Լեոնիդ Կանտորովիչ
| Լեոնիդ Կանտորովիչ | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Լեոնիդ Կանտորովիչ |
| Ծննդյան օր՝ | հունվարի 19, 1912 |
| Ծննդավայր՝ | Պետերբուրգ, (Ռուսաստան) |
| Վախճանի օր՝ | ապրիլի 7, 1986 |
| Վախճանի վայր՝ | Մոսկվա, (Ռուսաստան) |
Լեոնիդ Վիտալևիչ Կանտորովիչ (ռուսերեն` Леони́д Вита́льевич Канторо́вич, 1912, հունվարի 19, հին տոմարով` հուվարի 6 - 1986, ապրիլի 7), ռուս մաթեմատիկոս, տնտեսագետ, ԽՍՀՄ ԳԱ անդամ (1964)։ Միակ խորհրդային տնտեսագետն է, որն արժանացել է Նոբելյան մրցանակի` տնտեսագիտության գծով (1975)։
Ծնվել է Պետերբուրգում, բժշկի ընտանիքում։ Քաղաքացիական պատերազմի տարիներին նրանց ընտանիքը փախել է Բելոռուսիա, մնացել այնտեղ մեկ տարի։ 1922-ին մահացել է Լեոնիդի հայրը, որդուն թողնելով կնոջ` Պաուլինա Սաքսի խնամքին։
1932-ին Լեոնիդն ընդունվում է Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկական ֆակուլտետը, ուր հետաքրքրվում է նաև քաղաքատնտեսության ժամանակակից պատմություն։ Ավարտել է 1930-ին և նույն թվականին, մասնակցել է Մաթեմատիկական առաջին կոնգրեսին, շարքերի գծով հետազոտության համար շահել է մրցանակ։ 1934-ին ստանում է պրոֆեսորի կոչում, իսկ 1935-ին, առանց դոկտորական թեզի պաշտպանության, նրան շնորհվում է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորի աստիճան։
1932-60-ին աշխատել է Լենինգրադի համալսարանում, 1958-71-ին` ԽՍՀՄ ԳԱ Նախարարների խորհրդի գիտության և տեխնիկայի կոմիտեի ժողովրդական տնտեսության բաժանմունքում, միաժամանակ` ԳԱ Սիբիրի բաժանմունքում։
Կանտորովիչի գիտական առաջին հետազոտությունները նվիրված են պրոյեկտիվ բազմությունների տեսությունը։ Ֆունկցիոնալ անալիզում նա մուծել և ուսումնասիրել է կիսակարգավորված տարածությունների դասը, առաջինն է ֆունկցիաների անալիտիկ մեթոդը կիրառել հաշվողական մաթեմատիկայում։ 1939-40-ինստեղծել է սահմանափակումներով էքստերեմալ խնդիրների որոշ դասեր լուծելու մեթոդներ և տեսություն` գծային ծրագրավորման համար։ Հիմնավորել է օպտիմալ տնտեսական մոդելների վերլուծության ժամանակ ծագող օբյեկտիվորեն պայմանավորված գնահատականների կարևորությունը։ Այս հետազոտությունները նպաստել են ժողովրդական տնտեսության կառավարման ու օպտիմալ պլանավորման տեսությունների ստեղծմանը և տնտեսագիտական խնդիրների մշակմանը (գնագոյացում, ռենտայի տեսություն, կապիտալ ներդրումների արդյունավետություն)։ 1965-ին գիտնականն արժանացել է Լենինյան մրցանակի։
1975-ին, Թ. Կուպմանսի հետ միասին, արժանացել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության գծով «Տնտեսական ռեսուրսների օպտիմալ բաշխման տեսության մեջ նշանակալից ավանդի համար»։
Կանտորովիչի համաշխարհային համբավին ու լայն ճանաչմանը էապես նպաստել է ռուս մեծ տնտեսագետ, ազգությամբ ռուս, ամերիկյան գիտնական Վասիլի Լեոնտևը։
1976-ին Կանտորովիչը ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ համակարգված հետազոտությունների ինստիտուտի աշխատանքները։
1938-ին Կանտորովիչը ամուսնացել է մասնագիտությամբ բժիշկ Նատալյա Իլյինայի հետ։ Ունեցել են մեկ որդի և մեկ դուստր, որոնք ևս ընտրել են հոր մասնագիտությունը։
Կանտորովիչը վախճանվել է 1986-ին։
Աղբյուրներ[խմբագրել]
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 82-83։