Jump to content

Հալիմե սուլթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հալիմե սուլթան
թուրքերեն՝ Halime Sultan
օսման.՝ عالمہ سلطان
Վալիդե սուլթան
նոյեմբերի 22, 1617 - փետրվարի 26, 1618
Նախորդող Հանդան սուլթան
Հաջորդող Մահֆիրուզ Հաթիջե սուլթան (?)
Վալիդե սուլթան
մայիսի 29, 1622 - սեպտեմբերի 10, 1623
Նախորդող Մահֆիրուզ Հաթիջե սուլթան (?)
Հաջորդող Քյոսեմ սուլթան
 
Մասնագիտություն՝ թագավորական կոնսորտ և ստրուկ
Դավանանք Իսլամ Սուննի իսլամ
Ծննդյան օր մոտ 1571 թվական
Ծննդավայր հավանաբար Աբխազիա
Վախճանի օր 1623(1623)
Վախճանի վայր Ստամբուլ Օսմանյան կայսրություն
Թաղված Ստամբուլ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ամուսին Մեհմեդ III
Զավակներ որդիներ։ Շեհզադե Մահմուդ, Մուստաֆա I
դուստր․ անունն անհայտ է

Հալիմե սուլթան[1] (թուրքերեն՝ Halime Sultan, 1576, Աբխազիա, Աբխազիայի իշխանություն - ոչ վաղ քան 1623, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), օսմանյան սուլթան Մեհմեդ III-ի հարճը, օսմանյան սուլթան Մուստաֆա I-ի մայրը, որդու կրկնակի կառավարման ժամանակ կրել է վալիդե սուլթանի տիտղոսը։

Հալիմեն աբխազական ծագում ուներ[2]։ Ապագա սուլթան Մեհմեդ IIIհարեմում աղջկա հայտնվելու ճշգրիտ ամսաթիվը և հանգամանքները հայտնի չեն։ Հալիմեն Մեհմեդի սիրելին էր դարձել այն ժամանակ, երբ վերջինս Մանիսայի սանջակբեյն էր, և մոտավորապես 1587 թվականին ծնել է իր առաջնեկին՝ Մահմուդ որդուն[1]։ Մինչ Մեհմեդի՝ օսմանյան գահին բարձրանալը Հալիմեն ևս մեկ որդի է ունեցել՝ Մուստաֆային[2], և, հավանաբար, մի աղջիկ, ում անունը հայտնի չէ։ Հալիմեի դուստրը հետագայում դարձել է մեծ վեզիր Դավութ-փաշայի կինը, ով հայտնի դարձավ 1622 թվականին սուլթան Օսման II-ի սպանությամբ։

1595 թվականին Մեհմեդը դարձավ սուլթան. Հալիմեն հայտնվեց Թոփքափըի պալատում, որտեղ ամեն բան գտնվում էր վալիդե Սաֆիե սուլթանի ձեռքերում։ Հենց Սաֆիեն մեծ դեր խաղաց Հալիմեի ավագ որդու՝ շեհզադե Մահմուդի մահապատժի գործում, 1603 թվականինվալիդեի ձեռքն էր ընկել կրոնական կանխատեսի կողմից Հալիմե սուլթանին ուղարկված հաղորդագրությունը, որտեղ ասվում էր, որ Մեհմեդ III-ը կմահանա վեց ամսվա ընթացքում և նրան կփոխարինի ավագ որդին։ Անգլիացի դեսպանի գրառումների համաձայն, Մահմուդը հիասթափված էր, որ «իր հայրը գտնվում է ծեր սուլթանուհու, նրա տատիկի իշխանության տակ, և պետությունը փլուզվում է, քանի որ նա ոչինչ չի հարգում այնպես, ինչպես փող ստանալու սեփական ցանկությունը, ինչի մասին հաճախ է վշտանում իր մայրը [Հալիմե սուլթանը]», ում «այնքան էլ չի սիրում մայր–թագուհին»[3]։ Սուլթանը որդուն սկսեց կասկածել դավադրության մեջ, խանդել շեհզադեի ժողովրդականությանը և հրամայեց խեղդամահ անել Մահմուդին։

