Jump to content

Շուշիի թեմական հոգևոր դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շուշիի թեմական դպրոցից)
Շուշիի թեմական հոգևոր դպրոց
Տեսակճեմարան
Հիմնադրված է1838
Լուծարված է1920
Աշակերտներ374
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՇուշի

Շուշիի թեմական հոգևոր դպրոց, միջնակարգ ուսումնական հաստատություն Շուշիում՝ 9 ուսումնական տարվա տևողությամբ։ Ընդհատումներով գործել է 1838-1920 թվականներին։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բացվել է 1838 թվականի հունիսի 22-ին[1][2]։

Ներսես Աշտարակեցու կարգադրությամբ՝ 1852 թվականի նոյեմբերին փակվում է նաև այս դպրոցը։ Դպրոցի վերաբացումը կաթողիկոսը թույլատրում է երեք տարի անց՝ 1855 թվականի նոյեմբերին։ 1860 թվականին դպրոցը հանձնվում է Շուշիի հասարակության կողմից ընտրված հոգաբարձությանը։ Հոգաբարձությանը հաջողվում է զգալի չափով բարելավել դպրոցի նյութական դրությունը։

Դպրոցը մեծ փոփոխությունների է ենթարկվում, երբ Մաթեոս կաթողիկոսը, շուշեցիների խնդրանքով, 1863 թվականին դպրոցի տեսուչ է նշանակում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում տարիներ առաջ հռչակված Պետրոս Շանշյանին։ Վերջինիս օգնականն է եղել Պերճ Պռոշյանը, որն այնտեղ դասավանդել է հայոց լեզու, հայ գրականություն և ազգային պատմություն։ Շանշյանի և Պռոշյանի ջանքերով թեմական դպրոցը սկսում է ծաղկել, դառնում է եռդասյան՝ իր երկու ծխական դպրոցներով։ Փոխվում է նաև դպրոցի անունը։ Այն կոչվում է «Եղիշյան ազգային հոգևոր դպրոց»՝ 5-րդ դարի պատմիչ Եղիշեի անունով։

1877-1878 ուստարում Շուշիի թեմական տեսուչ է եղել փիլիսոփայության դոկտոր, հետագայում Երևանում հրատարակվող «Պսակ» թերթի խմբագիր և հասարակական գործիչ Վասակ Պապաջանյանը։

1903 թվականին դպրոցը փակվում է, վերաբացվում է 1905 թվականի աշնանը։ Այն ավելի բարեկարգ տեսք է ստանում 1908-1910 թվականներին՝ տեսուչ Ավետիք Տեր-Պողոսյանի ջանքերով[3]։ Շուշիի թեմական դպրոցը դադարեցնում է իր գոյությունը 1920 թվականին։

Աշակերտների քանակը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1838 թվական - 20[4]
  • 1870 թվական - 158
  • 1893 թվական - 492
  • 1909 թվական - 374

Հայտնի դասավանդողներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետրոս Շանշյան, Պերճ Պռոշյան, Խորեն Ստեփանե, Ղազարոս Աղայան (1881-1882), Սեդրակ Մանդինյան, Սահակ Մանվելյան և այլն։

Արամ Մանուկյան

Դասավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, պարսկերեն, թվաբանություն, կրոն, պատմություն և երգեցողություն։ Սեդրակ Մանդինյան, առաջին անգամ դասավանդել է մանկավարժություն, իսկ չորրորդ դասարանն ավարտողներից կազմվել է մանկավարժական հատուկ դասարան, որը տեղի ծխական դպրոցի համար պատրաստել է ուսուցիչներ։

Հայտնի աշակերտներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Մանուկյան, Արշակ Աթայան, Բախշի Իշխանյան, Գարեգին Ա Հովսեփյան, Գրիգոր Ներսիսյան, Լեո, Հակոբ Խանլարյան, Հակոբ Հովհաննիսյան, Մուրացան, Նիկոլ Դուման, Սողոմոն Մելիք-Շահնազարյանց, Ստեփան Աղաջանյան, Վաղարշ Վաղարշյան, Վարդան Աբովյան, Տմբլաչի Խաչան, Վանա Իշխան և այլն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ս. Մելքումյան|Լեռնային Ղարաբաղ|Երևան|1990|էջ 108
  2. Ф. Шушинский|Шуша|Баку|1968|стр. 69
  3. Ս. Կ. Խուդոյան (1987). Արևելահայ դպրոցները 1830-1920 թվականներին. Երևան: «Լույս». էջ 370-374.
  4. Արձագանք ամսագիր, 23 հունիսի 2010 թ., «22 Յունիս 1838 Թուին Բացուեցաւ Շուշիի Թեմական Վարժարանին Հայակերտ Հնոցը Արխիվացված 2015-10-31 Wayback Machine»

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լեո, «Պատմութիւն Ղարաբաղի հայոց թեմական հոգեւոր դպրոցի - 1838-1913», Թիֆլիզ, 1914, 692 էջ։
  • Մ. Հ. Սանթրոսյան, «Արևելահայ դպրոցը 19-րդ դարի առաջին կեսին», էջ 412-418։
  • «Արարատ», 1871, Թ. էջ 295-301; 349-351։ 1873, Ը. էջ 310-312։ 1888, Թ. էջ 866-885։ 1893, էջ 866-885։
  • «Նոր դպրոց», 1909, թիվ 1, էջ 89։ 1909, թիվ 6-7, էջ 149։ 1913, թիվ 4, էջ 52-64։ 1913, թիվ 5, էջ 63-72։ 1913, թիվ 6, էջ 61-63։ 1913, թիվ 7, էջ 11-18։