Jump to content

Արթիկի տուֆի հանքավայր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթիկի տուֆի հանքավայր
Տեսակհանքակուտակ
Երկիր Հայաստան
ՎարչատարածքՇիրակի մարզ
Մակերեսմոտ 250 կմ²
Ծավալ250 000 000 մ³
Նյութտուֆ
Աշխարհագրական տեղադրությունԱրագած

Արթիկի տուֆի հանքավայր, գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում՝ Արագած լեռան զանգվածի հյուսիսարևմտյան լանջին, 1600-2100 մ բարձրության վրա, Արթիկ քաղաքի, Պեմզաշեն, Հառիճ, Սարալանջ, Տուֆաշեն և Հայկասար գյուղերի մոտակայքում։ Տարածքը մոտ 250 կմ²։

Հայտնի է վաղ անցյալից (III դար - V դար)։ Տուֆերի ուսումնասիրությամբ XIX դարի 50-ական թվականներին առաջին անգամ զբաղվել է գերմանացի երկրաբան Հերման Աբիխը։ Կանոնավոր հետախուզական աշխատանքներն սկսվել են 1927-1929 թվականներին։ Համարվել է վարդագույն տուֆի խոշորագույն հանքավայրը նախկին Խորհրդային Միությունում։

Առաջացել է վերին պլիոցեն-անթրոպոգենի հրաբխային գործունեության ժամանակ՝ միջին անթրոպոգենի իգնիմբրիտային ժայթքումներից։ Տեղադրված է վերին պլիոցենի և ստորին անթրոպոգենի անդեզիտների, բազալտային անդեզիտների, դացիտների, խարամների վրա և ծածկված է միջին ու վերին անթրոպոգենի դացիտային լավաներով, գետալճային ու տային նստվածքներով։ Արդյունավետ շերտում մասնակցում են պեմզա, պեմզային ավազներ, երկրորդական նշանակության Երևան-Գյումրու տիպի տուֆեր, որոնց վրա տեղադրված է վարդագույն ու վարդմանուշակագույն տուֆաշերտը (միջին հաստությունը՝ 6-8 մ)։ Հետախուզված պաշարները ավելի քան 170 միլիոն մ³ են։

Արթիկի տուֆի հանքավայրի շահագործման տեխնիկա-տնտեսական պայմանները բարենպաստ են։ Տուֆի հանույթի և տեղափոխման աշխատանքները մեքենայացված են։ 17 հանքից յոթն ունեն համալիր մեքենայացում։ Առանձին տեղամասերում կատարվում է պահանջվող ձևի և չափի քարի անմիջական հանույթ, որն առանց հետագա մշակման օգտագործվում է շինարարության մեջ։ Հանույթից ստացվող քարի մանրուքի բազայի վրա գործում է արհեստական տուֆաբլոկների կոմբինատը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 53