Հայկական գուլպա և ոտնաման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայկական գուլպա և ոտնաման,ձախ կողմում՝ *տղամարդու գուլպա(Սեբաստիա) *նորափեսայի գուլպա(Կարս), *կնոջ գուլպա(Գողթն, գ․Դաշտ), *աղջկա գուլպա(Ախալցխա), աջ կողմում՝ *տրեխ երեքքթանի(Սյունիք-Արցախ) *կնոջ ոտնաման- չմոշկ(Գողթն) *կնոջ ոտնաման՝ մաս բաբուջ(Ալեքսանդրապոլ)

Հայկական գուլպա և ոտնաման, հայկական զգեստների, տարազային համալիրի անբաժանելի մասերից, որոնք ազգագրական տարբեր շրջաններում ունեցել են հյուսման ու զարդարման յուրահատուկ ձևեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլպան Հայաստանում հայտնի է տակավին ուրարտական շրջանից։ Հագել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք։ Գործել են շյուղերով և հելյունով՝ տարբեր տեսակի թելերից։ Յուրաքանչյուր ազգագրական շրջանում ագանելիքներն ունեցել են ոչ միայն սոցիալ-տնտեսական դրության ակնհայտ նշաններ, այլև հյուսման ու զարդարման ենթաձևեր, որոնք ներկայացրել են սեռահասակային դասակարգման առանձնահատկություններ։ Գուլպա ու սռնապան հյուսելու պարտականությունը ընկած էր կանանց վրա․ գուլպայագործ տղամարդիկ շատ հազվադեպ են հանդիպել։ Ուստի կանայք աղջիկներին գուլպա գործելու մեջ վարժեցրել են 8-12 տարեկանից։ Աղջիկը պիտի կարողանար հյուսել իր ապագա օժիտի մեջ մտնող գուլպաների մեծ մասը։ Ինչպես նաև պիտի գործեր գուլպաներ վաճառքի համար՝ այդ արժեքով հարստացնելով իր իսկ օժիտը։ Ե․Լալայանի վկայությամբ Ջավախքում աղջիկները գուլպա են գործել 4 տարեկան հասակից[1] Տնայնագործության այս ճյուղը տարածված էր Հայաստանի բոլոր բնակավայրերում։ Յուրաքանչյուր կին պարտավոր էր հյուսել իր ամուսնու, տեգոր, սկեսրայրի, սկեսուրի և երեխաների գուլպաները, իմանալ կարկատելու բազմատեսակ ձևեր։ Զարդարուն գուլպաներ գործելու հարցում աղջիկները մրցում էին միմյանց հետ՝ ցույց տալով իրենց շնորհքն ու ճաշակը։ Այս ամենի շնորհիվ դարերի ընթացքում մշակվել են գուլպա ու սռնապան գործելու հատուկ նախշեր, զարդարաոճ, որոնք պատվավոր տեղ ունեն հայկական զարդարվեստում։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրպա կամ գուլպա բառը հայերենում փոխառություն է ասորական gorba բառից։ Գուլպան Ալաշկերտում, Կարինում, Խարբերդում, Տուրուբերանում, Սեբաստիայում, Սալմաստում, Վանում և Տիգրանակերտում թաթ են անվանում, Զեյթունում և Հաճընում՝ թոթ։ Կարճ ճտքերով գուլպան Ակնում, Բաղեշում, Մուշում, Չարսանճագում և Քղիում կոչել են բուճ։ Արևելքի ժողովրդներին, այդ թվում և հայերին հայտնի սռնապանը տարբեր գավառներում կոչել են զանկապան, սաղկ, պաճիճ, թոզլուղ։ Սռնապան բառը հայերեն է՝ սրունքի պահպանիչ նշանակությամբ։ Սռնապանը միջին դարերում ռազմիկների սրունքները պաշտպանող պղնձե հարմարանք էր։ Այն հիշատակվել է նաև Աստվածաշնչում[2]։

Զանկապան բառը պահլավերեն է, նշանակում է սրունք պահող։ Նույն նշանակությունն ունի զանգապանը, որը փոխառվել է կամ զենդերենից(զանկոպանա), կամ պահլավերենից(զանկպան), և նշանակում է պահպանող։ Այս բառի հնագույն հիշատակությունը հայերենում 5-րդ դարից է։

Եւ զգեստ է նոցա բամբակե գրատք կազմաւ ճամկօք և զանկապանոք ունին հողաթափս։
- Մխիթար Գոշ, Դատաստանագիրք[3]

Հիշատակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն, որ Հայաստանի բնակլիմայական պայմաններում գուլպան ու սռնապանը պիտի լինեին, անկասկաած է։ 6-7 ամիս ձմեռ ունեցող լեռնաշխարհում անհնար կլիներ առանց այդ իրերի։ Նոր Արեշի մոտ հայտնաբերված բրոնզե գոտու մասի վրա պատկերված է ուրարտացիների Խալդի աստվածը՝ առյուծի վրա։ Նրա ետևին Շիվինի աստվածն է՝ գլխին արևի թևավոր սկավառակը պահած։ Նրա ոտքերին կան ուղղահայաց գծանախշերով գուլպաներ, իսկ Խալդիի ոտքին՝ հորիզոնական գծերով գուլպա[4]։ Կարմիր բլուրից պեղված կոշկաձև գավաթը ներկայացնում է ուրարտական ճտքավոր կոշիկի ձևը․ նրա վրա արտահայտված է կոշիկի թելկապը և ունի շախմատաձև նախշեր։ Զիգզագ թելկապից հետո ճտքի վրա շարունակվում են լայնակի գծանախշեր։ Ենթադրվում է, որ դրանք արտահայտել են գուլպայի հասկացությունը։ Կարմիր բլուրից հայտնաբերվել են նաև բրդյա կտոր գործելու հաստոցի մասեր, փայտյա իլիկ՝ վրան փաթաթված թելով, մազմզոտ երեսով, այս ամենը հիմք են տալիս այն հետևությանը, որ գուլպան գործվել է դեռևս ուրարտացիների ժամանակ․ բրդյա գործվածք ստանալու ավելի կատարելագործված եղանակը հաստոցով գործելն էր, ուստի ավելի հասարակ եղանակը՝ ձեռքով, շյուղերով գործելը, նախորդել է առաջինին։

Գուլպա, սռնապան[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլպան գործել են շղերով(ճաղ) ու հելունով։ Շղերով գործելը կնոջ ձեռագործ աշխատանքի ամենահին տեսակն է։ Համեմատաբար ավելի դժվար էր գործելը։ Շղերը լինում էին պողպատից, նաև փայտյա ու ոսկրե, որոնք ընտրել են ըստ թելի հաստության։

Գուլպա հյուսելու համար հարկավոր է 5 շյուղ․ 4 հատի վրա բաժանվում են օղերը, իսկ 5-րդը փոխանցող է, փոխվում է հերթով։ Ազատ փոխանցվող-գործողի վրա հավաքվում են օղակներ, ապա նախորդը ազատվում է՝ նույնը շարունակ կրկնվելով։ Գործելիս ձեռքի դիրքը 2 ձև է ընդունում․

  • շյուղը բռնում են աջ ձեռքով, գրճի նման, իսկ թելը անցկացնում ցուցամատի վրայով, ապա միջամատի և մատնեմատի տակով ելնում ճկույթի վրա։ Օղակներով ճաղը բռնում են ձախ ձեռքով, ձախ բութը շղի վրա, իսկ ցուցամատը՝ գործվելիք օղակի վրա։
  • ձախ ձեռքի դիրքը նույնն է, իսկ աջով թաթի մեջ է առնված շյուղը, բութ մատով ափին սեղմած,ցուցամատի վրայով անցնում է թելը՝ շյուղի հետ մտնելով ափի մեջ։

Այս եղանակներից առաջինը կիրառվել է Զանգեզուրում, Գողթնում ու Արցախում, երկրորդը՝ Վասպուրականում, Շատախում, Մուշում ու Արևմտյան Հայաստանի այլ գավառներում։ Փոքր Հայքում գուլպան գործել են մեկ այլ եղանակով։ Այստեղ գուլպան գործել են մեկ ծայրը կեռ ունեցող 5 շղերով(շշեր)։ Թելը գցել են վզին, ձախով բռնել գործելիքը, աջով ազատ շուղը, որի կեռով ծայրը օղակի մեջ մտցնելով՝ ձախ բթամատով թելը գցել են կեռիկին ու աջով հանել օղի միջից։ Այսպես ազատ շղին կազմվել է նոր՝ հինգերորդ օղը։ Բոլոր դեպքերում գուլպան գործել են թաթի ծայրից՝ քթից սկսելով։

Գուլպայի մասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլպան ունի հետևյալ մասերը․

