Jump to content

Երկրորդ աշխարհամարտի ռազմագերիները Հայաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանում ռազմագերու կարգավիճակով 2 տարի անցկացրած ապագա Նոբելյան մրցանակակիր Կոնրադ Լորենցը

Նացիստական ռազմագերիները Հայաստանում՝ 1941-1945 թվականների Գերմանա-խորհրդային պատերազմի («Հայրենական մեծ պատերազմ») ընթացքում նացիստական բանակի գերի ընկած զինվորները, որոնք Խորհրդային միության տարբեր շրջանների հետ մեկտեղ տեղակայվել են նաև Հայկական ՍՍՀ-ում։ Խորհրդային տարիներին ռազմագերիների թեման գաղտնի էր պահվում ու շատ վատ է ուսումնասիրված։

Ըստ մոտավոր հաշվարկների՝ ռազմագերիները Հայաստանում իրականացրել են շուրջ 525 միլիոն ռուբլու համարժեք կապիտալ շինարարություն ու այլ գործունեություն[1]։

Նրանց թվում կային թե ֆանատիկ նվիրյալներ, ովքեր ըստ ԱԱԾ-ում պահվող գործերի գյուղեր էին այրել, գնդակահարել էին ծերերին ու երեխաներին, կախաղան էին բարձրացրել կանանց[2], թե կային շարքային քաղաքացիներ՝ նացիստական գաղափարախոսությունից հեռու[3]։

1943 թվականից ու Ստալինգրադի ճակատամարտից հետո ռազմագերիների թիվը մեծացավ այնքան, որ նրանց սկսեցին տեղափոխել Խորհրդային Միության տարբեր ծայրեր՝ ներառյալ նաև Հայաստանի ՍՍՀ։

Ըստ ԱԱԾ արխիվի տվյալների՝ պատերազմի արդյունքում Հայաստան տեղափոխված ռազմագերիները գրանցվում էին որպես Ներքին գործերի ժողկոմիսարիատի #115 ռազմական ճամբարի ռազմագերիներ։ Նրանք բնակվում էին մի շարք փոքր ճամբարներում՝ տեղակայված Երևանում, Լենինականում, Արթիկում, Աբովյանում, Կիրովականում, Համամլուում, Կապանում, Սևանում ու Արարատում։ Երևանի Քանաքեռի ալյումինի գործարանում է գտնվել Երևանի ճամբարը[4]։

Պահման պայմանները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես երկրի այլ բնակիչներ նույնպես՝ ռազմագերիները ունեին հացի լուրջ խնդիր․ ըստ խոսակցությունների՝ նրանց օրական հատկացվում էր 300 գրամ հաց[2]։

Ըստ ռազմագերի բժիշկ Վերներ Ստրոբեի՝ սկզբի շրջանում սնունդը ամբողջությամբ բաղկացած է եղել ալյուրից․ առավոտյան ուտում էին ալյուրով ճաշ, ցերեկը՝ պելմեններ, երեկոյան՝ ալյուրով ապուր։ Որոշ ժամանակ անց առանց վիտամինների ալյուրի գերօգտագործման արդյունքում ռազմագերիների մոտ առաջացել է հիդրոպիկ դիստրոֆիա, ինչի արդյունքում շատերի մոտ մաշկը ճաքճքել է, սկսել է թունավորում, ու շատերը ի վիճակի չեն եղել աշխատել։ Ճաշ պատրաստողները սկսել են ավելացնել ճանապարհների կողքին աճող խատուտիկ, եղինջ ու այլ խոտեր, սակայն մեծ արդյունքներ դա չի տվել։ Շատերի մոտ սկսել է գիշերային կուրություն, սակայն դրա դեմ ճամբարի ղեկավարություն առանձնապես չէր պայքարում, քանի որ ապահով էր, որ գիշերը կուրություն ձեռքբերով ռազմագերիները չեն փախչի։ Գիշերային քունը սովորաբար խախտված է եղել, քանի որ պահակները հաճախ գիշերները արթուն էին, գոռում ու բարձր երգեր էին երգում[5]։

