Սիբիլ Անժուացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիբիլ Անժուացի
Sibylle de Jérusalem
Դրոշ
Դրոշ
Երուսաղեմի թագուհի
1186 - 1190
Նախորդող Բալդուին V
Հաջորդող Իզաբել Անժուացի
 
Մասնագիտություն՝ միապետ
Դավանանք Քրիստոնեություն
Ծննդյան օր 1160[1]
Ծննդավայր Երուսաղեմ
Վախճանի օր 1190[2][1][3]
Վախճանի վայր Աքքա
Թաղված Երուսաղեմի թագավորություն
Դինաստիա Մոնֆերացիներ
Քաղաքացիություն  Երուսաղեմի թագավորություն
Հայր Ամորի I
Մայր Ագնես դը Կուրտենե
Ամուսին Գիլյոմ դը Մոնֆերացի
Գի դը Լուզինյան
Զավակներ որդի՝Բալդուին V
դուստրեր՝Ալիս
Մարի

Սիբիլ Անժուացի (Սիբիլ Երուսաղեմցի (անգլ.՝ Sibylle de Jérusalem, 1160[1], Երուսաղեմ, Երուսաղեմի թագավորություն - 1190[2][1][3], Աքքա), Երուսաղեմի թագուհի 1186 թվականից։ Ամորի I-ի դուստրը Ագնես դը Կուրտենեի հետ առաջին ամուսնությունից, Բալդուին IV-ի և Իզաբել Անժուացու ավագ քույրը։ Ամուսնացած է եղել Գիլյոմ դը Մոնֆերացի Երկարաթուրի հետ, որից ունեցել է որդի, ապագա արքա Բալդուին V-ին։ Գիլյոմի մահից հետո երկրորդ անգամ են ամուսնացրել՝ Գի դը Լուզինյանի հետ, քանի որ նա գահի ժառանգ էր և իր դիրքն անհրաժեշտ էր ամրապնդել ամուսնությամբ։

Սիբիլի պատանեկությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբիլը Ամորի դուստրն էր, ով Ֆուլկի և Ագնես դը Կուրտենեի որդին էր։ Երբ Ամորին բարձրանում է Երուսաղեմի գահին, Ագնեսայի հետ նրա ամուսնությունը անօրինական է համարվում՝ արյունակցական կապի պատճառով, սակայն այդ ամուսնությունից ծնված երկու երեխաներն էլ՝ Սիբիլը և նրա կրտսեր եղբայր Բալդուինը, համարվում են օրինական զավակներ[4]։

Սիբիլը մեծանում է Բեթղեհեմի մենաստանում, Յովետա տատի՝ թագուհի Մելիսենդաի կրտսեր քրոջ, հսկողության տակ[5]։ 1169 թվականին Ամորի I-ը Տյուրոսի արքեպիսկոպոս Ֆրեդերիկ դե լա Ռոշին դեսպանությամբ ուղարկում է Եվրոպա, մյուս գործերի հետ միաժամանակ Սիբիլի համար արժանի ամուսնություն կազմակերպելու հանձնարարությամբ։ Քանի որ նրա եղբայր Բալդուինը անբուժելի հիվանդ էր բորոտությամբ և թագավորությանը չէր կարող ժառանգ տալ, Սիբիլից էր կախված տոհմի շարունակությունը, իսկ նրա ապագա ամուսինը պետք է դառնար թագավորության պաշտպանը[4]։ Ֆրեդերիկ դե լա Ռոշը նրա ձեռքը առաջարկում է Ստեֆան Սանսերացում։ Ստեֆանը համաձայնվում է ամուսնանալ Սիբիլի հետ, սակայն, հայտնվելով Երուսաղեմում, անհայտ պատճառներով, փոխում է որոշումը և վերադառնում է Ֆրանսիա։ Հնարավոր պատճառներից կարող է հանդիսանալ այն, որ նա վասալային երդում էր տվել Բյուզանդիայի կայսր Մանուիլ I Կոմնենոսին, որը նա, հնարավոր է, պետք է դրժեր, եթե դառնար Երուսաղեմի արքա[6]։

