Արաբական ցեղերի տեղաշարժերը միջին դարերում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբական նվաճումները 7-8-րդ դարերում․      Մոհամեդ մարգարեի շրջանում, 622-632 թթ․      Հայրիշխանական խալիֆայության շրջանում, 632-661 թթ․      Ումմայադ խալիֆայության շրջանում, 661-750 թթ․

Արաբները պատկանում են սեմական ժողովուրդների շարքին և բնակվում են Արաբական թերակղզում։ Արաբիայի վրայով անցնող ճանապարհները Հնդկաստանը և Հաբեշստանը կապել են հնագույն մշակութային օջախներ Միջագետքի, Սիրիայի (Ասորիք), Փոքր Ասիայի և Եգիպտոսի հետ։ Թերակղզու բնակչության միայն աննշան մասն է վարել նստակյաց կյանք և զբաղվել երկրագործությամբ։ Նրանց մեծ մասը եղել է քոչվոր և զբաղվել անասնապահությամբ՝ պահելով ոչխարներ, ուղտեր և ձիեր։ Ջրհորների, աղբյուրների և օազիսների գրավման համար ցեղերի միջև մղվող ընդհարումները սովորական երևույթ էին։

Արաբական թերակղզին միջին դարերում[խմբագրել]

Թերակղզու ամենազարգացած մարզը հարավ-արևմուտքում գտնվող Եմենն էր, որ նշանակում էր աջ կամ «երջանիկ Արաբիա»։ Սա շատ արգավանդ երկրամաս էր և այստեղի բնակիչները զբաղվում էին առևտրով. պատահական չէ, որ Արևմտյան Արաբիայով ձգվող քարավանային ճանապարհը հնուց հայտնի էր «օծանելիքի ճանապարհ» անունով։ Կարևոր մարզերից էր նաև Հիջազը (Հիջասը)։ Ամենամեծ մարզը Նեջդն էր, որն ընդգրկում էր թերակղզու կենտրոնական մասը։ Նեջդում բնակվում էին քոչվոր բեդուինների բազմաթիվ ցեղեր (բեդուին կամ բեդվին նշանակում է տափաստանցի), որոնք առանձին ջրհորների շուրջը առաջացած օազիսներում զբաղվում էին անասնապահությամբ։ Բեդուինների համար անչափ կարևոր էր ուղտը, որը բեդուինի համար անփոխարինելի փոխադրամիջոց լինելուց բացի նրան տալիս էր կաթ, միս, բուրդ, կաշի՝ ոտնամանի և վրանի համար։ Բեդուինները խոտի և մաքուր ջրի առկայության դեպքում բազմացնում էին զտարյուն ձիերի թանկարժեք ցեղատեսակներ։ Նեջդում առանձնապես տարածված էր փյունիկյան արմավենու մշակությունը։

Արաբական ցեղերի կենցաղն ու սովորույթները[խմբագրել]

Արաբները նվաճումների ժամանակ, բնակություն հաստատելով Միջերկրածովյան ավազանի երկրներում, ամենուրեք տարածեցին նաև փյունիկյան արմավենու մշակությունը։ Արաբական ցեղի գլուխ կանգնած էր շեյխը։ Ճիշտ է, արաբների մոտ հայրիշխանություն էր, սակայն մայրիշխանությունը լիովին չէր վերացել և կինը նրանց մոտ բարձր դիրք ուներ։

Արաբների մոտ պահպանվում էր «արյան վրեժխնդրությունը»։ Ավելի ունևոր տոհմակիցները պետք է պաշտպանեին տնտեսապես թույլ իրենց ազգակիցներին։ Յուրաքանչյուր ցեղ ուներ պաշտամունքի իր առարկան, նրանք երկրպագում էին բնության ուժերին։ Արաբներն իրենց ծագումը կապում էին Իսմայելի հետ։

Ժողովրդագրական վիճակը վաղ միջնադարում[խմբագրել]

6-րդ դարի վերջին, 7-րդ դարի սկզբին Արաբիայում առաջանում է խորը տնտեսական և սոցիալական ճգնաժամ։ Աճում է բնակչությունը և զգացվում է հողի սուր պակաս։ Այդ ժամանակ ծագում է իսլամը։ Իսլամի առաջացումը շրջադարձային եղավ արաբների համար։ Այն ահռելի փոփոխություններ բերեց արաբների կյանքում։ Իսլամը ծագեց 7-րդ դարում և նրա հիմնադիրն էր Մուհամեդը։ Վերջինիս հաջողվեց համախմբել արաբներին մեկ գաղափարի շուրջ և միավորել նրանց։ Մուհամեդի մահից հետո արաբների մոտ մեծ տարածում գտավ սրբազան պատերազմի գաղափարը։ Իսլամի առաջացումով սկսվում են նաև արաբական արշավանքները և դրանց արդյունքում էլ ստեղծվեց խալիֆայությունը։