  • եզրաշերտ կամ եզերածք
  • ծունկ
  • ճիտք, պաճուճ
  • ներբան(կրունկ)
  • թաթ

Առաջին եղանակով գործելու դեպքում շղերի վրա հըագցնում են այնքան օղեր, որքան պետք է, այսինքն՝ ըստ ոտքի չափի։ Օղերը զույ-զույգ բաժանում են 4 շղերին, սկսում են գործել եզրաշերտը։ Եզրաշերտերից մեկը ուղիղ է, մյուսը՝ շրջոնք։ Սա կարևոր է գուլպայի ուղիղ լինելու և կոկ ու գեղեցիկ տեսքի համար։ Առանց եզրաշերտի, գուլպայի այդ մասը ոլորվում է դեպի վար։ Գուլպայի այն մասը, որը ծածկում է ծունկը, սրունքը, մինչև ներբանը, գործվում է ուղիղ։ սա գործելու հիմնական եղանակն է։ Ներսից ստացվում է շրջոնք, որով էլ դուրսն ու ներսը տարբերվում են։ Հյուսվածքը լինում է նոսր, եթե թելը մատներով թույլ է պահված, իսկ ավելի ամուր և խիտ է լինում, եթե թելը ձիգ է պահված։ Շղերի հաստույունը ընտրվում է ըստ թելի հաստության և գորշողի աշխատանքի համեմատ։ եթե գործում են թույլ հյուսվածքով, բարակ շղեր են վերցնում, եթե խիտ՝ հարկավոր է լինում հաստ շուղ։ Յուրաքանչյուր մարդ ունի իրեն հատուկ գործվածքը՝ ձեռքը։ Շատ քիչ է լինում, որ երկու հոգի գործեն միանման։ Եթե անգամ երկու հոգի աշխատեն միանման, նույն շուղերով ու թելերով, դարձյալ գարծածի մեջ տարբերություն կլինի։

Օղակ կազմելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Կա օղակ կազմելու 4 տարբերակ․

  1. Խաչաձև՝ իր 4 եղանակներով․

ա․ խաչաձև գցել մեկ օղակով՝ ձախ ձեռքի բթամատով։ Օղակ է ստացվում, երբ ձախ ձեռքի բթամատով թելը վերցնում են, նրա միջով ճաղով վերցնում յուս թելը, հանում միջով ու պահում ճաղի վրա, իսկ բթամատի թելը բաց թողնում։ Օգտագործում են 2 ճաղ։ Օղակները հագցնելուց հետո մեկը հանում են։

բ ․ խաչաձև օղակներ գցել եռակի թելով։ Այն թելը, որից օղակներ են ստացվում, բթամատի վրա վերցնում են եռակի, իսկ ճաղի վրա օղակները կազմում են մեկ թելով, եռակի թելը մնում է եզրին։

գ․ խաչաձև կրկնակի օղակը կատարվում է նախորդի պես, բայց բթամատի թելը բաց չեն թողնում, այլ ճաղով թելը վերցվում է երկրորդ անգամ և հանվում բթամատի օղակի միջով։

դ․ խաչաձև շղթայանման օղակներ գցելիս առաջին օղակը ևս նախորդների պես է կազմվում, իսկ երրորդ և հաջորդ օղակները կազմելու համար եռակի թելի ծայրը պահում են ձախ ձեռքի մեծ մատի և ցուցամատի միջև։

2. Հյուսելով գցել․ այս դեպքում սովորական խաչաձև եղանակով օղակ է արվում, ապա վերցվում է թելը և 2 ճաղը, որից մեկը բռնում են աձ ձեռքով, իսկ մյուսը՝ ձախ։ Աջ ձեռքի ճաղի ծայրը անցկացնում են ձախ ճաղի օղակով, ապա այդ օղակը փոխանցում ձախ ճաղին և այսպես հաջորդաբար։ Սա կիրառվում է խիտ զարդերիզով սկսելու դեպքում։

3. Հասարակ օղակներ կազմելը․ սկզբից ճաղի վրա մեկ հասարակ օղակ են կազմում, թելը վերցնում ձախ ձեռքը՝ ցուցամատով բարձր պահում, ճաղի ծայրը բարձրացնում վարից վեր՝ թելի տակով և ցուցամատից բաց թողնում թելը ճաղի վրա։ Այս եղանակն ունի իր երկրորդ ձևը, որը անվանում են կրկնակի օղակներ գցել։ Այս դեպքում մեկ հասարակ օղակ է արվում, հետո ձախ ձեռքօ ցուցամատով թելը այնպես է վերցվում, որ ներսից ճաղի մոտ խաչաձևվի, հետո ճաղը անցկացնում են ետևի թելի տակով՝ վարից վեր․ ստացված օղակը վերցվում է ճաղի վրա։