Ամուսնություն Գիլյոմ դը Մոնֆերացու հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամորի I-ի մահից հետո, 1174 թվականին, գահը ժառանգում է Բալդուին IV-ը՝ սկզբից սենեշալ Միլ դը Պլանսիի խնամակալության տակ, իսկ այնուհետև Տրիպոլիի կոմսության կոմս Ռայմունդ III-ի։ 1176 թվականի աշնանը տասնվեցամյա Սիբիլը ամուսնանում է Գիլյոս դը Մոնֆերացու հետ՝ «Երկարաթուր» մականունով, Խաչակրաց երկրորդ արշավանքի մասնակից Վիլհելմ V Մոնֆերացու որդին, Ֆրանսիայի արքա Լուի VII Երիտասարդ-ի և Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Ֆրիդրիխ I Շիկամորուսի ազգական[7]։ Գիլյոմը հասցրել էր արժանանալ ասպետական փառքի, ինչի մասին հավաստում է նրա մականունը։ Որպես օժիտ Գիլյոմը ստանում է Երուսաղեմի թագավորության հպատակ պետություն Յաֆայի և Ասկալոնի դքսությունը։ Գիլյոմը՝ խիզախ մարտիկ և ուղղամիտ մարդ, դյուրագրգիռ և բռնության նկատմամբ հակում ունեցող է լինում նաև մարտի դաշտից դուրս[8], սակայն նրա այդ հաիտկությունները ոչ մի կերպ չեն հասցնում ազդել Երուսաղեմի թագավորության ճակատագրի վրա։ Սիբիլի և Գիլյոմի ամուսնությունը տևում է ընդամենը յոթ ամիս։ 1177 թվականի ամռանը Գիլյոմը մահանում է մալարիայից, սակայն հասցնելով որդի բեղմնավորել, ով լույս աշխարհ է գալիս նրա մահից մի քանի ամիս անց[9]։ Ավանդույթի համաձայն, Սիբիլը որդուն անվանում է Բալդուին։

Ամուսնություն Գի դը Լուզինյանի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

1177 թվականի օգոստոսի 2-ին Երուսաղեմ է ժամանում արքա Ֆիլիպ Էլզասցու ազգական կոմս Ֆլանդրիացին, ով պահանջում է, որ թագուհին ամուսնանա նրա վասալներից մեկի հետ։ Բարձրագույն կուրիան՝ Երուսաղեմի դատական և օրենսդրական իշխանության մարմինը, մերժում է նրա պահանջը, իսկ Բալդուին դը Իբելինը՝ Երուսաղեմի ազդեցիկ բարոններիցծ մեկը, ով, համաձայն պատմագիրների, ինքն էր տենչում այրի արքայադստեր ձեռքը, Ֆիլիպին հրապարակային վիրավորանք է հասցնում, որից հետո Ֆիլիպը հոկտեմբերին լքում է Երուսաղեմը և ուղևորվում դեպի հյուսիս, մարտնչելու մուսուլմանների դեմ Անտիոքի կողմից[10]։

Սիբիլի և Գի դը Լուզինյանի ամուսնությունը (մանրանկար, 13-րդ դար)

Սիբիլի այրիությունը տևում է երեք տարի։ Սկզբում թագուհու ամուսնության բանակցություններ էին ընթանում Բուրգունդիայի հերցոգ Հուգո III-ի հետ, սակայն դրանք հաջողություն չեն ունենում։ 1180 թվականի ամռանը, երբ վտանգ է առաջանում, որ Սիբիլի հաջորդ ամուսնուն կընտրեն նրա հարազատներ Բոհեմունդ Անտիոքցին և Ռայմունդ III Տրիպոլցին, արքան որոշում է ընդունում նրան կնության տալ վերջերս Արևելք ժամանած Գի դը Լուզինյանին՝ Երուսաղեմի կոնետաբլ Ամորի դը Լուզինյանի եղբորը և Անգլիայի թագավոր Հենրի II Պլանտագենետի վասալին, ով Բալդուինին խորթ եղբայր էր գալիս հայրական կողմից։ Բալդուինն անձամբ է ընդունում քրոջը ամուսնացնելու որոշումը, չնայած Տրիպոլիի դքսի և իբելինների ընտանիքի ակտիվ հավանություն չտալուն։ Նույն թվականին Բալդուինը նշանադրում է իր խորթ քրոջը՝ ութամյա արքայադուստր Իզաբելին, իր հավատարիմ ազնվական Օնֆրուա IV-ի հետ՝ Տորոնի լորդի։ Իզաբելին վերցնում են մորից և Իբելիններից և դաստիարակության են հանձնում փեսացուի ընտանիքին՝ Ռենո դը Շատիլյոնին և Ստեֆանիա դը Միլին։

