Սաֆիե սուլթան
Սաֆիե սուլթան թուրքերեն՝ Safiye Sultan օսման.՝ صفیه سلطان | ||
Սաֆիե սուլթանի թյուրբեն, որը գտնվում է Մուրադ III–ի դամբարանի կողքին՝ Սուրբ Սոֆիայի տաճարում | ||
| ||
---|---|---|
1595 թվականի հունվարի 15 - 1603 թվականի դեկտեմբերի 22 | ||
Նախորդող | Նուրբանու Սուլթան | |
Հաջորդող | Խանդան սուլթան | |
Մասնագիտություն՝ | ստրուկ | |
Դավանանք | Կաթոլիկություն → Իսլամ Սուննի իսլամ | |
Ծննդյան օր | մոտ 1550 թվական | |
Ծննդավայր | Ալբանիա | |
Վախճանի օր | 1618/1619 | |
Վախճանի վայր | Էդիրնե Օսմանյան կայսրություն | |
Թաղված | Սուրբ Սոֆիայի տաճար | |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն | |
Ամուսին | Մուրադ III | |
Զավակներ | որդիներ՝ Մահմուդ[1], Մեհմեդ III[1]; դուստրեր՝ Այշե սուլթան[1], Ֆաթմա սուլթան[1] | |
Սաֆիե Սուլթան (թուրքերեն՝ Safiye Sultan, մոտ 1550[2], Dukagjin, Ալբանիա - նոյեմբերի 10, 1618, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն)՝ օսմանյան սուլթան Մուրադ III–ի հարճն ու Մեհմեդ III-ի մայրը։ Մեհմեդի օրոք կրել է վալիդե սուլթանի տիտղոսը (սուլթանի մայր) և Օսմանյան կայսրության կարևորագույն դեմքերից մեկն է եղել։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաֆիեի՝ որպես վալիդե վարած քաղաքականության պատճառով նրա ծագումը հաճախ կապում են սկեսուրի՝ վենետիկուհի Նուրբանու սուլթանի ծագման հետ[3]․ այս երկու սուլթանուհիների ազգակցական կապի վարկածի համաձայն՝ Սաֆիեն Լեոնարդո Բաֆոյի՝ Կորֆուի վենետիկյան նահանգապետի դուստրն էր, գերի էր վերցվել մուսուլման ծովահենների կողմից և 1562 թվականին հանձնվել սուլթանական հարեմ։ Սակայն, ամենայն հավանականությամբ, աղջիկը ծնունդով ալբանական Ռեզի գյուղից է եղել, որը գտնվում էր Դուկագինյան լեռնաշխարհում[4][5][6][7]։
Աղջիկը գնվել է Միհրիմահ սուլթանի՝ սուլթան Սուլեյման I-ի և Հյուրեմ սուլթանի դստեր կողմից, ով 1563 թվականին աղջկան նվիրել է իր զարմիկին՝ ապագա սուլթան Մուրադ III-ին։ Այդ ժամանակ աղջիկը մոտ տասներեք տարեկան է եղել[8]։ Մուրադի հարեմում աղջիկը ստացել է Սաֆիե անունը և դարձել Օսմանյան գահաժառանգի հարճը։ 1566 թվականին Սաֆիեն ծնել է իր առաջին որդուն՝ ապագա սուլթան Մեհմեդ III–ին։
Սուլթանի ֆավորիտուհի
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև Մուրադ III-ի գահակալելը և դրանից հետո ևս երկար տարիներ Սաֆիեն եղել է նրա միակ հարճը։ Նուրբանու սուլթանը որդուն խորհուրդ է տվել ի շահ դինաստիայի այլ հարճեր ևս ունենալ, քանի որ 1581 թվականի դրությամբ ողջ է եղել միայն մեկ շեհզադե՝ Մուրադի և Սաֆիեի որդին՝ Մեհմեդը[9]։ Սաֆիեի ծնած մյուս որդիները մահացել են վաղ մանկական տարիքում, ծնվելուց հետո կամ դրանից շատ չանցած։ 1583 թվականին Նուրբանուն Սաֆիեին մեղադրել է կախարդության մեջ, որով իբր Մուրադը իմպոտենտ է դարձրել՝ անկարող նոր հարճ վերցնելու. Սաֆիեի մի քանի ծառաներ ձերբակալվել և խոշտանգվել են[10]։ Դրանից կարճ ժամանակ անց Մուրադի քույրը՝ Էսմեհան սուլթանը, եղբորը երկու գեղեցիկ ստրկուհիներ է նվիրել, որոնց նա ընդունել և դարձրել է իր հարճերը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Մուրադը քսան որդիների և քսանյոթ դուստրերի հայր է դարձել[4]։
