ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԵՊՀ պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոն, ԵՊՀ կազմում գործող հնագույն ֆակուլտետներից մեկի ամբիոններից է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնը հիմնադրվել է 1930 թվականին։ ԵՊՀ Պատմության ‎ֆակուլտետի Ընդհանուր պատմության ամբիոնի (1930-1931 ուստարի) առաջին վարիչը եղել է ընդհանուր պատմության նորագույն շրջանի մասնագետ պրոֆեսոր Կարո Ղազարյանը։ 1938 թ-ին ամբիոնր բաժանվում է երկու մասի, ստեղծվում են`

  • Հին աշխարհի պատմության և
  • Ընդհանուր պատմության ամբիոններ։

1938-1952 թթ. Հին աշխարհի պատմության ամբիոնը ղեկավարել է նշանավոր մանկավարժ-պատմաբան, համալսարանի բազմամյա դասախոս պրոֆեսոր Ստեփան Ներսիսյանը, իսկ Նոր պատմության ամբիոնը՝ եվրոպական մի քանի օտար լեզուներ տիրապետող, ՀԽՍՀ ԳԱԱ նոր պատմության լավագույն մասնագետ, ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանը։

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Ընդհանուր պատմության ամբիոնը կազմավորվել է 1952 թ. Հին աշխարհի և Նոր պատմության ամբիոնների միավորման արդյունքում՝ ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանի ղեկավարությամբ[1]։

1960-1978 թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Խաչիկ Բադալյանը, իսկ 1979-1998 թթ.` պրոֆեսոր Վալտեր Դիլոյանը։ 1998 թվականից ամբիոնի վարիչ է պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը։ 2005 թ. ԵՊՀ-ի ընդհանուր պատմության ամբիոնը վերանվանվել է Համաշխարհային պատմության ամբիոն։ Ամբիոնը ընդգրկում է համաշխարհային պատմությունը հնագույն շրջանից մինչև մեր օրերը[1]։

Տարբեր տարիներին ամբիոնում աշխատել են նշանավոր գիտնականներ և դասախոսներ պ.գ.դ., պրոֆեսոր Ստ. Ներսիսյանը, Գր. Միքայելյանը, Ջ. Կիրակոսյանը, Վ. Դիլոյանը, դոց. Գ. Հարությունյանը և այլք[1]։

Այժմ ամբիոնում աշխատում է 14 դասախոս, որոնք համաշխարհային պատմության տարբեր դարաշրջանների և շրջափուլերի վերաբերյալ հանրապետության ճանաչված մասնագետներն են[1]։

Ամբիոնի վարիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյան

1998 թվականից ամբիոնի վարիչն է պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը[1]։ Նախկինում այդ պաշտոնը զբաղեցրել են մի շարք նշանավոր հայ պատմաբաններ. պրոֆեսոր Ստեփան Ներսիսյանը, ակադեմիկոս Աբգար Հովհաննիսյանը, պ.գ.դ., պրոֆեսոր Վ. Դիլոյանը։ ԵՊՀ Պատմության ‎ֆակուլտետի Ընդհանուր պատմության ամբիոնի (1930-1931 ուստարի) առաջին վարիչը եղել է ընդհանուր պատմության նորագույն շրջանի մասնագետ պրոֆեսոր Կարո Ղազարյանը։

Ամբիոնի նշանավոր դասախոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամբիոնում դասավանդել են հին աշխարհի պատմության լավագույն մասնագետներ Ստեփան Ներսիսյանը և Ժենյա Միրզախանյանը, որոնք աչքի են ընկել դասախոսական մեծ վարպետությամբ։ Երկար տարիներ ամբիոնում դասավանդել են նաև դոցենտ Նիկոլայ Շահնազարյանը, միջնադարագետ պրոֆեսոր Հուսիկ Նաջարյանը, նոր և նորագույն պատմության լավագույն մասնագետ, հմուտ դասախոս ու մանկավարժ դոցենտ Մառլեն Հովհաննիասյանը, Գարեգին Հարությունյանը։

