Սեթ (դիցաբանություն)
Սեթ (Սեթխ, Սութեխ, Սութա), Հին Եգիպտական դիցաբանությունում մրրիկների, քաոսի, պատերազմի և մահվան աստվածն է։ Սկզբնական շրջանում համարվել է «Ռա աստծո պահապանը», նրա անունը առկա էր շատ փարավոնների անուններում և տիտղոսներում։ Սեթը կարմիր աչքերով պատերազմի աստված էր, միակը, ով կարող էր հաղթել Ապոպ օձին, որը ուզում էր սպանել Ռային գետնի տակ հոսող Սև Նեղոսի ջրերում։ Սակայն հետո ստացավ հրեշային պատկեր, դարձավ անտագոնիստ նրա և Գոռ աստծո միջև ընթացող պայքարի մեջ, սատանայացվեց։ Գոռը և Սեթը կարող են նաև միաձուլվել ու դառնալ միացյալ երկգլխանի մի աստվածություն՝ Խեռուիֆի։ Նա նաև հովանավորում էր հեռավոր երկրները։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եգիպտոսի հին տերության ժամանակաշրջանում Սեթը և Գոռը հավասարապես համարվում էին թագավորական իշխանության հովանավորները, ինչը երևում է «բուրգերի գրությունները» աշխատություննում և փարավոնների տասնմեկերորդ դինաստիայի տիտղոսներում (Սեթի և գոռի անունների համադրությունը նշանակում է արքա)։ Գիկսոսների ժամանակ նա նույնեցվում է նրանց Վաալի հետ և նրա՝ որպես գլխավոր աստծո պաշտամունքի վայր դարձավ Եգիպտոսի մայրաքաղաք Ավարիսը։ Նոր տերության ժամանակաշրջանում Սեթ անունը դեռ բավականին հաճախ էր հանդիպում։ Այդ անունն էին կրում տասնիններորդ դինաստիայի փարավոնները։ Ռամզես II և խեթերի պայմանագրում Սեթը նշվում ուրիշ խեթական աստվածների հետ միասին։ Կենդանու պատկերով իրերը, որոնք խորհրդանշում էին Սեթին, առաջին անգամ հայտնվեցին Նակադ Առաջինի ժամանակաշրջանում։
Սեթի հայրենիքը Օմբոսն էր։ Այդ ժամանակ Սեթը մետաղների աստվածն էր։ Մինչ Նամեր արքայի կողմից Եգիպտոսը միավորելը պայքար էր գնում Սեթի և Գոռի կողմնակիցների միջև։ Այդ պայքարում հաղթեց Գոռը։ Դրանից հետո, եթե Սեթը և Գոռը պատկերվում են միասին, ապա Գոռը միշտ առաջ է կանգնած լինում Սեթից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սեթ (դիցաբանություն)» հոդվածին։ |
|