Վենետիկյան զեկույցներում խոսվում է այն մասին, որ չնայած Մուրադի և այլ կանանց միջև կապերի պատճառով նախնական դառնությանը, Սաֆիեն արժանապատվորեն է պահել իրեն և խանդ ցույց չի տվել Մուրադի հարճերի նկատմամբ։ Ավելի ուշ Սաֆիեն ինքն էր հարեմի համար գեղեցիկ ստրուկներ գնում՝ դրանով արժանանալով սուլթանի երախտագիտությանը, ով շարունակում էր գնահատել նրան և խորհրդակցել նրա հետ քաղաքական հարցերի շուրջ, հատկապես Նուրբանուի մահից հետո։ Մուրադի կյանքի և կառավարման վերջին տարիներին Սաֆիեն կրկին դարձել է նրա միակ հարճն ու ուղեկիցը։ Ըստ վենետիկյան և անգլիական դեսպանների, չնայած սուլթանի վրա Սաֆիեի ունեցած մեծ ազդեցությանը, Մուրադն այդպես էլ նրան իր օրինական կինը չի դարձրել, թեև պատմաբան Մուստաֆա Ալին հակառակն է պնդում[4]։ Կարծիք կա, որ իր մոր թշնամիներն են Մուրադին հետ պահել Սաֆիեի հետ ամուսնությունից, քանի որ կարծում էին, որ այդ դեպքում սուլթանը երկար չի ապրի՝ ինչպես և իր հայրը[9]։
1594 թվականի ընթացքի՝ դեսպանների կողմից արված հայտարարությունների համաձայն՝ Մուրադը դժգոհ էր իր ավագ որդու ժողովրդականությունից, հատկապես ենիչերիների շրջանում, որոնք չէին սիրում գիրությունից անդյուրաշարժ դարձած սուլթանին, և վախենում էր, որ նա իրեն գահընկեց կանի։ Հայտնի է, որ Սաֆիեն որդուն զգուշացրել է հնարավոր սպանության մասին, ինչը, սակայն, տեղի չի ունեցել[9]։
Վալիդե սուլթան
[խմբագրել | խմբագրել կոդը]1595 թվականին Մուրադ III–ի մահով Սաֆիեն դարձավ վալիդե սուլթան՝ որդու՝ Մեհմեդ III–ի օրոք, հետագայում Սաֆիեն դարձավ Օսմանյան կայսրությունում սուլթանի ամենահզոր մայրերից մեկը։ Մինչև Մեհմեդ III–ի մահը՝ 1603 թվականը, երկրի քաղաքականությունը որոշում էր կուսակցությունը, որը գլխավորում էր Սաֆիեն Գազանֆեր աղայի՝ սպիտակ ներքինիների ղեկավարի, և Էնդերունի ղեկավարի հետ համատեղ[11]։
Դառնալով վալիդե՝ Սաֆիեն հսկայական իշխանություն և մեծ եկամուտ ստացավ․ Մեհմեդ III-ի կառավարման երկրորդ կեսին Սաֆիեն օրական ստանում էր միայն 3000 ակչե ռոճիկ։ Բացի դա, եկամուտ էին բերում նաև վալիդե սուլթանի կարիքների համար տրամադրված հողերը։ Երբ Մեհմեդ III–ը 1596 թվականին գնաց Հունգարիա արշավի, նա իր մորը տվեց երկրի գանձարանի կառավարման իրավունքը։ Իր պաշտոնավարման ընթացքում Սաֆիեն որդուն համոզեց մեծ վեզիրի պաշտոնում նշանակել իր փեսային՝ Իբրահիմ փաշային[12]։ Կայսրության գլխավոր պաշտոնում փեսայի նշանակումը այդքան էլ հաջողված չէր․ անգլիական