Կիլիկիայի տարազ
Կիլիկիայի տարազ, հայկական ազգային հագուստի մի տարատեսակ, որն առանձնանում էր զարդաձևերի, գունային համադրության և ամբողջ հորինվածքի իր ռիթմիկ ու ոճական նկարագրով։
Կիլիկյան երկու սեռի զգեստաձևերը 19-դարի սկզբին ձևավորվել էին Հայկական լեռնաշխարհից այստեղ տեղափոխված տարբեր ազգագրական խմբերի հագուստների խառնուրդից։ Այդ է պատճառը, որ նրա մեջ գերազանցում էին Բարձր Հայքի և Վասպուրականի տարազաձևերը` բնակլիմայական պայմաններից ելնելով` թեթևացած և նրբացած։ Կանայք կրում էին Վասպուրականի կնոջ գլխի հարդարանքը, առանց գլանաձև մասի և երեսը չէին ծածկում։ Մարաշում և այլուր կնոջ գլխի ոսկեշար շերիտը և գլխաշորը կրելու ձևը հատուկ էր Բարձր Հայքի տարազին։ Տեղ-տեղ կարճ բաճկոնիկը կրում էր Կարնո և Կեսարիայի զգեստի ձևերը։ Զեյթունի կանանց շրջազգեստը կրկնում էր Վասպուրականի տարազատեսքը, բայց գոգնոցը զարդազուրկ էր[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկյան Հայաստանում Խաչակրաց արշավանքների ժամանակ (12-13-րդ դարեր) հայկական տարազը ենթարկվել է եվրոպական մի շարք երկրներում գործածվող տարազների փոխազդեցությանը։ Ուշ միջնադարում հայկական ավանդական տարազը մասամբ ենթարկվել է թուրքական, թաթարական, և քրդական նվաճողների տարազների ազդեցությանը, իսկ մի շարք նահանգներում ու գավառներում պահպանվել մինչև 19-րդ դարի վերջը և 20-րդ դարի սկիզբը[2]։
Կանանց զգեստներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ կիլիկյան Ժողովրդական սովորության, կանայք կենցաղային նպատակներով գոտուց շղթայով կախում էին փոքր դանակ։ Հագուստի կարևոր մասն էր նաև գոգնոցը, որը կապվում էր գոտկատեղում` գոտու տակից։ Գուլպաները գործում էին գունավոր թելերով։ Նամանները կաշվե բաց կոշիկներ էին[3]։
Զեյթունում, Սիսում, Հաճնում, Ադանայում և Մարաշում գոյություն ուներ կանացի զգեստի մեկ համալիր, որը բաղկացած էր սպիտակեղենից, վերնազգեստից, գոտուց, գոգնոցից և գլխի հարդարանքից։ Այն նույն էր թե՛ ամռանը և թե՛ ձմռանը։
Շապիկը սպիտակ էր կամ ներկված կտորից, հասնում էր մինչև սրունքները, կուրծքը երկար բացվածք ուներ։ Կիլիկիայի կնոջ հանդերձանքը հիմնականում կտավից էր, մինչդեռ հայկական մյուս գավառներում միայն սպիտակեղենն էր կտավից։
Վերնազգեստը երիզվում էր գործված կամ տպված կտորի ժապավենով։ Գոտին նույնպես կտավից էր, ուներ 3 մետր երկարություն և ծայրերում ծոպավոր ժապավենազարդով էր։ Կանայք գոտուց կախում էին արույրե շղթայով դանակ՝ առօրյա գործածության համար։ Ձմռանը վերնազգեստի վրայից հագնում էին բաճկոն։ Սրա ձևվածքը նման էր Արևմտյան մյուս գավառներում տարածված բաճկոններին։
Մարաշի և Զեյթունի կանանց տարազների միջև գոյություն ուներ տարբերություն։ Մարաշում գործածում էին բամբակյա խոշոր հյուսվածքով քաթան, ինչպես նաև հագնում էին երփներանգ կտավի շրջազգեստ։