Ռազմագերու մահվան դեպքում մարմնին արգելվում էր դիպչել 3 ժամ։ Այնուհետև մարմինը տեղափոխում էին Երևան։ Ստրոբեն պատմում է, որ հիմնականում իրեն էին տեղափոխում հերձում իրականացնելու համար։ Հիմնականում մահերը վրա էին հասնում սովի պատճառով, բայց դա գրել արգելվում էր, այդ պատճառով արձանագրվում էր մահացածի այլ առկա խնդիրներ՝ թոքաբորբ կամ տուբերկուլյոզ։ Պայմանները բացակայում էին ու հերձում իրականացնում էին պրիմիտիվ գործիքներով։ Հերձման ընթացքում միշտ ներկա էր ռազմական կապիտան, ով հետևում ու գրի էր առնում արդյունքները[5]։

Ռազմագերիների քանակը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմագերիների ընդհանուր քանակը եղել է 16160, որոնց թվում 18 ազգությունների ներկայացուցիչներ[4]՝

Ազգություն Քանակը
Գերմանացիներ 7897
Հունգարացիներ 5074
Ռումինացիներ 2401
Ավստրիացիներ 220
Մոլդովացիներ 180
Սլովեններ 75
Չեխեր 64
Ֆրանսիացիներ 58
Լեհեր 57
Սերբեր 54
Ուկրաինացիներ 52
Գնչուներ 10
Խորվարներ 6
Իտալացիներ 4
Հրեաներ 3
Բելգիացիներ 2
Հոլանդացիներ 1
Բուլղարացիներ 1

Նշվում է, որ նացիստական ռազմագերիների թվում կար մեկ ազգությամբ հայ[1]։ Ներառյալ փաստեր այլ պետություններից ռազմագերիներ մասին, որոնք ներառված չեն վերոնշյալ ցանկում, ենթադրվում է, որ Հայաստանի ռազմագերիների թիվը եղել է ավելին քան 16160։

Շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բաղրամյան 1 շենքը

Որպես աշխատուժ՝ նրանց գործուղում էին հիմնականում արտադրություններ, շինհրապարակներ, գործարաններ, հանքեր ու ընդգրկում էին գյուղատնտեսական աշխատանքներում։ Ռազմագերիները մասնակցել են բազմաթիվ շինարարությունների, որոնց թվում[4]՝

Հաղթանակ կամուրջի շինարարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղթանակ կամուրջը

1941 թվականին մեկնարկել են Հաղթանակ կամրջի շինարարական աշխատանքները, որոնց Ստալինգրադի ճակատամարտից հետո միացել են նացիստական ռազմագերիներ։ Ըստ հիշատակությունների՝ նրանք պարկեշտ ու կոկիկ մարդիկ էին։ Լինելով գերության մեջ՝ պահպանում էին հիգիենայի կանոնները, լվացվում էին գետի ջրով, սափրվում էին՝ անկախ բարդ աշխատանքից։ Աշխատանքային բրիգադներից մեկի ղեկավար Հրանտ Հովհաննիսյանը իր հուշերում նշել է գերմանացիների ազնվությունը ու աշխատասիրությունը[4]։

Աշխատանքային ղեկավարներից մեկը հիշում էր, որ գերմանացիներն իրար շինարարական քարեր փոխանցելով քթի տակ ինչ որ բան էին ասում։ Փորձելով պարզել՝ ինչ են խոսում, նա լսել է․ «Danke schön» (գերմաներեն՝ «Շնորհակալություն») ու «Bitte schön» (գերմաներեն՝ «Խնդրեմ»)։ Լինելով ռազմագեր խորթ երկրում ու կատարելով տաժանակիր աշխատանք՝ վերջիններս պահպանում էին քաղաքավարությունը ու պարկեշտությունը[4]։