դեսպանի քարտուղարը գրել է, որ Սաֆիեն մի անգամ պալատից «միասին լողացող մի քանի նավակներ է տեսել Բոսֆորի վրա։ Մայր–թագուհին ծառային ուղարկել է պարզելու, թե ինչ է կատարվում, նրան ասել են, որ վեզիրը արդարադատություն է իրականացնում անառակ կանանց նկատմամբ»։ Դժգոհ Սաֆիեն հաշիվ է պահանջել փեսայից և հայտնել, որ իր որդին նրան թողել է քաղաքը կառավարելու, այլ ոչ թե կանանց ոչնչացնելու համար[13]։
Որպես վալիդե Սաֆիեն իշխանական խոշոր ճգնաժամ ապրեց քիրա Էսպերանսա Մալհիից ունեցած կախյալության պատճառով[14]։ Քիրաներ սովորաբար դառնում էին ոչ իսլամական հավատքի կանայք (սովորաբար՝ հրեա), ովքեր հանդես էին գալիս որպես բիզնես գործակալ, քարտուղար և միջնորդ հարեմի կանանց և արտաքին աշխարհի միջև։ 1600 թվականին Էսպերանսայի և նրա որդու, ովքեր ավելի քան 50 միլիոն ակչեի հարստություն էին կուտակել, ազդեցությամբ սիպահները ապստամբեցին սուլթանի մոր դեմ։ Սաֆիեն թույլ էր տվել իր քիրային գումար վաստակել ողջ հարեմից և նույնիսկ ձեռքը հասցնել գանձարանին։ Արդյունքում, Մալհին որդու հետ միասին դաժանորեն սպանվեց սիպահների կողմից։ Մեհմեդը հրամայեց մահապատժի ենթարկել ապստամբների պարագլուխներին, որովհետև քիրայի որդին Սաֆիեի խորհրդականն էր և, այդպիսով, հենց սուլթանի ծառան։ Քանի որ զինվորները կարող էին կասկածել, որ վալիդեն ավելորդ ազդեցություն ունի սուլթանի վրա, Սաֆիեի խորհրդով մահապատժի մասին հրամանագրերը ստորագրեց մեծ վեզիրը[15]։
Սաֆիեն մեծ դեր է խաղացել իր թոռան՝ Մահմուդի մահապատժի մեջ 1603 թվականին. հենց Սաֆիեն է որսացել Մահմուդի մորը՝ Հալիմե սուլթանին կրոնական կանխատեսի կողմից ուղարկած հաղորդագրությունը, որում ասվում էր, որ Մեհմեդ III-ը մահանալու է վեց ամսվա ընթացքում և նրան փոխարինելու է նրա ավագ որդին։ Անգլիացի դեսպանի գրառումների համաձայն, Մահմուդը հիասթափված է, որ «հայրը գտնվում է ծեր սուլթանուհու, իր տատիկի իշխանության տակ, և պետությունը փլուզվում է, քանի որ նա ոչինչ չի հարգում, բացի փող ստանալու սեփական ցանկությունը, ինչի մասին հաճախ է ողբում իր մայրը [Հալիմե սուլթանը]», ով «թագուհի-մոր սրտով չի»[16]։ Սուլթանը որդուն սկսել էր կասկածել դավադրության մեջ, խանդել շեհզադեի ժողովրդականությանը և հրամայում է խեղդել Մահմուդին։
1603 թվականի դեկտեմբերին Մեհմեդ III-ը մահացավ և սուլթան դարձավ նրա՝ Խանդան սուլթանից ծնված որդին՝ Ահմեդ I–ը։ Նրա առաջին որոշումներից մեկը եղավ Սաֆիեին իշխանությունից զրկելը. վերջինս 1604 թվականի հունվարին աքսորվեց Հին պալատ[17]։ 1617 թվականին Ահմեդ I-ի մահից հետո գահին նստեց նրա եղբայր Մուստաֆա I-ը, որի մայրը՝ Հալիմե սուլթանը, որպես վալիդե օրական 3000 ակչե սկսեց ստանալ։ 1618 թվականին Մուստաֆա I-ը գահից հեռացվեց. Հալիմեն ուղարկվեց Հին պալատ, որտեղ սկսեց ստանալ միայն 2000 ակչե։ Հալիմեի՝ Հին պալատում գտնվելու առաջին ամիսներին Սաֆիեն դեռ կենդանի է եղել և հիշատակվել է 1618 թվականի նոյեմբերի աշխատավարձի վճարման փաստաթղթերում. որպես ավագ վալիդե՝ Սաֆիեն օրական 3000 ակչե է ստացել։ Քանի որ Հին պալատում Սաֆիեի կյանքի մասին հետագա տեղեկություններ չկան, կարելի է ենթադրել, որ նա մահացել է 1618 թվականի վերջին–1619 թվականի սկզբին[18]։ Սաֆիեն թաղվել է Այա Սոֆիա մզկիթում, Մուրադ III-ի դամբարանում։
