Բավիղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բավիղ Անգլիայում

Բավիղ կամ լաբիրինթոս (հին հունարեն՝ λαβύρινθος), ինչ-որ կառուցվածք (սովորաբար երկչափ կամ եռաչափ տարածության մեջ), որ բաղկացած է ելք տանող խառնաշփոթ ճանապարհներից[1]։

Հին հույների և հռոմեացիների լաբիրինթոսները քիչ թե շատ ընդարձակ տարածություններ էին` բաղկացած բազմաթիվ սրահներից, խցերից, բակերից, անցումներից, որոնք տեղադրված էին բարդ, խճճված ձևով, որպեսզի շփոթեցնեն մարդուն և բարդացնեն նրա ելքը լաբիրինթոսից։

Կար կարծիք, որի համաձայն` եթե լաբիրինթոսն անցնես` դիպչելով լաբիրինթոսի պատի եզրերից միայն մեկին, ապա անպայման դուրս կգաս լաբիրինթոսից։ Այդ տեսակետը, սակայն, այդքան էլ ճիշտ չէ։

Բառի ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայերեն «լաբիրինթոս» բառը ծագում է հին հունարեն λαβύρινθος բառից, որն իր հերթին ծագում է այն նույն արմատից, ինչ λαύρα` «փողոց, նրբանցք, կիրճ» բառը։ Բառի ծագման մյուս տարբերակը «լաբրիս» (λάβρυς) բառն է, որ նշանակում է հատուկ արարողակարգի համար նախատեսված երկկողմ կացին, որ հնում օգտագործվել է Կրետե կղզում։ Հին Հունաստանում լաբիրինթոս էին անվանում նաև այն տեղը, որտեղ կախված էր լինում նման կացինը։ Ամեն դեպքում, Հին Հունստանում անտիկ շրջանում լաբիրինթոսն ասոցացվում էր Մինոտավրոսի լաբիրինթոսի հետ Կնոս կղում։

Բառի երկրորդ բաղադրիչը` ινθος, հավանաբար նշանակել է «ամրոց»։ Երկու բառերն էլ նախահունական ծագում ունեն[2]։

Լաբիրինթոսը Եգիպտոսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոդոտոսը, Դիոդորոս Սիկիլիացին, Ստրաբոնը և Պլինիոս Ավագը թողել են տհաճ արարածների քաղաքի` Կոկորդիլոպոլի եգիպտական լաբիրինթոսի նկարագրությունը։ Այն հսկայական քառանկյուն շինություն է եղել` բաղկացած երեք բաժնից, որ ընդգրկել է 200 մ երկարությամբ և 170 մ լայնությամբ տարածք։ Չորրորդ կողմը հպվել է բուրգին։

Այդ ներքին տարածության մեջ եղել են մի քանի բակեր` զարդարված սյուներով։ Կառույցը ներառել է բազմաթիվ սենյակներ ու միջանցքներ, որոնց մի մասը գտնվել է հողի մակերևույթից բարձր, մյուս մասը` գետնի տակ։ Հերոդոտոսի վկայությամբ այդ սրահների թիվը հասել է 3.000-ի։ Լաբիրինթոսն ընդհանուր առմամբ զբաղեցրել է 70.000 մ²։ Ֆայումում գտնվող լաբիրինթոսից, որը ամենայն հավանակությամբ եղել է հռոմեական աստվածների պանթեոն, մեր ժամանակներ են հասել մի քանի հատվածներ միայն, որոնցից նույնիսկ տպավորություն չի կարելի կազմել եղած լաբիրինթոսի մասին։ 1843 թվականին ճարտարապետ Էրբկամի ղեկավարությամբ գիտարշավը ուսումնասիրել է տեղանքը, որի արդյունքները հետագայում հրապարակվել են գերմանացի հնագետ Կառլ Ռիխարդ Լեփսիուսի աշխատանքում («Denkmaler aus Aegypten und Aethiopien», Բեռլին, 1849)։

