Դամբարանաբլուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դամբանաբլուր
Sveshtari Thracian tomb Bulgaria IFB.JPG

Դամբարանաբլուր, հողե կամ քարե արհեստական բլուր դամբարանի վրա։

Հայտնի են տակավին մ․թ․ա․ 4—3-րդ հազարամյակներից (Կասպիական-սևծովյան տափաստաններում, Անդրկովկասում և այլուր)։ Լինում են կլոր, երբեմն՝ ձվաձև կամ քառանկյուն հիմքևրով։ Փոքր դամբարանաբլուրներն ունենում են 0,3—0,6 մ բարձրություն և 3—20 մ տրամագիծ, մեծերը համապատասխանաբար՝ 20 մ և 100 մ։ 4—5-րդ թվականներին Արևմտյան Դվինայի, Վոլգայի ու Դնեպրի վերին ավազաններում և այլ վայրերում շինվել են երկար դամբարանաբլուրներ (երկարությունը՝ 15—80 մ, լայնությունը՝ 7—15 մ, բարձրությունը՝ 0,8—1,5 մ), ուր սովորաբար թաղել են 2—10, երբեմն՝ մինչև 20 հանգուցյալի։

Դամբարանաբլուրներում հանդիպում են քարե, փայտե, կավածեփ կամ աղյուսե պատերով տարբեր տիպի կառույցներ։ Նաև հանգուցյալի հետ հաճախ դրվել են ամաններ, սնունդ, զենքեր, զարդեր, գործիքներ, այլ առարկաներ։ Հարուստների հետ երբեմն թաղել են նրանց կանանց, ստրուկներին, ձիերին։ Բացի հիմնական թաղումներից, նույն տեղում ավելի ուշ կատարվել են նոր թաղումներ։ Դամբարանաբլուրները սովորաբար լինում են առանձին, երբեմն՝ նաև հոծ խմբերով՝ ընդգրկելով նույնիսկ մինչև 3000 թումբ (օրինակ, Գնեզդովյան դամբարանաբլուրները Սմոլենսկի մոտ)։

Դամբարանաբլուրներ Հայաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի տարածքում կան բազմաթիվ դամբարանաբլուրներ (Լճաշեն, Վանաձոր և այլն), որտեղ հայտնաբերված նյութերը կարևոր նշանակություն ունեն Հայկական լեռնաշխարհի բրոնզի և երկաթի դարերի մշակույթն ուսումնասիրելու համար։ Դրանք մեծ մասամբ քարակույտով ծածկված տարբեր բարձրության, 3—100 մ տրամագծով հողաթմբեր են, որտեղ հանդիպում են առանձին, խմբակային, մեկկարասյան, երկկարասյան թաղումներ։

Ե․ Լալայանը Կամոյի շրջանի Բատիկյան գյուղի մոտ պեղել է 4 մ բարձրությամբ և 30 մ երկարությամբ դամբարանաբլուր։ Նույն շրջանի Հացառատ գյուղում նրա հայտնաբերած դամբարանաբլուրում եղել է 19 մարդու կմախք, Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղի դամբարանաբլուրներից մեկում հայտնաբերվել է կառքի վրա մի կմախք, շուրջը՝ 14 այլ մարդկանց, ինչպես և եզների 4 կմախքներ, վարազի գանգ, խեցեղեն, զարդեր։ Ենթադրվում է, որ այս վայրերում եղել է հանգուցյալի հետ կանանց, ստրուկների և կենդանիների թաղելու սովորությունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 273 CC-BY-SA-icon-80x15.png