Արտաքին քաղաքականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաֆիեն, ինչպես և իր նախորդը՝ Նուրբանուն, հիմնականում վարել է վենետիկամետ քաղաքականություն և պարբերաբար միջնորդել է Վենետիկի դեսպաններին, որոնցից մեկը՝ Լորենցո Բերնարդոն, սենատում նրան նկարագրել է որպես «խոսքի տեր կին, հուսալի... և ես հայտնում եմ, որ միայն նրանում եմ ես գտել ճշմարտությունը Կոստանդնուպոլսում։ Ես միանգամայն խելամիտ եմ համարում պահպանել նրա դիրքորոշումը մեր հանդեպ՝ նրան առիթից–առիթ ինչ-որ հիասքանչ բաներ մատուցելով, որոնք կարող են նրան երախտագիտության զգացում պարգևել»[19][20]։
Սաֆիեն լավ հարաբերություններ ուներ նաև Անգլիայի հետ։ Նա Մեհմեդ III-ին համոզել է դեպի Հունգարիա արշավանքին իր հետ վերցնել անգլիական դեսպանին[21]։ Բացի այդ, Սաֆիեն անձնական նամակագրություն է վարել թագուհի Եղիսաբեթ I-ի հետ և նրա հետ նվերներ է փոխանակել։ Այսպես, Սաֆիեն նվեր է ստացել անգլիական թագուհու դիմանկարը՝ «արծաթե գործվածքից երկու զգեստի, արծաթե գործվածքից մեկ գոտու և ոսկե երիզով երկու թաշկինակի դիմաց»[22]։ 1599 թվականին գրված մի նամակում Սաֆիեն պատասխանում է կայսրությունների միջև լավ հարաբերությունների մասին Եղիսաբեթի առաջարկին՝ «Ես ստացել եմ ձեր նամակը... Աստված տա, ես միջոցներ կձեռնարկեմ այն ամենի համար, ինչ գրել եք։ [Աստծո կամոք ես] թող բարի սիրտ ունենամ այդ առումով։ Ես անընդհատ հորդորում եմ իմ որդուն՝ Փադիշահին, գործել համաձայն պայմանագրի։ Ես չեմ անտեսում այդ մասին խոսել նրա հետ։ Աստված կտա, դուք վիշտ չեք զգա այս առումով։ Գուցե դուք նույնպես միշտ ամուր լինեք բարեկամության մեջ։ Աստված տա, մեր բարեկամությունը երբեք չմեռնի։ Դուք մի կառք եք ուղարկել ինձ, և այն տեղ է հասել։ Ես ընդունում եմ այն հաճույքով։ Ես ևս Ձեզ որպես նվեր ուղարկել եմ խալաթ, լայնագոտի, ոսկե ասեղնագործությամբ երկու մեծ սրբիչներ, երեք թաշկինակներ, և ռուբինե ու մարգարտյա խույրեր։ Հուսով եմ, որ Դուք կներեք [շնորհների աննշան լինելու համար]»[23]։ Փակ կառքով, որի մասին Սաֆիեն խոսում է նամակում, նա հաճախ էր մեկնում քաղաք, ինչով առաջացնում էր ժողովրդի դժգոհությունը. շքեղ կառքը անհարիր էր համարվում հարեմի կանանց համար։ Սաֆիեի և Եղիսաբեթի միջև նամակների և նվերների փոխանակումը, ի տարբերություն դիվանագիտական, տնտեսական կամ ռազմական հարաբերությունների պահպանման նպատակով փոխանակման, ցույց է տալիս սուլթանուհու և թագուհու համարժեք հզորությունը[24]։
Շինարարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաֆիեն հայտնի է նաև Էմինյոնյուում Նոր մզկիթի շինարարությամբ, որի սկիզբը դրվել է 1597 թվականին։ Էմինյոնյու շրջանը Ստամբուլի առևտրային կենտրոնն էր, որտեղ հիմնականում հրեաներ էին բնակվում։ Մեծ մզկիթի կառուցման համար հենց այս շրջանի ընտրությունը ակնհայտ էր. Սաֆիե սուլթանը հույս ուներ ընդլայնել իսլամական ազդեցության ոլորտը քաղաքի սահմաններում[25][26]՝ շահարկելով տեղի և օտարերկրյա առևտրականների աճող դժգոհությունները, որոնց վնաս էր հասցրել իրենց հրեա գործընկերների հզորության և ազդեցության ավելացումը, որովհետև Սաֆիեն չեղարկել էր առևտրականների գույքի բռնագրավումը։ Սակայն շինարարության հետ կապված ծախսերի ավելացումը խիստ քննադատության է առաջացել։ Մասնավորապես, ենիչերիներին վրդովել էր վալիդե սուլթանի աճող քաղաքական ուժը, և նրանք հավատացած էին, որ մզկիթը ավելորդ ծախսեր է արժենում։ 1603 թվականին Մեհմեդ III-ի մահից հետո Սաֆիեն ուղարկվում է Հին պալատ, մզկիթի շինարարությունը դադարեցվում է:1660 թվականին այն հրապարակը, որտեղ գտնվում էր կիսակառույց մզկիթը, հրդեհվում է[27]։ Հրդեհը վալիդե Թուրհան սուլթանի ուշադրությունը բևեռում է մզկիթի վրա, որի շինարարությունը նրա հրամանով ավարտվել է 1665 թվականին[28][25]։
1598 թվականին Կահիրեում բացվել է մեդրեսե, որը կրում էր Սաֆիեի անունը, ինչպես նաև 1610 թվականին այստեղ բացվել է Ալ-Մալիկա Սաֆիե մզկիթը, որը կառուցվել է Սաֆիեի նախկին ստրուկ Օսման աղայի կողմից և անվանվել ի պատիվ նրա տիրուհու[29]։
Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրականություն
- Սաֆիեն Խազալ Տաշի «Hareme düşen yıldırım: Safiye Sultan» վեպի հերուսուհին է»[30]։
- Հարեմի մեջ հայտնվելուց առաջ և հետո Սաֆիեի կյանքի մասին պատմում է Էնն Չեմբերլենի «Սոֆիա՝ վենետիկյան հարճ» գիրքը։
- Կինո և հեռուստատեսություն
- 2010 թվականին նկարահանված «Մահպեյքեր» ֆիլմում Սաֆիեի դերը կատարել է դերասանուհի Սելմա Օզերը[31]։
- Թուրքական «Հոյակապ դար» պատմական հեռուստասերիալում երիտասարդ Սաֆիեի դերը կատարել է դերասանուհի Գեզդա Տուրքերը։
- Թուրքական պատմական «Հոյակապ դար։ Քյոսեմ սուլթան» հեռուստասերիալում Սաֆիե սուլթանի դերը կատարել է դերասանուհի Հյուլյա Ավշար>ը[32]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Peirce, 1993, էջ 288
- ↑ https://mairi.me/-/1014046
- ↑ Peirce, 1993, էջ 308
- ↑ 4,0 4,1 4,2 Peirce, 1993, էջ 94
- ↑ Lisa Jardine Gloriana Rules the Waves: Or, the Advantage of Being Excommunicated (And a Woman)(անգլ.) // Transactions of the Royal Historical Society. — 2004. — Т. 14. — № 6. — С. 218. — ISSN 0080-4401. —
- ↑ Ruggles, 2011, էջ 20
- ↑ Safiye Sultan(անգլ.) // Encyclopædia Britannica.