Միջանցքների, բակերի, սենյակների, սյունաշարերի բարդ համակարգը այնքան խճճված էր, որ առանց ուղեկցողի կողմնակի մարդը երբեք չէր կարող գտնել ելքը։ Լաբիրինթոսի մեծ մասն ընկղմված է եղել խավարի մեջ, իսկ երբ բացել են որոշ դռներ, ապա նրանք արձակել են սարսափելի ճռնչոց` նման ամպրոպի։ Եգիպտական քաղաքակրթության անկման շրջանում կարմիր գրանիտից սյուները և հսկայական քարերը քանդվել և օգտագործվել են այլ շինությունների կառուցման համար։

Պատմաբանների կարծիքով լաբիրինթոսը եղել է կենտրոն, որտեղից փարավոնները ղեկավարել են երկիրը։ Հիմնականում այն ունեցել է հոգևոր նշանակություն։ Այն եղել է տաճարային համալիր, որտեղ զոհաբերություններ են կատարվել եգիպտական բոլոր աստվածների համար։ Այցելուներին թույլ չի տրվել դիտել լաբիրինթոսի նկուղները, որտեղ եղել են արքաների, ինչպես նաև սրբազան կոկորդիլոսների դամբարանները։

Լաբիրինթոսի կապը դիցաբանության հետ ավելի նկատելի է, երբ ծանոթանում ես եգիպտական Օսիրիս աստծուն նվիրված ծիսական արարողակարգին։ Օսիրիսը եղել է հանդերձյալ աշխարհի աստվածը։ Ամեն տարի Օսիրիսի մահը խաղարկվել է եգիպտական դիցաբանությունում։ Բարձրաձայն ողբի ուղեկցությամբ ընթացել է սրբազան Ալիս ցուլի զոհաբերությունը։ Այդ ողբը ուրախ բացականչությունների է վերածվել, երբ հայտնել են Օսիրիսի վերածննդի մասին։ Դրա հետ հին եգիպտացիները կապել են կյանքի նկատմամբ ունեցած իրենց հույսերը` հավատալով, որ ամեն մարդ մահից հետո նմանվում է Օսիրիսին։ Կարծում էին, որ այս և մյուս կյանքում իր խճճված համակարգով լաբիրինթոսը պահպանում էր արքա-աստծուն թշնամիներից և նույնիսկ մահից։

Ֆայումի լաբիրինթոսը մեծ ճանաչում է ձեռք բերել 1896 թվականին, երբ լույս է տեսել Բոլեսլավ Պրուսի «Փարավոն» գիրքը, որը 1966 թվականին էկրանավորվել է ռեժիսոր Եժի Կավալերովիչի կողմից։ Լեհ գրողի գրքում Սեթ աստծո քուրմ գիտնական Սամոնտը, օգտվելով հստակ կոդավորված գաղտնագրից, մտնում է լաբիրինթոս, սակայն այնտեղ հայտնաբերվելով պահակների կողմից` թույն է խմում։

Հունական լաբիրինթոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմեական խճանկար, կենտրոնում` Թեսևսի և Մինոտավրոսի պայքարը

Անտիկ աշխարհի հայտնի երկրորդ լաբիրինթոսը գտնվել է հունական Կնոս քաղաքում` Կրետե կղզու հյուսիսային ափին։ Նր կառուցումը վերագրվել է լեգենդար Դեդալոսին, ով արքա Մինոսի հրամանով Մինոտավրոս հրեշին պահելու նպատակով կառուցում է լաբիրինթոսը։ Անտեղ, լեգենդի համաձայն, իր սխրագործություններից մեկն է կատարել Թեսևսը` սպանելով հրեշին և աթենացիներին ազատելով անպատվաբեր հարկատվությունից։ Նա դուրս է եկել լաբիրինթոսից ոսկյա թելի շնորհիվ, որ պատանին արձակելով տանում էր մուտքի մոտից։ Թելը նրան տվել էր Մինոս արքայի դուստրը` Արիադնան։

Չնայած Կնոսում պալատի գտնվելու վայրը բացահայտված չէ, սակայն վկայությունների համաձայն` այն նման է եղել եգիպտական օրինակին, միայն թե չափերով զգալիորեն զիջել է նրան։ Պլինիոսը նշել է, որ Կրետեի բնակիչները լաբիրինթոսը կառուցել են եգիպտականի հարյուրերորդ մասի մեծությամբ միայն։