Ըստ մեկ այլ հիշատակության՝ գերմանացիներից մեկը երկար նայել է՝ ինչպես է հայ շինարարը շաղախ անում, հետո վերցրել է մուրճը ու սպանել նրան։ Հարցաքննության ժամանակ նա ասել է, որ լինելով մասնագիտությամբ շինարար չէր կարող հանդուրժել, թե ինչ անորակ շաղախ է պատրաստել հայը։ Ըստ պատմության՝ այդուհանդերձ նրան գնդակահարել են[3]։

Այլ աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմի տարիներին սոսկալի մակարդակի էր նվազել աշխատունակ տղամարդկանց թիվը ու ռազմագերիները աշխատում էին նաև հայկական գործարաններում։ Հայաստան են այդ տարիներին տեղափոխվել բազմաթիվ գերմանական արտադրության հաստոցներ, որոնցից օգտվել հաճախ օգնում էին ռազմագերիները։ Նրանցից բարձր մասնագիտացում ունեցողները նշանակվում էին գործարաններում խորհրդականներ[3]։ Աշխատանքային հարթակների թվում են[4]՝

Հիշողություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղացիների վերաբերմունքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստագետ Սերգեյ Առաքելյանը հիշում էր, որ դպրոցական տարիքում փախնում-գնում էին դեպի Մոնումենտի ճանապարհ՝ գերմանացիների հետ շփվելու, ովքեր թեթև ռուսերեն էին խոսում ու ասում էին «Мальчик, здравствуй»: Երեխաները նրանց շաքար էին տալիս, իսկ նրանք քարից կամ փայտից խաղալիքներ էին պատրաստում ու նվիրում ի պատասխան[4]։

Կան բազմաթիվ հիշողություններ, որ տեղի բնակչությունը նրանց հաց էր տալիս։ Ռազմագերիները Բաղրամյան պողոտայում սարքում ու փողի դիմաց վաճառում էին տուֆից իրենց պատրաստած վառարանները։ Բազմաթիվ մարդիկ պահել են ռազմագերիների կողմից պատրաստած փայտե տիկնիկներն ու շվիկները[4]։

Կապանում տեղացիները այնքան ջերմ հարաբերությունների մեջ էին ռումինացի ռազմագերիների հետ, որ նույնիսկ իրենց տուն էին հրավիրում ու հյուրասիրում վերջիններիս[4]։

Գյառգյառ գյուղի բնակիչները պատմում էին, որ իրենց գյուղում տեղակայված ռազմագերիները ամեն առավոտ մինչև գոտկատեղը մտնում էին գետը ու լվացվում, նույնը անում երեկոյան, ինչպես նաև պարտաճանաչ դրանից հետո սափրվում ու սանրվում[3]։

1947-1948 թվականներին Կապանում մեծ ջրհեղեղի արդյունքում բոլոր կամուրջները ավերվել են բացի ռումինացիների կառուցած մեծ կամուրջից[4]։

Հովիկ Չարխչյանը ներկայացնում է մի պատմություն․

1988-ի Սպիտակի երկրաշարժի օրերին աշխարհի տարբեր ծայրերից օգնության եկողների թվում էին նաև գերմանացի փրկարարները։ Նրանց հետ Հայաստան էր մեկնել նաև մասնագիտությամբ վիրաբույժ, դոկտոր Միլլերը, որն այդ օրերին Լենինականում մտերմացավ հայկական մի ընտանիքի հետ և նույնիսկ հյուրընկալվեց նրանց` իր հետ տարած լուսանկարչական ապարատով օրվա հիշարժան կադրեր նկարելով։ Շուտով Միլլերը մեկնեց, բայց շատ չանցած` նրանից ստացվեց մի նամակ, որտեղ գերմանացի բժիշկը պատմում էր, թե որոշել է մեկ անգամ էլ Հայաստան գալ, բայց այս անգամ նրան կընկերակցի իր հայրը, որը տեսել է Լենինականում արված լուսանկարները և անպայման ուզում է լինել այդ տանն ու հանդիպել այդ ընտանիքի անդամներին։ Երբ նրանց օդանավը վայրէջք կատարեց օդակայանում, Միլլերի հետ ընդառաջ եկող տարեց մարդուն հայ դիմավորողներից Վազգեն Խաչատրյանը` նախկին գնդապետը, անմիջապես ճանաչեց։ Դա այն երբեմնի երիտասարդ գերին էր, որ ապրել էր իրենց տանը և որի կյանքը մի անգամ փրկել էր, երբ հրամանատարությունը պատրաստվում էր պատժել գերմանացում ինչ-որ զանցանքի համար։ Իր կյանքում երկրորդ անգամ Հայաստան հասած և հանդիպումից մինչև հոգու խորքը ցնցված գերմանացին օդանավակայանում միայն կարողացավ արտաբերել. «Այս աշխարհում ամեն ինչ վերադառնում է իր սկզբին։ Ամեն ինչ…»[2]։

