Երվանդ Լալայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երվանդ Լալայան
Դիմանկար
Ծնվել էմարտի 13 (25), 1864[1]
ԾննդավայրԱլեքսանդրապոլ
Մահացել էփետրվարի 24, 1931(1931-02-24)[2][3] (66 տարեկան)
Մահվան վայրԵրևան, ԽՍՀՄ[2][3]
ԳերեզմանԳերեզման Երվանդ Լալայանի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսյան դպրոց (1885)[2] և Ժնևի համալսարան (1894)[2]
Մասնագիտությունազգագրագետ
բանահավաք
հնագետ
ԱշխատավայրՄխիթարյան միաբանություն, Շուշիի թեմական հոգևոր դպրոց[2] և Հայաստանի Պատմության Թանգարան
Զբաղեցրած պաշտոններտնօրեն
 Yervand Lalayan Վիքիպահեստում

Երվանդ Ալեքսանդրի Լալայան (1864, հունվարի 8 (դեկտեմբերի 27), Ալեքսանդրապոլ - 1931, փետրվարի 24, Երևան), հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ։

Կենսագրություն

Կրթություն

1885 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում՝ որպես ուսուցիչ։ 1894 թվականին, ավարտելով ինժեներական համալսարանի հասարակագիտական բաժինը, ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան և 6 ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյանների մոտ։ Վերադառնալով Անդրկովկաս 1895-1897 թվականներին դասավանդել է Շուշու թեմական դպրոցում։ Այստեղ համախմբելով ժամանակի լավագույն գիտական ուժերի հետ (Մանուկ Աբեղյան, Թորոս Թորամանյան, Հրաչյա Աճառյան, Լեո, Լեոն Մելիքսեթ-Բեկ, Ս. Լիսիցյան, Խ. Սամուելյան, Ս. Զելինսկի ևն)՝ ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»ի ստեղծմանը (առաջին գիրքը լույս է տեսել 1896 թվականին)։

Ստեղծագործական աշխատանքներ

1900 թվականի նոյեմբերի 21-ին Թիֆլիսում կազմակերպել է Ազգագրական հրատարակչական ընկերությունը, իսկ 1906 թվականին՝ Հայոց ազգագրական ընկերությունը։ Ընկերության կազմակերպած թանգարանը Լալայանի ջանքերով 1921 թվականին Թիֆլիսից փոխադրվեց Երևան։ Լալայանը դարձավ թանգարանի առաջին վարիչը։ «Ազգագրական հանդես»-ում պարբերաբար լույս են տեսնում նրա «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառ», «Վայոց ձոր», «Նախիջևան կամ Նախճավանի ոստիկանական շրջան», «Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ» (1901-1916) աշխատություններն ու բազմաթիվ հոդվածներ։ Լալայանը հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր. «Ազգագրական հանդես»-ում, առանձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք» (1892), «Հոբոս» (1903), «Մոլլա-Նասրէդոինը» (1904), «Պառավաշունչ» (1911), «Մարգարիտներ հայ բանահյուսության» (3 հ., 1914-1915) գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ, առածներ։ Լայնածավալ պեղումներ է կատարել Շարուր-Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, Էլարում (Աբովյան

Պեղումներ

Հիշարժան են Ադյաման գյուղի Դեմեր կոչվող հանդամասում պեղված դամբարանը (հանվել է բարձրարվեստ փորագրությամբ զարդարված դիակառք), արամեական արձանագրությունը, ցատների հետքերը Սևանա լճից արևելք և այլն։ Նրա հնագիտական ուսումնասիրություններն ամփոփված են «Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում» (1931) գրքում։ Հայ նյութական մշակույթը հասարակության լայն խավերին ներկայացնելու նպատակով Լալայանը հրատարակել է Վայոց Ձորի, Վասպուրականի և Նոր Բայազետի հուշարձաններին նվիրված 3 նկարազարդ, ստվարածավալ ալբոմ՝ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն բացատրություններով։ Հավաքել և հրատարակել է նաև արձանագրություններ։ Նրա կազմած հայերեն արձանագրությունների ժողովածուն արժանացել է Լազարյան ճեմարանի Քանանյանի անվան մրցանակի։ Ֆրանսերենից և ռւսերենից հայերենի է թարգմանել գիտնականներ Շ. Լետուրնոյի, Ա. Պոզոդայի, Դ. Կանեստրինի, Ա. Զվյագինցևի մի շարք աշխատություններ և գեղարվեստական գործեր (Ժ. Սանդ, Մոփեր ևն)։

Արտաքին հղումներ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
  1. Deutsche Nationalbibliothek Record #1050743768 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 2.