Ամբիոնի գիտամանկավարժական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնամեթոդական ընդգրկմամբ ամբիոնը ներկայացնում է համաշխարհային պատմությունը` սկսած հին արևելյան քաղաքակրթությունից մինչև մեր օրերը։ Ամբիոնում դասավանդվում են Հին աշխարհի, Միջնադարի և Նոր ու նորագույն պատմության ամենատարբեր հիմնահարցերին վերաբերող դասընթացներ, որոնց ծրագրերը մշակվել են արդի բուհական մանկավարժության սկզբունքների համաձայն և հրատարակվել են։ Ամբիոնի դասախոսներից մասնակցել են բուհական 12 և հանրակրթական դպրոցների 15 դասագրքերի ստեղծման աշխատանքներին[1]։

Ամբիոնում պարբերաբար կազմվել են մասնագիտացման դասընթացների ու սեմինարների ծրագրեր ու պլաններ, հրատարակվել են ուսումնաօժանդակ ձեռնարկներ ու դասախոսությունների տեքստեր (պրոֆեսոր Հ. Նաջարյան, «Բյուզանդիայի պատմության ուրվագծեր, ուսումնաօժանդակ ձեռնարկ», Երևան, 1987, դոցենտ Ե. Միրզախանյան, «Ուրվագծեր հին Հունաստանի պատմագրության», Երևան, 1967, «Ուրվագծեր հռոմեական պատմագրության», Երևան, 1971, դոցենտ Քիլիմջյան, «Գերմանիան 1871-1896 թթ.», Երևան, 1978, և «Ֆրանս-պրուսական պատերազմը և 1870 թ. սեպտեմբերի 4-ի հեղափոխությունը Ֆրանսիայում», Երևան, 1982, պրոֆեսոր Վ. Դիլոյանի, Ա.Ստեփանյանի և դոցենտ Գ. Հարությունյանի մասնակցությամբ կազմվել է ընդհանուր պատմության ձեռնարկ բուհ ընդունվողների համար Երևան, 1996)։ պրոֆեսոր Ա.Ա.Ստեփանյանը, Վ. Ա.Դիլոյանը և դոցենտ Ս.Հարությունյանը ընդգրկված են եղել հանրակրթական դպրոցի դասագրքերի ստեղծման աշխատանքներում (Վ.Ա.Դիլոյան, Ս. Հարությունյան, «Միջին դարերի պատմություն», դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար, Երևան, 2000)։ պրոֆեսոր Ա.Ա.Ստեփանյանը և Վ.Ա.Դիլոյանը եղել են «Հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում, Երևան, 2001»հանրակրթական դպրոցի 9-րդ դասարանի դասագրքի հեղինակներից։

Պրոֆեսոր Ա. Ստեփանյանի ղեկավարությամբ հեղինակների մի համախումբ` Կրթության և գիտության նախարարության պատվերով, ստեղծել է հանրակրթական դպրոցի 6-9-րդ դասարանների համաշխարհային պատմության դասագրքեր։ Դրանցից «Հին դարերի պատմությունը»և «Նոր դարերի պատմությունը»հրատարակվել են 2007 թվականին, իսկ 2009 թվականին հրատարակվել «Միջին դարերի պատմությունը»և «Նորագույն պատմությունը»։ Պրոֆեսոր Ա. Ստեփանյանը և դոցենտ Հարությունյանը դասագրքերի հիմնական հեղինակներն են։ Աշխատանքներ են տարվում հանրակրթական ավագ դպրոցի «Համաշխարհային քաղաքակրթություն» առարկայի դասագրքերի հղացքի և ծրագրի մշակման ուղղությամբ։

Ամբիոնի անդամների ուժերով թարգմանվել են նաև բուհական դասագիրք Երևան պրոֆեսոր Վ.Դիլոյան, «Նոր պատմություն. 1870-1918 թթ.», Երևան, 1985, դոցենտ Ե. Միրզախանյան, «Հին Հռոմի պատմություն», Երևան, 1951, դոցենտ Մ. Հովհաննիսյան, «Նորագույն պատմություն. 1918-1939», Երևան, 1985, «Նորագույն պատմություն. 1939-1973», Երևան, 1987, դոցենտ Տ. Հակոբյան, «Ասիայի և Աֆրիկայի երկրների միջին դարերի պատմություն», Երևան, 1973, «Ասիայի և Աֆրիկայի երկրների նոր պատմություն», Երևան, 1978։