Սիբիլը Գիի հետ ամուսնությունում ունենում է երկու դուստր՝ Ալիս և Մարի (նրանց ծննդյան ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն)։ Սկզբնական շրջանում Բալդուինը ամբողջությամբ վստահում էր նրա ամուսնուն։ 1183 թվականին, իր անգործունակության պատճառով, այդ ժամանակ նա ամբողջությամբ կուրացել էր և դժվարությամբ էր քայլում, Բալդուինը նրան նշանակում է թագավորության խնամակալ[11]։ Սակայն, նույն թվականի նոյեմբերին Գին, ով գլխավորելով քրիստոնեական բանակը հանդիպում է ներխուժած Սալահ ալ-Դինի բանակին և նրան թույլ տալով առանց մարտի նահանջելու, անբարյացակամների կողմից մեղադրվում է քաջության անբավարարության համար[12]։ Արքան, ունկնդրելով այդ ձայներին, փեսային տույժի է ենթարկում։ Նա Գիին հեռացնում է իշխանությունից և, որպեսզի կանխարգելի դեպի գահը նրա ճանապարհները, իր ժառանգորդ է հայտարարում Բալդուին դը Մոնֆերացուն՝ Սիբիլի հնգամյա որդուն առաջին ամուսնությունից։ Նա Բալդուինի անձնական խնամակալ է նշանակում իր քեռուն՝ Ժասլեն դը Կուրտենեին[13], իսկ թագավորության նոր կոնետաբլ է նշանակում Տրիպոլիի դուքսին, շնորհելով նրան Բեյրութը՝ ծախսերի վճարների համար[14]։ Բացի այդ, 1184 թվականի սկզբին նա փորձում էր տասնել Սիբիլի և Գիի ամուսնության խզմանը[4][13]։ Այնուամենայնիվ, չնայած նրան, որ Գին գտնվում էր տույժի մեջ, արքայի անբարեհաճությունը չոր տարածվում քրոջ վրա։ Համաձայն արքայի ցուցումների, մինչև չափահասության տարիք հասնելը Բոլդուին V-ի մահվան դեպքում, նրա ժառանգորդուհին պետք է դառնար քույրերից մեկը՝ Սիբիլը կամ Իզաբելը։ Համատեղ ուժերով ընտրությունը պետք է կատարեին Անգլիայի և Ֆրանսիայի արքաները, Սրբազան Հռոմեական կայսրության կայսրը և Հռոմի Պապը[15]։

Պայքար գահի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

1185 թվականի մարտի 16-ին Բալդուին IV-ը մահանում է։ Գահը, ինչպես և պայմանավորված էր ավելի վաղ, ժառանգում է Սիբիլի որդի Բալդուին V-ը, Տրիպոլիի կոմսի խնամակալությամբ։ Յոթնամյա արքայի անձնական թիկնապահն է մնում Ժոսլեն III-ը, Եդեսիայի կոմսը[14]։ Բացի այդ, Երուսաղեմ է ժամանում Բալդուինի պապը՝ Գիլյոմ V-ը, Մոնֆերի դուքսը, որպեսզի աջակցություն ցուցեբերի թոռանը։ Սակայն Բալդուինը հիվանդագին երեխա էր մեծանում և 1186 թվականի ամռանը նա մահանում է Աքքայում։