Արաբական էքսպանսիայի նախադրյալները[խմբագրել]

Մուհամեդի և Ռաշիդունի նվաճումները

Արաբական էքսպանսիայի տարածման համար առկա քաղաքական պայմանները միանգամայն նպաստավոր էին։ Խիստ թուլացել էին դարաշրջանի երկու մեծ տերությունները՝ Բյուզանդական կայսրությունը և Սասանյան Իրանը։ Սրանց տիրապետության ներքո էին գտնվում Մերձավոր և Միջին Արևելքի գրեթե բոլոր երկրները, հետևաբար բախումն Արաբական խալիֆայության և այդ երկրների միջև անխուսափելի էր։

Առաջին արշավանքները[խմբագրել]

Բյուզանդիայի և Իրանի վրա արաբական առաջին արշավանքները հավանաբար սկսվում են դեռևս Մուհամմեդի օրոք, սակայն իրական նվաճումները տեղի են ունենում նրա հաջորդների օրոք, որոնք խալիֆ էին կոչվում։ 633 թ. արաբները սկսեցին բյուզանդական տիրապետության ներքո գտնվող Պաղեստինի, Սիրիայի և Լիբանանի նվաճումը և այստեղ բյուզանդական զորամասերը պարտություն կրեցին։

Դամասկոսի գրավումը[խմբագրել]

Շարունակելով իրենց առաջխաղացումը դեպի երկրի խորքը՝ արաբները մոտեցան Դամասկոսին։ Արաբները ծանոթ չէին ամրացված և պարսպապատված քաղաքների գրավման ռազմական արվեստին։ Հենց այդ պատճառով էլ Դամասկոսի պաշարումը տևեց ավելի քան վեց ամիս և գրավվեց շնորհիվ խոստման, որ վնաս չեն պատճառի ոչ քաղաքին, ոչ նրա բնակչությանը, ինչն էլ նրանք արեցին։

Յարմուք գետի ճակատամարտը և հետագա նվաճումները[խմբագրել]

Արաբները գրավված տարածքների բնակչությունից հարկում էին ջիզիա՝ գլխահարկ։ Դամասկոսի անկումը սթափեցրեց բյուզանդացիներին, նրանք հասկացան, որ այլևս հարցականի տակ է դրված նրանց տիրապետությունը Սիրիայում։ Արդյունքում, 636 թ. տեղի ունեցավ ճակատամարտ արաբական և բյուզանդական զորքերի միջև, որն ավարտվեց արաբների հաղթանակով։ Այս հաղթանակից հետո արաբները գրավեցին Սիրիայի այլ տարածքներ, իսկ 638թ. գրավեցին Անտիոքը, Հալեբը և Հոմսը։ Նրանց տիրապետության տակ անցավ Երուսաղեմը, իսկ 640 թ. ընկավ նաև Պաղեստինի Կեսարիա բնակավայրը։

Այսպիսով, արաբները գրավեցին ամբողջ Սիրիան, Պաղեստինը և Լիբանանը։

Կադիսայի ճակատամարտը՝ Ֆիրդուսու Շահնամեի էպոսի ձեռագրում

Արաբա-պարսկական առճակատումները[խմբագրել]

Կադիսայի ճակատամարտը[խմբագրել]

Արաբները մարտնչում էին երկու ճակատով՝ ընդդեմ Բյուզանդիայի և ընդդեմ Պարսկաստանի։ 633 թ. արաբները ռազմական գործողություններ սկսեցին Սասանյան Պարսկաստանի դեմ, որի տիրապետության տակ էր գտնվում Միջագետքը։ Նրանք սկզբում ներխուժեցին հարավային Իրաք և գրավեցի Հիրան։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 637 թ. Կադիսիայի մոտ, որտեղ արաբները հաղթանակ տարան։ Արաբները շուտով գրավեցին Տիզբոնը և ավերեցին այն։

Նիհավանդի ճակատամարտը[խմբագրել]

