Աղվանական գիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15-րդ դարի հայկական ձեռագիր, որը պարունակում է աղվանական այբուբենը

Աղվանական գիր, աղվաներենի՝ հնադարյան Աղվանքի բնակչության լեզվի գրային համակարգը, որը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը, եպիսկոպոս Անանիայի և աղվան Բենիամինի հետ միասին [1]:

Աղվանական գրի և գրականության մասին տեղեկությունները հասել են հայկական մի շարք աղբյուրների միջոցով: Կորյունի, Մովսես Խորենացու և Մովսես Կաղանկատվացու հաղորդմամբ՝ 5-րդ դարում Մեսրոպ Մաշտոցը այբուբեն է ստեղծել աղվանների` գարգարների համար, և նրա օգնությամբ գարգարները թարգմանեցին Աստվածաշունչը և Ավետարանը [1] Peter R. Ackroyd. The Cambridge history of the Bible. — Cambridge University Press, 1963. — Т. 2. — С.368 [2]:

Աղվանական գրի և գրականության մասին հստակ փաստագրական նյութեր պահպանվել են 506 թվականին Դվինի եկեղեցական ժողովի նյութերում: 7-րդ դարի պատմիչ Մովսես Կաղանկատվացին իր աշխատությունում թվարկում է իր ժամանակի գիր, գրականություն ունեցող ժողովուրդներին, որոնց մեջ հիշատակում է նաև աղվաններին: Աղվանական գրի մասին խոսել է նաև 8-րդ դարի պատմիչ Ղևոնդը: Վերջինս ևս թվարկում է այն լեզունները, որոնցով գրված են եղել չորս Ավետարանները և 20-րդ տեղում նա հիշատակում է աղվաներենը:

Աղվանական գրականության հայտնագործությունը[խմբագրել]

Սկսած 19-րդ դարի 30-ական թվականներից՝ փորձեր են արվել հայտաբերել աղվանական գրականության փաստեր:Այդպիսի հաջող փորձերից մեկն իրականացվել է 1937 թվականի սեպտեմբերի 28-ին, երբ Էջմիածնում հայտնաբերվեց ձեռագիր մատյան Իլյա Աբուլաձեի կողմից: Մատյանն այժմ պահվում է Երևանի Մատենադարանում: Այն հայալեզու դասագիրք էր, որտեղ բացի հայկական, հունական, եբրայական, վրացական, արաբական այբուբեններից նշված էր նաև աղվանական այբուբենը: Իլյա Աբուլաձեն, ապա Ա. Շանիձեն պնդում էին, որ հայտնաբերված այբուբենը իսկապես աղվանական այբուբեն է և նրանում արտացոլված հնչյունային համակարգը պետք է համապատասխանի ուդիական՝ դաղստանյան լեզվախմբի, լեզգիական ենթալեզվախմբի հնչյունային համակարգին [3] [4]:

Աղվանագիտության ոլորտում երկրորդ կարևոր հայտնագործությունը տեղի ունեցավ 1948-1952 թվականներին, երբ Ադրբեջանի և Դաղստանի տարածքում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվեցին գրություններ, որոնք այսօր պայմանականորեն համարվում են աղվանական [3]: Այնուհետև 1975 թվականին Եգիպտոսում Սինայի՝ Սուրբ Եկատերինայի եկեղեցում բռնկված հրդեհից հետո իրականացվող վերանորոգման աշխատանքների ժամանակ հայտնաբերվեց կրկնագիր ձեռագրեր` գրված պերգամենտի վրա, որոնք աղվանական գրերի ուսումնասիրության հարցում կարևոր ձեռքբերում էին: Հայտնաբերված ձեռագրերի հետազոտությամբ սկսեցին զբաղվել Վրաստանի գիտությունների ակադեմիայի ձեռագրերի ինստիտուտը: Ուսումնասիրության արդյունքում պարզ դարձավ, որ կրկնագիր ձեռագրի երկրորդ շերտը բաղկացած է քառալեզու վեց տարբեր ձեռագրերից. հայտնաբերված գրերից մեկը ոչ հայերեն էր և ոչ էլ վրացերեն, չնայած որ որոշակի նմանություն ուներ հայերենին և վրացերենին: Արշավախմբի ղեկավար Զազա Ալեքսիձեն, ուսումնասիրելով այս կրկնագիրը, հանգեց այն եզրակացության, որ իրենք գործ ունեն աղվանական գրի հետ [5] : Ուսումնասիրելով կրկնագրերը և համեմատելով արդեն հայտնաբերված աղվանական գրերի նմուշները՝ Զազա Ալեքսիձեն ենթադրեց, որ աղվանական հնչյունները թվով 52-ն են, որից 45-ը բաղաձայն հնչյուններ են, յոթը՝ ձայնավոր, և քանի որ կովկասյան աղվաներենը պատկանում է Հյուսիս կովկասյան լեզվաընտանիքի լեզգիական լեզվախմբին, ապա աղվանական լեզվի բառապաշարի մեկ երրորդը որոշակի զուգահեռներ պետք է ունենա ուդիններենի հետ [5]: Հավանաբար, աղվաներենը պետության ծիսական և ադմինիստրատիվ լեզուն էր քրիստոնեական ժամանակաշրրջանում(մոտավորապես 300-700-ական թվականներին) [6]:

Չնայած, որոշ վրացի հետազոտողներ պնդում են, որ կովկասյան աղվաներենը Աղվանքի միակ պաշտոնական լեզուն չէր, քանի որ համաձայն Ստրաբոնի` Աղվանքը բազմաէթնիկ և բազմալեզու երկիր էր, իսկ մնացած լեզունների մասին տեղեկություններ չեն պահպանվել: Ալեքսիձեն գտնում էր, որ Սինայի սուրբ Եկատերինայի վանքում հայտնաբերված աղվանական կրկնագրերը «Գործք առաքելոց» կամ «Թուղթք առաքելոց» գրվածքներն ամփոփող գրքի հատվածներն են, ինչն էլ թույլ է տալիս ենթադրել, որ այս աղվանական տեքստը «Թուղթք առաքելոց» գրվածքի ամենահին տարբերակներից մեկն է: Աղվանական «Թուղթք առաքելոց»-ը բաղկացած է 12 եկեղեցական օրացույցային իրադարձություններից:

Համաձայն Զազա Ալեքսիձեի՝ գրականության ոլորտում խոշոր ձեռքբերումներից է Աստվածաշնչի թարգմանությունը, որը հավանաբար թարգմանվել է 5-րդ դարում: Աստվածաշնչի թարգմանությունը փաստում է այն մասին, որ արդեն 5-րդ դարում աղվանները ունեցել են հստակ մշակված քերականական համակարգ և հարուստ գրական բառապաշար, որպեսզի կարողանային թարգմանել և գրի առնել Աստվածաշունչը: Այստեղից էլ կարելի ենթադրել, որ 5-րդ դարից սկսած աղվանները ունեցել են հարուստ գրական համակարգ, զարգացած եկեղեցական գրականություն, պատմագրություն, պոեզիա և այլն [3]: Վերծանված տեքստերում ակընհայտ երևում էր հայերենից, վրացերենից և հունարենից արված փոխառությունները: Տեքստերում առկա են նաև պարսկերեն բառեր, որոնք բնականաբար աղվանական բառապաշար են ներթափանցել հայերենի միջոցով:

Հայերենից փոխառնված բառերից են օրինակ «մարմին», «ավել», «ժողովուրդ» բառերը: Իսկ վրացերենից փոխառնված բառերը հիմնականում ունեն կրոնական բնույթ: Վրացերենից փոխառնված բառերից են օրինակ զատիկ, տոն, տեսիլք, գահ և այլն: Ինչ վերաբերում է հունարենին, ապա հունարենից աղվաներեն փոխանցվել են հայերենի կամ վրացերենի միջոցով, օրինակ՝ «eklesi՝ եկեղեցի», «angelos՝ հրեշտակ»: Բացի դրանից՝ որոշ աղվանական ամսանուններ համապատասխանում են հայկական և վրացական ամսանուններին [6]:

Աղվանական քրիստոնեկան տեքստերում սրբերի և աստծու անվանումը գրվում է կրճատ և համապատասխան սիմվոլով: Աղվանական տեքտերում կրճատ գրված են «Աստված», «Հիսուս Քրիստոս» բառերը և այլն, ինչն էլ խոսում է այն մասին, որ աղվանական գիրը գրվում և կարդացվում էր ձախից աջ հաջորդականությամբ [3]:

Աղվաներեն և հայագիտություն[խմբագրել]

Վրացի գիտնականները, զբաղվելով աղվանական գրերի ուսումնասիրությամբ, փորձում են ամեն կերպ մատնանշել աղվանական մշակույթում վրաց մշակույթի ունեցած դերը և նշանակությունը, և դա ակնհայտ է հատկապես Զազա Ալեքսիձեի դիտարկումներում: Ալեքսիձեն նշում է, որ երբ Կորյունը խոսում է Մեսրոպ Մաշտոցի կողմից աղվանական այբուբենի ստեղծման մասին, նա առաջին հերթին նկատի ունի բուն աղվանական բնակչության համար ստեղծված այբուբենը, իսկ երբ հաղորդում է աղվանների կողմից Աստվածաշնչի թարգմանության մասին, ապա նկատի ունի Աղվանքի հայաբնակ հատվածին: Աղվանքի բուն բնակչությունը չկարողացավ ստեղծել սեփական գիրը և արդյունքում տարալուծվեց այլ ազգերի մեջ: Այսպիսով, երբ միջնադարյան աղբյուրները խոսում են աղվանական գրի մասին, ապա պետք է նկատի ունենանք, որ խոսքը գնում է ոչ թե աղվանական այլ հայկական գրի մասին, որը ստեղծել են Ուտիքի, Արցախի, Գարդմանի բնակչությունը:

Ալեքսիձեն նշում է, որ աղվանական գրականությունը ծաղկում է ապրել մոտավորապես 10-13-րդ դարերում՝ հատկապես 11-13-րդ դարերում, երբ աղվանական եկեղեցին վրաց եկեղեցու հետ միասին քաղկեդոնական հոսանքին էր հարում, իսկ 13-րդ դարում անցնելով հակաքաղկեդոնականության և ընկավ հայոց եկեղեցու իշխանության տակ: Հաշվի առնելով այն փաստը, որ հայկական եկեղեցին այրում էր բոլոր քաղկեդոնական գրականությունը, այրել է նաև աղվանական սակավ գրականությունը: Բացի դրանից նա նշում է, որ հայկական ձեռագրերում աղվանական այբուբենը բազմիցս վերագրվել են տարբեր մարդկանց կողմից, ովքեր չէին տիրապետում աղվանական լեզվին և գրին՝ թույլ տալով սխալներ, որոշ դեպքերում էլ հնչյունները հարմարեցվել են հայերեն լեզվին, ինչն էլ դժվարեցնում է գրի վերծանումը [3]:

Աղվանագիտության որոշ հարցերին անդրադարձել են նաև ադրբեջանցի գիտնականները ևս, որոնք իրենց հերթին ձևափոխել են բազմաթիվ պատմական փաստեր: Ըստ ադրբեջանական գիտնականների՝ Աղվանքի տարածքը փոփոխության չի ենթարկվել, միայն Ուտիքը և Արցախը որոշ ժամանակով գրավվել են Հայաստանի կողմից և բռնակցվել նրան, իսկ 387 թվականից հետո կրկին միացել են Աղվանքին: Ամբողջ Աղվանքի տարածքում, այդ թվում և Արցախում բնակվող բնակչությունը ունի մարդաբանորեն նույն ծագումը, բայց ժամանակի ընթացքում փոխել է կրոնը և լեզուն: 5-րդ դարում ստեծվել է աղվանական գիրը, որից հետո ձևավորվել է հարուստ և յուրօրինակ գրականություն: 7-8-րդ դարերի ընթացքում արաբ նվաճողները և հայկական եկեղեցին ոչնչացրել են աղվանական գրականությունը: Բայց մինչ ոչնչացնելը հայերը թարգմանել են աղվաներենից հայերեն Աղվանքի պատմությունը և եկեղեցական օրենքները, դա է պատճառը, որ Աղվանքի մասին մեզ հասած բոլոր տեղեկությունները հայերեն են: Աստիճանաբար աղվանական եկեղեցու լեզուն դառնում է հայերենը, քանի որ այն գտնվում էր հայկական եկեղեցու ենթակայության տակ աղվանների շրջանում գերիշխող է դառնում հայերենը:

10-13-րդ դարերում ստեղծագործող անվանի գործիչներ Մխիթար Գոշը, Կիրակոս Գանձակեցին և այլոք, որոնք ստեղծագործել են Քուրի աջ ափին, հայալեզու աղվան գրողներ և հասարակական գործիչներ են: Այսպիսով, պարզ երևում է, որ ադրբեջանցիները, որոնք իրենց համարում են աղվանների հետևորդները փորձում են հերքել հայ մշակութային տարրերի առկայությունը աղվաներենում՝ դրանք վերագրելով իրենց նախնիների` «ավաններին» [3]:

Այն, որ աղվանագիտության ոլորտում հայ գիտնականների ներդրումը բացակայում է, բացատրվում է նրանով, որ խորհրդային տարիններին գործում էր մշակութային ժառանգության հետազոտության հանրապետական մենաշնորհ, երբ Ադրբեջանի տարածքում աղվանական մշակույթի հետազոտությամբ զբաղվելու համար հետազոտողները պետք է Մոսկվայից ունենային համապատասխան թույլտվություն: Սակայն Մոսկվան շահագրգռված չէր աջակցեուլ հայ հետազոտողներին և դա էլ խոչընդոտում էր հայ հետազոտողների աշխատանքը Բացի դրանից հայ իրականությունում կարելի է հանդիպել «աղվանաֆոբիա» հասկացությանը, երբ որոշ հայագետներ ամեն կերպ փորձում էին բացառել, ժխտել հայ-աղվանական մշակութային սերտ կապերը՝ ի հաշիվ հայերենի մաքրության, անաղարտության՝ այդ կերպ կարծես թե տեղիք տալով ադրբեջանական այն տեսակետին, որ աղվանական յուրաքանչյուր մշակութային արժեք ադրբեջանական է: Ահա այդ է պատճառը, որ աղվանագիտության ոլորտում հայ հետազոտողները չունեն որևէ ձեռքբերում և աչք են փակում վրացական և ադրբեջանական գիտնականների կողմից պատմական փաստերի ձևափոխմանը [7]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 К. В. Тревер. Очерки по истории и культуре Кавказской Албании. М—Л., 195
  2. J. Gippert, W. Schulze. Some Remarks on the Caucasian Albanian Palimpsests / Iran and the Caucasus 11 (2007)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Алексидзе З. Обнаружена писменность кавказской Албании
  4. Климов Г. А. Агванский язык // Языки мира: Кавказские языки. — М., 1999. — С. 459—460.
  5. 5,0 5,1 The Albanian Script. The process-How its secrets were reveald by Zaza Aleksidze and Betty Blair
  6. 6,0 6,1 Мурабян Г. Прорыв в кавказоведении: Важное открытие в албанистике, Բանբեր Մատենադարանի, թիվ 19, Երևան, 2012, էջ 3
  7. Պետրոսյան Հ., Մշակութային էթնոցիդն Արցախում (մշակութային ժառանգության բռնայուրացման մեխանիզմը) // Ադրբեջանի պետական ահաբեկչությունը և էթնիկական զտումների քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի դեմ, Շուշի, 2010, էջ 6-7

Գրականություն[խմբագրել]

  • И. М. Дьяконов. Письменность Кавказской Албании. В книге: И. Фридрих. Дешифровка забытых письменностей и языков. М., 1961. (ռուսերեն)