Սիբիլը թագադրում է Գի դը Լուզինյանին

Ժոսլեն III-ը և դուքս Մոնֆերացին Բալդուինի մարմինը տանում են Երուսաղեմ և նրան թաղում են Տիրոջ Գերեզմանի Տաճարում։ Տրիպոլիի կոմսը ներկա չի գտնվում թաղման արարողությանը։ Երկյուղելով ազդեցության կորստից, նա ուղևորվում է Նաբլուս և խորհուրդ է հրավիրում, որին ներկա էին իրեն նվիրված բարոններ։ Թագավորությունում տարաձայնություն էր հասունանում։ Ազնվականների համակրանքը բաժանվում էր՝ Ռենո դը Շատիլյոնը և այլ բարոններ օրինական ժառանգորդ էին համարում Սիբիլին, Ռայմունդ III-ի կողմնակիցները՝ այրիացած թագուհի Մարիա Կոմնենեն, իսկ Իբելինները ցանկանում էին գահին տեսնել Մարիայի դուստր Իզաբելին[16]։

Սիբիլի հակառակորդները հայտարարում են, որ նա իրավունք չունի հավակնելու գահին, քանի որ այն բանի արդյունքում, որ նրա ծնողների ամուսնությունը չեղարկվել է, նա համարվում է անօրինական ծնունդ։ Սակայն այդ մեղադարնքը ուժ չուներ։ Դեռևս 1163 թվականին Երուսաղեմի եկեղեցին Սիբիլին ճանաչում է Ամորի I-ի օրինական ժառանգորդուհի։ Արդյունքում, չնայած մի կողմի բողոքներին և մյուս կողմի աջակցությամբ, Բարձրագույն կուրիան որոշում է ընդունում Երուսաղեմի գահը հանձնել Սիբիլին։ Նրա դիրքերը ամրապնդվում են, երբ Օնֆրուա IV-ը, Իզաբելի ամուսինը և Ռենո դը Շատիլյոնի որդեգիրը, անձամբ ժամանում է Երուսաղեմ, նրան և Գի դը Լուզինյանին հավատարմության երդում է տալիս, այդպիսով հրաժարվելով գահին տիրելու հավակնություններից[16][17]։

Բարձրագույն կուրիան պայման է դնում, որ թագադրումը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե Սիբիլը ամուսնալուծվի Գի դը Լուզինյանի հետ։ Նոր ամուսնու ընտրությունը թողնվում է նրա հայեցողությանը և Սիբիլը թագադրվում է որպես Երուսաղեմի միանձնյա կառավարչուհի։ Արդյունքում բարոնների պայմանները չեն իրագործվում՝ ստանձնելով գահը, Սիբիլը հայտարարում է, որ որպես ամուսին ընտրում է Գի դը Լուզինյանին և թագադրում է նրան[4][17]։

Սիբիլի թագավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբիլը և Գի դը Լուզինյանը Տյուրոսի պատերի տակ (մանրանկար, XIII դար)

Սիբիլի և Գիի կառավարման ժամանակ թագավորությանը հիմնական վտանգ էր ներկայացնում Սալահ ալ-Դինը, ում բանակները սրընթացորեն գրավում էի քրիստոնեական տարածքներ։ 1187 թվականի հուլիսի 4-ին Գիի և Ռայմունդ III-ի ղեկավարությամբ քրիստոնյաների և Սալահ ալ-Դինի միջև տեղի է ունենում Հաթթինի ճակատամարտը։ Այդ հակամարտությունում մուսուլմանները վճռական հաղթանակ են տանում և գերի են վերցնում բազմաթիվ ռազմիկների, այդ թվում և Գի դը Լուզինյաին։ 1187 թվականի սեպտեմբերին Սալահ ալ-Դինը պաշարում է Երուսաղեմը և Սիբիլը անձամբ է գլխավորում քաղաքի պաշտպանությունը, պատրիարք Իրակլիի և Բալիան դ'Իբելինի աջակցությամբ[18], ովքեր ողջ էին մնացել Հաթթինի ճակատամարտում։ Սակայն քաղաքը չի կարողանում դիմադրել մուսուլմանների ճնշմանը և 1187 թվականի հոկտեմբերի 2-ին քաղաքը հանձնվում է թշնամուն։ Սիբիլը դուստրերի հետ փախչում է Տրիպոլի։

