Համշենի տարազ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արդվինի հայուհու տարազ

Համշենի կամ Տրապիզոնի տարազ, էթնո-մշակութային առումով զգալի հետաքրքրություն առաջացնող և բավական յուրատիպ տարազ, որը հիմնականում պահպանելով հայկական տարրերը, որոշակիորեն կրել է լազականի ազդեցությունը։ Ինչպես ամբողջ պոնտահայոց, այնպես էլ Տրապիզոնի տարազը ձևավորվել է հայկական տարբեր վայրերից այստեղ հավաքված հայերի ամենատարբեր զգեստների միաձուլումից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

8-րդ դարում արաբական ճնշումներին չդիմանալով Մեծ Հայքի Կոտայք և Արագածոտն գավառներից մոտ 12000 մարդ, Շապուհ Ամատունու և նրա  որդի Համամ իշխանի գլխավորությամբ, հեռանում է Հայաստանից և բնակություն հաստատում Բյուզանդական կայսրության մաս կազմող Պոնտոսում։

Բյուզանդիայի կայսր Կոնստանդինը ընդունում է հայերին, բնակեցնում բարեբեր հողերում, և հայ նախարերներին նվիրում Տամբուր (Տամբար) քաղաքը, որը կարճ ժամանակ անց հիմնովին ավերվում է պատերազմներից։ Համամ Ամատունին այն վերականգնում է և կոչում Համամշեն (Համշեն)։

Համամ Ամատունու հիմնդրած իշխանությունը տևում է մինչև 15-րդ դար։ Այն Բյուզանդական, հետագայում նաև Պոնտական կայսրության կազմում ունենում է կիսանկախ դրություն։ Օսմանյան կայսրության ստեղծումից հետո, հայերի և քրիստոնյա այլ ազգերի նկատմամբ սկսվում է դրսևորվել անհանդուրժողական քաղաքականություն։ Օսմանյան կայսրությունը ամեն կերպ փորձում է մահմեդականացնել այս տարածքները։ 19-րդ դարի կեսերից սկսվում է քրիստոնյա համշենահայերի արտագաղթը դեպի Ռուսական կայսրության ծովափնյա շրջաններ[1]։

20-րդ դարի սկզբին, անկախ այն հանգամանքից, որ համշենահայերի ու պոնտահայերի զգալի մասը իսլամադավան էր, տարածաշրջանի բնակչության կենցաղը, լեզուն, բարքերը, տարազը, ծեսերը, մնում էին գերազանցապես հայկական։ Ինչպէս 1890-ական թվականներին, այնպէս էլ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքական իշխանությունը խտրականություն չդրեց քրիստոնյա հայերի և մահմեդականացած համշենահայերի միջև։ Զանգվածային ջարդերի հետևանքով նրանց զգալի մասը կոտորվեց տեղում կամ տեղահանվեց։ Մնացածներին հաջողվեց պատսպարվել լեռնային անտառներում և 1916 թվականին, ռուսական զորքերի կողմից Աթինայի, Ռիզեի և Տրապիզոնի գրավումից հետո, փրկվել։ 1918 թվականի գարնանը պոնտահայ գաղթականների նոր ալիք հեղեղեց Սև ծովի արևելյան առափնյա շրջանները և Հյուսիսային Կովկասը։ Իրենց նոր հայրենիքում՝ Սև ծովի արևելյան ափերին՝ Աջարիայում, Աբխազիայում, Ադլերում, Սոչիում, Անապայում, Նովոռոսիյսկում, Դոնի Ռոստովում, Կրասնոդարի ու Ստավրոպոլի երկրամասերում ապրող նախկին պոնտահայերը, որոնց հավաքական առումով սկսեցին կոչել համշենահայեր, պահպանեցին ու նոր զարգացման հասցրեցին հայ մշակույթը։ Սկսած 19-րդ դարի 60-ական թվականներից համշենահայերը սկսեցին վերաբնակվել Սև ծովի հյուսիսարևելյան ափերում և հաստատվեցին Սուխումում, Սոչիում, Մացեստայում, Մծարայում, Ծեբելդայում, Ադլերում, Նոր Աֆոնում և այլ բնակավայրերում[2]։

