Բամբակե գործվածք
Բամբակե գործվածք, բամբակե մանվածքից գործվածք։ Լինում են կենցաղային և տեխնիկական։ Տեսակների հիմնական մասը կենցաղային նշանակության գործվածքներ են։ Նայած մշակման ու դրվագման բնույթին, բամբակե գործվածքները լինում են կոպիտ, սպիտակեցված, դաջովի, խայտաբղետ, հարթ ներկված մելանժի։ Բամբակե գործվածքներից առավել տարածված են միտկալը, բյազը և սատինը։ Հայաստանում հնագույն բնակավայրերի (Շենգավիթ, Լճաշեն, Մեծամոր, ուրարտական քաղաք–ամրոցներ) պեղումներից բամբակե գործվծքներ չեն հայտնաբերվել։ Այսպես, ուրարտական Թեյշեբսփնի ամրոցի պեղումներից գտնված ածխացած գործվածքներն առանց բացառության պատրաստված են բրդից կամ բուսական այլ թելերից, բայց ոչ բամբակից։ Սակայն դա դեռես չի ապացուցում, որ Հայաստանի տարածքում հնում բամբակե գործվածքներ չեն եղել։ Բանն այն է, որ ի տարբերություն բրդյա և մյուս գործվածքների, բամբակե գործվածքները հողում ամենևին չեն պահպանվում, քայքայվում և ոչնչանում են։ Միջնադարյան Հայաստանում բամբակե գործվածքների պատրաստման մասին կան կարևոր հիշատակություններ։ Այն փաստը, որ, ըստ 7–րդ դարի «Աշխարհացույց»-ի, բամբակ մշակել են միայն Փայտակարանում, ցույց է տալիս, որ բամբակե գործվածքները հնում շատ տարածված չեն եղել։ Ավելի ուշ, 9-12-րդ դարերում բամբակի մշակությունը հիշատակվում է Հայաստանի և Հարավային Կովկասի շատ վայրերում, և բամբակե գործվածքները մեծ տարածում են գտնում։ Դա են ապացուցում մեծ քանակությամբ բամբակե գործվածքները, որոնք փակցված են 10-13–րդ դարերում հայերեն ձեռագրերի կազմերի տակ։ Արձանագրություններում և աղբյուրներում պահպանվել են հիշատակություններ նաև բամբակե գործվածքների պատրաստման եղանակների վերաբերյալ։ Անիի Երազահանում մյուս արհեստավորների, մասնավորապես «Բամբակածախի» կողքին հիշատակվում է նաև «Գզողի» արհեստը, որը սխալ գրչությամբ նշված է «Գող»։ Բամբակը գզել են գզրարի աղեղով, մանել իլիկներով, որոնց քարե, կավե, ոսկրե գլուխներ մեծ քանակությամբ գտնվել են Անիի, Դվինի, Գառնիի պեղումների ժամանակ։ Նույն Անիի Երազահանում բամբակից և իլիկից բացի հիշատակված է նաև «Ջահրան» (ճախարակը)։ Գործվածքներ պատրաստելու համար օգտագործել են հորիզոնական և ուղղահայաց (քաղաքներում) դազգահներ։ Բամբակե գործվածքները Հայաստանում շատ ավելի մեծ տարածում են գտել 19-րդ դարում, հատկապես դարավերջին և 20-րդ դարի սկզբին՝ կապված մանածագործական հաստոցների կիրառման հետ։ Տնայնագործական պայմաններում բամբակե գործվածքը ծառայել է ոչ միայն ներքնաշոր և վերնազգեստ, այլև գուլպաներ, գոգնոցներ, կարպետներ, ճոպաններ ևս պատրաստելու համար։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 260)։ |