Ծնվել է Խանձք (այժմ՝ ԼՂՀԱսկերանի շրջանում) գյուղում։ Ավարտել է Շուշիի թեմական դպրոցը, 1899 թ. ընդունվել է Գևորգյան ճեմարան։ 1901 թվականին մեկնում է Գերմանիա և ընդունվում Լայպցիգի առևտրի ինստիտուտը, որն ավարտել է 1905 թ.։ Եռանդորեն թղթակցել է Թիֆլիսի «Մշակին», «Արշալույսին», «Լոյսե Օրացույցին», «Մուրճին»։ 1903 թվականին Ժնևում մասնակցել է Սոցիալ-դեմոկրատական բանվորական հայկական կազմակերպության (սպեցիֆիկների) հիմնադրմանը։ Թարգմանել և 1904 թվականին Ժնևում հրատարակել է Կառլ Մարքսի «Վարձու աշխատանք և կապիտալ» երկը։
1905 թ. վերադարձել է Թիֆլիս։ 1906 թվականից խմբագրել է սպեցիֆիկների «Կյանք» պաշտոնաթերթը։ Պաշտպանել է հայ պրոլետարիատի ինքնուրույն կուսակցության ստեղծման գաղափարը։ Մեղադրվել է հակացարական գործունեության համար և 1908 թվականին հեղափոխական գործունեության համար թվականին բանտարկվել։ 1911-1913 թթ. ապրել է Գերմանիայում, աշխատակցել «Սոցիալիստ» ամսագրին։ Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից (1917) հետո դիրքորոշվել է նրա դեմ։ Ղեկավարել է Հայաստանի Հանրապետության (1918-1920) վիճակագրական բաժնի տեսչությունը։ 1921 թվականին անցել է Իրան, որտեղից Եվրոպա մեկնելու ճանապարհին մահացել է[4][5]։
Կարլ Մարքս, Վարձու աշխատանք և կապիտալ, թարգմանութիւն, Ժնև 1904։
Տաճկահայ խնդիրը և միջազգային դիպլոմատիան, Թիֆլիս, 1907։
Ազգային պրոգրեսը և դասակարգային շահերը, Թիֆլիս 1908։
Աշխատանքի եւ աշխատավորի գաղափարը Ադա-Նեգրի, Յ. Յակոբեանի եւ Շ. Կուրղինյանի բանաստեղծութիւնների մեջ, Ն.-Նախիջևան, 1909:
Հասարակական գաղափարներ Ռ. Պատկանեանի և Ս. Շահազիզի բանաստեղծութիւնների մեջ։ Ընդարձակ ներածութեամբ-Ռուսահայ վերածնիչների սօցիալական դաւանանքի բնոյթը, Թիֆլիս, 1910։
Աղէտի և տառապանքի աշխարհից, Թիֆլիս, 1915։
Բագուի մեծ սարսափները, Անկետային ուսումնասիրութիւն սեպտեմբերեան անցքերի 1918 թ., Թիֆլիս, 1920։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 376)։