Jump to content

Նուրբանու Սուլթան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուրբանու Սուլթան
թուրքերեն՝ Nurbanu Sultan
օսման.՝ نور بانو سلطان
Նուրբանուի թաղումը.
Մանրանկար Սեիդ Լոքմանի «Շեխինշահնամե»–ից, 1592 թվական
Վալիդե սուլթան
1574թվականի դեկտեմբերի 15 - 1583թվականի դեկտեմբերի 7
Նախորդող Հաֆսա Սուլթան
Հաջորդող Սաֆիե Սուլթան
 
Մասնագիտություն՝ գրող
Դավանանք Իսլամ
Ծննդյան օր 1525[1]
Ծննդավայր Պարոս (կղզի), Paros Municipality, Paros Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան
Վախճանի օր դեկտեմբերի 7, 1583(1583-12-07)
Վախճանի վայր Ստամբուլ, Օսմանյան կայսրություն
Թաղված Սուրբ Սոֆիայի տաճար
Քաղաքացիություն  Օսմանյան կայսրություն
Հայր Nicolò Venier?[2]
Ամուսին Սելիմ II
Զավակներ Շահ Սուլթան, Մուրադ III, Էսմեհան Սուլթան, Գևխերհան Սուլթան, Ֆաթմա Սուլթան

Աֆիֆե Նուրբանու Սուլթան (թուրքերեն՝ Afife Nûr-Banû Sultan, օսման.՝ نور بانو سلطان , 1525[1], Պարոս (կղզի), Paros Municipality, Paros Regional Unit, Հարավային Եգեյան կղզիներ, Հունաստան - դեկտեմբերի 7, 1583(1583-12-07), Ստամբուլ, Օսմանյան կայսրություն), հարճ, ապա օսմանյան սուլթան Սելիմ II-ի կինը (կրել է հասեկի տիտղոսը), Մուրադ III-ի մայրը, կանանց սուլթանատի շրջանի առաջին վալիդե սուլթանը։

Նուրբանուն ենթադրաբար սերել է Վենետիկի երկու նշանավոր ընտանիքներից և 12 տարեկանում առևանգվել է օսմանյան ծովակալի կողմից։ Սուլթանական հարեմում հայտնվելուց կարճ ժամանակ անց Նուրբանուն դարձել է սուլթան Սուլեյման I–ի ժառանգորդի՝ շեհզադե Սելիմի հարճը։ Երկար տարիներ, մինչև Սելիմի գահ բարձրանալը, Նուրբանուն եղել է շեհզադեի միակ ֆավորիտը և նրա միակ որդու՝ շեհզադե Մուրադի մայրը։ Շեհզադե Մուրադի գահ բարձրանալուց հետո Նուրբանուին շնորհվել է վալիդեի կոչում և վերապահվել սահմանված արտոնություններ։ Բացի այդ, մնացած ողջ կյանքը նա որդու գլխավոր քաղաքական խորհրդականն է եղել։ Նուրբանուն մահացել է իր հզորության գագաթնակետին, 1583 թվականին Ստամբուլում և թաղվել ամուսնու կողքին Այա Սոֆյա մզկիթում։

Հիմնական է համարվում Վենետիկի երկու ազնվական ընտանիքներից Նուրբանուի ծագման վարկածը[3]․ նրա հայրը եղել է Նիկոլո Վենյերը՝ Վենետիկին պատկանող հունական Պարոս կղզու նահանգապետը և Վենետիկի դոժ Սեբաստիանո Վենյերի հարազատ եղբայրը, մայրը՝ Վիոլանտ Բաֆոն էր։ Սեսիլիա Վենյեր-Բաֆո անունով աղջիկը[3][4], համարվել է ապօրինածին[3], քանի որ նրա ծնողները ամուսնացած չեն եղել։ Բացի այդ, որոշ պատմաբաններ նշել են, որ Նիկոլոյի և Վիոլանտի ենթադրյալ դստեր անունը Օլիվիա է եղել[5]։

Այլ վարկածների համաձայն՝ Նուրբանուն կարող էր հրեա լինել[6][7] Նասիի ընտանիքից[8] կամ հույն՝ Կորֆու կղզուց[9][10]։