1997 թվականից, ուսուցման եռաստիճան համակարգի անցնելու կապակցությամբ, ամբիոնի անդամների ուժերով բակալավրիատի համար մշակվել են համաշխարհային պատմության տարբեր դարաշրջանների վերաբերյալ նոր ուսումնական ծրագրեր։ Հրատարակվել է պրոֆեսոր Ա.Ստեփանյանի և դոցենտ Հ. Հարությունյանի «Հին աշխարհի պատմություն»ծրագիր-ուղեցույցը, Երևան, 2005։ Հրատարակության են ներկայացված դոցենտ Գ. Ս. Հարությունյանի և Ե. Մարգարյանի «Միջին դարերի պատմություն», դոցենտ Գ. Քիլիմջյանի և Ա.Գասպարյանի «Նոր և նորագույն պատմություն»ծրագիր-ուղեցույցները։ Ինչ վերաբերում է մագիստրատուրային, ապա ամբիոնը համալսարանում առաջիններից մեկն է անցել այդ կրթակարգին` 1997 թվականից ի վեր, «Համաշխարհային պատմություն»մասնագիտացմամբ։ Ըստ այդմ մշակել են երկամյա խորացված ուսուցման ծրագրեր Հին աշխարհի, Միջնադարի և Նոր ու Նորագույն պատմության ամենատարբեր հիմնահարցերի վերաբերյալ։ Ներդրվել են նոր առարկաներ`ՙՊատմության տեսություն», «Համաշխարհային պատմության հիմնահարցեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաները և հումանիտար միտքը», «Գրքի տեսություն և պատմություն», «Քաղաքակրթությունների տեսություն և պատմություն»և այլն։ Կազմվել են դրանց ուսումնական պլանները և ծրագրերը։

ՙՔաղաքակրթությունների տեսություն և պատմություն»առարկան դասավանդվում է նաև այլ ֆակուլտետների մագիստրատուրայում` Ռոմանո-գերմանական բանասիրության (Արտասահմանյան գրականություն), Հոգեբանության և սոցոլոգիայի, Աշխարհագրության (Տնտեսական աշխարհագրություն), Ժուռնալիստիկայի (Քաղաքակրթությունների տեսություն և պատմություն)։ Անցած տասը տարիների ընթացքում Համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրայի բովով անցել է շուրջ քառասուն ուսանող։ 11-ը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ պատմության ամենատարբեր հիմնախնդիրների վերաբերյալ։ Նրանցից երկուսը գիտական աստիճան են ստացել եվրոպական համալսարաններում։ Երրորդը այժմ մասնագիտանում է Պեկինի համալսարանում։

Բացի պլանային դասընթացներից, մագիստրանտների և բակալավրների համար կազմակերպվել են դասախոսություններ արտասահմանյան գիտնականների մասնակցությամբ. Քեմբրիջի համալսարանի Queen’s College-ի դեկան պրոֆեսոր Թ. Բրաուն, Հարվարդի համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ջ. Ռասսել, Միչիգանի համալսարանի Հայագիտության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Ժ. Լիպարիտյան, Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ Պ. Լ. Զեքիյան, Բեռլինի համալսարանի պրոֆեսոր Թ.Հոֆֆման, Լեչեի (Իտալիա) համալսարանի պրոֆեսոր Ջուստո Տրաինա և այլք։ Ամբիոնին կից գործում է «Ընկերային ինքնությունը համաշխարհային պատմության հոլովույթում»գիտատեսական սեմի-նարը։ 1960 թվականից մինչև 2009 թվական ամբիոնն ունեցել է արտադրությունից կտրված ուսուցմամբ 17 և չկտրված ուսուցմամբ` 7 ասպիրանտ։ Նաև՝ 25 հայցորդ։ Նրանցից թեկնածուական ատենախոսություն պաշտպանել են 16-ը։ Ատենախոսությունը պաշտպանած ասպիրանտներից 5-ը ամբիոնի դասախոսներ են։ Բացի ամբիոնի նիստերից, պարբերաբար տեղի են ունեցել նաև ուսումնամեթոդական խորհրդակցություններ, ուր քննության են առնվել զանազան ուսումնամեթոդական բնույթի հարցեր։