1603 թվականին սուլթան Մեհմեդ III-ը մահացավ։ Հալիմեի միակ որդու ճակատագիրը նախանձելի չէր. գոյություն ուներ կայսրության կարգուկանոնը պահպանելու համար նորաթուխ սուլթանի՝ նրա գահին բարձրանալուց անմիջապես հետո բոլոր եղբայրներին մահապատժի դատապարտելու սովորույթը (այսպես կոչված Ֆաթիհի օրենքը)[4]։ Այսպես, Մեհմեդ III-ի հրամանով 1595 թվականին մահապատժի էին ենթարկվել նրա 19 եղբայրները՝ սուլթան Մուրադ III–ի որդիները։  Սակայն Մեհմեդ III–ի մահից հետո գահին է նստում նրա 13-ամյա որդին՝ Ահմեդը, ով որոշում է կայացնում պահպանել եղբոր կյանքը[4]։ Նման որոշումը, հավանաբար, կայացվել է հանգամանքների ճնշման տակ. Մուստաֆան եղբոր միակ ժառանգորդն էր՝ վերջինիս որդիների բացակայության պայմաններում։ Բացի այդ, Մուստաֆան ողջ մնաց նաև սուլթանի մի քանի որդիների ծնվելուց հետո։ Պատմաբանները կարծում են, որ ըստ Ահմեդ I-ի հաշվարկի՝ եղբայրը ակնհայտ հոգեկան հիվանդության պատճառով չէր կարող սպառնալիք լիներ իր կառավարմանը։ Ահմեդի զիջման պատճառներից մեկն էլ նրա սիրելի հարճ Քյոսեմի ազդեցությունն էր, ով չէր ցանկանում սուլթանի մահից հետո գահին տեսնել հարճ Մահֆիրուզից ծնված Ահմեդ I-ի ավագ որդուն՝ շեհզադե Օսմանին։ Քյոսեմը կարծում էր, որ երբ Օսմանը գահ բարձրանա, նա, ամենայն հավանականությամբ, մահապատժի կենթարկի իր արյունակից եղբայրներին՝ Ահմեդի և Քյոսեմի որդիներին։ Այս սցենարը մասամբ իրագործվեց 1621 թվականին, երբ որդու՝ Օմերի ծնվելուց հետո Օսման II-ը մահապատժի ենթարկեց իր եղբորը՝ Մեհմեդին[2]։

1617 թվականին Ահմեդ I-ի մահվանից առաջ Մուստաֆան բանտարկված էր պալատի, այսպես կոչված, Կաֆեսում (վանդակում)՝ սուլթանական պալատի տարածքում գտնվող փոքրիկ տաղավարում (քյոշկում), որտեղ պահակախմբի մշտական հսկողության ներքո շեհզադեն գտնվում էր արտաքին աշխարհից մեկուսացման մեջ[2]։ Ինքը՝ Հալիմեն ուղարկվել էր Հին պալատ, որտեղ նրան կենսաթոշակ էր նշանակվել որպես սուլթանի այրու։

Վալիդե սուլթան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին կառավարումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1617 թվականի նոյեմբերին մահանում է Ահմեդ I–ը։ Նրա մահը երկընտրանքի է հանգեցնում, որը երբեք չէր առաջացել Օսմանյան կայսրությունում. Թոփքափըում ապրող մի քանի շեհզադեներ գահ բարձրանալու իրավունք ունեին[2]։ Արքունիքը պառակտվում է։ Շեյխ-ուլ-իսլամ Հոջասադեթինզադե Մեհմեդ Էսաթ-Էֆենդիի և Սոֆու Մեհմեդ-փաշայի, ով մեծ վեզիրին փոխարինում էր Ստամբուլում նրա բացակայության ժամանակ, գլխավորած խմբակցությունը գերադասում էր գահին տեսնել Հալիմեի չափահաս և դրա հետ մեկտեղ հոգեպես անկայուն որդուն, քան՝ նրա առողջ զարմիկին՝ Օսմանին։ Սոֆու Մեհմեդը պնդում էր, որ Օսմանը շատ երիտասարդ է առանց բնակչության շրջանում բացասական արձագանքի իշխելու համար։ Սև ներքինիների ղեկավար Մուստաֆա-աղան առարկում էր՝ վկայակոչելով հենց շեհզադեի հոգեկան առողջությունը, սակայն նրա առարկությունները հաշվի չառնվեցին և գահ բարձրացավ Մուստաֆան[5]։

Հալիմեն կանչվեց Հին պալատից և հռչակվեց վալիդե սուլթան։ Շուտով պարզ դարձավ, որ Մուստաֆան չի կարողանում ինքնուրույն կառավարել երկիրը, և ողջ իշխանությունը իր ձեռքը վերցրեց Հալիմեն։ Հալիմեն ավելի՛ մեծ իշխանություն ստացավ, քան իր նախորդները. կառավարման մեջ նոր վալիդեն հենվում էր մեծ վեզիր Դամաթ Խալիլ-փաշայի աջակցության վրա[6]։ Բացի այդ, Հալիմեին հաջողվեց դաշինք կնքել սուլթանի զինակիր Մուստաֆա-աղայի հետ, ով պալատի գլխավոր սպան էր և ստացել Է Եգիպտոսի նահանգապետի պաշտոնը՝ պայմանով, որ կամուսնանա սուլթանի ստնտուի հետ․ հաջորդ մի քանի ամիսների ընթացքում փաշային վերադարձրեցին մայրաքաղաք՝ որպես մեծ վեզիր[7]։

Թե ինչպես էին ընթանում պետությունում գործերը, ձեռնտու չէին շատերին, և 1618 թվականին պալատական խմբակցություններից մեկը տապալեց Մուստաֆա I-ին և գահակալեց նրա եղբորորդուն՝ Օսման II-ին։ Մուստաֆան կրկին հայտնվեց Կաֆեսում, իսկ Հալիմեն՝ Հին պալատում[6]։ Որպես նախկին վալիդե նա սկսեց ավելի շատ կենսաթոշակ ստանալ, քան սուլթանի այրի եղած ժամանակ, սակայն ավելի քիչ, քան իր սկեսուրը՝ Սաֆիե սուլթանը[8]։