Ժառանգորդի հարճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1537 թվականին, երբ ծովահեն ու ծովակալ Հայր–ադ–դին Բարբարոսան գրավեց Պարոսը, 12-ամյա[4] աղջիկը հայտնվեց ստրկության մեջ։ Նա Բարբարոսայի կողմից, որպես ստրկուհի, Ստամբուլում հանձնվել է սուլթանական հարեմ[9], որտեղ դարձել է շեհզադե Սելիմի հարճը։ 1543 թվականին Նուրբանուն, հավանաբար, ուղեկցել է Սելիմին Կոնիայում, որտեղ նա զբաղեցնում էր էյալեթի սանջակբեյի (փաշայի) պաշտոնը։ Այստեղ 1544 թվականին Նուրբանուն ծնել է իր առաջնեկին՝ Շահ Սուլթան դստերը, իսկ հետո, երկու տարի անց, որդուն՝ Մուրադին։ Ինչպես նշել է Լեսլի Փիրսը, Մուրադը Սելիմի միակ որդին էր, որը ծնվել էր մինչև նրա գահակալությունը, 1566 թվականին[3]։

Նուրբանուի ամուսինը՝ Սելիմը

Ինչպես գրել է Վենետիկի դեսպանը, սանջակբեյ եղած ժամանակ Սելիմը շատ «վավաշոտ» էր, սակայն եթե անգամ նա այլ հարճեր էլ է ունեցել, ապա այդ ընթացքում միայն Նուրբանուն է ծննդաբերել։ Նա Սելիմի առնվազն չորս երեխաների մայրն էր. բացի Շահ Սուլթանից և Մուրադից, նա ունեցել է ևս երկու դուստր՝ Գևխերհանը և Էսմեհանը, որոնք ծնվել են առաջին դստեր և որդու լույս աշխարհ գալու միջև ընկած ժամանակաշրջանում։ Սելիմի վերջին զավակը, որը ծնվել է մինչև նրա գահակալությունը, եղել է Ֆաթմա Սուլթանը, ով լույս աշխարհ է եկել մոտավորապես 1559 թվականին, նրա մայրը նույնպես համարվում է Նուրբանուն[3]։

Սուլթանի ֆավորիտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1558 թվականին շեհզադե Մուրադը նշանակվել է Աքշեհիրի սանջակբեյի պաշտոնում։ Ավանդույթի համաձայն, շեհզադեի մայրը պարտավոր էր նրա հետ մեկնել էյալեթ, որտեղ պետք է կատարեր այնպիսի գործառույթներ, ինչպիսիք են սուլթանին կից վալիդեի գործառույթները։ Սակայն Նուրբանուն, ինչպես և նախկինում Սելիմի մայրը՝ Հյուրեմը, չի մեկնում սանջակ, այլ մնում է ամուսնու կողքին։ Երբ Սելիմը դառնում է սուլթան, իսկ Մուրադը տեղափոխվում է Մանիսա, Նուրբանուն, հակառակ սպասումների, մեկնում է Ստամբուլ[11]։

Մինչև Սելիմի գահ բարձրանալը, Նուրբանուն նրա միակ ֆավորիտն է եղել։ Քանի որ սուլթանի՝ միայն մեկ որդի ունենալը բարդ դրության մեջ էր դնում դինաստիան, Սելիմը ևս մի քանի ֆավորիտուհի է ունեցել, որոնք նրա համար, ըստ տարբեր տվյալների, լույս աշխարհ են բերել հինգից[12] մինչև իննը[13] որդիներ․ Լեսլի Փիրսի կարծիքով՝ կառավարման ութ տարիների ընթացքում Սելիմը վեց որդիների հայր է դարձել, որոնցից մեկը մահացել է դեռևս հոր կենդանության օրոք (ենթադրաբար դա եղել է շեհզադե Մեհմեդը, որը թաղվել է Հյուրեմ Սուլթանի դամբարանում[14]), հայտնի է նաև Սելիմի չորս հարճերի մասին, որոնք նրա կառավարման վերջում նույնպես որդիներ են ծնել[3]։ Ընդ որում, նա, հավանաբար, պահպանել է «մեկ ֆավորիտ՝ մեկ որդի» սկզբունքը[3]։

