Անդրեյ Շտակենշնեյդեր
Անդրեյ Շտակենշնեյդեր | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 22 (մարտի 6), 1802 |
Ծննդավայր | Myza Ivanovka, Միզա-Իվանովկա (գյուղ, Գատչինսկի շրջան), Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | օգոստոսի 8 (20), 1865 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1] |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Աշխատավայր | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Ուշագրավ աշխատանքներ | Մարինոյի պալատ, Բելոսելսկի-Բելոզերսկի պալատ, New Michael Palace?, Նիկոլաևյան պալատ և Alferaki Palace? |
![]() |
Անդրեյ Իվանովիչ Շտակենշնեյդեր (ռուս.՝ Андре́й Ива́нович Штакеншне́йдер, փետրվարի 22 (մարտի 6), 1802, Myza Ivanovka, Միզա-Իվանովկա (գյուղ, Գատչինսկի շրջան), Ցարսկոսելսկիյ ուեզդ, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 8 (20), 1865, Մոսկվա, Ռուսական կայսրություն[1]), ռուս ճարտարապետ, որը Սանկտ Պետերբուրգում և Պետերգոֆում նախագծել է մի շարք պալատներ և այլ շինություններ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Շտակենշնեյդերը եղել է կաշեգործի թոռ, որին Բրաունշվայգից Ռուսաստան է բերել կայսր Պավել I-ը։ Անդրեյ Շտակենշնեյդերը ծնվել է հոր ջրաղացում` Գատչինայի մոտակայքում, 1802 թվականի փետրվարի 22-ին և 13 տարեկան հասակում ընդունվել է Գեղարվեստի կայսերական ակադեմիա[2]։ Դասընթացի ընթացքում առանձնահատուկ փայլուն հաջողություններ չի ցուցաբերել, ավարտելուց անմիջապես հետո` 1821 թվականին, աշխատանքի է անցել շենքերի և հիդրավլիկ աշխատանքների կոմիտեում որպես գծագրող, որից չորս տարի անց ծառայության է անցել Սուրբ Իսահակի տաճարի կառուցման հանձնաժողովում` որպես ճարտարապետ-նկարիչ։ Ավգուստ Մոնֆերանի կողմից ներգրավվել է աշխատելու Ձմեռային պալատում։
1831 թվականին Շտակենշնեյդերը դադարեցրել է ծառայությունը վերոհիշյալ հանձնաժողովում, որպեսզի ավելի ազատորեն զբաղվի մասնավոր շինություններով, հիմնականում Ռևելի (Կեիլա-Յոա) մոտակայքում գտնվող կոմս Ալեքսանդր Բենկենդորֆի ազնվական տան կառուցմամբ։ Գոհ լինելով իր ճարտարապետից՝ կոմսը նրան երաշխավորել է կայսրին, և այդ ժամանակից սկսել է Շտակենշնեյդերի հաջողության շրջանը[3]։
Ճարտարապետը ձեռք է բերել Նիկոլայ I-ի բարեհաճությունը և սկսել իրար հետևից ստանալ կարևոր հանձնարարություններ և շուտով դարձել արքայական և մեծ-իշխանական պալատների արտոնյալ շինարարը։ Սկսելով իր արքունական ծառայությունը որպես ճարտարապետ մեծ իշխան Միխայիլ Պավլովիչի արքունիքում, կյանքի վերջին տարիներին նա եղել է իշխանական կալվածքների գլխավոր ճարտարապետը, Նորին մեծության պալատական ճարտարապետը և կայսրուհու քաղաքամերձ պալատների շինությունների կառավարիչը։
Տրված ծրագրի հիման վրա 1834 թվականին Շտակենշնեյդերի կողմից կազմված «փոքր կայսերական պալատ»-ի նախագծի համար Ակադեմիան նրան շնորհել է ակադեմիկոսի կոչում։ Գիտելիքների և հմտությունների կատարելագործման նպատակով 1837-1838 թվականներին նա կառավարությունից ստացած նպաստի շնորհիվ մեկնել է արտերկիր, այցելել Իտալիա, Ֆրանսիա և Անգլիա։ 1844 թվականին Ակադեմիան Շտակենշնեյդերին շնորհել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի 2-րդ աստիճանի պրոֆեսորի կոչում։ 1848 թվականից նա եղել է կայսերական արքունիքի ճարտարապետ։