Զեյթունում կանայք գլխաշորը կարում էին սպիտակ մանուսա կտորից, մազերը մի քանի հյուսք էին անում (կանայք՝ 3, աղջիկները՝ ավելի շատ)։ Կտավե վերնազգեստը ասեղնագործում էին արծաթե կամ ոսկե մետաղաթելով (սրմայով) և աստառպատում մետաքսե կտորով, վրայից հագնում էին կարճ բաճկոնակ, որը գոտկատողում երկու կողմերից միանում էր արծաթե ճարմանդով։ Հագնում էին նաև ամբողջովին ասեղնագործած կարճ թևերով սև չուխա, վրան կապում կտորե գոտի (գոտին, որն ուներ շուրջ 50 սմ լայնություն և 3 մ երկարություն, պատրաստվում էր երեք գույնի բրդե թելերից՝ կարմիր, կանաչ, դեղին, և մի քանի անգամ փաթաթում մեջքի շուրջը)[4]։
Կիլիկիայի կանանց գլխի հարդարանքին բնորոշ էր երփներանգությունը։ Աղջիկները ունեին 2-5 հյուսած ծամ, որի ծայրերին կապում էին ժապավեն։ Ժապավենը զարդարվում էր ուլունքներով և արծաթյա զարդերով։
Ուրմիայում աղջիկները դնում էին կարմիր ֆեսեր, որը զարդարվում էր երկու եղանակով, կամ գագաթին ամրացվում էր արծաթյա նախշազարդ, կամ 4-5 շարքով ամրացվում էր դրամներ։ Վրայից կապվում էր մի քանի գլխաշոր։
Տղամարդկանց զգեստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կիլիկիայում տղամարդիկ շապիկի վրայից հագնում էին պարեգոտ, որը բրդյա գծավոր կտորից էր կամ մանուսայից, իսկ ձևվածքով նման էր Վասպուրականի իշլիկին, միայն ավելի երկար։ Հավաքվում էր անդրավարտիքի մեջ և կապվում գծավոր կտորից կարված լայն գոտիով։ Անդրավարտիքը խոնջանով էր, գրպանով, կապույտ մահուդից, կողքերից կարեր չուներ։ Բոլոր կարերը, փողքրը ասեղնագործվում էին ոսկեթելով կամ մետաքսե տրեզով։ Գրպանի բերանը ասեղնագործվում էր։
Պարեգոտի վրայից հագնում էին քղամիդ, կամ չուխա, ձմռանը՝ աբա։ Աբայի թևքերը հիմքում լայն էր, թևքաբերանում հավասար։ Թևքերի երկարությունը հասնում էր մինչև արմունկները։
Գոտին պատրաստվում էր Կյուրինի բրդյա կտորից, որի մեջ էլ տեղադրվում էր ատրճանակը։
Կիլիկիայում տղամարդիկ գլխի գագաթին մազերի մի փունջ էին թողնում (ձար)։ Գլխին դնում էին մեկից մինչև 5 ֆես՝ իրար հագցրած։ Ֆեսին փաթաթում էին տարբեր գույնի մինչև 6 փաթաթան։ Երիտասարդների ֆեսի փնջիկը հասնում էր մինչև ուսերը։
Զեյթունի տղամարդը գլխին կրել է թաղեքե գդակ՝ վրան փաթաթված փուշի։ Հագել է մահուդե կտորից կարված բաճկոնակ՝ ասեղնագործված նուրբ ոսկեթելերով, վրայից՝ այծի բրդով գործած տաք վերնազգեստ (քազախիկ)։ Գծավոր գոտին երեք-չորս մետր երկարությամբ գործվածք էր, որի ծայրերը վերջանում էին փնջերով։ Տաբատի վերևը շատ լայն էր, իսկ ներքևը նեղանում էր։ Այն ասեղնագուրծվում էր շքեղ ոսկեթելով, հագնում էին վերարկու, կապում էին շալե գոտի որի ծալքերի մեջ կրում էին զույգ ատրճանակներ[5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նազիկ Ավագյան Հայկական ժողովրդական տարազը. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1983.
- Առաքել Պատրիկ Հայկական տարազ. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայ կնոջ տարազ». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունվարի 31-ին.
- ↑ «Հայկական տարազ».(չաշխատող հղում)
- ↑ Ֆլորա Գրիգորյան Հայկական ազգային տարազ. — Երևան: «Անտարես» հրատարակչատուն, 2011.
- ↑ Ֆլորա Գրիգորյան Հայկական ազգային տարազ. — Երևան: «Անտարես» հրատարակչատուն, 2011.
- ↑ Ֆլորա Գրիգորյան Հայկական ազգային տարազ. — Երևան: «Անտարես» հրատարակչատուն, 2011.