4․Չորրորդ եղանակը․ սկզբից երկու հասարակ օղակ, ապա աշխատանքը շուռ են տալիս, թելը գցում ճաղին, գործում են երկրորդ օղակը, առաջինը գցում երկրորդի վրա, այսպես այնքան, մինչև ստացվի ցանկալի երկարությունը, ապա ծայրերը իրար են միացնում ու հավաքում մեկ կողմի վրայի բոլոր օղակները, շարունակում գործել սովորական։

Որպեսզի գուլպան լավ տեսք ունենար, հագցրել են կաղապարի վրա, որն ուներ երկարավուն՝տղամարդկանց գուլպայի համար, և կարճ՝ կանանց գուլպայի համար, ձևավոր մասեր։ Կաղապարի վրա հագցրած գուլպան պահել են կրակի վրա, որ երկար մազերը խանձվեն, և գուլպան հարթ լինի։ Կային նախշազարդ և անզարդ կաղապարներ։

Նախշաձևեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ նախշաձևերի՝ գուլպաներն ու սռնապանները բաժանվել են 4 խմբի։

1․ Առաջին խմբում միագույն՝ բրդյա, բամբակյա, մետաքսե թելերից գործած գուլպաներն ու սռնապաններն էին։ Զարդանախշերն արվել են հյուսվածքի հետ օղակ պակասեցնելու, ավելացնելու, շիտակ ու շրջոնք գործելու միջոցով։ Նախշաձևերը բազմազան էին՝ երկրաչափական( մեծ ու փոքր շեղղանկյունաձև, ճառագայթաձև, զիգզագ, ուղիղ, սլաքաձև ևն), մարդկային, կենդանական ու թռնչնային պատկերներով, կենցաղային իրերով(սափոր, ծաղկաման ևն)։

Այսպիսի գուլպաներ հյուսվել են հիմնականում Վասպուրականի, Մեծ Հայքի, Փոքր հայքի և Բալուի տարբեր գավառներում։ Որոշ շրջաններում նախշերն ունեին անուններ՝

  • օզորուկ- դեպի վար ուղղված սլաքձև գծերի շարքը
  • չաթալ- դեպի վեր գծերի շարքը
  • արմկուկ- բեկյալ գիծ

Սռնապաններին հատուկ է եղել տախտկուկ, կոլկոլ և չաթալ նախշերը։

Այս նախշաձևերը եղել են դեռևս էնեոլիթի շրջանի կավանոթների վրա,որոնք հայտնաբերվել են Շենգավիթի պեղումների ընթացքում, ինչպես նաև Կարմիր վանքի, Աղավնատան, Արմավիրի, Գառնիի պեղումներից[5]։ Այս նախշաձևերը հանդիպում են նաև ուրարտական, ապա հին ու միջնադարյան շրջանում։

2․Երկրորդ խմբում զարդանախշերը հյուսվածքի հետ գործվել են գունավոր թելերով։ Ունեին ինչպես երկրաչափական, այնպես էլ բուսանախշեր։ Տարածված էին Վասպուրականում, Կարինում, Կիլիկիայում, Փոքր հայքում, Սյունիք-Արցախում, Լոռիում, Գողթնում, Արաբկիրում, Մալաթիայում։ Վանի և մալաթիայի գուլպաներին բնորոշ էին ճյուղավոր ծաղկանախշերը։ Այս խմբի գուլպաներին և սռնապաններին հատուկ էին ակլիճան, հոռմըկութ, խնձորիկ, չանկոլ, տախտկուկ, օզօրուկ զարդանախշերը։

3․Երրորդ խմբում զարդանախշերից բացի գուլպաներին ասեղնագործել են շղթայակար՝ ցողնակար եղանակով։ Սա տարածված էր Վանում, կարսում, Բալուում, Լոռիում։ Ասեղնագործելու նախշերն էին՝ կոլկոլը, կամարուկը, արմկուկը։

4․Չորրոդ խումբը ներառում է այն գուլպաները, որոնք զարդարվել են մյուս երեք խմբերին հատուկ ձևերով՝ հյուսվածքի հետ գունավոր թելեր, ասեղնագործություն։ Հյուսելով կատարել են շեղանկյունաձև նախշեր, գունավոր թելերով՝ թռչնանախշ, բուսանախշեր, երկրաչափական նախշեր։ Ասեղնագործել են նաև ոսկեզօծ թելով։

Թելեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուլպայի համար անհրաժեշտ թելը պատրաստել են նախապես։ մի կնոջը ամբողջ տարվա ընթացքում գուլպա գործելու համար պետք էր 32 կգ բուրդ, որը մանել է 3 ամսում։ Բուրդը լվացել են ամռանը, չորացրել,սանդերքով գզել և իլիկով կամ ճախարակով մանել։ Գուլպա գործել են նաև մետաքսյա և բամբակյա թելերից։ Թելը ներկել են բուսական ու կենդանական ներկերով,իսկ 19-րդ դարավերջից նաև քիմիական ներկերով։

Սյունիք-Արցախում կանանց կարևոր զբաղմունքն էր գուլպայագործությունը։ Գործել են ոչ միայն նստած, այլև կանգնած ու քայլելիս։ Մեկ գրվանքա՝ 400 գր թելից ստացվել է 4 զույգ գուլպա։ Զարդանախշերով հարուստ գուլպան այստեղ կոչել են բադամբութա գուլպա։ Տարածված էին՝ շեյթան, չախմախ, ծտեր, իրեքպատի, օխտըպատի նախշերը։ Շատ տարածված էր թաթի երեսին և տակը սպիտակ սեղանաձև ուղիղ հյուսվածքո նախշը, թաթի երեսն ու տակը իրարից բաժանող նեղ շրջանակը։ Շրջանակի երեսին արվել է երկայնակի՝ շեյթան, լայնակի՝ չախմախ ու ծտեր նախշաշարան։ Թաթի երեսին արել են խաչաձև և ր տառի տեսքով նախշերի շարան, իսկ թաթի տակ՝ թեք գծանախշեր՝ չարքաղ անունով։

Սեբաստիայում օգտագործել են յուրատեսակ զարդամոտիվներ։ Այստեղ հատուկ էին լայնակի, ուղիղ կամ բեկբեկուն գծերը, խաչաձև և ծտեր նախշերը։ Երեխաների գուլպաներում կար նշաձև նախշ, նորահարսի կամ օժիտի գուլպաները սպիտակ էին, ցանցկեն նախշերով։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգեստի կարևոր մաս լինելուց զատ, գուլպան ու սռնապանը եղել են օտարվող ագանելիք։ Դրանք օժիտի մաս են կազմել։

Ջավախքում օժիտի մեջ դրվել է տագրերին ու տանեցիներին մեկական զույգ գուլպա ու սռնապան։ Փեսայի բարեկմներին, որոնք հարսին նվերներ են տվել, ևս տրվել է գուլպա կամ սռնապան[6]։ Աղջկա հայրը փեսատես գնալիս նվերների հետ պարտադիր մեկ զույգ կոշիկ, գուլպա ու սռնապան է տարել։ Որպես առաջին փայի դարձ՝ հարսնացուի տնից ուղարկվել է 20 զույգ սռնապան ու գուլպա։ Փեսայի համար ուղարկվել է մեկ զույգ ոսկեթելով զարդարուն գուլպա ու սռնապան, իսկ փայ բերողներին՝ մեկական զույգ գուլպա։ Կնունքի նախօրեին քավորին նվերների հետ ուղարկել են գուլպաներ ու սռնապաններ։ Գուլպան մոգական, պտղաբերության խորհուրդ է ունեցել։ Բոլոր խնամիները միմյանց գուլպա են նվիրել։

Վայոց ձերում Բարեկենդանի տոնին հարսնացուի տնից ուղարկում էին փայի դարձ՝ խոնջանակապ, գուլպաներ, քիսա, ղավլուղ ևն։ Այստեղ պսակի խորհրդից հետո եկեղեցուց գնացել են հարսի տուն։ Հարսնամերը ընդառաջ գալով՝ քահանային նվիրել է մեկ զույգ գուլպա։ Տանը հարսը գնում էր իր սենյակ, իսկ փեսան իր շքախմբով թախտին նստած զրուցել է հարսի բարեկամ կանանց հետ։ Կանայք փեսային նվիրել են քիսա, թաշկինակներ ու գուլպա։ Նորահարսի մայրը հարսանիքից 8 օր հետո գալիս էր հարսի գլուխը լվանալու՝ բերելով աղջկա հին հագուստը, ուտելիք, ասեղ-թել, գուլպա ևն։