Գետառի 1946 թվականի վարարումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականի Գետառի վարարման ժամանակ բազմաթիվ ռազմագերիների գնդակահարել են իրենց ճամբարում, որը գտնվում էր ներկայիս Կենդանաբանական այգու մոտակայքում ու դարձել էր վարարման զոհ։ Վարարած գետը ավերել էր ցցապատնեշները, ու ժամապահները պարզապես գնդակահարում էին ահագնացած այս ու այն կողմ վազող գերմանացիներին՝ կանխելով նրանց հավանական փախուստը[3]։

Կոնրադ Լորենցը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում 1944-1948 թվականներին[7] որպես ռազմագերի Սևանի[1] ու Արաբկիրի ճամբարներում որպես բժիշկ ապրել ու աշխատել է կենսաբան, էտոլոգիայի հիմնադիրներից ու ապագայում Նոբելյան մրցանակակիր Կոնրադ Լորենցը[4]։

1941 թվականին այդ օրերին գերմանական Զեևիզենի համեմատական ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն պրոֆեսորին զորակոչեցել են վերմախտի շարքերը։ 1942 թվականին պրոֆեսոր Լորենցը հայտնվել է արևելյան ճակատի թիկունքային հոսպիտալներից մեկի նյարդային բաժանմունքի կրտսեր բժշկի պաշտոնում։ Աշխատանքից ազատ ժամանակ Լորենցը ուսումնասիրել է մարդկային հոգեբանության պաթոլոգիաները։ 1944 թվականին նրան տեղափոխել են Վիտեբսկի դաշտային հոսպիտալ։ Կարմիր բանակի հարձակման ժամանակ Կոնրադը վիրավոր վիճակում գերի է ընկնում։ Սկզբում հայտնվում է Սմոլենսկում, ապա որպես ռազմագերի տեղափոխվում Հայաստան։

Պատերազմի ավարտից հետո Լորենցը նամակով դիմում է ակադեմիկոս Լևոն Օրբելուն՝ խնդրելով միջնորդել Ստալինի մոտ՝ իրեն գերությունից ազատելու։ Օրբելին օգնում է Լորենցին[8]։