Տարբերակներից մեկի համաձայն` լաբիրինթոսը սկզբնական շրջանում նշանակել է երկսայր սակր, որ խորհրդանշում է սրբազան ցլի երկու եղջյուրները։ Մայքլ Էրթոնը, ով առաջարկել է հունական լաբիրինթոսի իր մոդելը, գրել է. «Ամեն մարդու կյանքը լաբիրինթոս է, որի կենտրոնում մահն է, և հնարավոր է, որ մահից հետո` գոյատևելուց վերջնականապես դադարելուց հետո, մարդն անցնում է իր վերջին լաբիրինթոսը»։

Թեսևսի դուրս գալը լաբիրինթոսից խորհրդանշում է նրա երկրորդ ծնունդը` մահից ազատումը։

Երրորդ լաբիրինթոսը, որ հայտնի է եղել, հնում, գտնվել է Սամոս կամ Լեմնոս կղզում։ Նրանից ոչինչ չի պահպանվել։

Հռոմեական լաբիրինթոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չորրորդ լաբիրինթոսը` Պորսենա արքայի դամբարանը, գտնվել է Իտալիայում։ Այն 250 մ շրջակայքով դամբարանաբլուր է, դամբարանային սրահների ամբողջական համակարգ` մեկից մյուսն անցնելու հնարավորությամբ։ Պլինիոս Ավագը հիշատակում է էտրուսկյան շքեղ դամբարանի մասին, որի մասին հիշատակել էր նաև Վարոնը, և որն իբր ունեցել է ստորգետնյա լաբիրինթոս։ Պոմպեյ քաղաքում, որը խորտակվել է մ. թ.ա. 79 թվականին Վեզուվ հրաբուխի ժայթքումից, եղել է նվազագույնը երկու դեկորատիվ լաբիրինթոս։ Նրանցից մեկը` «Լաբիրինթոսով տունը», հայտնի է իր յուրօրինակ խճանակարային հատակով, որի վրա պատկերված է Թեսևսի մարտը Մինոտավրոսի հետ։ Գրող Մարսել Բրիոնը հաստատում է, որ «այն մարդկային դժվար կյանքի այլաբանությունն է. մարդը պետք է հաղթահարի բազում դժվարություններ այս և այն աշխարհներում, մինչև կհասնի անմահության օրհնյալ վիճակին»։ Հայտնի է նաև, որ Հռոմեական կայսրությունում երեխաները խաղում էին դաշտերում կամ կամուրջների տակ ձևավորած լաբիրինթոսներում։

Այլ երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի Մայսուր քաղաքի Հալեբիդ տաճարի քիվին կարելի է տեսնել լաբիրինթոսի պատկեր։ 13-րդ դարի կառույցը պատկերում է «Մահաբհարաթա» էպոսից մի դրվագ։ Չինացիները հավատում էին, որ չար ուժերը կարողանում են միայն ուղիղ թռչել, այդ պատճառով նրանք մուտքերը պատրաստում էին լաբիրինթոսի ձևով, որպեսզի պահպանեն բնակավայրը չար ուժերից։ Սկանդինավիայում` Բալթիկ ծովի ափին, գտնվել է ավելի քան 600 քարե լաբիրինթոս։ Կա կարծիք, համաձայն որի` նրանցից շատերը կառուցել են տեղացի ձկնորսները, ովքեր հավատում էին, որ անցնելով դրանց միջով` իրենց հաջող որս և երջանիկ վերադարձ է սպասում։ Սենտ Ագնես փոքրիկ կղզու` Կոռնուոլի հարավարևմտյան ափին, կա լաբիրինթոս, որը եղած գծագրերի հիման վրա 1726 թվականին վերականգնվել է։

Լաբիրինթոսը քրիստոնեության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաբիրինթոս Շարտրի տաճարի հատակին

Քրիստոնեական երկրների կրոնական շինությունների լաբիրինթոսներից ամենափոքրը կարելի է համարել 15-րդ դարի փայտե կլորավուն զարդարանքը, որը գտնվում է Բրիստոլում` Սենտ Մերի Ռեդկլիֆ եկեղեցու գմբեթի տակ, և ունի ընդամենը 20 սմ տրամագիծ։ Իսկ ամենահայտնի լաբիրինթոսը գտնվում է ֆրանսիական Շարտրի տաճարի հատակին։ Այն ստեղծվել է 1235 թվականին սպիտակ և կապույտ քարերից։ Լաբիրինթոսն ունի 10 մ տրամագիծ։