Այն փաստը, որ Սելիմի գահ բարձրանալուց հետո Նուրբանուն ոչ մի երեխա չի ունեցել, կարող է խոսել այն մասին, որ նա դադարել է լինել սուլթանի սեքսուալ պարտնյորը, սակայն նա պահպանել է գլխավոր ֆավորիտի կարգավիճակը, քանի որ հենց նրա որդին է հռչակվել գահի ժառանգորդ։ Մայրաքաղաք տեղափոխվելուց հետո Նուրբանուի վիճակը պալատում բարդ է եղել. նա պետք է գլխավորեր սուլթանական հարեմը՝ չունենալով ազդեցիկ հովանավորներ և հաստատված կապեր։  Վենետիկի դեսպանների փոխանցած տեղեկությունների համաձայն՝ առաջին տարիներին մայրաքաղաքում Նուրբանուի հեղինակությունը բացառապես հենվել է նրա հանդեպ Սելիմի տածած սիրո վրա[12]։

Իր հոր նման Սելիմը որոշել է պաշտոնապես ամուսնանալ։ Ջակոմո Ռագացցոնին վենետիկյան սենատին 1571 թվականին ուղղված իր զեկույցում գրել է՝ «22 տարեկան Ամուրադ Սուլթանը [Մուրադ, Սելիմի ավագ որդին] տաղանդավոր է և լավ կրթված, ուշադիր հետևում է կրոնական ծիսակատարություններին, ուստի շատ սիրելի է բոլորի և իր հոր՝ Մեծ Սենյորի կողմից՝ ի հեճուկս օսմանների ավանդույթների։ Վեց ամիս առաջ նրա հայր Սենյորը, որպես սիրո նշան, չեբին է արել, ինչը նշանակում է, որ նա օրինական կնոջ է վերցրել [արքայազնի] մորը՝ չերքեշենկային [sic], և նրան 110 հազար դուկատ օժիտ է տվել՝ ցանկանալով գերազանցել իր հորը, որը Սելիմի մորը օժիտ էր տվել միայն 100 հազար»[15]։ Ինչպես Սուլեյմանի և Հյուրեմի հարսանիքը, այնպես էլ Սելիմի և Նուրբանուի ամուսնական արարողությունը ոչ մի կերպ չի լուսաբանվել օսմանյան աղբյուրներում[16], ինչը, հավանաբար, պայմանավորված է եղել նման ամուսնությունների՝ օսմանյան պալատական ավանդույթներին հակասությամբ։

Սելիմ II-ի կառավարման վերջում Նուրբանուն օրական ստացել է 1100 ակչեի չափով ռոճիկ, մինչդեռ սուլթանի մյուս ֆավորիտները ստանում էին միայն քառասուն ակչեն[17], որդու կառավարման ժամանակ Նուրբանուն օրական մոտ 2 հազար ակչե էր ստանում, ինչը ամբողջ կայսրության ամենաբարձր ռոճիկն էր և երեք անգամ գերազանցում էր սուլթանի ռոճիկը[18][9]։

Սուլթանի մայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուրբանուի ամուսինը մահացել է 1574 թվականին, և գահին է նստել նրա 28-ամյա որդին՝ Մուրադը, իսկ ինքը՝ Նուրբանուն արժանացել է վալիդե սուլթանի տիտղոսին և նրան հասանելիք արտոնություններին։ Նա առաջինն է սկսել պաշտոնապես օգտագործել այս տիտղոսը[9]։ Դառնալով նոր սուլթանի մայրը՝ Նուրբանուն սկսել է ակտիվ նամակագրություն վարել օտարերկրյա ղեկավարների հետ։ Այսպես, երկար տարիներ, ընդհուպ մինչև իր մահը, Նուրբանուն պարբերաբար նամակներ է ուղարկել, ինչպես նաև նվերներ է փոխանակել ֆրանսիացի թագավորների մոր՝ Եկատերինա Մեդիչիի հետ[19]։ Համարվում է, որ Նուրբանուն կողմնակից է եղել վենետիկամետ, և, հետևաբար, խիստ հակագենուեզական քաղաքականությանը։ Դրա պատճառով նույնիսկ լուրեր են պտտվել, որ նրան թունավորել է գենուեզական դեսպանը[20]։ Մուրադը հենվել է մոր աջակցության վրա, ով հսկայական հեղինակություն է վայելել ընդհուպ մինչև իր մահը՝ 1583 թվականը։ Պետության մեջ նման իրավիճակը շատերին, և առաջին հերթին նոր մեծ վեզիր Սինան փաշային չի գոհացրել․ վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է 1580 թվականին Նուրբանուի փեսայի մահից հետո։ Սուլթանի մոր և մեծ վեզիրի հակամարտությունը ավարտվել է Նուրբանուի մահից մեկ տարի առաջ․ Սինան փաշան հեռացվել է պաշտոնից և արտաքսվել մայրաքաղաքից, և, ինչպես գրել է Վենետիկի դեսպան Կոնտարինին, Մուրադ III-ի մայրը մեղսակից է եղել այդ պաշտոնանկությանը, իսկ նրա նպատակն էր այդ պաշտոնին նստեցնել իր դրածոյին։ Սուլթանի մոր և մեծ վեզիրի դիմակայության ավարտից հետո սկսվել է նորը՝ Մուրադ III-ի մոր և նրա ֆավորիտուհու միջև[21]։

