Ուլունք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարգարտյա ուլունք
Ուլունքների տեսականի

Ուլունք, զարդի տեսակ։ Լինում է տարբեր նյութերից՝ բրոնզից, պղնձից, ոսկրից, սարդիոնից, ագատից, ոսկուց, արծաթից, մարջանից, մարգարիտից, փայտից և այլն, տարբեր չափերի ու ձևի՝ մանր (գունավոր ապակի), գնդաձև, բազմանիստ, ձվաձև, խողովակաձև։ Բոլոր տեսակի ուլունքներն ունենում են անցք, որի միջով անցկացվում է թելը։

Հայաստանի տարբեր վայրերի պեղումներից (Վանաձոր, Լճաշեն, Հառիճ և այլուր) հայտնաբերվել են ագատից, սարդիոնից պատրաստված ուլունքներ, որոնք օգտագործվել են դեռևս մ․ թ․ ա․ II հազարամյակի սկզբին։

Ուլունքը կիրառվում է ասեղնագործության մեջ՝ զարդանախշելու նպատակով, ուլունքաշարը՝ նաև քսակ, գլխարկ, պայուսակ, ծածկոց գործելու համար։ Վասպուրականում, Տուրուբերանում, Աղձնիքում ուլունքի շարաններով պատրաստել են ապարանջան, վզնոց, զարդարել կանանց և տղամարդկանց զգեստները։ Մարգարտյա ուլունքներն օգտագործվել են կանանց ճակտնոց քունքակախիկներ (Կարին, Կարս, Արդահան, Ալեքսանդրապոլ, Ախալցխա, Ախալքալաք), գոտի (Վան, Նոր Նախիջևան), մատանի, ականջօղեր զարդարելու համար։ Մարջանի ուլունքները գործածվել են Մեղրու շրջանի կանանց քունքազարդերի, Վասպուրականի և Տուրուբերանի նահանգներում՝ ճակտնոց֊մախչա, վզնոց, ապարանջան, գոտու գորտաձև արծաթյա ճարմանդ և այլ կենցաղային առարկաներ զարդարելու համար։

Տղամարդկանց շապկի թեքաբերանից կախվող ասեղնագործված թեզանիքները (Վասպուրական, Տուրուբերան, Աղձնիք) ունեցել են երկնագույն ուլունքների կարճ կախիկներ, գլխարկ֊արախչին, գլխարկ-քոլոզի փաթաթանը զարդարվել են երկնագույն ուլունքներով («չար աչքի» ազդեցությունից կրողին զերծ պահելու նպատակով)։

Հայաստանի գրեթե բոլոր ազգագրական շրջաններում, գավառներում երեխաների ուսին, հագուստի վրա ամրացվել են «աչքի» ուլունք, որը դարձյալ կարծեցյալ «չար աչքի» դեմ էր։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png