Հետապնդելով պարսից արքային՝ արաբները մտան հարավային Խուզիստան նահանգը, այնուհետև, հաղթահարելով Զագրոսյան լեռները, հայտնվեցին Նիհավանդի մոտ։ 640 թ. այստեղ տեղի ունեցավ երկրորդ ճակատամարտը, որը կանխորոշեց Պարսկաստանի հետագա ճակատագիրը։ Այստեղ պարսիկները կրկին պարտություն կրեցին։ Մինչև 651 թ. արաբները գրավեցին ամբողջ Սասանյան Պարսկաստանը և մինչև Ամու Դարյա ընկած տարածքները, որոնք մտան Արաբական խալիֆայության մեջ։

Հարավային արշավանքներ[խմբագրել]

Արաբների համար չափազանց կարևոր էր նաև Եգիպտոսի գրավումը, որը գտնվում էր Բյուզանդիայի տիրապետության ներքո։ Սա իրականացվեց 640-ական թվականներին։ Մեծ ձեռքբերում էր հատկապես Նեղոսից ոչ հեռու գտնվող Բաբելոն ամրոցի գրավումը։ Շուտով Եգիպտոսի կառավարիչ Կյուրոսը բանակցություններ սկսեց արաբների հետ, որի արդյունքում կնքվեց պայմանագիր։ Պայմանագրով Եգիպտոսը հպատակվում էր Արաբական խալիֆայությանը և պարտավորվում վճարել ջիզիա և բնահարկ։ Այդ պայմանագրի համաձայն 642 թ. արաբները մտան Ալեքսանդրիա քաղաք։

Շարունակելով իրենց նվաճումները Հյուսիսային Աֆրիկայում՝ արաբները 642-643 թթ. իրագործեցին մի շարք արշավանքներ և մտան Բարկա և Տրիպոլիտանիա։ Տեղական բերբերական ցեղերը, չկարողանալով դիմադրել, հարկադրված էին ենթարկվել նվաճողներին։ Հյուսիսային Աֆրիկայի բնակիչները, որոնք հիմնականում խոսում էին սեմիտա-խամիտական լեզվով, համեմատաբար արագ էին արաբականացվում՝ յուրացնելով նվաճողների լեզուն, կրոնը և մշակութային մի շարք տարրեր։ Հաճախակի տեղի էր ունեում նաև հակառակ գործընթացը։

Հյուսիսային նվաճումներ[խմբագրել]

648 թ. արաբների տիրապետության տակ անցավ Կիպրոսը։ 640 թ. արաբներն իրագործեցին իրենց առաջին արշավանքը Անդրկովկաս, Հայաստան և Վրաստան։ 650-ական թթ. ավարտվեց արաբական նվաճումների առաջին փուլը, որին հաջորդեց ժամանակավոր դադար։ Վերջինը պայմանավորված էր խալիֆայության ներսում տեղ գտած երկպառակություններով, իշխանության համար պայքարով և ապստամբություններով։ Պատմական շատ կարճ ժամանակամիջոցում արաբները դուրս գալով Արաբական թերակղզուց, ռազմաքաղաքական հաղթանակներ տարան երկու հզոր պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի դեմ։

Արշավանքների երկրորդ փուլը[խմբագրել]

Կոնստանդնուպոլիսի պաշարումները[խմբագրել]

Շուտով արաբական արշավանքները վերսկսում են և նրանք կրկին շարժվում են արևմտյան ուղղությամբ, որը ներառում էր Բյուզանդիան, Հյուսիսային Աֆրիկան, իսկ ապա նաև Արևմտյան Եվրոպան։ Արաբները Բյուզանդիայի դեմ պայքարում մտցրեցին ռազմավարական փոփոխություն՝ ստեղծելով ռազմական նավատորմ։ Կոստանդնուպոլիսը գրավելու առաջին փորձը ձախողվում է։ 672 թ. նրանց հաջողվում է պաշարել քաղաքը, ինչը տևում է յոթ տարուց ավելի։ Սակայն, արաբներին այդպես էլ չհաջողվեց գրավել այն, որի գլխավոր պատճառներից էր արաբների դեմ կիրառվող «հունական կրակը»։ Այս ամենից հետո խալիֆա Մուավիան հարկադրված էր 30 տարի ժամկետով հաշտություն կնքել Կոնստանտին կայսրի հետ։

Մոտ քառասունամյա ընդմիջումից հետո՝ 716թ. արաբները կրկին պաշարեցին Կոստանդնուպոլիսը, սակայն կրկին անհաջողության մատնվեցին։

Տարածքներ ընդլայում Աֆրիկայում[խմբագրել]

