1936 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1938-1947 թթ. եղել է Հայպետհրատի գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1941-1943 թթ.՝ «Սովետական գրականություն» ամսագրի խմբագիր, 1948-1958 թթ.՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի թատրոնի պատմության ամբիոնի վարիչ, 1958 թվականից՝ ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտի տնօրեն։ Զարյանը տպագրության է պատրաստել Գաբրիել Սունդուկյանի 1951-1961 թթ. ակադեմիական հրատարակության քառահատոր երկերի առաջին երեք հատորները։ Զարյանի ուսումնասիրությունները վերաբերում են հայ թատրոնի պատմությանն ու դերասանական արվեստին։ Գրել է հուշագրություններ՝ հայ արվեստի և գրականության անվանի գործիչների մասին։ Աբովյանին, Նար-Դոսին, Վրթանես Փափազյանին, Հ․ Հովհաննիսյանին նվիրված ուսումնասիրությունների հեղինակ է։ Զարյանի նախաձեռնությամբ ԳԱ արվեստի ինստիտուտում ստեղծվել է Շեքսպիրագիտական գրադարան (1964) և հայկակաև Շեքսպիրագիտության կենտրոն (1966)։ 1970 թվականից անդամ է Գերմանական Շեքսպիրյան ընկերության։ 1974 թվականից գրականության, արվեստի և ճարտարապետության ՀԽՍՀ պետական մրցանակների հանձնաժողովի նախագահն է։ Նրա մի շարք աշխատություններ լույս են տեսել ռուսաց և օտար լեզուներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 672)։