Աշխատել է Սանկտ Պետերբուրգում, Ցարսկոյե Սելոյում, Պետերգոֆում, Նովգորոդում, Մոսկվայում, Տագանրոգում, Ղրիմում։ Ղրիմում ճարտարապետը զբաղվել է Օրեանդայում կայսրուհի Մարիա Ֆեոդորովնայի պալատի նախագծի վերափոխմամբ։ Նախնական նախագիծը կազմել է Կարլ Ֆրիդրիխ Շինկելը, սակայն նախատեսվող աշխատանքների արժեքը չափազանց բարձր է թվացել Նիկոլայ I-ին և դրա վերափոխումը հանձնարարվել է Շտակենշնեյդերին։ 1843-1852 թվականներին պալատը կառուցվել է, բայց 1882 թվականին տեղի ունեցած հրդեհի պատճառով այն մինչև մեր օրերը չի պահպանվել[4]։
Սանկտ Պետերբուրգի Միլիոնյան 10 հասցեում գտնվող Շտակենշնեյդերի տունը (երկրորդ ճակատն ուղղված էր դեպի Մոյկայի առափնյա հատվածը), եղել է մայրաքաղաքի գեղարվեստական մտավորականության մշակութային և հասարակական կյանքի կենտրոնը։ Ճարտարապետն այն գնել է տիտղոսակիր խորհրդականներ Մ. Ե. և Դ. Ե. Պետրովներից և այն վերակառուցել է իր ընտանիքի համար 1852-1854 թվականներին[5]։ Առանձնատանն անցկացվել են շտակենշնեյդերյան «շաբաթները», որտեղ հավաքվել են բանաստեղծներ, գրողներ, դերասաններ և նկարիչներ, բեմադրվում էին սիրողական ներկայացումներ։
Այստեղ եղել են Վլադիմիր Բենեդիկտովը, Իվան Գոնչարովը, Ֆեոդոր Դոստոևսկին, Իվան Տուրգենևը, Յակով Պոլոնսկին և ուրիշներ։ 1865 թվականին Շտակենշնեյդերները վաճառել են տունը սեփականատիրոջ հիվանդության պատճառով և շենքը վերակառուցվել է որպես առևտրային տուն։
Շտակենշնեյդերը ունեցել է նաև մերձքաղաքային դաստակերտ` Իվանովկա ագարակատունը[6], որը գտնվում էր Գատչինայից ոչ հեռու և ժառանգել էր իր հորից 1850-ականների վերջին։

Կյանքի վերջին տարիներին Շտակենշնեյդերի առողջությունը վատացել է, նա ուժասպառ է եղել մշտական ինտենսիվ աշխատանքի պատճառով և վերականգնման նպատակով 1865 թվականի գարնանը, բժիշկների խորհրդով մեկնել է կումիսային բուժման Օրենբուրգի նահանգ։ Այնտեղ անցկացրած ամառը կարծես նպաստել է նրա առողջության կարգավորմանը, բայց Պետերբուրգ վերադառնալու ճանապարհին նա կրկին իրեն վատ է զգացել և մահացել նույն թվականի օգոստոսի 8-ին, Մոսկվայում։ Ճարտարապետը թաղված է Սանկտ Պետերբուրգում՝ Երրորդություն-Սերգիևյան սուրբ երրորդության մենաստանում, իր կողմից կառուցված Գրիգոր աստվածաբանի եկեղեցու մոտակայքում (գերեզմանը պահպանվել է)։
Աշխատանքներ Սանկտ Պետերբուրգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շտակենշնեյդերի գործերը շատ բազմազան են ոճերի առումով, ինչը, սակայն, նա չկատարեց ողջ խստությամբ ՝ դրանց մեջ ներմուծելով կամայական փոփոխություններ և լրացումներ՝ ավելի մեծ շքեղության հասնելու համար։ Նրա ստեղծագործություններից ամենակարևորը Մարինոյի պալատն է (այժմ ՝ Սանկտ Պետերբուրգի օրենսդիր ժողովի նստավայրը), որը կառուցվել է 1839-1844 թվականներին Սուրբ Իսահակի հրապարակում։
Դրանից բացի, Սանկտ Պետերբուրգում նա կառուցել է`
- Մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչ ավագի պալատը (Նիկոլաևյան պալատը Աշխատանքի հրապարակում), 1853-1861,
- Մեծ իշխան Միխայիլ Նիկոլաևիչի պալատը (Նովո-Միխայլովսկու պալատ, Դվորցովայա առափնյա 18 հասցեում), 1857-1861։ Այժմ այնտեղ տեղակայված է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի նյութական մշակույթի պատմության ինստիտուտի և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելյան ձեռագրերի ինստիտուտը,
- Բելոսելսկիների-Բելոզերսկիների պալատը (Նևսկու պողոտա 41), որը կառուցվել է 1846-1848 թվականներին՝ նոր-բարոկկո ոճով։ 1884 թվականին պալատն անցել է Ալեքսանդր III-ի եղբոր՝ Մեծ իշխան Սերգեյ Ալեքսանդրովիչի տիրապետությանը,