- ↑ Pedani, Maria Pia Safiye's Household and Venetian Diplomacy // Turcica : journal. — 2000. — Т. 32. — С. 11. — ISSN 0082-6847. —
- ↑ 9,0 9,1 9,2 Peirce, 1993, էջ 95
- ↑ Pedani, Maria Pia Safiye's Household and Venetian Diplomacy // Turcica : journal. — 2000. — Т. 32. — С. 13. — ISSN 0082-6847. —
- ↑ Pedani, Maria Pia Safiye's Household and Venetian Diplomacy // Turcica : journal. — 2000. — Т. 32. — С. 15. — ISSN 0082-6847. —
- ↑ Peirce, 1993, էջ 240
- ↑ Peirce, 1993, էջ 202
- ↑ Lamdan, Ruth Jewish Women as Providers in the Generations Following the Expulsion from Spain(անգլ.) // Nashim: A Journal of Jewish Women's Studies & Gender Issues : journal. — 2007. — № 13. — С. 58. —
- ↑ Peirce, 1993, էջեր 242—243
- ↑ Peirce, 1993, էջ 231
- ↑ Börekçi, 2009, էջ 23
- ↑ Peirce, 1993, էջ 127
- ↑ Peirce, 1993, էջ 223
- ↑ Фрили, 2013, էջեր 6—9
- ↑ Peirce, 1993, էջ 226
- ↑ Peirce, 1993, էջ 219
- ↑ Peirce, 1993, էջ 228
- ↑ Andrea, 2009, էջ 13
- ↑ 25,0 25,1 Финкель, 2012, էջ 383
- ↑ Thys-Şenocak, 2006, էջ 186
- ↑ Thys-Şenocak, 2006, էջեր 195—196
- ↑ Peirce, 1993, էջ 206
- ↑ Yenişehirlioğlu, 1989, էջեր 98, 103
- ↑ Hazal Taş Hareme düşen yıldırım: Safiye Sultan. — Mola Kitap, 2012. — ISBN 6054611062, 9786054611065
- ↑ Mahpeyker - Kösem Sultan (2010)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- ↑ Muhtesem Yüzyil: Kösem(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Финкель, Кэролайн История Османской империи: Видение Османа. — М.: АСТ; Астрель, 2012. — 829 с. — ISBN 978-5-17-043651-4
- Фрили, Джон Тайны Османского двора. Частная жизнь султанов. — М.: Алгоритм, 2013. — ISBN 978-5-4438-0414-9
- A. D. Alderson The Structure of the Ottoman Dynasty. — Clarendon Press, 1956. — 195 p.
- Andrea, Bernadette Women and Islam in Early Modern English Literature. — Cambridge University Press, 2009. — 196 p. — ISBN 0521121760, 9780521121767
- Börekçi, Günhan Encyclopedia of the Ottoman Empire / Gabor Agoston, Bruce Alan Masters. — New York: en:Infobase Publishing, 2009. — P. 409. — 689 p. — ISBN 1438110251, 9781438110257
- Peirce, Leslie P. The Imperial Harem: Women and Sovereignty in the Ottoman Empire. — Oxford: Oxford University Press, 1993. — 374 p. — ISBN 0195086775, 9780195086775
- Ruggles, D. Fairchild Islamic Art and Visual Culture: An Anthology of Sources. — Wiley, 2011. — 186 p. — ISBN 1405154012, 9781405154017
- Thys-Şenocak, Lucienne Ottoman Women Builders: The Architectural Patronage of Hadice Turhan Sultan. — Aldershot: Ashgate, 2006. — 326 p. — ISBN 0754633101, 9780754633105
- Yenişehirlioğlu, Filiz Ottoman architectural works outside Turkey. — T.C. Dışişleri Bakanlığı, 1989. — P. 98, 103. — 256 p. — ISBN 9759550105, 9789759550103
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաֆիե սուլթան» հոդվածին։ |
|