Բարձր Հայքի տարազ
Բարձր Հայքի տարազ, հայկական ազգային հագուստի տարատեսակ, որը տարածված է եղել ինչպես Բարձր Հայքի նահանգներում, այնպես էլ Կարսում, Արդվինում, Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում և այլուր։ Այս տարազն աչքի է ընկնում իր ազգային ինքնատիպությամբ, շքեղությամբ, կտորի տեսակի, գույների համադրության յուրօրինակությամբ։ Այստեղ ամենօրյա և տոնական կամ հարսանեկան տարազը ուներ միատեսակ ձևվածք. դրանց տարբերությունը կտորի տեսակի և շքեղ կամ սովորական զարդարանքի մեջ էր։
Նկարագարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր Հայքի կենտրոնն էր հանդիսանում Կարինը։ Հայ ժողովրդի տարազարվեստում առանձնահատուկ տեղ էր զբաղեցնում Կարնո տարազախումբը։ Կարին քաղաքի բնակչության մեծ մասը արհեստավորներ էին։ Այնտեղ զարգացած էր ոսկերչությունը, կոշկակարությունը, զինագործությունը, պղնձագործությունն ու ոսկեթել ասեղնագործությունը։ Կարնո տարազը, մյուս վայրերի հետ համեմատված, ամենաշքեղն էր։ Այն տարածված էր Ալեքսանդրապոլում, Կարսում, Ախալցխայում, Ախալքալաքում։ Դրա տարբերակը հագնում էին Խոտրջրում։ Տարազը համապատասխանում էր տվյալ վայրի բնակլիմայական պայմաններին․ ցուրտ տեղերում գերակշռում էին մահուդը, բուրդը և թավշյա կտորները, իսկ տաք վայրերում՝ չիթը, բարակ շալը, սատինը, կերպասը և մետաքսը։ Կարնո տարազը կարվում էր մահուդից, թավշից, ծաղկավոր կերպասից։ Նախընտրում էին մուգ կարմիրը, մուգ կապույտը և մանուշակագույնը, ամռանը հագնում էին նաև ծաղկավոր կերպասից կարված զգեստներ։ Գլխին դնում էին կապույտ երկար փնջավոր թելերով, կարմիր թաղիքե ֆես, կապում էին մարգարտե քունքազարդեր(զիլֆներ), ինչպես նաև ոսկեդրամներով ճակտնոց (զույգ-շերիտ) ու վարդ-թանթանա։ Դրանց վրայից գցում էին թափանցիկ, եզրերը ժանյակով նուրբ քող, որն իջնում էր մինչև կրունկները։ Հագնում էին մուգ կապույտ թավշից կարված զգեստ։ Կապում էին մուգ կարմիր թավշյա գոգնոցը՝ կապ-գոտիով։ Հագուստը երկար էր՝ երիզված ոսկե տրեզով։ Ինչպես հագուստը, այնպես էլ գոգնոցը ասեղնագործվում էր ոսկե թելով։ Գոգնոցի որկու անկյուններում ասեղնագործվում էին ոճավորված բուսանախշեր, որի վրա երբեմն լինում էին կապողի անվան և ազգանվան առաջին տառերը, իսկ գոտու վրա կամ «բարի վայելում», կամ «ի վայելումն կապողին» ընծայական մակագրությունը։ Կարնո խմբի գոգնոցներից զգալիորեն տարբերվում էր Խոտրջինը (դրա նախշերը կենաց ծառի պատկերներ էին, որոնք առնչվում էին պտղաբերության գաղափարի հետ)։ Կարնո տարազի անբաժանելի մասն էին կազմում զարդերը․ ոսկյա շղթա՝ ժամանակացույցով, ոսկյա զույգ ապարանջաններ(խալիխալներ) և այլն։ Ոտքերին հագնում էին մաս-բաբուջ։ Իսկ երբ տուն էին մտնում, բաբուջը հանում էին և մնում էին մասով։ Կարնո տարազը նախշազարդուվ էր բուսական հարուստ զարդամոտիվներով (ոսկեթել-մետաքսաթելով)[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր Հայքը, իր կենտրոն հանդիսացող Կարին քաղաքով, առևտրական հինգ մեծ ճանապարհներով կապված էր շրջակա և հեռավոր երկրների հետ։
Կարինում կար միջազգային մեծ շուկա, ուր վաճառվում էին թե՛ ռուսական, թե՛ եվրոպական ապրանքներ։ Քաղաքի բնակչությունը զբաղվում էր գերազանցապես արհեստներով և առևտրով։ Կարինում տարածված արհեստներից էին ոսկերչությունը, դերձակությունը, կոշկակարությունը, պղնձագործությունը, զինագործությունը։
Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո 1829—1831 թվականների կազմակերպված գաղթի հետևանքով Բարձր Հայքի տարազը 90.000 հայ գաղթականների հետ միասին տարածվեց նրանց նոր բնակության վայրերում՝ Շիրակի, Ախալցխայի, Ջավախքի, Ծալկայի շրջաններում։ Գաղթի հետ մեկտեղ տարածված զգեստը երկար ժամանակ պահպանվեց նոր բնակավայրերում։ Միայն Ախալցխայում բնակություն հաստատեցին Կարինից, Արդահանից և նրա շրջակա գյուղերից գաղթած մոտ 6000 ընտանիք։ Կովկաս գաղթած հայերի շնորհիվ նոր բնակության վայրերում զգալի զարգացման են հասան ոսկերչությունը, գլխաշոր-յազմայի, տրեզի արտադրանքը, ժանյակագործությունը, որով զարդարում էին գլխի հարդարանքի մասերը։ Կարնո հայերն իրենց հետ Հայաստանի ռուսական մասը բերեցին նաև նյութական մշակույթի և կենցաղի բազմադարյան ավանդները աշխատանքային գործիքներից սկսած ընդհուպ մինչև շինարարական տեխնիկան։
Կանացի զգեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր Հայքի քաղաքաբնակների և գավառների գյուղերի տարազների միջև կան որոշակի տարբերություններ։ Կանանց տարազի մեջ գործածական էր վերնազգեստի չորս տեսակ, որոնք միմյանցից տարբերվում էին ոչ միայն կտորի որակով, այլև զարդաձևերով։ Մահուդից կարված վերնազգեստը կոչվում էր ջուպպա, մետաքսիցը՝ ֆայ, լահուր, խրխա, թավիշիցը ղատիֆան, բրդյա գծավոր կտորից կարվածը՝ փութալի։ Ղատիֆան, խրխան, փութալին տոնական վերնազգեստ էին, իսկ ջուպպան երկու տեսակ էր լինում ամենօրյա և տոնական[2]։
Տարածված էր վերնազգեստի վեց տարբերակ։ Առաջին տարբերակը կարվում էր մուգ կարմիր, մուգ կանաչ, մանուշակագույն, մուգ կապույտ գույնի թավշից կամ մուգ կապույտ գույնի մահուդից։ Ջուպպան կարվում էր առանց աստառի, իսկ ղատիֆան, խրխան, փութալին անպայման աստառով։ Վերնազգեստ-ջուպպայի, ղատիֆայի, խրխայի կրծքի բացվածքը մեծ էր, շուրջը, ինչպես նաև քղանցքի, թևաբերանի եզրերը զարդարված ոսկեթելով կամ արծաթաթելով արված ասեղնագործությամբ։ Բարձր Հայքի կանանց վերնազգեստի ասեղնագործության մոտիվը բուսանախշերն են, որ կատարվում էին երկու եղանակով՝ ուռուցիկ հարթակարով և հաստ ոլորված ոսկեթելի միջոցով[3]։ Վերջին եղանակի դեպքում ոսկեթելը ամրացվում էր կտորի վրա ուրիշ բամբակյա թելով աննկատելի կարով։ Կրծքի բացվածքից սկսած մինչ գոտկատեղը աջ ու ձախ փեղկերի եզրերին կարվում էր երեք չապրաստ, որոնցով վերնացգեստը կիպ գրկում էր իրանը, իսկ գոտկատեղից ներքև մնում էր բաց, որը ծածկվում էր գոգնոցով։ Ոսկեթելից հյուսված տրեզ էր կարվում նաև թևի կարի և նույն կարի ուղղությամբ շարունակվող կողքի կարերի վրա, մինչև գոտկատեղ։ Տրեզի գործածությունը երկու կամ երեք շարքով, հատկապես քղանցքում, բացի զարդաձև լինելուց, ուներ նաև զգեստի եզրերը ձիգ պահելու և ընդգծելու նպատակ։ Այս տարբերակը տարածված էր Կարինում, Ախալցխայում, Ալեքսանդրապոլում։
