Հայկական ժանյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18-րդ դարի հայկական ժանյակագործ ծածկոց, Հոնոլուլուի արվեստի ակադեմիա

Հայկական ժանյակ, գեղարվեստական ստեղծագործության այս ինքնուրույն և յուրահատուկ տեսակը հայ ժողովրդի հետ միասին անցել է շատ փորձություների միջով, պահպանել իր պարզությունն ու նրբագեղությունը և հասել մեր օրեր։ Նյութի մատչելիության, գործիքների համեմատաբար պարզ ձևերի, դրա հետ մեկտեղ գեղարվեստական արտահայտչության լայն միջոցների շնորհիվ ժողովրդի մոտ լայն տարածում ստացած և սիրված զբաղմունքներից մեկն է եղել։

հայկական բամբակյա ժանյակ, Օքլենդի ռազմական պատմության թանգարան, Նոր Զելանդիա

Զարդանկարների հարստությունն ու բազմազանությունը, ոճային միասնականությունը, առանձին մոտիվների մշակված, հղկված ձևերը, մեծ կոմպոզիցիաների մեջ ներդաշնակությունը, համաչափությունը յուրահատուկ նուրբ գեղեցկություն են հաղորդել հայկական ժանյակին։ Չնայած, որ հայկական ժանյակի մեջ գերիշխել է սպիտակ գույնը, գունավոր ժանյակներում, տարազի հետ կապված, բավական չափավոր և ներդաշնակ են գույների համադրությունը, որն էլ արտահայտում է հայկական արվեստին բնորոշ մեղմությունը։

Հայկական ժանյակի լավագույն նմուշներ են պահպանվել մասնավոր հավաքածուներում և աշխարհի տարբեր թանգարաններում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի բամբակյա հյուսված ժանյակ, Լոս Անջելեսի քաղաքային արվեստի թանգարան

Ընդունված է համարել, որ ժանյակագործությամբ սկսել են զբաղվել 15-16-րդ դարերում։ Ժանյակի հայրենիք է համարվում Իտալիան։ Ամենաթանկարժեքն են համարվել Վենետիկի ժանյակները, որոնք արվել են առանց կտորի հիմքի։ Ջենովան հայտնի է եղել իր ոսկեթել և արծաթաթել ժանյակներով։ Ժանյակի ասպարեզում Իտալիան իր առաջնությունը պահպանել է մինչև 18-րդ դարը, երբ սկսել է զարգանալ ֆրանսիական և ֆլանդրիական ժանյակագործությունը։ Ենթադրվում է, որ ոսկեթել, արծաթաթել, մետաքսաթել մարգարտահյուս ժանյակները ասիական մի շարք երկրներում հայտնի է եղել ավելի վաղ քան Եվրոպայում (13-րդ դար)[1]։ 10-րդ դարի արաբ պատմիչները, թվելով հայ ժողովրդի զբաղմունքները, արհեստների մեջ հիշատակել են ձեռագործեր, գլխի շալեր, ծածկոցներ, որոնք ըստ երևույթի կապ են ունեցել ժանյակի հետ։ Նուրբ հյուսվածքից, տարբեր որակի և տեսակի թելերից հյուսված ժանյակը չէր կարող պահպանվել հազարամյակներ։ Այդ է պատճառը, որ աշխարհի թանգարաններում հնագույն ժանյակներ չկան։ Հայկական ժանյակագործության հնագույն գոյության համոզիչ ապացույց կարող է ծառայել քարաքանդակները, մանավանդ խաչքարերը, որոնցից ամեն մեկը կարծես ժանյակի մի չքնաղ նմուշ լինի։

Ժանյակի կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի հայկական ժանյակ, բամբակ, մետաքս, Նյու Յորքի Սմիթսոնյան դիզայնի թանգարան

Հայկական ժանեկագործությունն իր զարդանախշերով և հորինվածքային լուծումներով բավականին նմանություն ունի դեկորատիվ-կիրառական արվեստի այլ ճյուղերի հետ։ Ակնհայտ է ժանյակի ու խաչքարի նմանությունը։ Հորինվածքներում համաչափության պահպանումը, զարդանախշերի հարստությունն ու բազմազանությունը, ոճային միասնականությունը յուրահատուկ գեղեցկություն են հաղորդում հայկական ժանյակին։

