Կուրտեա դե Արճեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Կուրտեա դե Արճեշ
ռում.՝ Curtea de Argeş
Զինանշան
ROU AG Curtea de Arges CoA.jpg

Man Curtea de Arges.SV.jpg
Կոորդինատներ: 45°7′0″ հս․ լ. 24°40′0″ ավ. ե. / 45.11667° հս․. լ. 24.66667° ավ. ե. / 45.11667; 24.66667
ԵրկիրՌումինիա Ռումինիա
Մակերես75,00 կմ²
ԲԾՄ417±1 մետր
Բնակչություն27 359 մարդ (հոկտեմբերի 31, 2011)[1]
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Փոստային ինդեքսներ115300
Պաշտոնական կայքprimariacurteadearges.ro
##Կուրտեա դե Արճեշ (Ռումինիա)
Red pog.png

Կուրտեա դե Արճեշ, Կուրտեա դե Արճեշ, Կուրտյա դե Արջեշ (Cuztea de Arges-Արճեշի իշխանական պալատ), քաղաք Ռումինիայում, Հարավային Կարպատների հարավային լեռնաճյուղում, Արճեշ գետի ափին, Արճեշի գավառում։ Կլիմայական առողջարան է, տուրիստական կենտրոն։ 19, 1 հազար բնակիչ (1971)։ Ունի ավտոմասերի, փայտամշակման, կահույքի գործարաններ, հախճապակու, հագուստի ֆաբրիկաներ, ջերմակենտրոն և այլն։ Նախապես կոչվել է Արճեշ (աղավաղված նաև՝ Արշեշ, Արճիշ, Արգհիշ, Արգհիշի)։ Հիմնադրել են Հայաստանի Վանա լճի ափամերձ Արճեշ քաղաքից գաղթած հայերը 13-րդ դարում և հայրենի քաղաքի անունը տվել իրենց նոր բնակավայրին ու մոտակա գետին։ Այնուհետև կառուցել են եկեղեցի (չի պահպանվել) և զբաղվել առևտրով ու արհեստներով։ Ունեցել են եպիսկոպոս։ Հայկական այս գյուղում ռումինական իշխանները կառուցել են ամրոց (13-րդ դար), ապա՝ պալատ՝ «Կուրտեա» (14-րդ դարի սկիզբ), որից և բնակավայրի անվանափոխությունը Կուրտեա դե Արճեշի։ Այնուհետև Կուրտեա դե Արճեշում բնակություն են հաստատել նաև ռումինները։ 1330 թվականից հիշատակվում է որպես քաղաք (կամ բերդաքաղաք) և Ցարա Ռոմընեասկը (Ռումինական երկիր՝ Վալաքիան և Օլտենիան միասին) իշխանապետության կենտրոն (մինչև 1396 թվականը)։ 1332 թվականին Կուրտեա դե Արճեշում հիմնվել է կաթոլիկ եպիսկոպոսություն, այնուհետև՝ դրամահատարան։

Կառուցվել են Սբ.Նիկոար (14-րդ դար, պահպանվել են ավերակները) և Սբ.Նիկողայոսի (1352, խաչաձև-գմբեթավոր) եկեղեցիները (վերջինս բազմիցս նորոգվել է, վերջին անգամ նորոգել է հայազգի ճարտարապետ Գրիգորե Չերքեզը 1911 թվականին՝ պահպանելով նախնական ձևը)։