Իր հետ ճամբարում գտնվող մի երիտասարդ ուսանող՝ Վերներ Ստրոբե անունով, ով մինչ պատերազմը հասցրել էր ստանալ 4 կիսամյակի բժշկական կրթություն, իր հիշողությունների մեջ բավական մանրամասն հիշատակում է Լորենցին։ Նրանք երկուսը իրականացնում էին բժիշկի գործառույթ ու ծանր աշխատանքներից ազատված էին։ Ըստ նրա՝ պրոֆեսոր Լորենցը բարձրահասակ, նիհար ու բոլորի պես տառապում էր դիստրոֆիայից սուղ սննդի պատճառով։ Նա ուներ փարթամ մազեր ու բեղեր, ուներ ճարտար լեզու ու միշտ հասանելի էր բոլորի համար։ Նրան էին դիմում տեղի ռուս սպաները ու զինվորները, երբ առողջական խնդիրներ էին ունենում։ Նա լավ հարաբերությունների մեջ էր ճամբարի ղեկավարի հետ, ով հաճախ նրան իր հետ էր տանում քաղաքով զբոսնելու ու տեղացի ընտանիքներին հյուրընկալվելու։ Շտապ օգնության մեքենայով նա նաև իր գործառույթը իրականացնելու ընթացքում լսում էր բազմաթիվ աշխատանքային վայրերից ռազմագերիների բողոքները՝ ում ինչպես են պատժել, ծեծի ենթարկել կամ երբ աշխատանքային պայմանները իրոք անմարդկային էին։ Լորենցը այբ բողոքները հասցնում էր ղեկավարությանը՝ չվախենալով կոչ անել պահպանել Ժնևյան կոնվենցիաները։ Հենց Հայաստանում է նաև սկսել գրի առնել իր ուսումնասիրությունների արդյունքները էթոլոգիայի մասին, որոնք հետագայում դարձել են իր գիտական հաջողության հիմքը։ Սևանի ճամբարում նա այլոց օգնությամբ կառուցել է մի քանի վանդակ, որոնց օգնությամբ բռնել է մի շարք թռչյունների, որոնց վարքը ուսումնասիրել ու իր գիտական հետազության մեջ կիրառել է դրանք։ Իր աշխատությունները հայրենի տեղափոխելու գործում նրանց խոստացել է օգնել ճամբարի գլխավոր բժիշկ Հովսեփ Գրիգորյանը, ով նաև բարեխոսել է, որ Լորենցին թույլատրեն իր գրառումները անել գերության ընթացքում[5]։

Ըստ երիտասարդ բժիշկի՝ Լորենցը բազմաթիվ մարդկանց վերադարձրել է ապրելու ցանկություն իր խորհուրդներով ու աջակցությամբ։ Նա նաև մի անգամ փրկել է հենց Ստրոբեի կյանքը, երբ վերջինս 1947 թվականի մարտի սկզբին տեղի ունեցած սովի արդյունքում փորլուծության ու ջրազրկման արդյունքում կորցրել է գիտակցությունը ու գրեթե մահացել։ Լորենցը 5 լիտր ջրի մեջ լուծել է դեքստրոպուր դեղամիջոց, ինչը գլյուկոզայի աղբյուր է եղել, եռացրել, ապա սառեցրել է լուծույթը ու բազմաթիվ փորձերից հետո գտել է գրեթե հյուծված մի երակ։ 24 ժամ շարունակ ժամանակ առ ժամանակ ներարկումներ անելուց հետո Ստրոբեն ուշքի է եկել[5]։

Որոշ շրջանում ռազմագերիների շրջանում տարածվում է մի հիվանդություն, ինչի արդյունքում մարդկանց մոտ զգացվել է ձեռքերում ու ոտքերում ծակոցներ, իսկ այնուհետև պառալիչ ու մահ։ Տեղի բժիշկները կարծել են, թե սա թունավոր դիֆտերիա է, սակայն Լորենցը պնդել է, որ դա վիտամինների ու մասնավորապես վիտամին-Ց-ի պակասից առաջացած թուլություն է։ Ռազմագերիներին վիտամինների պաշար գնելուց ու տրամադրելուց հետո հիվանդությունը նահանջել է[5]։

Երկու բժիշկները մի անգամ ճամբարում նեկայացրել են Գյոթեի Ֆաուստը, որը մեծ հաջողություն է ունեցել։ Նման կերպ, Լորենցը պնդում է, նրանք նաև պայքարում էին սովի դեմ, որի մասին մարդիկ մոռանում էին ներկայացման ժամանակ[5]։