1188 թվականի ամռանը Սիբիլը Գիին փրկագնում է գերութունից, ամուսնու փոխարեն Սալահ ալ-Դինին հանձնելով Ասկալոնը[18]։ 1189 թվականին նա Գիի հետ ուղևորվում է Տյուրոս, միակ քաղաքը, որը մինչ այժմ չէր ենթարկվել մուսուլմաններին։ Տյուրոսի պաշտպանությունը ղեկավարում էր Կոնրադ Մոնֆերացին, Սիբիլի առաջին ամուսնու եղբայրը։ Նա իր շուրջն է հավաքում Գիի դեմ տրամադրված բարոնների խումբ և հրաժարվում է ամուսիններին քաղաք թողնել և նրանց հանձնել իշխանությունը։ Բալդուին IV-ի կամքի համաձայն, Կոնրադը մտադրված էր սպասել Եվրոպայից արքաների ժամանմանը և նրաց տրամադրել ընտրությունը՝ ում կհասնի իշխանությունը թագավորությունում։ Այդ ժամանակ Գին գլխավորում է ասպետների փոքրիկ ջոկատը, Սիբիլի հետ միասին օգոստոսի վերջին ուղղություն է վերցնում դեպի Աքքա և պաշարում է քաղաքը (ավելի ուշ նրան է միանում խաչակրաց երրորդ արշավանքի բանակը)[18][19]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աքքայի պաշարումը տևում է երկու երկարատև տարիներ։ 1190 թվականի ամռանը ճամբարում համաճարակ է բռնկվում, որը սկզբում խլում է Սիբիլի երկու դուստրերի կյանքը, իսկ այնուհետև նաև անձամբ նրա։ Սիբիլը մահանում է 1190 թվականի հուլիսին կամ օգոստոսին (հավանաբար դա տեղի է ունեցել հուլիսի 25-ին), երեսուն տարեկան հասակում[19]։ Կոնրադ դը Մոնֆերացին անմիջապես Գի դը Լուզինյանին մեղադրում է նրանում, որ նա թունավորել է կնոջը և դուստրերին[20]։ Իզաբելին, Սիբիլի խորթ քրոջը, նրա մայր Մարիա Կոմնենեն շուտով ստիպում է բաժանվել Օնֆրուա IV-ից և ամուսնանալ Կոնրադի հետ, որպեսզի այդ զույգը այլընտրանք դառնա Գի դը Լուզինյանի, որպես հավակնորդ երուսաղեմյան գահին[19]։ Կոնրադ դը Մոնֆերացին որոշում է թագադրվել ողջ արքայի դեպքում, սակայն 1192 թվականի ապրիլի 28-ին հրապարակայնորեն սպանվում է ասասինների կողմից։ Երուսաղեմի հաջորդ տիրակալ (սակայն ոչ արքա) դառնում է Հենրիխ II Շամպայնցին, ով ամուսնանում է այրիացած Իզաբելի հետ, Գի դը Լուզինյանից հետո գահի միակ ժառանգորդուհին (Գի դը Լուզինյանը հանդիսանում էր Երուսաղեմի արքան մինչև 1194 թվականին իր մահը), նրանից ստանալով Երուսաղեմի թագավորությունը ղեկավարելու ցմահ արտոնություն։