Տուրուբերանում հարսին տնից հանելիս գրպանը չամիչ են լցրել,դրել մի քանի զույգ գուլպա,որոնք խորհրդանշել են հարսի սպասվող պտուղը։ օժիտի մեջ դրվել է 2-3 զույգ գուլպա։

Մուշում տատմայրը նորածնին կնքելու համար երկու զույգ գուլպա, մեկ գլուխ շաքար վերցնելով՝ գնացել է կնքահոր տուն և խնդրել, որ հաջորդ օրը գան երեխան «գրկելու»։

Փաթաթան[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց ագանելիքի մաս է եղել նաև փաթաթանը։ Կարվել է բամբակյա կտորից՝ քաթանից։ Ծայրի կապիչներով այն ամրացվել է ծնկի տակ։ Փաթաթել են ոտքին՝ թաթից ելնելով ծնկի տակ։ Սյունիք-արցախում և այլ շրջաններում անդրավարտիկի փողքաբերանը հավաքվել է փաթաթանի տակ։ Այն երեք քթանի տրեխի հետ տարածված է եղել նաև Լոռիի, Իջևանի, Ապարանի, Սևանի շրջաններում տրեխի տարբեր տեսակների հետ։

Ոտնամաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոշիկը Հայաստանում վկայված է հնագույն ժամանակներից։ Նինվեի պատի քանդակներում պատկերված են ուրարտացիներ,որոնց ոտքերին երկարաճիտ կոշիկներ են։ Ուրարտական Բարբարտու աստվածուհու ոտքին ևս անկրունկ, սրակտուց կոշիկ է։ Ուրարտական բազմաթիվ նմուշներ կան, դրանք հայ ժողովրդի մշակույթի մասն են, վկայված են պատմական փաստերով, նաև միջնադարի մանրանկարչության տվյալներով։ 19-20-րդ դարերի ոտնամանները բազմազան են։

Տղամարդկանց ոտնամաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրեխ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս ոտնամանը տարածված էր Հայաստանի բոլոր բնակավայրերում։ կարվել է եզան, կովի, գոմեշի մշակված՝ դբղած կաշուց։ Կտրել են կաշու լայն շերտ՝ զոլ, ըստ ոտքի չափսի, բաժանել հատվածների և դրել թթված թանի կամ մոխրաջրի մեջ։ Մի քանի օրից հանել են, մազերը մաքրել ու դրել դաբաղի մեջ։ Ստացվել է դբղուկ կաշի, որից կարված տրեխը չի փոփոխվել խոնավությունից կամ չորությունից։ Տրեխի տեսակներն էին՝

  • երեք քթանի
  • թաթի երեսը բրդյա թելով
  • թաթի երեսը կաշի՝ դրանակ կոչվող կարով։

Երեք քթանի տրեխը տարածված էր Սյունիք-Արցախում։ Այն եղել է բրդյա թելից տրխատանով։ Տրխատանը հյուսվել է կապույտ բրդե թելով և թաթի երեսով հագցվել տրեխի եզրերի կաշե օղակների մեջ։ Նորափեսայի տրխատանը կարմիր էր, այն նվիրել են հարսի ծնողները՝ հարսանիքի օրը։ Ամենատարածվածը թաթի երեսը կաշե թելով ծածկած տրեխն էր։ Նոր տրեխ հագել են Զատկին։ Բարճանջում Զատկին ընտանիքի բոլոր անդամներն են հագել նոր տրեխ ու գլխարկ[7]։

Սեբաստիայում, հատկապես Ալիսի վերին հովտի գյուղերում տղամարդկանց ոտնամանը եղել է սրածայր տրեխը։ Կիլիկիայում տրեխ հագել են ճամփորդելիս։ Վասպուրականում տղամարդկանց ոտնամանը տրեխն էր՝ չարուխը։ Վանում, Բաղեշում, Մուշում ու Մոկսում կային հատուկ վարպետներ՝ սոլակարներ, որոնք կարել են տրեխ։

Խարուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրեխի մյուս տեսակը հյուսել են կանեփի և բրդի (այծի մազ)թելի խառնուրդից։ Հագել են Սասունում։ Խարուկը դիմացկուն էր լեռնային, քարքարոտ բնաշխարհում։ Կիրառվել է մինչև 1915 թվականը։