Մուրադ III, ում օրոք Նուրբանուն եղել է վալիդե սուլթան, 1574-1583 թվականներ։

Իր հոր նման Մուրադը սկզբում հարաբերություններ ուներ միայն մեկ հարճի՝ Սաֆիեի հետ, որի և Նուրբանուի միջև 1583 թվականին հակամարտություն էր սկիզբ առել։ Նուրբանուին ի սկզբանե դուր չէր եկել հավակնոտ Սաֆիեն, քանի որ նա իր ընտրությունը չէր. աղջիկը գնվել է Միհրիմահ Սուլթանի՝ Սելիմի քրոջ կողմից․ վերջինս աղջկան 1563 թվականին նվիրել է իր զարմիկին[22]։ Նուրբանուն խորհուրդ է տվել որդուն այլ հարճեր ևս պահել՝ ի բարօրություն դինաստիայի, քանի որ 1581 թվականի դրությամբ կենդանի էր մնացել միայն մեկ շեհզադե՝ Մուրադի և Սաֆիեի որդին՝ Մեհմեդը[23]։ Սաֆիեի ծնած մյուս որդիները մահացել էին վաղ մանկությունից՝ ծնվելուց հետո կամ շատ չանցած։ 1583 թվականին Նուրբանուն Սաֆիեին մեղադրել է կախարդության մեջ, իբր Մուրադը այդ կախարդությամբ իմպոտենտ է դարձրել և անկարող է նոր ունենալ[24], Սաֆիեի մի քանի ծառաների ձերբակալվել և խոշտանգվել են[25]։ Դրանից կարճ ժամանակ անց Մուրադի քույրը՝ Էսմեհան Սուլթանը, եղբորը երկու գեղեցիկ ստրկուհիներ է նվիրել, որոնց նա ընդունել և դարձրեց իր հարճերը։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Մուրադը քսան որդիների և քսանյոթ դուստրերի հայր է դարձել[16]։ Մուրադի կառավարման առաջին կեսին նրա հարեմում կանանց թիվը կրկնապատկվել է՝ գերազանցելով հարյուրը։ Նուրբանու Սուլթանին ավելի հարմարավետ բնակարաններ տրամադրելու և նոր հարճերի ու աղախինների բնակության համար տեղերի քանակը մեծացնելու համար Մուրադը հրամայել է վերակառուցել և ընդլայնել հարեմի ննջարանները[26]։

Տեղեկատվական ցուցանակ Այա Սոֆիա մզկիթում գտնվող Սելիմ 2-րդի դամբարանում, որտեղ թաղված է Նուրբանուն