Կայրուանի մեծ մզկիթը (Թունիսիա), հիմադրել է արաբ զորավար Ուկբա իբն-Նավին 670 թ․

Արևմտյան ուղղությամբ արաբները մեծ հաջողություն ունեցան Հյուսիսային Աֆրիկայում, որը Բյուզանդական կայսրության նահանգներից էր։ Արաբները Աֆրիկայի յուրացումը սկասեցին 7-րդ դ. 60-ական թթ. վերջերից։ Այդ ժամանակ «Աֆրիկա», իսկ արաբերեն հնչյուաբանությամբ «Իֆրիկիյա» ասելով դեռևս հասկանում էին Թունիսը։ Այստեղ արաբները գրավեցին մեծ տարածքներ և 670 թ. հիմնեցին Կայրուան քաղաքը։

Արդեն 683 թ. արաբները հասան Մավրիտանիա։ Այստեղ արաբներին առավել ուժեղ դիմադրություն էին ցույց տալիս բերբերները։ Արաբների առաջխաղացումը կասեցնելու նպատակով նրանք հաճախ ոչնչացնում էին ցանքատարածությունները, այգիները, ավազներով լցնում և փակում ջրհորները և այլն։ Չնայած համառ դիմադրությանը, արաբները շարունակում էին իրենց հաղթարշավը։ 698 թ. արաբները գրավում են Կարթագենը, որը համարվում էր բյուզանդական Աֆրիկա նահանգի մայրաքաղաքը։ 8-րդ դ. սկզբին արաբների տիրապետության տակ հայտնվեց ամբողջ Հյուսիսային Աֆրիկան՝ Եգիպտոսից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Այս տարածքը արաբները կոչեցին «Մաղրիբ», այսինքն Արևմտյան կողմ կամ երկրներ, ի տարբերություն <Մաշրիկի>՝ արևելյան երկրների։

Եվրոպական արշավանքներ[խմբագրել]

Իսպանիա[խմբագրել]

Շարունակելով իրենց հաղթարշավը արևմտյան ուղղությամբ՝ արաբական զորքերը Թարիքի գլխավորությամբ, որը իսլամ ընդունած բերբեր էր, 710թ. անցան Իսպանիան Հյուսիսային Աֆրիկայից բաժանող նեղուցը և ներխուժեցին Պիրենեյան թերակղզի։ Սա հետախուզական բնույթ էր կրում։ Իսպանիայի նվաճումը սկսվեց 711թ., երբ արաբական 12 հազարանոց բանակը Թարիքի գլխավորությամբ մտավ Իսպանիա։ Հարավային այդ շրջանը կոչվեց Գիբրալտար (արաբերեն կլինի «Ջաբալ աթ-Թարիիք»՝ «Թարիքի լեռ»)։

711թ. Բարբաթ գետի մոտ տեղի ունեցած ճակատամարտը ավարտվեց արաբների հաղթանակով, ինչը վճռական նշանակություն ունեցավ ամբողջ Իսպանիան գրավելու համար։ Արաբները գրավեցին Կորդովան, Տոլեդոն, Սիցիլիան և այլ քաղաքներ։ Իսպանական շատ քաղաքներ և բնակավայրեր իրենք էին անցնում արաբների կողմը և օգնում նրանց, որպեսզի ազատագրվեին վեստգոթերի տիրապետությունից։ 718թ. ավարտվեց գրեթե ողջ Իսպանիայի նվաճումը, որն արաբները կոչեցին Անդալուս։

Մայրցամաքային Եվրոպա[խմբագրել]

Պուատեի ճակատամարտը 732 թ․՝ ֆրանկների և արաբաների միջև

Իսպանիայի նվաճումը նոր հնարավորություններ ստեղծեց արաբների համար մայրցամաքային Եվրոպա ներխուժելու համար։ Նրանք սկսեցին Իսպանիայի սահմանակից Գալլիայից՝ Ֆրանկների թագավորությունից։ 720թ. ներխուժելով Գալլիա՝ արաբները մտան Սեպտիմանիա շրջանը և գրավեցին Նարբոննա քաղաքը, այնուհետև Բորդոն։ Սակայն շուտով նրանք հանդիպեցին ֆրանկների լուրջ դիմադրությանը։ 732թ. տեղի ունեցավ Պուատիեյի ճակատամարտը, որում արաբները պարտություն կրեցին։ Դա պատմական նշանակություն ունեցող ճակատամարտ էր, որի շնորհիվ կասեցվեց արաբների հետագա առաջխաղացումը Եվրոպա։ Այս գործն իր ավարտին հասցրեց Պիպին Կարճահասակը, որը 759թ. արաբներին դուրս մղեց Նարբոննից և Սեպտիմանիայից։ Դրանից հետո արաբներն այլևս դեպի Եվրոպա արշավանքներ չկատարեցին։