Կանացի հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համշենցի կանանց տարազը, տղամարդկանց տարազի համեմատությամբ, շատ ավելի դանդաղ էր փոփոխության ենթարկվում։ Այն իր մեջ ներառում էր շապիկը, վարտիքը, զպունը, անթարին, իշլուղը, ելեխը, գոգնոցը, մեջքի շալը կամ գոտին, գլխանոցը, լաչակը, գլխի շալը, գուլպան և ոտնանոցը։

Շապիկը տնային գործված բամբակյա կտորից էր, վարտիքը, որը չթից էր, լայն ու երկար փոթերով էր և իջնում էր մինչև սրունքները։ Զպունը շապիկի վրայից հագնվող, մինչև ոտնաթաթերը հասնող շրջազգեստի տեսակ էր, որի փեշի երկու կողքերը վերից-վար ճեղքված էր։ Փեշերի եզրերը, թեզանիքներն ու կուրծքը երիզված էր գունավոր փուլերով։ Օձիքը միջից անցկացրած վզկապով կապվում էր առջևում կամ կոճկվում։ Անթարին նույնպես մինչև կրունկները հասնող շրջազգեստ էր։ Զպունից տարբերվում էր նրանով, որ գոտկատեղից ներքև երեք հազվադեպ նաև չորս մասի էր բաժանվում։ Այն կարվում էր մետաքսյա մանուշակագույն, կանաչ կամ մուգ կարմիր կտորից։ Ամենօրյա անթերին պարզ ու անշուք էր, տոնականը՝ զարդարված[3]։ Զպունի կամ անթերու վրայից հագնում էին երկարաթև զգեստ՝ իշլուղ, որը հասնում էր մինչև գոտկատեղը։ Սրա կուրծքը թեթևակի բաց էր, առանց կոճակի, լինում էր նաև օձիքով, որը առջևից կոճկվում էր։ Կանանց ելեխը կիսաբաճկոնաձև զգեստ էր, որը առանց թևի ու օձիքի էր և կիպ նստում էր մարմնին։ Կային առջևից ու կողքից կոճկվող ելեխներ։ Տարիքավոր կանայք ձմեռվա ելեխների ներսից բամբակ կամ բուրդ էին կարում ու աստառապատում, որոնց անվանում էին տաք կամ ձմեռվոնցու (ձմեռվա) ելեխ։

Գոգնոցը համշենցի կանանց հանդերձի անբաժանելի մասն էր։ Այս գոգնոցր շրջազգեստի նման ծածկում էր գոտկատեղից մինչև ոտնաթաթերը։ Կապում էին առավոտյան հագնվելիս ու քանդում երեկոյան անկողին մտնելիս։ Գոգնոց կարվում էր հատկապես այդ նպատակով գործած 20—30 սմ լայնք ունեցող բրդե կտորից (վալա)։ Մեջքի շալ կամ գոտին մեծ մասամբ կապում էին տարեց ու ծեր կանայք, սակայն կային գյուղեր ու շրջաններ, որտեղ նման գոտին կանացի տարազի անբաժան մասն էր կազմում (Մալայի շրջան)։

Համշենցի կանանց հին գլխի հարդարանքի հատկանշական մասը փոքր թասակաձև գլխանոցն ու դրա վրայից կապած լաչակն էր։ Ցուրտ եղանակներին լաչակի վրայից փաթաթում էին բրդից կամ բամբակից հյուսած տաք շալ։ Թասակաձև գլխանոցը կոչվում էր թապլա կամ ֆես։ Դա կարվում էր մահուդից կամ այլ հաստ կտորից, որը նուրբ թելերով կամ լաչակով կապում էին վզի տակ։ Ունեևորների թապլան զարդարված էր լինում ոսկե կամ արծաթե դրամներով, երբեմն էլ թանկարժեք քարերով։ Լաչակը քառանկյունի, նուրբ գործվածքից կարած գլխանոց է, որին եռանկյան ձև տալով կապում էին թապլայի վրա ու հանգուցում վզի տակ կամ գլխի ետևը։