Տարիներ ի վեր ամբիոնի գիտահետազոտական աշխատանքն ընթացել է մի քանի հիմնական ուղղություններով. Մինչարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական քաղաքակրթությունների հիմնահարցեր, Հայաստանը Արևելք-Արևմուտք քաղաքակրթական առնչությունների ծիրում, Համաշխարհայնացումը հայոց պատմության համատեքստում, Պատմագիտական միտքը և հանրութային կյանքը և այլն։ 1994-2002 թթ. ամբիոնում կատարվել է պետական պայմանագրային թեմա՝ «Հայկական քրիստոնեական հասարակությունը և հայ եկեղեցին (ծագումնաբանությունը, հաստատումը և զարգացումը). պատմաքննական և սոցիալ-մշակութային վերլուծություն», որում ընդգրկված են եղել պրոֆեսոր Ա.Ստեփանյանը և Վ.Դիլոյանը։ Թեման նվիրված է հայ քրիստոնեական եկեղեցու ծագումնաբանությանը և հայկական հասարակության մեջ նրա խաղացած դերին։ Հիմնախնդիրներ, որոնք առաջնակարգ նշանակություն ունեն հայոց պատմության գիտական անաչառ ուսումնասիրության գործում։ Արդյունքները հրատարակվել հեղինակների մի շարք հոդվածներում։

Ժնևի համալսարանի հետ Եվրամիության “Research Program in Social Studies” ծրագրի սահմաններում պրոֆեսոր Ա.Ստեփանյանը մասնակցել է «David the Invincible»թեմայի կատարմանը` 2001-2005 թվական-ներ։ Նրա մասնաթեման էր «Neo-Platonic Approach to the Armenian Historiography»։ Ծրագրի գիտական արդյունքների ամփոփմամբ այժմ Ժնևի համալսարանը հրատարակում է կոլեկտիվ աշխատություն, որի հե-ղինակներից մեկը պրոֆեսոր Ա.Ստեփանյանն է։

Բալթիմորի համալսարանի դրամաշնորհի շրջանակներում պրոֆեսոր Ա.Ստեփանյանը 1999-2001 թվա-կաններին մասնակցել է «National Identity Alternatives in Multicultural Societies»գիտաթեմային` «Dimensions of National Identity (Preliminary observations)»։ Դրանց արդյունքները (մասամբ) ամփոփվել են նրա խմբագրությամբ 2002 թվականին լույս տեսած «Ինքնության հարցեր»կոլեկտիվ աշխատության մեջ։ Ավելի քան 60 տարիների ընթացքում ամբիոնի անդամները հրատարակել են 28 մենագրություն և 650 հոդված։ Գիտական զեկուցումներով հանդես են եկել հանրապետական ու միջազգային գիտաժողովներում` Երևան, Մոսկվա, Ս.Պետերբուրգ, Փարիզ, Վարշավա, Հռոմ, Քեմբրիջ, Օքսֆորդ, Բոստոն, Նեապոլ, Աթենք, Սալոնիկ և այլն։

2005 թվականից ի վեր Տաթև գիտակրթական համալիրի համագործակցությամբ ամբիոնը հրատարակում է «Պատմություն և կրթությունն»հանդեսը` պրոֆ Ա.Ստեփանյանի խմբագրությամբ։ Հանդեսի աշխատանքների մասնակցում են ինչպես ամբիոնի, այնպես էլ հանրապետության ճանաչված մասնագետները։ Հրատարակվել են դրա 4 համարները, հրատարակության գործընթացում է 5/6-րդ միացյալ համարը՝ նվիրված ակադ. Ա. Հովհաննիսյանի 100-ամյակին։ Ուսանողական գիտական ընկերության գծով «Համաշխարհային պատմություն»մասնագիտացման ուսանողները 1961-1987 թվականներին համալսարանական, հանրապետական և միութենական գիտական կոնֆերանսներում հանդես են եկել 140 գիտական զեկուցումներով, որոնցից շատերն արժանացել են մրցանակների։

Ամբիոնի անդամներից և ասպիրանտներից շատերը 1963 թվականից մինչև այսօր 62 գիտական գործուղումների են մեկնել նախկին ԽՍՀՄ-ի և արտասահմանյան մի շարք քաղաքնԵրևան Մոսկվա, Լենինգրադ, Լվով, Թբիլիսի, Լյուբլին (Լեհաստան), Փարիզ, Մոնպելյե (Ֆրանսիա), Աթենք, Սալոնիկ (Հունաստան), Հռոմ, Նեապոլ, Բոլոնիա (Իտալիա), Քեմբրիջ (Անգլիա), Բոստոն (ԱՄՆ), Վիեննա, Գաֆլենց, (Ավստրիա), Թեհրան (Իրան), Անն Հարբոր։ Դրանց արդյունքները քննարկվել են ամբիոնում և ֆակուլտետի խորհրդում։