Երկրորդ տարբերակը առաջինից տարբերվում էր կողքերում ավելացված հատվածների տեղադրման դիրքով։ Այս տարբերակում ետևի հիմնական կտորը նույն ձևն ու չափն ուներ, ինչ որ առաջին տարբերակը։ Թևաբերանը կտրվում էր ալիքաձև և ասեղնագործվում ավելի շքեղ։ Նույն զարդանախշերով էին ասեղնագործվում նաև կրծքի բացվածքի և քղանցքի եզրերը։ Բացի ասեղնագործությամբ զարդարելուց, եզրերին, թևի ու կողքի կարերի վրա ամրացվում էր ոսկեթել տրեզ։ Թե՛ առաջին, թե՛ երկրորդ տարբերակը տարածված էր Արդվինում, Կարսում, Ախլալքալաքում։
Երրորդ տարբերակը կարվում էր բամբակյա մուգ կապույտ կտորից, առանց ուսակարի։ Չորրորդ տարբերակին հատուկ էին ասեղնագործության յուրօրինակ նախշերը։ Այն տարածված էր հատկապես Ալեքսանդրապոլում։ Վերնազգեստի հինգերորդ տարբերակն ուներ ամբողջական ետևամաս, առջևի աջ ու ձախ փեղկերին զուգահեռ կողքերում միացվում էր մեկական ամբողջական հատված, իսկ քղանցքում, այդ հատվածի և ետևամասի կտորի միջև մեկական եռանկյունաձև հավելված։ Այս տարբերակը զարդարվում էր նույն եղանակով, որը, ինչպես առաջին, երկրորդ և չորրորդ տարբերակները, տարածված էր 19-րդ դարի վերջին, Ախալքալաքի և Ախալցխալի շրջաններում։
Կանանց զգեստի կարևոր բաղկացուցիչ մասերից էր գոգնոցը, որի ձևը Կարինում, Կարսում, Արդվինում, Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում նույնն Էր, բայց յուրաքանչյուր վերոհիշյալ վայրում ասեղնագործվում Էր յուրօրինակ զարդանախշով։ Գոգնոցը սովորաբար ունենում Էր 65—86 սմ լայնություն և 100—115 սմ երկարություն։ Վերևի եզրին ամրացվում Էր 3,0—3,20 մ երկարության և 3—4 սմ լայնության գոտին՝ «գոգնոցի կապը»։ Գոտին հյուսում Էին դեղին և կարմիր գույնի մետաքսա թելից, եզրերի զարդանախշերի համար օգտագործվում Էր նաև սպիտակ, սև և կանաչ գույնի մետաքսաթել։ Գոտիներն ունենում Էին նաև մակագրություններ, նշվում Էր պատրաստման տարեթիվը, պատվիրատուի անունը, ազգանունը[4]։
Կանանց զգեստի կազմության մեջ կարևոր նշանակություն ուներ կրծկալը, որով ծածկվում էր վերնազգեստի կրծքի մեծ բացվածքը։ Այն ասեղնագործվում էր ոսկեթելով։
Ախալցխայամ, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում գործածական էր կարճ վերնազգեստ-բաճկոնը՝ սալթան։
Կանանց տարազի բաղկացուցիչ մասն էր կազմում նաև վերարկուն (ֆարաջան), որը կարվում էր գործարանային սև կամ շագանակագույն բրդյա կտորից։ Այն երկարում էր մինչև ոտքի կոճերը և թիկունքում ունենում էր դարսեր, թևերը երկար էին, իսկ առջևի բացվածքի աջ ու ձախ փեղկերը միացնում էին միմյանց հետ բազմաթիվ կոճակների միջոցով։
Կանանց գլխի հարդարանքր ևս յուրօրինակ էր։ Այն առանձնահատուկ շքեղություն ու տեսք էր տալիս զգեստին, կանայք սանրում էին մազերը, երկու հյուս անում, հագնում մուգ կարմիր գույնի գլխարկ երկար փնջիկով։ Գլխի հարդարանքի բաղկացուցիչ մասերից էին մարգարտաշար քունքակախիկները՝ յուրաքանչյուր կողմում 5-ից 6-ական զույգ։ Յուրաքանչյուր զույգը միացված էր լայնակի գծիկներով, որոնք նույնպես մարգարտաշար էին։ Զույգի ծայրը ներքևում միացվում էր և կախվում մեկ ոսկյա դրամ։ Մարգարտաշար կախիկները միացվում էին կտորի նեղ ժապավենի վրա և այդ ժապավենը կապվում էր գլխարկի վրայից։ Գլխի հարդարանքի մասերից էր ճակտնոցը, որը բաղկացածր էր երկու շարք ոսկյա դրամների շարանից, ընդ որում կենտրոնում քթի ուղղությամբ, մեկ մեծ դրամ էր տեղավորվում, որը կոչվում էր միջանոց։ Դրամների քանակը հասնում էր 200-ի։