Փոստալ, մոյկ, էմենի, մեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիլիկիայում տղամարդկանց ոտնամանը կարմիր փոստալն էր։ Առջևի ծայրը հասել է մինչև սրունքը, իսկ ետնամասը կարճ է եղել։ Մինչև ոլոքները այս մասերը սեղմել ու ամրացրել են կաշե կապով։ Փոստալի երկու կողմը զարդեր են եղել։ Ներբանը ամռան համար եղել է խոզի կաշվից։ Ամռանը հագել են գերմանական լայն մոյկը, որի առաջամասը ունեցել է երկար ծոպեր։ Հարգի է եղել նաև Էմենին՝ խոր, վարդագույն ոտնամանը։ Տանը հագել են մեստ՝ թեթև կիսակոշիկը։

Կանանց ոտնամաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս բաբուջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր Հայքում, Շիրակում տարածված էր մաս բաբուջը՝ փափուկ ներբանով կարված ոտնամանը։ Մասը կարվել է դեղին կամ կարմիր կաշվից։ Բաբուջը ևս դեղին կամ կարմիր երեսով էր։ Մասը ներբանից մինչև թաթը երկայնակի կարով էր, թաթի տակ ձվաձև շագանակագույն կածի էր։ Բերանը խորն էր, ուներ կոր կտրվածք։ Բաբուջը կոշտ ներբանով էր, սրաքիթ։ Թաթի երեսը փափուկ կաշի էր, ուներ այլ գույնի կաշվից աստառ։ Բերանը մասի նման կոր էր, եզրերին մանրակար զարդագիշ էր։ Բաբուջի եզրերին ամրացվել է սև գույնի կաշե ուռուցիկ գծանախշ։ Մաս բաբուջը հագել են դրսում։ Բաբուջը կրկնակոշիկ էր, հագել են տնից դուրս գալիս, իսկ մասը՝ տանը։ Երիտասարդ կանանց մասը դեղին, բաբուջը՝ կարմիր էր, կամ մասը կարմիր, բաբուջը՝ դեղին։ 1930-ական թվականներին մաս բաբուջը պահպանվել էր Լենինականում։ Մաս ու բաբուջ կարող վարպետներ են եղել Կարսում, Կարինում, Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում։

Քոշ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարից լայն տարածում է ստացել ասիական քոշը։ Արտադրել են տանը, նաև հատուկ արհեստանոցներում։ Քոշ կարելու համար կիրառել են եռոտանի հաստոց, մուշտա, որն ուներ լայն հիմք, պղնձից էր կամ փայտից։ Մուշտայի հարվածներով հավասարեցրել են կաշին, կաշին կարելիս գործածել են հատուկ դուրանման դանակ։ Քոշի ներբանը ուղտի կաշուց էր, իսկ երեսը՝ ոչխարի։ Արհեստանոցում մեկը կտրել է, մյուսը կարել, երրորդը հագցրել կաղապարին։ Քոշի արտադրության մեծ ծավալի շնորհիվ ռուսական կոշիկը տեղը զիջել է քոշին։

Չմոշկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյունիք- Արցախում կանանց ոտնամանը կանաչ էր, ծայրը սուր, դեպի վեր թեքված։ 20-րդ դարասկզբին չմոշկը աստիճանաբար դուրս մղվեց՝ փոխարինվելով չստերով, որոնք սև էին կամ շագանակագույն։ Պարսկահայ կանայք նախշազարդ գուլպան հագել են քոշի հետ։ Գողթնում ևս կանայք հագել են կանաչ չմոշկ ու քոշ, որոնք կարվել են Ագուլիս և Ցղնա գյուղերում։

Մաշիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշիկի ետնամասը բաց էր, քիթը սուր, կրունկը՝ 3 սմ, որը պայտել են՝ նալչել։ Մաշիկը եղել է կանաչ, կարմիր։ Տարեց կանանց մաշիկը սև էր։ Մաշիկ հագել են նաև աղջիկները։ Նոյեմբերյանում, Կոթում մշկնին՝ մաշիկը, գնել են Ղազախից։ Եղվարդում մաշիկը անվանել են սաղրի մաշիկ, ինչպես վկայել է Պ․ Պռոշյանը[8], հագել են երևանցի ուխտավորները։

Տուֆլի[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարավերջին գործածության մեջ է մտել տուֆլին։ Այն ուներ 2 սմ կրունկ, թաթի երեսը կապիչով, կաշվից երեսը սև գույնի էր։ տուֆլին տոնական էր, հագել են հարուստ ընտանիքներում։ Տուգլու մի այլ տեսակ էլ փակ էր,, ոտքին ամրացվող երեք կոճակ ուներ կողքից։ Տարածված էր արևելյան Հայաստանի տարբեր բնակավայրերում։ Կարել են տեղի կոշկակարները, ապա 1930-ական թվականներից արտադրել գործարաններում։

