Սայմոն Կուզնեց
| Սայմոն Կուզնեց | |
|---|---|
| ԱԱՀ՝ | Սայմոն Կուզնեց |
| Ծննդյան օր՝ | ապրիլի 30, 1901 |
| Ծննդավայր՝ | Պինսկ, Մինսկի գուբերնիա (Ռուսական կայսրություն) |
| Վախճանի օր՝ | հուլիսի 8, 1985 |
| Վախճանի վայր՝ | Քեմբրիջ, (ԱՄՆ) |
Սայմոն (Սեմյոն) Սմիթ Կուզնեց (անգլերեն` Simon Smith Kuznets, ծննդյան անունը` ռուսերեն` Семён Абрамович Кузнец, 1901, ապրիլի 30 - 1985, հուլիսի 8), ամերիկյան տնտեսագետ, տնտեսագիտության գծով Նոբելյան մրցանակակիր (1971)։
Ծնվել է Պինսկում (այժմ` Բելոռուս), առևտրական Աբրամ Կուզնեցի ընտանիքում։ Հայրը լքել է ընտանիքը և 1907-ին բնակություն հաստատել ԱՄՆ-ում` թողնելով որդուն և կնոջը` Պոլինա Կուզնեցին (ծնունդով` Ֆրիդման)։
Սեմյոնն ավարտելով ռեալական ուսումնարանը, ընդունվել է Խարկովի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, միաժամանակ դասընթացներ անցնելով նաև տնտեսագիտությունից։ Համալսարանում սովորելու տարիներին նյութական պայմաններից դրդված նա աշխատել է արհմիութենական կազմակերպություններում։ Առաջին գիտական աշխատանքը լույս է տեսել 1921-ին, Խարկովում։
Արտասահման գնալու նպատակով եղբոր` Սոլոմոնի հետ նախ գնում է Լեհաստան, որտեղից էլ 1922-ին` Նյու Յորք։ Այստեղ եղբայրները ընդունվում են Կոլումբիայի համալսարան։ 1921-ին Սեմյոնը, արդեն` Սայմոնը, ստանում է բակալավրի, իսկ 1926-ին` դոկտորի գիտական կոչում։ Երիտասարդ գիտնականի հայացքների ձևավորմանը զգալիորեն նպաստել է անվանի գիտնական Ու. Մետչելլը։
Նա շուրջ 35 տարի աշխատել է այդ մեծ գիտնականի հետ` տնտեսագիտական հետազոտությունների Ազգային բյուրոյում (1927-1961), միաժամանակ աշխատելով Փենսիլվանիայի համալսարանում (1930-1954)։
Սայմոնն հռչակվում է իր ժամանակի խոշոր տնտեսագետներից։ Մեկը մյուսին հետևում են նրա աշխատությունները տնտեսագիտության զարգացման խնդիրների վերաբերյալ, որոնցից գլխավորը նա համարում էր ազգային եկամտի աճը և օգտագործված հնարավորությունները։
Սայմոնն ամուսնանում է իր աշխատակցուհի Էդիթ Հանդլերի հետ, ունենում է երկու զավակ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին` 1942-44-ին, նա գլխավորել է ԱՄՆ-ի սպառազինությունների ծրագրավորման և վիճակագրության Կոմիտեի բյուրոն։
1949-ին ընտրվում է Ամերիկյան վիճակագրական ասոցացիայի նախագահ, 1954-ին` Ամերիկյան տնտեսագիտական ասոցացիայի նախագահ։ 1954-ից դասավանդել է Բալթիմորի Ջոն Հոֆինս անվան համալսարանում։
Նա ոչ միայն մեծ տնտեսագետ էր, այլ նաև բազմակողմանի զարգացած մանկավարժ։ Գիտնականը լուրջ հետազոտություններ է նվիրել նաև Իսրայելի տնտեսության վերելքին։
1971-ին արժանացել է Նոբելյան մրցանակի` տնտեսագիտության գծով։
Վախճանվել է Քեմբրիջում։
Աղբյուրներ [խմբագրել]
|
|
Տնտեսագիտություն |
- Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 80-81։