Համշենցի կանանց գուլպաները սպիտակ ու խայտաբղետ նախշած, երկար կամ կարճ էր։ 19-րդ դարի վերջերին, ամբողջ տարազի բարեփոխմանը համընթաց, բրդե կարճ գուլպաները փոխարինվում էին մինչև ծունկը հասնող բամբակե գուլպաներով։ Ինչպես բրդե, այնպես էլ բամբակյա գուլպաները գործում էին բոլոր տարիքի աղջիկներն ու կանայք։ Ծնկների տակ հասնտղ գուլպայի եզրերի վրայից կապում էին վարտիքի կապերը։

Մինչև 20-րդ դարի առաջին տասնամյակները բոլոր համշենցիների, այդ թվում նաև կանանց հիմնական ոտնամանր տրեխ-չարոխն էր։

Տղամարդկանց հագուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համշենահայ տղամարդկանց հին տարազը բոլորովին նման չի եղել 19-րդ դարի վերջերի նրանց նոր տարազին։ Մինչև 19-րդ դարը համարյա բոլոր համշենահայ գյուղերում՝ Սյուրմենեից Տրապիզոն, Օրդուից՝ Սամսոն, տղամարդիկ հագել են մինչև գետին հասնող, լայն ծալքերով շալվար, մեջքին մի քանի անգամ փաթաթած սպիտակ գոտի, վրայից արխալուղ մինչև ծնկները, երբեմն կարճ չուխա, գլխին՝ սպիտակ կուկուլա (բաշլուղ), որի երկար ականջները (թևերը) միշտ փռված էին լինում ուսերին, ոտքերին՝ խտուլիկ (բրդե գուլպա), սրունքներին՝ նախշուն թոզլուխ (զանգապան)։ 19-րդ դարից հետո տղամարդկանց նահապետական, մինչև կրունկը հասնող լայն ու ծալքավոր շալվարներն, ու երկար արխալուղները աստիճանաբար իրենց տեղը զիջում են նեղ «զիպկա» անդրավարտիքներին ու կարճ չուխային։ 1910-ական թվականներին գյուղերում միայն հատուկենտ ծերունիներ էին հագնում հին տարազ։

Շապիկը կանեփի տնայնագորական կտորից էր կարած, կուրծքը՝ մինչև գոտկատեղը բաց։ Պարանոցի մոտ կապում էին երիզներով կամ կոճկում հասարակ կոճակներով։ Վարտիքը կտավից էր, որը հասնում էր մինչև ծնկները, պարկի պես լայն էր ու ազատ, գոտկատեղի ամբողջ շրջագծով կարված խոնջանակալի միջով անցկացրած ներքնա գոտին կապվում էր առջևից։ Իշլուղը, կամ վրայի շապիկը (վերնաշապիկ), զանազան գույներով ներկված կանեփի կտորից էր։ Սա ներքնաշապկից տարբերվում էր նրանով, որ թևերր վերջանում էր կոճակով կամ առանց կոճակի թեզանիքով, օձիքը՝ ներքնաշապկի օձիքից բարձր։ Ելեխը կիսաբաճկոն (ժիլետ) հիշեցնող զգեստ էր, կարած տնային կոպիտ բրդե կտորից։ Ձմեռվա ելեխը կարում էին աստառով, մեծ ծոցագրպանով, որի մեջ պահում էին դրամի քսակը, չախմախն ու ծխախոտը և այլն։ Ելեխը հագնում էին վերնաշապկի վրայից, այն հասնում էր մինչև գոտկատեղը։ Կային նաև այծի, ոչխարի մորթուց կարած ելեխներ, որոնք հագնում էին ցուրտ եղանակներին, մանավանդ հովիվներն ու որսորդները։ Արխալուղը կարում էր բրդե թելից գործած հաստ կտորից։ Դա վերարկու հիշեցնող, վրայից հագնելու զգեստ էր, որի փեշերը հասնում էին մինչև ծնկները, առանց օձիքի։ Չուխան հասնում էր գոտկատեղից քիչ ներքև, եզրերը նստում էր զիպկայի խոնջակալի վրա։ Կուրծքը բաց էր, կոճկվում էր միայն գոտկատեղից ցած ընկած մասում։ Գնգաձև կոճակները կարվում էր նույն կտորից, երկու կողմից, կոճակամերը նույն գույնի թելից հյուսած օղակներ էր։ Թեզանիքները 8—10 սմ լայնություն ուներ, դաստակի առջևի բացվածքով, 2—3 հատ գնդաձև կոճակներով։Չուխայի բոլոր եզրերից կասեղ էր կարվում կամ գույնզգույն թելերով նախշվում[4]։ Լայն շալվարը համշենցիների հատկանշական հին վերնազգեստն էր։ Ուներ լայն ու խիտ փոթեր, որոնք հասնում էին մինչև կրունկները։ Փողքերի եզրերը 5—6 սմ լայնքով գույնզգույն ղայթանով սեղմ կապում էին ծնկների տակ։ Զիպկան համարվում էր կատարելագործված, նորաձև անդրավարտիք։ նրա տոտերը (կրունկից մինչև նստատեղը) այնքան նեղ Էր, որ հագնողը դժվարությամբ էր քաշում վրան։ Խոնջակալը մեծ մասամբ կարված էր լինում առանձին գունավոր (կարմիր, դեղին, կանաչ) կտորներից։ Մեջքկապը կանայք հյուսում էին բամբակե կամ մետաքսե թելերից, երկու ծայրերին թողնելով փիսքյուլներ (ծոպեր)։