Հայերը Կուրտեա դե Արճեշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեղվելով տեղական իշխաններից՝ Կուրտեա դե Արճեշի հայերի մի մասը 1350-ական թվականներին տեղափոխվել է հարևան Տըլմաչ, որտեղ 1355 թվականին հիշվում է հայերի եպիսկոպոսը։ Մնացած հայերն ստիպված ընդունել են կաթոլիկություն և ենթարկվել Կուրտեա դե Արճեշում հիմնված (1359) Վալաքիայի ինքնուրույն մետրոպոլիտությանը։ 1370 թվականին Հայաստանի Արճեշից մի նոր խումբ հայեր քահանաների գլխավորությամբ գաղթել ու հաստատվել են Կուրտեա դե Արճեշում ու շրջակայքում։ Արդեն 14-րդ դարի վերջին Կուրտեա դե Արճեշը դարձել է առևտրա-արհեստավորական խոշոր կենտրոն, որի զարգացման մեջ մեծ լումա են ներդրել հայերը։ Սակայն 1394 թվականին Կուրտեա դե Արճեշը տուժել է թուրքական հարձակումներից, հատկապես վնասվել է իշխանական պալատը, որի պատճառով իշխանության կենտրոնը տեղափոխվել է (1396) Տրգովիշտե։ Կուրտեա դե Արճեշը վերելք է ապրել Վալաքիայի իշխան Նեագոյե Բասարաբի (1512-1521) օրոք։ Վերջինս վերակառուցել է իշխանական Եպիսկոպոսարանի տաճարը (1512-1517) պալատը, նորոգել Սբ. Նիկողայոս եկեղեցին և կառուցել եպիսկոպոսարանի տաճարը (1512-1517)։ Նորից աշխուժացել է առևտրա-արհեստավորական ու մշակութային կյանքը, մեծացել բնակչության, հավանաբար նաև հայերի քանակը (15-16-րդ դարերում Կուրտեա դե Արճեշի շրջակայքում հիշվում են բազմաթիվ հայ հողատերեր, որոնցից Արեֆ (Արև, 1595) հայի անունից ենթադրվում է Կուրտեա դե Արճեշի մոտ գտնվող Արեֆ (Հարեֆ) գյուղի, գետակի, լեռան ու լեռնանցքի անունների ծագումը)։ Կուրտեա դե Արճեշը առևտրական կապերի մեջ է մտել Տրանսիլվանիայի և Արևելքի հետ, առևտուրը հիմնականում տնօրինել են հայերը։ Նրանք են ստեղծել նաև Կուրտեա դե Արճեշի կնիքը (երկգլխանի արծիվ), որին նախատիպ է ծառայել Արծրունիների հայ նախարարական տան զինանշանը։ Կուրտեա դե Արճեշի հայ համայնքի վերաբերյալ հետագա տեղեկությունները կցկտուր են։ Կուրտեա դե Արճեշի ճարտարապետությունում հուշարձաններից ամենանշանավորը եպիսկոպոսական տաճարն է։ Ռումին ուսումնասիրողների մեծ մասը, ելնելով տաճարի վրա կատարված կառուցողական արձանագրությունից և այլ տեղեկություններից, գտել է, որ Նեագոյե Բասարաբ իշխանը ոչ թե կառուցել է այն, այլ միայն նորոգել է նախկին մետրոպոլիտարանի եկեղեցին։ Ըստ ռումինական ժողովրդական ավանդության, տաճարը կառուցել է ճարտարապետ Մեշտեր Մանոլեն (վարպետ Մանոլ), որը իր կառուցած շենքը չքանդվելու համար, սիրելի կնոջը պատի մեջ հյուսելու ողբերգությունն է ապրել։ Երբ շենքն ավարտվել է, հիացած իշխանը չցանկանալով, որ վարպետները նման շենք կառուցեն այլոց համար, հրամայել է սանդուղքներն իջեցնել։ Վարպետները թևեր են առել և փորձել թռչել։ Վարպետ Մանոլի ջախջախված տեղում արցունքի աղբյուր է գոյացել, որն այժմ կոչվում է «Մանոլի աղբյուր»։ Ըստ ուսումնասիրողների, այս զրույցն արձագանքն է հայ ճարտարապետ Մանոէելի ավանդության։ Տաճարը հետագայում վերանորոգվել է մի քանի անգամ (1674, 1793, 1839 և այլն)։ Վերջին վերանորոգման ժամանակ (1875 թվականից հետո, ճարտարապետ էը Կոնտ դը Նույի) այն բավականին փոփոխվել է՝ խաթարելով նախնական ձևը։ Իսկ նախնական տեսքը (նաև՝ ներկա), ըստ ռումին ուսումնասիրողների միահամուռ կարծիքի, կրել է հայ միջնադարյան ճարտարապետության ուժեղ ազդեցությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 35 CC-BY-SA-icon-80x15.png