Վասիլի Լեոնտև
| Վասիլի Լեոնտև | |
|---|---|
| Բնագիր ԱԱՀ՝ | Васи́лий Васи́льевич Лео́нтьев |
| Ծննդյան օր՝ | օգոստոսի 5, 1906 |
| Ծննդավայր՝ | Մյունխեն (Գերմանիա) |
| Վախճանի օր՝ | փետրվարի 5, 1999 |
| Վախճանի վայր՝ | Նյու Յորք (ԱՄՆ) |
Վասիլի Վասիլևիչ Լեոնտև (Васи́лий Васи́льевич Лео́нтьев, 1906, օգոստոսի 5 - 1999, փետրվարի 5) - ռուսական ծագմամբ ամերիկյան տնտեսագետ, 1973-ի Նոբելյան մրցանակատեր տնտեսագիտության գծով։
Ծնվել է Մյունխենում։ Նրա հայրը Պետերբուրգի համալսարանի աշխատանքի էկոնոմիկայի պրոֆեսոր էր։ Տասնչորսամյա Վասիլին, վերջացնելով գիմնազիան, 1921-ին ընդունվել է Պետրոգրադի համալսարան, ուր ուսումնասիրել է փիլիսոփայություն և տնտեսագիտություն։ Լայն հետաքրքրություններով օժտված պատանին 1925-ին ավարտել է համալսարանի քառամյա դասընթացը և ստացել տնտեսագետի դիպլոմ։ Բազմաթիվ լեզուների տիրապետելով նա այնուհետև զբաղվել է համաշխարհային տնտեսագիտական գրականության ուսումնասիրմամբ։
Լեոնտևը նաև զբաղվել է տնտեսության աշխարհագրությամբ, ապա, հետազոտություններ կատարելու նպատակով, տեղափոխվել Գերմանիա։ Այնտեղ նա դոկտորական թեզ է պաշտպանել ռուսական ծագում ունեցող Վլադիրմիր Բորտկևիչի ղեկավարությամբ։ Թեզը նվիրված էր ժողովրդական տնտեսությանը որպես անընդհատ գործընթացի։ Դոկտորի կոչում է ստացել 1928-ին։ Լեոնտևի տնտեսագիտական մտածողությանը էապես նպաստել է նրա մաթեմատիկական պատրաստվածությունը։ Նրա առաջին գիտական հոդվածը նվիրված է եղել ԽՍՀՄ-ի 1923-24-ի ժողտնտեսությանը և տպագրվել է խորհրդային «Պլանային տնտեսություն» ամսագրում։
1929-ին Լեոնտևը գործուղվել է Չինաստան որպես տնտեսագետ-խորհրդական։
1931-ին ամերիկյան ականավոր տնտեսագետ Ու. Միտչելի հրավերքով նա մեկնել է ԱՄՆ, որտեղ աշխատանք է ստացել Տնտեսագիտական հետազոտությունների ազգային բյուրոում (National Bureau of Economic Research)։
1932-ից Լեոնտևը քաղաքատնտեսություն է դասավանդել Հարվարդի համալսարանում, որտեղ կազմակերպել է «Տնտեսագիտական հետազոտությունների Հարվարդայան նախագիծ» գիտական կոլեկտիվը։ Ոչ ուշ նրա մոտ են մեկնել նաև նրա ծնողերը։ «Տնտեսագիտական հետազոտությունների Հարվարդայան նախագիծը» նա ղեկավարել է մինչև իր կյանքի վերջը։ Այդ ծրագրի իրագործման արդյունքում մշակվել են բազմաթիվ գծային հավասարումներ, ստեղծվել է բարդ մաթեմատիկական ապարատ` «Ծախսեր-արտադրություն» բանաձևին համապատասխան։ Դրանց լուծումը պահանջել է լուրջ հաշվողական տեխնիկա։
1973-ին իր հետազոտությունների համար Լեոնտևը արժանացել է Նոբելյանի մրցանակի։
Կյանքի վերջին տարիներին զբաղվել է շրջակա միջավայրի բնապահպանական խնդիրներով` կապված արտադրական թափոնների արդյունքում միջավայրի աղտոտման հետ։
1975-ին Լեոնտևը Նյու Յորքի համալսարանում կազմակերպել է և մինչև 1986-ը ղեկավարել տնտեսագիտական համալսարանը։
ՄԱԿ-ի շրջանակներում զբաղվել է համաշխարհային տնտեսության զարգացման հիմնարար խնդիրներով։ Այդ հետազոտությունների արդյունքները նա ամփոփել է «Համաշխարհային տնտեսության ապագան» գրքում (1977)։
[խմբագրել] Անձնական կյանքը
1932-ին Լեոնտևը ամուսնացել է բանաստեղծուհի Էսթել Հելլենի Մարքսի հետ։ Վերջին տարիներին ապրել է Նյու Յորքում։ Նրա միակ դուստրը` Սվետլանա Ալպերսը, դարձել է Կալիֆոռնիայի համալսարանի արվեստի պատմության պրոֆեսոր (Բերկլիում)։ 1980-90-ականներին Լեոնտևը սերտ կապեր է հաստատել Ռուսաստանի հետ։ Նա և իր հարազատները բազմիցս եղել են Պետերբուրգում։
[խմբագրել] Աղբյուրներ
|
|
Տնտեսագիտություն |
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 81-82։