Համշենցիները գոտին գործում էին սպիտակ բրդից, կանեփից, 8—12 սմ լայնքով, 4—5 մետր երկայնքով, շալվարի վրայից կիպ փաթաթում էին մեջքին։ Ոմանք էլ գործածում էին կտորեղենից պատրաստված գոտի։ Գործածական էր նաև մետաքսե փայլուն գոտիները։

Համշենահայերը գլխին գլխարկ են կրել, որը կոչվում էր կոլոզ։ Ֆեսը շատ քիչ էր տարածված։ Առանձին գյուղերում նույնիսկ 1900-ական թվականներին ֆեսը համարվում էր հարուստ մարդկանց, «քաղքնցոց» գլխարկ։

Գուլպան գործում էին համշենցի կանայք ու տղամարդիկ կանեփե, բրդե ու բամբակե թելերից։ Մինչև ծունկը հասնող երկայնավիզ, առանց կոշտ ներբանի կոշիկը կոչվում էր մեսթ, որը կարում էին հորթի կամ այծի դաբաղած մորթուց։ Մեսթի վրա անպայման հագնում էին չարոխ կամ չափուլա։ Այդպիսի ոտնամաններ մատչելի էին միայն ունևորներին։ Տրեխը՝ ոտքի հիմնական հագնելիքը, խոշոր եղջերավոր անասունների կաշուց կարած չարոխն էր, որի կապերը մի քանի անգամ փաթաթելով գուլպայի վրա, կապում էին կոճի վերևից։ Շատերը չարոխ կարում էին տնային եղանակով մշակված կաշուց։ Չափուլան (չուստ), որը փոխարինում էր չարոխին, ցած կրունկով կամ առանց կրունկի, քիթը դեպի վեր ցցած էր։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նազիկ Ավագյան Հայկական ժողովրդական տարազը. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ Հրատարակչություն, 1983.
  • Առաքել Պատրիկ Հայկական տարազ. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1967.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Շահբազյան, Տիգրան. «Համշենում համշենահայեր փնտրելիս».
  2. Սահակյան, Լուսինե (3 Հունիսի, 2012). «Հայկական երգերը՝ բռնի կրոնափոխված համշենցիների ինքնության հիշողության դրսևորում».
  3. Ավագյան, Նազիկ (1983). Հայկական ժողովրդական տարազը. Երևան. էջեր 42–43.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Թոռլաքյան, Բ․ Գ․. «ՀԱՄՇԵՆԱՀԱՅԵՐԻ ՏԱՐԱԶԸ XIX ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ» (PDF).(չաշխատող հղում)