Յամանի, կոնդուռա[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի կեսից հայաստանում գործածվել են յամանի, կոնդուռա կոչված ոտնամանները։ Յամանին չստի ձև ուներ, հագել են աղջիկներն ու երիտասարդ կանայք տոն օրերին, եկեղեցի գնալիս։

Փայտե ոտնաման[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբին Հայաստանում կիրառվել է փայտե ոտնամանի երկու տարբերակ՝

  • չստի նման, ներբանը փայտե,
  • կաշե կապով, ներբանը փայտյա(նալիկ)։

Առաջին տեսակը կարել են կաշե երեսով։ Օգտագործել են մինչև 1917 թվականը Արևելյան Հայաստանի շրջաններում։ Երկրորդ տեսակը հագել են բաղնիքում։

Նալիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նալիկի տեսակները եեղել են սովորաբար աղջիկների օժիտի մաս, տարածված են եղել Կարինում, Կոստանդնուպոլսում, Տրապիզոնում։ Նալիկը բարձր կրունկով էր, նույնպիսի բարձրությամբ էլ թաթի տակ կար հենակ։ Մակերեսը զարդարել են սադաֆյա մանր զարդանախշ տախտակներով։ Այս տեսակը հագել են նաև Ախալցխայում, Ալեքսանդրապոլում։

Կրկնակոշիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1930-ական թվականներից Հայաստանում հագել են ռետինե ոտնաման՝ կրկնակոշիկ։ Այն հագել են և ոտնամանի վրայից, և ուղղակի գուլպայի։ Այժմ էլ գյուղերում դեռ գործածության մեջ է։

Ադելխանովի կոշիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարասկզբին հայաստանում հարգի է եղել Ադելխանովի կոշիկը, որը նման էր չստի, սակայն ավելի խորն էր։ Ուներ տափակ կրունկ, նալչով էր, կլորավուն ծայրով։ Արտադրվել է Թբիլիսիում՝ Ադելխանովի գործարանում։ Այս կոշիկը կանանց հարսանեկան ոտնամանն էր։

Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոտնամանը ունեցել է մոգական նշանակություն։ Վասպուրականում տունը չարից հեռու պահելու համար շեմի վերևում եղջյուր, հին ոտնաման են կախել։ Տուրուբերանում հարսանիքի օրը հարսնացուի կոշիկի մեջ գարնանացան ցորեն են լցրել, քաղաքում՝ մանր դրամ, որպեսզի հարսի ոտքը խերով՝ խեբարով գա կեսրանց տան վրա։ Վայոց ձորում Զատկի տոնին տղայի տնից սննդի հետ ուղարկել են մեկ զույգ կոշիկ։ Բարգահ կտրեքի մեջ հարսանիքից 8-10 օր առաջ փեսացուի հայրը բարեկամներով գնացել է հարսնացուի տուն, խնջույքից հետո որոշվել է, թե ինչ փեսափայ է տալու հայրը հարսնացուի հորը։ Կտորեղենի հետ դրվել է նաև մեկ զույգ քոշ՝ հարսի հոր համար։ Սվեդահայերի մեջ կնունքի ժամանակ երեխայի բարեկամներից մեկը կնքահորը նվիրել է էմենի կոշիկ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նազիկ Ավագյան, «Հայ ժողովրդական տարազը», Հայկական ՍՍՀ ԳԱ, Երևան, 1983։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ե․Լալայան, Ջավախք, «Ա․Հ․»,I, էջ 165։
  2. Աստվածաշունչ, գիրք առաջին թագավորութեանց, գլ․ ԺԷ(6)։
  3. Մ․ Գոշ, Դատաստանագիրք հայոց, Վաղարշապատ, ՌՅԼ (1880), էջ 267։
  4. Б․Б․ Пиотровский, Искусство Урарту, Л․ ,1962,стр․ 73,75,рис․ 43։
  5. Կ․Գ․Ղաֆադարյան, Դվին քաղաքը և նրա պեղումները, Երևան, 1952։
  6. Ե․Լալայան, Ջավախք, «Ա․Հ․», I, Ծուծի, 1895, էջ 152։
  7. Մնուկ Պ․ Ծերոն, Բարճանջ գյուղ, համայնապատում, Բոստոն, 1938, էջ 223։
  8. պ․Պռոշյան, Երկերի ժողովածու, հ․1,Երևան, 1953, էջ 110։