի Շահնազար, Նազարեթ Կիրակոսյան, Միքայել Ախտյան, Գուրի Եթեր, Անահիտ Բոստանջյան, Սիլվա Սիփանուհի, Գևորգ Հայասա և ուրիշներ) ակտիվորեն մասնակցում են Թբիլիսիում, Ջավախքում, Ծալկայում, Բոլնիսում և այլուր կազմակերպվող գրական մշակութային միջոցառումներին։ 1998-ից միությունը հրատարակում է «Վերնատուն» տարեգիրքը (լույս է տեսել 8 համար)։ 1998-ից գործում է նաև միության «Գրական ծիլեր» երիտասարդ, ակումբը։

Ադրբեջանական գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1860-ական թվականներինին հայ գրական կյանքը սկզբնավորվել է նաև Բաքվում։ Հայոց մարդասիրական ընկերության գրադարան-ընթերցարանում կազմակերպվել են գրական երեկոներ։ 1874-ին սկսել է տպագրվել «Սոխակ Հայաստանի» երգարանը (խմբագիր՝ Գրիգոր քահանա Գրիգորյան), որտեղ ընդգրկվել են հայ աշուղների և բանաստեղծների ստեղծագործությունները։ Իրենց գրական առաջին քայլերը Բաքվում են արել Շիրվանզադեն, Հակոբ Հակոբյանը։ 1880-ական թվականների վերջին գործել է «Հույս» գրական միությունը, 1890-ական թվականների կեսին՝ «Օջախ» գրական խմբակը, որի աշխատանքներին մասնակցել են նաև Ղազարոս Աղայանը, Հովհաննես Թումանյանը, 1910-ական թթականին՝ Հայ գրական-գեղարվեստական ակումբը։ 1923-ին կազմակերպվել է Բաքվի «Հայարտուն» գրական-մշակութային կազմակերպութունը, որի գրական մասնաճյուղի հիման վրա ստեղծվել է Հայ պրոլետ, գրողների ասոցիացիան։ 1925-ին հրատարակվել են «Հայարտուն» և «Վիշկա» (ռուսումնական) գրական հանդեսները։ Բաքվի գրական միջավայրում են ձևավորվել բանաստեղծներ Աշոտ Գրաշին, Թաթուլ Հուրյանը, Սամվել Գրիգորյանը, Համո Սահյանը, Աթանես Սենալը, Պահարեն, արձակագիրներ Գարեգին Բեսը, Մարգար Դավթյանը, դրամատուրգներ Ալեքսանդր Քիշմիշյանը, Արշավիր Դարբնին, Արարատ Բարսեղյանը։ 1932-1941-ին լույս է տեսել «Խորհրդային գրող» ամսագիրը, վերահրատարակվել է 1957-1989-ին՝ «Գրական Ադրբեջան» (երկամսյա) անվամբ խմբագիրներ՝ Ս. Գրիգորյան (1956-1981), Վ. Աբրահամյան (1981-1989)]։ Ադրբեջանում հայ գրական կյանքը շարունակվել է մինչև 1970-1980-ական թվականներին, երբ հայերի նկատմամբ վարվող ազգային խտրական քաղաքականության պատճառով փակվել են հայկական մշակութային կենտրոնները, որին հետևել են 1989-1990-ական թվականների զանգվածային բռնություններն ու հայերի արտագաղթը։