Սևան ՀԷԿ-ի շինարարությունը ենթադրում էր տաժանակիր աշխատանք, քանի որ ըստ էությանդա յուրահատուկ ընդհատակյա կայան է։ Շինարարության ընթացքում մի անգամ ռազմագերիներից մեկը դաժանագույն ծեծի է ենթարկվել ինքնաձիգերի կոթերով ժամապահների կողմից։ Հոսպիթալում ռազմագերու կարգավիճակ ունեցող բժիշկ Կոնրադ Լորենցը, ընդունելով տուժածին, գնացել է ճամբարի ղեկավարության մոտ՝ նրանց ասելով․ «Այդ մարդը ենթարկվել է դաժան ծեծի անտեղի տեղը։ Մենք այստեղ ռազմագերի ենք։ Մենք անպաշտպան ենք։ Բայց պատերազմն ավարտված է։ Ժնևյան կոնվենցիաները արգելում են ռազմագերիների հետ դաժան վերաբերմունքը»։ Այնուհետև ներկա ռուս զինվորականները ասել են, որ Լորենցը շատ ճիշտ է արել, որ մեղադրել է ռուսներին, ու նրան շատ ավելի կհարգեն այդպես, քան եթե նա խոնարհվեր նրանց առաջ[5]։

Մի անգամ ճամբարից դուրս գալու ժամանակ նա հանդիպել է ճարտարապետ Մարկ Գրիգորյանի հետ, ով խոստացել է նամակով դիմել Մոսկվա՝ վերջինիս օգնելու համար։ Գրիգորյանը նամակով դիմել է Լևոն Օրբելուն՝ իրավիճակը ներկայացնելով, ով իր հերթին նամակով դիմել է Իոսիֆ Ստալինին, ով որոշել է Լորենցին տեղափոխել Կրասնոգորսկ՝ Մոսկվայի մոտակայքում մի քաղաք, որտեղ գտնվում էր հատուկ կարգավիճակ ունեցող ռազմագերիները[9]։ Լորենցին տեղեկացրել են, որ նա պետք է մեկնի Մոսկվա ու ընդունվի Ֆիզիոլոգիական գիտությունների ակադեմիա՝ բնակվելով Կրասնոգորսկի ճամբարում։ Նրան ժամերի ընթացքում տեղափոխել են խանութ, տրամադրել են նոր հագուստ, որը անգամներ ավելի մեծ էր դիստրոֆիայից տառապող պրոֆեսորի համար։ Այնուհետև Լորենցը լքել է Երևանը՝ մեկնելով Մոսկվա իր որոշ իրերի ու թռչուններով մի քանի վանդակների հետ[5]։

Գյումրիում ռազամագերիների եղբայրական գերեզմանոցի հուշատախտակը

Ըստ մոտավոր հաշվարկների՝ մինչ 1948 թվականին հայտարարված համաներումը ու նրանց ազատ մեկնումը հետ Եվրոպա Հայաստանի տարածքում զանազան հիվանդություններից, քաղցից, ծանր աշխատանքից, ինչպես նաև գնդակահարությունների արդյունքում[2] մահացել է 1330 ռազմագերի[1]։ Շատ գերեզմանատեղիներ գաղտնի կերպով վերացվել են հետագայում[1]։ 14 (կամ 15[10]) գերեզմանատներ պահպանվել են Երևանում, Աբովյանում, Արարատում, Սպիտակում, Կապանում, Վանաձորում, Գյումրիում, Սևանում։

Առավելապես լավ պահպանվել է Գյումրու գերեզմանատունը, քանի որ գտնվում է քրեակատարողական հիմնարկի մոտակայքում։ Խորհրդային տարիներից թեման խորը ուսումնասիրել է «Հետազոտում» հիմնադրամի հիմնադիր Աղվան Թադևոսյանը, ով միայն 1995 թվականից սկսած ստացել է աջակցություն Գերմանական ֆոնդերից մեկից, կարողացել է բարեկարգել Սևանի գերեզմանատունը, կասեցրել Արթիկում առանձնատան շինարարություն գերեզմանատան վայրում, և այլն։ Նա նաև ստույգ հայտնաբերել է 5 լյուքսեմբուրգցու գերեզմաններ Հայաստանի տարբեր վայրերում[1]։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ռազմագերիների եղբայրական գերեզմանոցը Գյումրիում