Նուրբանուն մահացել է 1583 թվականի դեկտեմբերին։ Հատուկ պատվի չարժանանալով կենդանության օրոք՝ նա դրան արժանացել է հետմահու․ Մուրադ III-ը շքեղ թաղում է կազմակերպել մոր համար․ կնոջ թաղումը պատկերված է Սեիդ Լոքմանի մանրանկարներից մեկում՝ Օսմանյան կայսրությունում միակը համարվող մանրանկար «Շեխինշահնամեում»։ Սուլթանը մեկն էր այն մարդկանցից, ովքեր վալիդեի դագաղը տանում էին Մեհմեդ Նվաճողի մզկիթ, որտեղ պետք է թաղման աղոթք կարդային։ Հենց այդ՝ պալատից ամենահեռավոր սուլթանական մզկիթներից մեկի ընտրությունը գիտակցաբար էր արվել. այդպիսով Մուրադը հույս ուներ, որ իր մոր հոգու համար ավելի շատ մարդ է աղոթելու, քան դա կարող էր լինել մոտակա մզկիթներում։ Չորս օր շարունակ Ղուրան էին կարդում, և չորս օր բարձրաստիճան պաշտոնյաներն ու կրոնական գործիչները գալիս էին Նուրբանուի դագաղի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու նրան։ Մուրադ III–ի կարգադրությամբ մայրը թաղվել է Այա Սոֆիա մզկիթում՝ հոր կողքին։ Այսպիսով, Նուրբանուն դարձել է սուլթանի առաջին հարճը, որը թաղվել է իր ամուսնու կողքին։ Այդ արարքով Մուրադն իր վալիդեին ճանաչել է իշխող դինաստիայի լիիրավ անդամ, և ընդգծել իր ծագումը ինչպես սուլթան Սելիմ II–ից, այնպես էլ Նուրբանու Սուլթանից[27]։ Նուրբանուի հուղարկավորությունը փոխել է դինաստիայի անդամների թաղման ավանդույթը, ըստ որի սուլթանները եղել են իրենց դամբարանների միանձնյա «տերերը», իսկ նրանց ժառանգները, կանայք և մայրերը թաղվել են առանձին (բացառություն է եղել Միհրիմահը, ով թաղվել է 1578 թվականին հոր կողքին, որով ընդգծվել է սուլթանի միակ դստեր հատուկ կարգավիճակը)[28]։

Սուլթանների կանանց և մայրերի առանձնաշնորհներից մեկը մզկիթների կառուցումն էր։ Աթիկ Վալիդե մզկիթը պատվիրվել է հայտնի ճարտարապետ Սինանին Նուրբանուի կողմից, կառուցումն ավարտվել է նրա մահվան տարում։ Աթիկ Վալիդեն դարձել է կնոջ կողմից կառուցված առաջին մզկիթը՝ երկու մինարեթներով[27]։

Կինոմարմնավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 MAK (լեհ.)
  2. ↑ Encyclopaedia of Islam — Leiden: Brill.
  3. 1 2 3 4 5 6 7 Peirce, 1993, էջ 92
  4. 1 2 Goodwin, 2006, էջ 128
  5. ↑ Heuberger, Humbert, Vyslonzil, 2001, էջ 68
  6. ↑ Shaw & Shaw, 1976, էջ 178
  7. ↑ Altınay, 2013, էջ 95
  8. ↑ Uluçay, 2011, էջ 68
  9. 1 2 3 4 Финкель, 2012, էջ 231
  10. ↑ Arbel, Benjamin Nur Banu (c. 1530-1583): A Venetian Sultana?(անգլ.) // Turcica. — 1992. — Т. 24. — С. 241—259.(չաշխատող հղում)
  11. ↑ Peirce, 1993, էջ 121
  12. 1 2 Peirce, 1993, էջ 93
  13. ↑ Финкель, 2012, էջ 229
  14. ↑ Bahadıroğlu, 2014
  15. ↑ Peirce, 1993, էջեր 93—94
  16. 1 2 Peirce, 1993, էջ 94
  17. ↑ Peirce, 1993, էջեր 108, 129
  18. ↑ Peirce, 1993, էջ 126
  19. ↑ Thys-Şenocak, 2006, էջ 58
  20. ↑ Фрили, 2013, էջ 62
  21. ↑ Peirce, 1993, էջ 91
  22. ↑ Pedani, Maria Pia Safiye's Household and Venetian Diplomacy // Turcica : journal. — 2000. — Т. 32. — С. 11. — ISSN 0082-6847. — doi:10.2143/TURC.32.0.460
  23. ↑ Peirce, 1993, էջ 95
  24. ↑ Фрили, 2013, էջեր 6—9
  25. ↑ Pedani, Maria Pia Safiye's Household and Venetian Diplomacy // Turcica : journal. — 2000. — Т. 32. — С. 13. — ISSN 0082-6847. — doi:10.2143/TURC.32.0.460
  26. ↑ Финкель, 2012, էջ 232
  27. 1 2 Peirce, 1993, էջ 189
  28. ↑ Peirce, 1993, էջ 190
  29. ↑ Великолепный век(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]