Համաշխարհային պատմության ամբիոնում ԽՍՀՄ-ի զանազան քաղաքներից և արտասահմանից եղել են ստաժորներ պրոֆեսոր Ալ. Եգորով (Ս.Պետերբուրի համալսարան), Ք. Սվերինգ (Սորբոն 4-րդ համալսարան), պրոֆեսոր Ս. Դադոյան (Բեյրութ, Ամերիկյան համալսարան), Թ. Օ'Նիլ (Արիզոնայի համալսարան) և այլք։

1960-ական թթ. ի վեր ամբիոնում «երկաստիճան» կրթական համակարգով մասնագիտացել է շուրջ 600 ուսանող, իսկ ապա «եռաստիճան» կրթական համակարգով և մագիստրատուրայով՝ շուրջ 150 ուսանող, որոնք աշխատում են գիտության և մշակույթի տարբեր բնագավառներում։ Համաշխարհային պատմության ամբիոնի 21 մագիստրոսներ թեկնածուական ատենախոսություն են պաշտպանել Հայաստանում և արտերկրում[1]։

1961-2007 թթ. «Համաշխարհային պատմություն» մասնագիտացում ընտրած շուրջ 650 ուսանողի արտադրական-ճանաչողական պրակտիկան մի քանի տարի շարունակ նրանց անցկացվել է Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ), Մոսկվայի, Ռոստոկի (Գերմանիա), Սալոնիկի (Հունաստան), Բուդապեշտի (Հունգարիա) համալսարաններում և գիտամշակութային կենտրոններում։

Տարիներ ի վեր ամբիոնի գիտահետազոտական աշխատանքն ընթացել է մի քանի հիմնական ուղղություններով` «Մինչարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական քաղաքակրթությունների հիմնահարցեր», «Հայաստանը Արևելք-Արևմուտք քաղաքակրթական առնչությունների ծիրում», «Համաշխարհայնացումը հայոց պատմության համատեքստում», «Պատմագիտական միտք և հանրութային կյանք» և այլն։ Ավելի քան 60 տարիների ընթացքում ամբիոնի անդամները հրատարակել են շուրջ 25 մենագրություն և 600 հոդված՝ Հայաստանում և արտասահամանում[1]։

Այժմ ամբիոնին կից գործում է «Համաշխարհային քաղաքակրթությունները և դրանց տիպաբանությունն ու պատմությունը» վերտառությամբ գիտատեսական սեմինարը[1]։

2006 թ. ամբիոնի հիման վրա ստեղծվել է «Համաշխարհային պատմության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը և ամբիոնի հետ համատեղ կազմակերպվում են թե՛ հանրապետական և թե՛ միջազգային գիտաժողովներ՝ «Անհատը պատմության հոլովույթում 1, 2», «Լուսավորական դարաշրջանը Եվրոպայում» և այլն[1]։

Ամբիոնի աշխատակիցների ջանքերով հրատարակվում են արդի պատմագիտության և հումանիտար մտքի հիմնարար խնդիրներին նվիրված գիտական աշխատությունների ժողովածուներ` «Պատմություն և կրթություն 1-4», «Ինքնության հարցեր 1-2», «Պատմության հարցեր 1-2», «Անհատը պատմության հոլովույթում 1, 2»։ Ճանաչված գիտնականների կողքին դրանց իրենց մասն են բերում նաև ամբիոնի առավել հեռանկարային ուսանողները[1]։

Միջազգային կապեր և համագործակվություն։ Ամբիոնի դասախոսները հրավիրվում են դասախոսությունների Եվրոպայի և Ամերիկայի տարբեր համալսարաններ՝ Միչիգան, Բոստոն, Հարվարդ, Կրակով և այլն։ Բացի տեղական հաստատություններից` ամբիոնի անդամներն իրենց որակավորման բարձրացում անցկացրել են նաև Թեսալոնիկի, Բոստոնի, Մոսկվայի, Պետերբուրգի, Տոմսկի, Նովգորոդի համալսարաններում[1]։