Միջին Ասիա[խմբագրել]

Արևելյան ուղղությունն արաբների նվաճողական քաղաքականության երկրորդ ռազմավարական ուղղությունն էր։ Այն տարածքը, որն այժմ անվանում ենք Միջին Ասիա, հնում կազմված էր ոչ մեծ պետական կազմավորումներից և կրում էին տարբեր անուններ, ինչպես Սողդ, Ֆերգանա, Թուխարստան և այլն։ Սրանց մեջ առանձնանում էր Մավարաննահրը, ինչը արաբերեն նշանակում էր «Այն, ինչ որ գետի այն կողմն է»։ Գետ ասելով արաբները ի նկատի ունեին Ամու Դարյան։ Մավարաննահրը, որ գտնվում էր գետից այն կողմ, հանդիսանում էր Իրանի և Թուրանի սահմանաբաժանը։

673թ. արաբական զորքերն անցան Ամու Դարյա գետը և հասան մինչև Բուխարա, սակայն նրանց լուրջ դիմադրություն ցույց տվեցին թուրքական և բուխարական միացյալ զինուժը։ Արաբները հաշտություն կնքեցին և վերադարձան Խորասան։ Երկրորդ անգամ արաբները այստեղ ներխուժում են 676թ. և այս անգամ արդեն հաղթանակ տանում։ Մավարաննահրի ամբողջական գրավումը սկսվում է 705թ., նրանք շուտով գրավում են Թուխարստանը, Սողդը, Ֆերգանան, ինչպես նաև Շաշը։ Այսպիսով, 751թ. ավարտվում է նաև Մավարաննահրի նվաճումը։ Սրա հետևանքով անմիջական շփման մեջ մտան երեք տարբեր էթնոռասայական և լեզվամշակութային աշխարհներ՝ սեմական-արաբական, իրանական-հնդեվրոպական և մոնղոլա-թուրքական։

Աֆղանստան, Արևելյան Իրան և Հնդկաստան[խմբագրել]

8-րդ դ. սկզբներին արաբական նվաճողական քաղաքականությունը տարածվեց Աֆղանստանի, Արևելյան Իրանի և Հնդկաստանի վրա։ Արաբները բավականին հեշտությամբ գրավեցին Աֆղանստանի հարթավայրային շրջանները և մնան Քաբուլ։ Արաբական նվաճումները Հնդկաստանում սկսվեցին 710թ-ից ալ-Կասիմի գլխավորությամբ։ Այստեղ նրանք համառ դիմադրության հանդիպեցին հատկապես Սինդում։ Ալ-Կասիմը, շարժվելով հյուսիս, մտավ հարավային Փենջաբ, որն էլ դարձավ այն վերջին սահմանագիծը, որից այն կողմ արաբները չանցան և արաբական նվաճումները հետագա զարգացում չունեցան։

Հետևանքներ[խմբագրել]

Իսլամի տարածումը ներկայում (կարմիր՝ Շիա իսլամ, կանաչ՝ Սուննի իսլամ)

Արաբական նվաճումները վիթխարի հետք թողեցին միջնադարյան պատմության վրա։ Արաբական խալիֆայությունը ձգվում էր Հնդկաստանից մինչև Ատլանտյան օվկիանոս։ Արաբների հաջողություններին նպաստեց այդ ժամանակ մեծ տերություններում առկա քաղաքական-տնտեսական ծանր վիճակը։ Բացի այդ շատ ժողովուրդների մոտ նրանք ընկալվում էին որպես ազատարարներ։ Արաբական Խալիֆայությունը՝ շնորհիվ իր նվաճողական քաղաքականության, զուտ արաբական պետությունից վերածվեց էթնիկական խայտաբղետ կայսրության։ Շնորհիվ արաբական նվաճումների՝ մեծ տարածում գտավ իսլամական կրոնը։ Արաբները նվաճված շատ ժողովուրդների վրա ահռելի մշակութային ազդեցություն ունեցան։ Բազմաթիվ ժողովուրդներ արաբիզացիայի ենթարկվեցին։

Տես նաև[խմբագրել]

Գրականության ցանկ[խմբագրել]

  • Իսկանյան Վ.Կ. Արաբները 6-11-րդ դարերում, Ե. 1968թ.
  • Հովհաննիսյան Ն. Արաբական երկրների պատմություն, հ. 1, Ե. 2003թ.
  • Всемирная история. Энциклопедия. Том 3, М. 1957г.