Երկրորդ կառավարումը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1622 թվականի մայիսի 18-ին ենիչերիների հերթական ապստամբության ժամանակ Օսման II-ը գահընկեց արվեց։ Ապստամբները ազատ արձակեցին Մուստաֆա I-ին և նրան ճանաչեցին իրենց տիրակալը։ Լուրեր էին պտտվում, որ հեղաշրջումից քիչ առաջ Հալիմեն հանդիպել էր մի քանի ենիչերիների և մեծ վեզիր Կարա Դավութ-փաշայի հետ, որպեսզի համաձայնության գա օսմանյան գահին իր որդու վերականգնման շուրջ։ Ո՛չ պալատական խմբակցությունը, որը հանդես էր գալիս Մուստաֆայի օգտին, ո՛չ էլ նրա մայրը ապահով չէին զգում, քանի դեռ Օսմանը ողջ էր։ Նրանց անհանգստությունը միանգամայն հիմնավորված էր, քանի որ որոշ ապստամբներ ցանկանում էին «պահեստում» սուլթան ունենալ՝ հույս ունենալով նրան օգտագործել իրենց ապագայի նպատակների համար։ Մայիսի 20-ին Եդիկուլեում փակված Օսման II-ը դաժան ծեծի է ենթարկվում և խեղդամահ է արվում Կարա Դավութի կողմից․ սպանված Օսմանի մեկ ականջը և քիթը ներկայացնում են Հալիմե սուլթանին[9][10]։

Երկրում ենիչերիների և սիպահների միջև հակամարտությունների ազդեցության տակ, որին հաջորդեց Էրզրումի պաշտոնանակ արված բեյլերբեյ Աբազա Մեհմեդ-փաշայի խռովությունը, ով ցանկանում էր վրեժխնդիր լինել Օսման II-ի սպանության համար, քաղաքական անկայունություն առաջացավ։ Հակամարտությունը դադարեցնելու համար Հալիմեն զոհաբերեց Կարա Դավութին, սակայն Աբազա Մեհմեդը կանգ չառավ և 1623 թվականի մայիսին 40-հազարանոց բանակի գլխավորությամբ պաշարեց Անկարան[11]։ Իշխանությունում փոխվեցին ևս չորս մեծ վեզիրներ՝ նախքան այդ պաշտոնին կնշանակվեր Քեմանկեշ Կարա Ալի–փաշան։ Հոգևորականներն ու Կարա Ալին Հալիմե սուլթանին համոզեցին համաձայնվել որդու տապալմանը։ Հալիմեն համաձայնեց պայմանով, որ կպահպանվի Մուստաֆայի կյանքը[2]։ 1623 թվականի սեպտեմբերի 10-ին օսմանյան գահին հայտնվեց 11-ամյա Մուրադ IV-ը՝ Ահմեդ I-ի և Քյոսեմի որդին։ Մուստաֆան կրկին ուղարկվեց Կաֆես, որտեղ և անցկացրեց իր մնացած կյանքը։ Հալիմեն երրորդ և վերջին անգամ գնաց Հին պալատ և շուտով մահացավ։ Մուստաֆան մահացավ 1639 թվականին, և ոչ ոք չէր կարողանում որոշել, թե որտեղ պետք է թաղել նրան։ Նախկին սուլթանի մարմինը 17 ժամ պահվել է, որից հետո առանց որևէ պատվի հողին է հանձնվել Այա Սոֆիայի նախկին մկրտարանում[12][13]։

  • Թուրքական «Հոյակապ դար։ Քյոսեմ սուլթան» սերիալում Հալիմեի դերը կատարել է Ասլըխան Գյուրբյուզը։ Սերիալում Հալիմեի դստերը տվել են Դիլրուբա անունը. Մանուկ հասակի Դիլրուբայի դերը կատարել է Մելիսա Իլայդա Օզջանիկը[14], մեծահասակ Դիլրուբայի դերը կատարել է Օյկյու Կարայելը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Günhan Börekçi Favorites at the Courts of Ahmed I and his Immediate Predecessors(անգլ.) : dissertation. — 2010. — С. 65 (прим. 96).
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Börekçi, 2009, էջ 409
  3. Peirce, 1993, էջ 231
  4. 4,0 4,1 Piterberg, 2013
  5. Boyar, Fleet, 2010, էջ 42
  6. 6,0 6,1 Peirce, 1993, էջեր 126—127
  7. Walthall, 2008, էջ 91
  8. Peirce, 1993, էջ 127
  9. Imber, 2009, էջեր 98—99
  10. Финкель, 2012, էջ 276—277
  11. Финкель, 2012, էջ 281
  12. Grabar, 1988, էջ 64
  13. Freely, 2000, էջ 46
  14. Muhtesem Yüzyil: Kösem(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]