Խաբարովսկի երկրամաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խաբարովսկի երկրամաս, մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, ստեղծվել է 1938 թվականի հոկտեմբերի 20-ին։ Գտնվում է Հեռավոր Արևելքի հարավային կեսի կենտրոնական մասում, Խաղաղ օվկիանոսի ափին։ Սահմանակից է Չինաստանին, ողողվում է Օխոտի և Ճապոնական ծովերով, Թաթարական և Նևելսկու նեղուցներով անջատվում է Սախալինից։ Տարածությունը 787 633 Կմ2 է, բնակչությունը՝ 1 342 083 (2013)։ Բաժանվում է 2 վարչական շրջանի, 17 մունիցիպալ շրջանի, ունի 29 քաղաք, 188 գյուղ։ Կենտրոնը՝ Խաբարովսկ քաղաքն է՝ 585 556 բնակչությամբ (2012)։ 1965 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով։

Բնությունը[խմբագրել]

Ափագիծը 2500 Կմ է (կղզիները ներառյալ՝ 3390 Կմ), թույլ կտրտված։ Գերակշռում է լեռնային ռելիեֆը (ավելի քան 70%-ը)։ Հարավ-արևմուտքում Տուրանի, Էզոպի, Փոքր Իփնգանի, Բուրեյան լեռներն են (750-2640 մ բարձրությամբ), հարավ-արևելքում՝ Սիխոտե-Ալինի մի շարք լեռնաշղթաներ (700-1400 մ, բարձր գագաթը՝ Տարդոկի-Ցանի լեռն է, 2077 մ), հյուսիսում՝ Զագդի, Սելեմջայի, Մայսկի, Ստանովոյ, Սունտար-Խայատա լեռները (ամենաբարձր գագաթը երկրամասում 2933 մ է), Օխոտի ծովին զուգահեռ՝ Ուլինսկի և Զուգջուրի լեռներն են (մինչև 2000 մ), ապա՝ Ցուդոմո-Մայսկիի բարձրավանդակը (800-1200 մ), հարավում՝ Ստորին ու Միջին Ամուրյան, Էվորոն-Տուգուրյան, իսկ հյուսիսում՝ Օխոտի բարձրավանդակները։

Գետերի մեծ մասը պատկանում է Ամուրի ավազանին, ունեն տրանսպորտային և ձկնատնտեսական նշանակություն։ Շատ կան լճեր։ Խաբարովսկի երկրամասը գտնվում է տայգայի զոնայում։ Հողերը ճմապոդզոլային են, հարթավայրերում՝ մարգագետնաճահճային և ճահճային, հարավային շրջաններում՝ գորշ, հյուսիսում՝ լեռնատայգային և լեռնատունդրային։ Տարածված են փշատերև անտառները, լեռնային բարձունքներում՝ տունդրաները։ Անտառապատ է՝ 428 000 Կմ2։

Կենդանիներից կան գորշ արջ, լուսան, գայլ, աղվես, վարազ, որմզդեղն, հյուսիսային եղջերու, սկյուռ, թռչուններ։ Գետերը հարուստ են ձկներով։ Այստեղ են Բոլշե-Խեխցիրսկի և Կոմերիտմիության արգելոցները։

Կլիմա[խմբագրել]

Կլիման մուսոնային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը հարավում -22°C է, հյուսիսում՝ 30, -40°C, ծովափին՝ -18-ից -24°C, հուլիսի միջին ջերմաստիճանը ծովափին 15-20°C է, հարավային ներքին շրջաններում՝ 20-21°C։ Տեղումները հյուսիսում 400-600 մմ են, հարավում՝ 600-800 մմ, Սիխոաե-Ալինի արևելյան լանջերին՝ 1000 մմ։

Բնակչությունը[խմբագրել]

Խաբարովսկի երկրամասում բնակվում են ռուսներ (91, 8%), ուկրաինացիներ (2, 1%), հրեաներ (0, 2%), հյուսիսային փոքրաթիվ ժողովուրդներ և այլոք։ Միջին խտությունը 1 Կմ2 վրա 1, 7 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 81, 48% ։ Խիտ է բնակչությունը մարզի հարավային շրջաններում։ Խոշոր քաղաքներն են Խաբարովսկը, Ամուրի Կոմսոմոլսկը, Սովետսկայա Գավանը, Բիրոբիջանը, Ամուրսկը, Ամուրի Նիկոլաևսկը։

Արդյունաբերություն[խմբագրել]

Խաբարովսկի երկրամասը Հեռավոր Արևելքի արդյունաբերական շրջաններից է. մասնագիտանում է մեքենաշինության և մետաղամշակման, սև մետալուրգիայի, անտառային, փայտամշակման և թաղանթանյութի, թղթի արդյունաբերության, քիմիական արդյունաբերության, գունավոր մետաղների հանույթի, ձկնարդյունաբերության և նավթավերամշակման ուղղություններով։ Տալիս է Հեռավոր Արևելքի մեքենաշինության և մետաղամշակման արտադրանքի 45%-ը։ Թողարկվում են նավեր, մետաղահատ հաստոցներ, շարժիչներ, տուրբիններ, տրանսֆորմատորներ, լայն սպառման առարկաներ։

Գյուղատնտեսություն[խմբագրել]

Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ։ Զբաղվում են թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ, եղջերաբուծությամբ, մեղվաբուծությամբ, գազանաբուծությամբ և գազանորսությամբ։

Տրանսպորտ[խմբագրել]

Հիմնական տրանսպորտը երկաթուղին է (Անդրսիբիրյան մայրուղու Օբլուչիե-Իսսբարովսկ-Բիկին հատվածը)։

Մշակույթ[խմբագրել]

Կա 9 բուհ, 34 գիտական հիմնարկ, 618 գրադարան, 8 թանգարան, 4 թատրոն, 595 ակումբ, 803 կինոկայանք։ Գործում է 9 առողջարան, 2 հանգստյան տուն։ Հրատարակվում է երկրամասային 2 թերթ (1980 թվականի դրությամբ)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png