- Մանկական հիվանդանոց,
- Նիկոլաևսկի կամրջի մատուռ, կառուցված ի պատիվ Սուրբ Նիկոլայ Հրաշագործի (1853-1854),
- Արքունական գերատեսչության որոշ շենքեր,
- Կամենենի կղզում, ճարտարապետը զբաղվում է վերակառուցումներով Կամենենոստրովսկու պալատի վերակառուցումներով` վերակառուցելով Պյոտր Օլդենբուրսկու կողմից ձեռք բերված Դոլգորուկիի ամառանոցը (ճարտարապետ` Սմարագդ Շուստով)։ 1835 թվականին, ըստ նրա նախագծի Կամենենում կառուցվեց դերասան Ժենեսի ամառանոցը[7], 1836-1838 թվականներին` Զվանցովների ամառանոցը։ 1834 թվականին Շտակենշնեյդերն ավարտել է Մ. Ի. Մորդվինովի ամառանոցի վերակառուցման ծրագիրը։
Աշխատանքներ Պետերգոֆում
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետերգոֆը և նրա անմիջական շրջակայքը հատկապես հարուստ են նրա նախագծած շենքերով։ Դրանցից են`
- Երկու բնական պուրակների` Կոլոնիստսկու և Լուգովոյի հատակագծում,
- Ցարիցինի և Օլգայի տաղավարները Կոլոնիստական պուրակում,
- «Օզերկի» և Բելվեդեր տաղավարները Լուգովոյ պուրակում,
- Նորին Մեծության սեփական ամառանոց,
- Սուրբ Երրորդության տաճարը սեփական ամառանոցում,
- Մարիա Նիկոլաևնայի քաղաքամերձ պալատը Սերգիևկայում,
- պալատ, երկու ջերմոց և այգեպանների տունը Միխայլովկայում,
- պալատ և Renella տաղավար Զնամենկայում,
- Առյուծի կասկադ, 1854-1857,
- 1842-1843 թվականներին Ալեքսանդրիայի պուրակում նա կառուցեց Ֆերմերային պալատը, ինչպես նաև Մարմարե սանդղավանդով ճաշարանը (1826-1829, ճարտարապետ Ադամս Մենելաս)։
Այլ շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեծ իշխանուհի Ալեքսանդրա Նիկոլաևնայի հուշարձանը Ցարսկոյե Սելոյում,
- Ստրելնայի մերձակայքում գտնվող Սերխիևսկայա մենաստանում կոմս Գ. Գ. Քուշելևի (որդու) եկեղեցի-գերեզմանատուն,
- Կոմս Պոտեմկինի տունը Պետերգոֆի Գոստիլիցա ուեզդում,
- Սուրբ նահատակ կայսրուհի Ալեքսանդրայի եկեղեցին և Բելվեդերյան պալատը Պետերգոֆի Նիզինո ուեզդում,
- Աքիլլես Ալֆերակի պալատը Տագանրոգում,
- Օրեանդայում, Ղրիմում - կայսրուհի Ալեքսանդրա Ֆեոդորովնայի պալատը Օրեանդայում, Ղրիմում;
- Քարվանսարա Պավլովսկում[8]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամուսնացած է եղել Մարիա Ֆեոդորովնա Խալչինսկայայի (1811-1892) հետ։ Ամուսնության ընթացքում ծնվել են[9]՝
- Ելենա (1836-1897) - գրական սալոնի սեփականատեր, հուշագիր[10]։
- Նիկոլայ (1839-1902) - նկարիչ, ճարտարապետ, ապրել է Պետերբուրգում, իսկ 1890-ական թվականներից մինչև կյանքի վերջը` Յալթայում։ Ըստ Ն. Շտակենշնեյդերի` Խարկովի կենտրոնական փողոցներից մեկում տուն է կառուցել։
- Ալեքսանդր (1842-1901) - ծառայել է Պետական գույքի նախարարության 2-րդ վարչությունում, դարձել է կայսերական թատրոնների նկարիչ։ Նրա միակ դուստրը՝ Մարիան, որը նույնպես դերասանուհի է, մահացել է Լենինգրադի պաշարման ժամանակ։
- Ադրիան (1843-1920) - ծառայել է Կառավարման Սենատի գրասենյակում՝ որպես կոլեգիայի քարտուղար, այնուհետև տեղափոխվել է Կիև, այնուհետև` Խարկով, որտեղ եղել է դատական պալատի անդամ։ Ամուսնացած է եղել Սոֆյա Իվանովնա Մալինովսկայայի հետ (Ա. Ս. Պուշկինի լիցեյի ընկերոջ դուստրը)։
- Վլադիմիր (1851-1906) - 1887 թվականից ապրել է Խարկովում, աշխատել է որպես Պետական բանկի ակցիզային դեպարտամենտի իրավախորհրդատու։ Ամուսնացած է եղել Մարի Իվանովնա Մալինովսկու հետ։ Ունեցել են երեք դուստր` Եկատերինա, Սոֆյա և Նատալյա և որդի` Բորիս, որը մահացել է հինգ տարեկանում։