Ամուսնություններ և երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիբիլի կերպարը Երուսաղեմյան մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավելի ուշ ժամանակների տարեգիրների աշխատանքներում Սիբիլ Անժուացու կերպարը հարմարեցվում է ասպետական վեպերի համար սովորական ուրվագծերին։ Նրա կերպարին հաղորդվում են գծեր, որոնք հեղինակների ենթադրություններում սազական են կատարյալ թագուհուն՝ ամուսնական հավատարմություն, իմաստություն, բարեգործություն, բարեպաշտություն, Եկեղեցու նկատմամբ առատաձեռնություն։ Համաձայն Ռոջեր Հովեդենսկու, նա ոչ մի քայի չէր ձեռնարկում առանց աղոթքի և Աստվածաշնչից հատվածի։ Միևնույն ժամանակ նա ցուցադրում է շաբլոնային «կանացի» խորամանկություն, մասնավորապես, Գի դը Լուզինյանի հետ կրկնակի ամուսնության դրվագում։ Այդ դեպքում, երբ նրան արգելում են ակտիվ դերակատարում ունենալ կարևոր հարցերի լուծման ժամանակ, նա իր նպատակին հասնում է շրջանցիկ ճանապարհով։ Ռոջեր Հովեդենսկու կողմից ստեղծված կատարյալին մոտ կերպարը իր արտացոլումն է գտնում ավելի ուշ աշխատություններում, հիմնականում անգլո-նորմանական հեղինակների մոտ։ Ֆրանսիական տարեգիրները, սկսած Էռնուլից, Իբելինների տոհմի կողմնակցի, նրան պատկերում են ավելի քննադատական գույներում, սակայն Երուսաղեմի թագավորության պատմության ռոմանտիկական տարբերակում, ստեղծված XIII դարի կեսերին Ֆրանսիայում, այսպես կոչված Ռեյմյան Մենեստրելի կողմից, նրա կերպարը նույնպես իդեալականացվում է նրա հետ, որպեսզի ավելի ուժեղ ընդգծվի նրա թշնամիների ստորությունը և անարգությունը, ովքեր այս ստեղծագործությունում ցույց են տրվում որպես դավաճաններ[4]։

Ժամանակակից գրական ստեղծագործություններում, որտեղ հիշատակվում է Սիբիլը՝ Սոֆիա Կոսակ-Շուցկու «Բորոտ արքա», Գրեմ Շելբիի «Մութ փառքի ասպետներ» և Սեսիլիա Հոլլանդի «Երուսաղեմ»։ Հոլլանդը Սիբիլին դարձնում է իր վեպի գլխավոր հերոսուհին, որտեղ պատմվում է նրա մտացածին սիրո մասին ասպետ-տամպլիերի հանդեպ[21]։

2005 թվականի «Երկնային արքայություն» կինոֆիլմում Սիբիլը, ում դերը խաղում է Եվա Գրինը, ցույց է տրվում Գի դը Լուզինյանի հետ ամուսնությունում դժբախտ և սիրահարված Բալիան Իբելինին (ում հետ ֆիլմի վերջում հեռանում է Ֆրանսիա)[22]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  3. 3,0 3,1 3,2 Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Nicholson, Helen J. 'La roine preude femme et bonne dame': Queen Sibyl of Jerusalem (1186-1190) in history and legend, 1186-1300(անգլ.) // S. Morillo, D. Korngiebel. The Haskins Society Journal. — Woodbridge: Boydell Press, 2006. — Т. XV. — С. 110-125. — ISBN 1-84383-198-8. — ISSN 0963-4959.
  5. Hamilton (2005), p. 26.
  6. Hamilton (2005), pp. 30-31.
  7. Hamilton (2005), p. 101.
  8. Busk, p. 208.
  9. Росси, с. 4.
  10. Hamilton (2005), p. 125-126.
  11. Росси, с. 5.
  12. Busk, p. 215.
  13. 13,0 13,1 Hamilton (1978), p. 170.
  14. 14,0 14,1 Росси, с. 6.
  15. Росси, с. 7.
  16. 16,0 16,1 Hamilton (1978), p. 171.
  17. 17,0 17,1 Росси, с. 9.
  18. 18,0 18,1 18,2 Г. Росси, с. 15.
  19. 19,0 19,1 19,2 Hamilton (1978), p. 172.
  20. Busk, p. 278.
  21. «Иерусалим» Сесилии Холланд на сайте Amazon.com (անգլ.)
  22. Scott Alan Metzger. The Kingdom of Heaven: Teaching the Crusades(անգլ.) // Social Education. — September 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սիբիլ Անժուացու նամակը Ֆրիդրիխ I Շիկամորուսին
  • «Sibylle» genealogie-mittelalter.de կայքում (գերմ.)
  • Գալինա Ռոսսի. «Գի դը Լուզինյան - Երուսաղեմի վերջին արքան». Портал «Монсальват». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 13-ին.
Նախորդ Հաջորդ
Բալդուին V
Երուսաղեմի թագուհի

Գի դը Լուզինյանի հետ համատեղ 1186-1190
Իզաբել Անժուացի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիբիլ Անժուացի» հոդվածին։