Բարձր Հայքի գավառական նորահարսի տարազի ամենահատկանշական մասերն են թեզանիքից կախված մետաքսյա անձեռոցիկանման կտորները։
Տղամարդկան զգեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարձր Հայքում տղամարդկանց տարազը 19-րդ դարի սկզբին ընդհանրություն ուներ կանանց տարազի հետ։ Զգեստի այդ ընդհանրությունը արտահայտվում էր հատկասես վերնազգեստի մեջ։ Կարինի հայ տղամարդկանց վերնազգեստը կարվում էր նույն նյութից, նույն ձևվածքն ուներ և նույն անունն էր կրում, ինչպիսին կանանց վերնազգեստ֊ջուպպան էր։ Տարածված էր տղամարդկանց զգեստի երկու տեսակ, առաջինը բաղկացած էր հետևյալ մասերից՝ սպիտակեղեն, ելակ, վերնազգեստ, գոտի, անդրավարտիք, գլխի հարդարանք և ոտնաման։
Շապիկի վրայից գործածական էր ելակը, որը առանց թևերի և առանց գրպանների զգեստ էր, և որի առջևամասր կարում էին մահուդից, իսկ ետևի չերևացող մասը բամբակյա կտորից։ Ելակը կոճկվում էր մետաքսաթելի տրեզից կարված կոճակ-օղերի և նույն տրեզով պատված կոճակների միջոցով։
Բարձր Հայքի տղամարդկանց անդրավարտիքի երկու տարբերակ կար. առաջին տարբերակը գոտկատեղում շատ լայն էր և վերևամասը երկարավուն այն աստիճան, որ կախվում էր մինչև ծնկներից էլ ցած։ Այս տարբերակը կոչվում էր «կախ շալվար», որը տարածված էր Կարինի շրջանում, գաղթից հետո նաև Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում։ Երկրորդ տարբերակը օգտագործվում էր Ախալցխայի շրջանի գյուղերում։ Այն կարվում էր շականակագույն տնայնագործական գործվածքից, փողքերը նեղ էին, փողքերի միջև ավելացվում էր քառանկյունաձև երկտակ ծալված կտորի մեկ տապակ։
Տղամարդկանց տարազի երկրորդ համալիրը կոչվում էր «կովկասյան», որի բաղկացուցիչ մասերն էին սպիտակեղենը, արխալուղը, գոտին, շալվարը, չուխան, գլխի հարդարանքը։
Տոնական արխալուղը կարվում էր սև գույնի մետաքսյա կտորից։ վերնամասը մինչև գոտկատեղը կիպ էր։ Թևքերը հիմքում լայն էին, թևքաբերանում համեմատաբար՝ նեղ։ Թևքաբերանը, օձիքը, աջ և ձախ փեղկերը զարդարվում էր մեկ շարք ոլորված ոսկեթելով։ Անդրավարտիքը սև բրդյա կտորից էր, վերնամասը խոնջայով։ Արխալուղի վրայից կարվում էր արծաթյա կամ կտորե գոտի։ Փեսայի շալվարը շականակագույն բրդյա կտորից էր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ֆլորա Գրիգորյան Հայկական ազգային տարազ. — Երևան: «Անտարես» հրատարակչատուն, 2011.
- ↑ Ավագյան, Նազիկ (1971). «Բարձր Հայքի ժողովրդական տարազը XIX դարում և XX դարի սկզբին» (PDF). Պատմա-բանասիրական հանդես. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 20-ին.
- ↑ Ավագյան, Նազիկ. «ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԶԻ ԶԱՐԴԱՆԱԽՇՄԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ XIX—XX ԴԱՐԵՐՈԻՄ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Ավագյան, Նազիկ. «Հայկական գոտիները [[19-րդ դար]]ում և [[20-րդ դար]]ի սկզբին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ փետրվարի 21-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նազիկ Ավագյան Հայկական ժողովրդական տարազը. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1983.
- Առաքել Պատրիկ Հայկական տարազ. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967.