- Մարիա (1844-?) - ամուսնացել է Պոպովի հետ, ունեցել է մեկ որդի և դուստր, որոնց սերունդներն այժմ բնակվում են Ռիգայում և Մոսկվայում։
- Օլգա (1847-1919) - ամուսնական ազգանունը` Էյսներ։ Ամուսինը` Պյոտր Իվանովիչ Էյսները Սիմեոնիևսկի նրբանցքում բացել է կաթնամթերքի խանութ, միևնույն ժամանակ, քաղաքից դուրս ունեցել է կաթնամթերքի ֆերմա։ Որդին՝ Ալեքսեյ Պետրովիչ Էյսները, ավարտել է Արվեստի ակադեմիան, զբաղվել խճանկարով։ Օլգա Անդրեևնայի և Պյոտր Իվանովիչ Էյսների դուստրը՝ Վերա Պետրովնան, ամուսնացել է Պավել Իվանովիչ Մալինովսկու հետ (Ա. Պուշկինի ընկերոջ որդին)։
- Զինաիդա - մահացել է մանուկ հասակում[11].
Հասցեն Սանկտ Պետերբուրգում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1854-1865 թթ. Մոյկա գետի առափնյա 9 (Միլլիոննայա փողոց 10)
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մարինոյի պալատը Սանկտ Պետերբուրգում
-
Նիկոլաևյան պալատը Սանկտ Պետերբուրգում
-
Բելոսելսկի-Բելոզերսկի պալատը Սանկտ Պետերբուրգում
-
Ալֆերակիի պալատը Տագանրոգում
-
Կեիլա-Յոա առանձնատունը Էստոնիայում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Штакеншнейдер Андрей Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Штакеншнейдер, Андрей Иванович // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). - СПб., 1890-1907.
- ↑ Трнка А. Штакеншнейдер, Андрей Иванович // Русский биографический словарь : в 25 томах. - СПб.-М., 1896-1918.
- ↑ «Штакеншнейдер А. И.». Крымский архитектурный портал. 2015-2019.
- ↑ «Особняк А. И. и М. Ф. Штакеншнейдеров (по Миллионной ул.), Эклектика, Архитектор Штакеншнейдер А. И., Миллионная ул., 10, Мойки наб., 9». www.citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Архитектор без дома. О судьбе усадьбы Андрея Ивановича Штакеншнейдера в Пудости». history-gatchina.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Дача Э. Женьеса - Дача Н. А. Верховцевой, Архитектор Штакеншнейдер А. И., Трамбицкий А. Г., Крестовки наб., 8х». www.citywalls.ru. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Гостиный двор». Павловск. 2014 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Андрею Ивановичу Штакеншнейдеру ~~200 лет!~~». www.school415.narod.ru. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «Штакеншнейдер Елена Андреевна - Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества». www.fedordostoevsky.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 23-ին.
- ↑ «А. И. Штакеншнейдер». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Витязева В. А. Каменный остров. — Л.: Лениздат, 1991.
- Петрова Т. А. Андрей Штакеншнейдер. — Л.: Лениздат, 1978. — 184 с. — (Зодчие нашего города). — 40 000 экз.
- Пунин А. Л. Архитектура Петербурга середины и второй половины XIX века. — Крига, 2009. — Т. 1: 1830-1860 годы. Ранняя эклектика.
- Штакеншнейдер Е. А. Дневник и записки. — М.; Л., 1934.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Շտակենշնեյդեր» հոդվածին։ |
|
- Մարտի 6 ծնունդներ
- 1802 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 20 մահեր
- 1865 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Ճարտարապետներ այբբենական կարգով
- Ռուս ճարտարապետներ
- Ռուսական կայսրության ճարտարապետներ
- Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