Յուրաքանչյուր տարի բացի պլանային դասընթացներից, ամբիոնի մագիստրանտների և բակալավրատի ուսանողների համար արտասահմանյան գիտնականների մասնակցությամբ կազմակերպվում են դասախոսություններ։ Ամբիոնի դասախոսները ակտիվորեն մասնակցում են միջազգային գիտաժողվների և սեմինարների՝ Մոսկվա, Ս. Պետերբուրգ, Փարիզ, Վարշավա, Հռոմ, Քեմբրիջ, Օքսֆորդ, Բոստոն, Նեապոլ, Աթենք, Թեսալոնիկ, Թբիլիսի, Վիեննա, Անն Արբոր, Բոստոն, Օսլո, Բրաունշվիգ և այլն[1]։

Աշխատակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այժմ Համաշխարհային պատմության ամբիոնում աշխատում է 11 դասախոս։

1960 թվականից մինչև 2006 թվականը ամբիոնի գործավարն էր բազմահմուտ Լեյլի Մարությանը։ Այժմ այդ պարտականությունը կատարում է Լիլիթ Մկրտչյանը։

Համաշխարհային պատմության ամբիոնի կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պատմության ամբիոնի աշխատակիցներ են համարվում.

Համատեղողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամավճարի կարգով Համաշխարհային պատմության ամբիոնում աշխատել են`

Համաշխարհային պատմության ամբիոնի բակալավրիատում դասավանդվող առարկանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հին Արևելքի պատմություն
  • Հին Հունաստանի և Հռոմի պատմություն
  • Միջին դարերի պատմություն
  • Նոր դարերի պատմություն
  • Նորագույն դարերի պատմություն
  • Ասիայի և Աֆրիկայի երկրների պատմություն
  • Ընդհանուր պատմության աղբյուրագիտություն

Կամընտրական առարկաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պառլամենտարիզմի պատմություն
  • Հունաստանի պատմություն

Համաշխարհային պատմության ամբիոնի մագիստրատուրայում դասավանդվող առարկանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմական ժողովրդագրություն
  • Անտիկ քաղաք-պետությունը և դրա հիմնախնդիրները /պոլիս, ցիվիտաս/
  • Նոր և նորագույն պատմության պատմագրություն
  • Մեծ Բրիտանիան և Հայկական հարցը
  • Վերածնունդ և Ռեֆորմացիա
  • Միջազգային համակարգերը համաշխարհային պատմության համատեքստում /Հին արևելյան կայսրություն, հռոմեական կայսրություն, «Միջնադարյան հավասարակշռություն», Վերածնուննդ մինչև ՄԱԿ/
  • Կոնֆլիկտները և կոմպրոմիսները 1918-2000 թթ.
  • Իսլամական քաղաքակրթության հիմնահարցերը
  • Արտասահմանյան գրականության պատմություն
  • Անտիկ հասարակական մտքի պատմություն
  • Համաշխարհային պատմության տեսություն
  • Եվրոպական միության պատմություն. դարաշրջաններ, քաղաքակրթություններ, մշակույթներ
  • Ֆեոդալիզմի հիմնախնդիրները
  • Բալկանյան հիմնախնդիրը. Առաջացումը և ընթացքը /19-րդ դ. Վերջ-20-րդ դ./

Կամընտրական դասընթացներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աղբյուրագիտություն /հին և միջնադարյան/
  • Պատմական տեքստ և մեկնություն
  • Մերձավոր Արևելք. Արդիականություն և հիմնախնդիրներ
  • Անտիկ և հասարակական մտքի պատմություն
  • Համաշխարհային գործընթացները պատմության մեջ /հելլենիզմ, քրիստոնեություն, իսլամ, վերածնունդ, արդյունաբերական հասարակություն, հետարդյունաբերական հասարակություն/
  • ԱՄՆ-ի պատմություն