Ժանյակ հյուսելու եղանակով գործվել են սփռոցներ, վարագույրներ, ծածկոցներ, տարբեր բոխչաների (տուտկապերի), թաշկինակների, գլխաշորերի երիզներ, ինչպես նաև՝ օձիքներ, զանազան կենցաղային իրեր. սանրամաններ, կոճակի, թաշկինակի գրպանիկներ և այլն։ Ուշադրության է արժանի Բարձր Հայքի կանանց տարազի գլխի հարդարանքի մաս կազմող ճակատազարդը՝ «վարդ»-ը, որը հյուսվել է ասեղով, մետաքսե բազմագույն թելերով, մանրիկ ծաղիկների ու տերևների համակցված նախշերով։ Հետաքրքրություն են ներկայացնում կիլիկիահայ կանանց տարազի շուշան նախշերով, սպիտակ, մետաքսաթել ժանյակ-լանջակալները[2]։ Կարինում, Վանում, Բաղեշում կանայք հյուսել են իրենց ճակատնոցի ժանյակները, յափուշի եզրերը, յազմանները։ Կարինի հայկական կանացի տարազի գլխի հարդարանքի մեջ գործածվել են ոչ միայն մետաքսաթել այլև մարգարտահյուս ժանյակներ, որոնք երբեմն հյուսվել են ոսկյա հուլունքների հետ։ Ժապավաենաձև ցանցկեն մարգարտահյուս ժանյակները կախվել են քունքերին, գործածվել են որպես վզնոցներ։ Շատախում տարածված է եղել ժանյակե՝ թոռագործ սփռոցներն ու վարագույրերը։

Ժանյակի տարատեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական ժանյակ

Ժանյակի տեսակներն իրենց անվանումները ստացել են պատմական Հայաստանի նահանգների անուններից։ Հայտնի են Այնթապի թելքաշ, Վասպուրականի ժանյակ, Ուրֆայի լիցք, Սեբաստիայի խաչկար, Եդեսիայի սուզանի, Մարաշի գաղտնակար, Մարաշի լիցք և այլ տեսակները։

Պոլսում գոյություն է ունեցել երկու տեսակի ժանյակ․ ասեղով գույնզգույն թելերով կարված՝ օյա և կեռ ասեղով՝ ղասանքով և հելունով հյուսված։ Շամախում, որպես գլխի հարդարանք տարածված է եղել թոռ ժանյակը։ Թոռը գործել են դազգահի վրա միլով և կեռ ասեղով՝ մետաքսաթելից։ Գործելուց հետո եփել են օճառով[3]։

Մարաշի ժանյակները կարվել են երկու տարբեր տեսակի ասեղնակարերով. մեկը յուրահատուկ հարթակար է եղել, որ կոթ ասեղ, Զեյթունի կար անուններով, իսկ մյուսը` հյուսված կար։

Կիլիկիայի հայաբնակ բնակավայրերում ժանյակի այլ տեսակների հետ մեկտեղ տարածված է եղել օղակ-հանգույցով կարած ժանյակները։

Աշխարհագրական տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժանեկագործությունը տարածված է եղել Հայաստանի գրեթե բոլոր նահանգներում։ 19-րդ դարում ժանեկագործության խոշոր կենտրոններ են համարվել Վան-Վասպուրականը, Բարձր Հայքը (Կարինը, Կարսը, Ալեքսանդրապոլը, Ախալցխան, Ախալքալաքը), Կիլիկիան (Այնթապը, Մարաշը, Ուրֆան), Փոքր Հայքը (Սեբաստիան, Կեսարիան, Արաբկիրը և այլն), Կ.Պոլիսը, Թիֆլիսը։ Առաջին համաշխարհային պատերազմից և Մեծ եղեռնից հետո ժանյակի գործը հայ գաղթականության հետ տարածվել է Անդրկովկասում, արաբական մի շարք երկրներում, Հունաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում։ Հայկական ժանյակի աշխարհագրական տարածումը ընդգրկել է նաև Ասիայի, Աֆրիկայի մի շարք հայաբնակ վայրեր, ինչպես նաև Ղրիմը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի հայկական ժանյակագործության նմուշներ, Սոֆիայի պատմության թանգարան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Работникова, И. Н. (1956). Русское народное кружево. Москва.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Ժանյակագործություն, ասեղնագործություն». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 26-ին.
  3. Թառայանց, Ս (1898). Հայ ժողովրդի արհեստագործությունը. Թիֆլիս. էջեր 35–36.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սերիկ Դավթյան Հայկական ժանյակ. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1966.