Հատակին մեծ լաբիրինթոսների պատկերումը տարածված է եղել Ֆրանսիայի և Իտալիայի միջնադարյան տաճաներում։ Ռեյմսի տաճարի լաբիրինթոսը ոչնչացել է 200 տարի առաջ, իսկ Միրպուայի տաճարում լաբիրինթոսի կենտրոնում պատկերված է Մինոտավրոսը։ Կրոնական հայտնի շինություններում լաբիրինթոսների կիրառման մասին մի մասնագետ գրում է. «Քրիստոնեական միջնադարյան եկեղեցին լաբիրինթոսի ձևը վերցրել է հեթանոսությունից` այն հարմարեցնելով իր պահանջմունքներին, նրան հաղորդելով քրիստոնեական իմաստ»։ Ամենայն հավանականությամբ լաբիրինթոսները քրիստոնեական աշխարհում կիրառվել են այն նպատակով, որպեսզի քրիստոնյայի կյանքը ներկայացվի դիցաբանական տեսանկյունից։ Եկեղեցական լաբիրինթոսները օգտագործվել են խաչակիրների կողմից Երուսաղեմ կատարված արշավանքների ժամանակ։ Լաբիրինթոսի կենտրոն հասնել նշանակել է հասնել Երուսաղեմ` արժանանալով փրկության։ Որոշ հավատացյալների համար լաբիրինթոսը դեպի ապաշխարանք տանող ճանապարհն է. որպեսզի ստանա մեղքերի թողություն, մարդը պետք է ծնկաչոք անցնի այդ ճանապարհով։ Ծիսական անցումը այդ ճանապարհով համարժեք է եղել դեպի սուրբ երկիր կատարած ուղևորության։

Այգի-լաբիրինթոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կենդանի» լաբիրինթոս

XIII-XIX դարերում լաբիրինթոս են կոչվել հատուկ եղանակով ձևավորված այգիները` կազմված քիչ թե շատ բարձր թփերից կամ բույսերով ծածկված հատուկ հենարաններից։ Դրանք դասավորված են եղել այնպես, որ առաջացել են ճանապարհներ` դեպի կենտրոն տանող։

Կենիներով ձևավորված լաբիրինթոս Շենոնսո դղյակի առաջ

Այգի-լաբիրինթոսները լայն տարածում են գտել Անգլիայում։ Հետագայում դրանցից շատերն օգտագործվել են որպես զվարճանքի միջոց, բայց քանի որ նմանվել են եկեղեցական լաբիրինթոսներին, շատ մարդիկ դրան տվել են կրոնական նշանակություն։ Այդպիսի ամենամեծ լաբիրինթոսը որոշ մասնագետների կարծիքով գտնվել է Անգլիայի Էսսեքս կոմսության Սաֆրոն Ուոլդեն քաղաքում։ Անսովորն այնտեղ այն է, որ այն ունի 4 մեծ ելուստներ։ Նրա ճանապարհների երկարությունը կազմում է 2 կմ։

Հեմփթոն Քորթի լաբիրինթոսը հայտնի է Ջերոմ Կ. Ջերոմի «Երեքը մի նավակում` չհաշված շունը» ստեղծագործությունից։

Նկարված լաբիրինթոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս մաթեմատիկոս Յակով Պերելմանը իր «Լաբիրինթոսներ» գրքում, բացի այգի-լաբիրինթոսներից, առանձնացնում է նկարված լաբիրինթոսներ, որոնք երբևէ որևէ տեղ չեն կառուցվել և գոյություն են ունեցել միայն սխեմատիկ ձևով[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lappa Valley Steam Railway – Trevithick Brick Path Maze, Lappa Valley Steam Railway, retrieved 13 June 2010
  2. Hermann Kern (2000). Through the labyrinth: designs and meanings over 5000 years. Prestel. p. 23. ISBN 978-3-7913-2144-8. Retrieved 18 June 2011
  3. Mazes, Vladimir Koziakin (Grosset & Dunlap, 1971) ISBN 0-448-01836-5

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]