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալբերտ Ստեփանյան, մ.թ.ա. 8-6 դդ. Ատտիկան և Սոլոնի բարեփոխումները, Երևան, 1984, 32 էջ։
  • Степанян А. А., Развитие исторической мысли в древней Армении. Миф. Рационализм. Историописание., Е., Изд-во АН Армении, 1991, 251 с.
  • Ալբերտ Ստեփանյան, Պատմության կերպափոխությունները Մեծ Հայքում. Արտաշիսյան դարաշրջան, Գիրք Ա, Ե., Սարգիս Խաչենց & Փրինթինֆո, 2012, - 385 էջ։
  • Ալբերտ Ստեփանյան, Պատմության հետագիծը։ Գործք, գրույթ, իմաստ, Ե., Փրինթինֆո, 2014, - 496 էջ։
  • Գևորգ Քիլիմջյան, Թուրք-հունական հարաբերությունները 1908-1914 թվականներին, Երևան, ԵՊՀ, 206 էջ։
  • Սմբատ Հովհաննիսյան, Փյունիկյան ծովային քաղաքակրթությունը։ Դասախոսությունների նյութեր / Ս. Հովհաննիսյան։ ԵՊՀ։ Պատմության ֆակուլտետ.- Ե., ԵՊՀ հրատ., 2012 - 52 էջ։
  • Սմբատ Հովհաննիսյան, Պատմություն և հիշողություն. Ցեղասպանությունների աստիճանակարգման հիմնախնդիրն ըստ Պիեռ Նոռայի, Երևան, Անտարես, 2014 - 120 էջ։
  • Սմբատ Հովհաննիսյան, Գրամշիի Մարդկության շրջանակը և Հայաստանը / Ա. Մերջեան, Ս. Հովհաննիսյան, Ն. Մկրտչյան, ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոն, Խմբ.՝ Ա. Ա. Ստեփանյան – Եր., «Փրինթինֆո», 2016. – 156 էջ։
  • Վ.Ա.Դիլոյան, Գ. Հարությունյան, Միջին դարերի պատմություն (դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար ), Երևան, 2006, 158 էջ։
  • Գ. Հարությունյան, Պ.Հովհաննիսյան, Կ.Մաթևոսյան, Հայոց եկեղեցու պատմություն (դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար ), Երևան, 2003, 126 էջ։
  • Գ. Հարությունյան, Պ.Հովհաննիսյան, Ա.Նազարյան և ուրիշներ, Հայոց եկեղեցու պատմություն (դասագիրք հանրակրթական դպրոցի 10-րդ դասարանի համար ), Երևան, 2005, 151 էջ։
  • Բ. Հարությունկան, Վլ. Բարխութդարյան, Հ. Մարգարյան, Գ. Հարությունյան և ուրիշներ, Հայոց պատմություն, Միջին դարեր (դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար ), Երևան, 2008, 207 էջ։
  • Գ. Հարությունյան, Ա. Նազարյան, Համաշխարհային պատմություն, միջին դարեր (դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար ), Երևան, 2008, 191 էջ։
  • Ա. Մելքոնյան, Հ. Ավետիսյան, Գ. Հարությունյան, Ա. Մովսիսյան և ուրիշներ, Հայոց պատմություն, (դասագիրք Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի 10-րդ դասարանի համար ), Երևան, 2009, 239 էջ։
  • Ա. Քոսյան, Գ. Հարությունյան, Ե. Գրեկյան, պատմություն (դասագիրք հումանիտար հոսքի 10-րդ դասարանի համար ), Երևան, 2009, 223 էջ։
  • Ա. Քոսյան, Գ. Հարությունյան, Ե. Գրեկյան և ուրիշներ, Համաշխարհային պատմություն (դասագիրք ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքի 10-րդ դասարանի համար ), Երևան, 2009, 175 էջ։
  • Դավիթ Թինոյան, Կիլիկիայի հայոց թագավորությունը և ինքնիշխան կազմավորումները 1320-1424 թթ., Երևան, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստ., 2011 - 195 էջ։
  • Հին Հռոմ. Անցում հանրապետությունից Պրինցիպատի, «Կանթեղ (գիտական հոդվածների ժողովածու)», Երևան, 2005, թիվ 1, էջ 104-112։ - http://kantegh.asj-oa.am/630/1/104-112.pdf(չաշխատող հղում)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երևանի պետական համալսարանի 90-ամյա պատմության ֆակուլտետը, խմբ. Էդ. Գ. Մինասյան, Երևան, ԵՊՀ, 2009։
  • Երևանի պետական համալսարանի պատմության 90-ամյա ֆակուլտետը, Երևան, Բավիղ, 2009, 496 էջ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաշխարհային պատմության ամբիոնի աշխատակիցներ և համատեղողներ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 ԵՊՀ պաշտոնական կայք։ Պատմության ֆակուլտետ։ Համաշխարհային պատմության ամբիոն։ [1] Արխիվացված 2017-02-12 Wayback Machine

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]