Այսօր դրանք պահպանվում են Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ջանքերով[4]։ Գերեզմանատներ կան Արարատի մարզի Այգավանից Նոյակերտ գյուղերի ճանապարհի ձախ կողմում՝ փոքր բլրի վրա, Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում՝ Հրազդանի կիրճում։ Այստեղ 2010 թվականին Հայ առաքելական եկեղեցին հայտարարել է, որ պատրաստվում է եկեղեցական արարողություն իրականացնել ի հիշատակ Հայաստանում զոհված ռազմագերիների[2]։

2006 թվականին Երասխավան գյուղի մոտակայքում վերականգնվեց ռազմագերիների գերեզման, կանգնեցվեցին նոր խաչեր ու տեղադրվեց հուշաքար ի հիշատակ այստեղ 1945-1947 թվականներին թաղված 12 գերմանացիների[2]։ Աշխատանքը ֆինանսավորել է ՀՀ պաշտպանության նախարարությունը[11]։

Ըստ Հայաստանի գերմանացիների միության նախագահ Վիկտոր Վուխրերի՝ այդ տարիներին շատերին են գնդակահարել գերմանացի կամ լեհ լինելու համար՝ մեղադրելով լրտեսության մեջ։

Առհասարակ ողջ Միության տարածքում զոհվել է շուրջ 230 հազար ռազմագերի[4]։

1948 թվականին Խորհրդային միությունում հայտարարվում է ռազմագերիների համաներում։ Գրեթե բոլորը վերադառնում են իրենց երկրներ։ Սակայն հատուկենտ մարդիկ մնացել են Հայաստանում, սակայն որևէ վիճակագրություն այդ մասին չկա։ ԱԱԾ արխիվի համաձայն` Հայաստանից այլ երկներ են տեղափոխվել 14800 նացիստական բանակի նախկին անդամ[4]։

Կապանում տեղաբնակ հայ կնոջ հետ այսպես ամուսնացել ու մնացել է ապրելու Արևմտյան Ուկրաինայից ազգությամբ ռումինացի Վասյա Կոգուրը, ով ռազմագերության տարիներին աշխատել է քարհանքում ու փայտասղոցարանում։ Հետագայում նա Գորիսում ստացել է տամնաբույժի մասնագիտացում ու դարձել Կապանում հայտնի ատամնաբույժ[4]։

1989 թվականին Հայաստանում բնակվում էր 265 գերմանացի, 2001-ին՝ 133, 2011-ին՝ 100, որոնց թվում են նաև մինչև Համաշխարհային պատերազմը բնակվողների ժառանքները[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 regnum.ru https://regnum.ru/news/1402618.html. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ. ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ԱՆԻԾՎԱԾՆԵՐԸ». Hovikcharkhchyan's Blog. 2010 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Արմենիա, Ռուբեն Գյուլմիսարյան Sputnik. «Խաղալիքներ, շենքեր ու գործարաններ. ի՞նչ հիշատակ են թողել ռազմագերիները Հայաստանում». Sputnik Armenian. Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 «Тайная история лагеря N115: уникальные свидетельства о немецких военнопленных в Армении». Sputnik Армения (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Straube, Werner. «Erinnerungen an Konrad Lorenz. Zeitzeugen zu Werk und Mensch» (PDF). Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Армения, Рубен Гюльмисарян Sputnik. «Мосты, здания и заводы: что мы знаем о немецких военнопленных в Армении». Sputnik Армения (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  7. «Konrad Lorenz, Pioneer in Study Of Animals' Behavior, Dies at 85». The New York Times. 1989 թ․ մարտի 1. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  8. Նոբելյան մրցանակակիրը` Հայաստանում ռազմագերի
  9. «Institute of Physiology». www.physiol.sci.am. Վերցված է 2020 թ․ հունիսի 28-ին.
  10. 10,0 10,1 «За что постигает двойная кара: истории забытых немцев из Армении и не только». Sputnik Армения (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.
  11. «В АРМЕНИИ ВОССТАНОВЛЕНО КЛАДБИЩЕ НЕМЕЦКИХ ВОЕННОПЛЕННЫХ». armenpress.am (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 26-ին.