Միշել վան Էսբրուկ
Միշել վան Էսբրուկ | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1934[1] Մեխելեն, Մեխելեն, Անտվերպեն, Բելգիա |
Մահացել է | նոյեմբերի 21, 2003[1] (69 տարեկան) կամ նոյեմբերի 22, 2003 (69 տարեկան) Օտինյի-Լուվեն-լա-Նյով, Նիվել, Վալոնյան Բրաբանտ, Վալոնիա, Բելգիա |
Քաղաքացիություն | Բելգիա |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | պատմաբան, արևելագետ, հայագետ, կաթոլիկ քահանա և համալսարանի դասախոս |
Գործունեության ոլորտ | Հռոմի Կաթոլիկ եկեղեցի[2], Christian saint?[2], Սրբախոսություն[2] և արևելագիտություն[2] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1][2][3] |
Michel van Esbroeck Վիքիպահեստում |
Միշել վան Էսբրուկ (հունիսի 17, 1934[1], Մեխելեն, Մեխելեն, Անտվերպեն, Բելգիա - նոյեմբերի 21, 2003[1] կամ նոյեմբերի 22, 2003, Օտինյի-Լուվեն-լա-Նյով, Նիվել, Վալոնյան Բրաբանտ, Վալոնիա, Բելգիա), բելգիացի արևելագետ, հայագետ, վրացագետ, Քրիստոնյա Արևելքի մատենագրությունների հմուտ մեկնաբան, պրոֆեսոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Միշել վան Էսբրուկը ծնվել է 1934 թվականի հունիսի 17-ին Բելգիայի Մալին քաղաքում։ Տոհմանունը ֆլեմական է, սակայն ընտանիքում մայրենի լեզուն ֆրանսերենն է եղել։ Գիտնականի հայրը՝ պրոֆեսոր Գիյոմ վան Էսբրուկը Կոլումբիայի համալսարանում 1921-1923 թվականներին մասնագիտացել է երկրաբանության բնագավառում, իսկ մայրը՝ Իդա Բրուսելմանը 1914-1918 թվականներին սովորել է Լոնդոնում։ Միշելը 1951 թվականին սովորել է Բրյուսելի Սեն-Միշել քոլեջում և ուսումնասիրել հունարեն և լատիներեն։ Այնուհետև մեկ տարի սովորել է Սեն-Լուիս իրավաբանական ֆակուլտետում, որից հետո 1953-1955 թվականներին մտել է Հիսուսյան վանական շարքի կարգերը։ 1959 թվականին հանձնել է պետական քննություն և դասական բանասիրության մասնագետի վկայական ստացել Բելգիայում։ Այնուհետև 3 տարի Լիբանանի Սեն-Ալբեր քահանայապետական ինստիտուտում պատրաստել և պաշտպանել է փիլիսոփայության աստիճանի ատենախոսություն «Պրոհայրեսիսը Արիստոտելի և հույն ճարտասանների մոտ» թեմայով։ Այնուհետև, մեկ տարվա զինվորական ծառայությունից հետո, դասավանդել է նույն ուսումնական հաստատությունում։
1962 թվականին Միշել վան Էսբրուկը հրավիրվել է պաշտոնավարելու Բրյուսելի Բոլանդիստների վանական միության գրադարանում, ուր հնարավորություն է ստացել զբաղվել եկեղեցագիտական խնդիրներով։ Այդ ժամանակ նա, իբրև ազատ ունկնդիր թույլտվություն է ստացել Լուվենի համալսարանում հետևել պրոֆեսոր Ժերար Գարիտի հայկական և վրացական բանասիրության դասախոսություններին։ Մեկ տարի անց նրան թույլատրվում է Բեյրութի Սեն-Ժոզեֆ համալսարանում ուսանել արաբերեն և ասորերեն, սակայն 1964 թվականին նա ետ է կանչվում Լուվեն՝ շարունակելու աստվածաբանական կրթությունը։ 1966 թվականին Միշել վան Էսբրուկը Լուվենի համալսարանում ձեռնամուխ է լինում արևելյան բանասիրության և պատմության գծով դոկտորական ատենախոսության շարադրմանը։ 1970 թվականին նա ավարտել է աստվածաբանական կրթությունը և ձեռնադրվել քահանա։
1972 թվականի Միշել վան Էսբրուկը սկսել է 11 վրացերեն ձեռագրերի լուսապատճենների վերծանման աշխատանքը և պարզել, որ դրանք պատկանում են Մրավալթավի (Ճառընտիր) ժողովածուների տիպին։ 1972 թվականի արդեն պաշտպանության պատրաստ է եղել նրա դոկտորական աշխատանքը, սակայն պաշտպանել է 1975 թվականին։ Այդ թվականին էլ նա դիմել է Բելգիայի կառավարությանը, որպեսզի իրեն ընդգրկեն սովետաբելգիական համատեղ գիտական ծրագրերի մեջ։ Այդ թվականից էլ վարքագրության հետազոտության բնագավառում նա մասնակցել է բազմաթիվ գիտական ծրագրերի, որոնք իրականացվում էին Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում և Երևանում։ Այդ ընթացքում էլ Միշել վան Էսբրուկը տիրապետում է ռուսերենին, վրացերենին և հայերենին։ 1982 թվականին նա հրավիրվում է Հռոմի քահանայապետական Արևելագիտության ինստիտուտ՝ դասավանդելու հայերեն և վրացերեն։ 1985 թվականին նա մեկ տարով փոխարինել է պրոֆեսոր Ժան-Պիեռ Մահեին Փարիզի Կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնում։
1986 թվականին Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի խնդրանքով իր թեկնածությունն է ներկայացրել Արևելաքրիստոնեական բանասիրության ամբիոնի վարիչի թափուր տեղում ընդունվելու համար, միաժամանակ փոխարինել է պրոֆեսոր Յուլիուս Ասֆալգին այդ ամբիոնում՝ դասավանդելով Քրիստոնյա Արևելքի վեց լեզուները հայերեն, վրացերեն, արաբերեն, ասորերեն, ղպտերեն և գեեզ (եթովպերեն)։ 1987 թվականին Միշել վան Էսբրուկը ընտրվել է այդ ամբիոնի վարիչ և ղեկավարել այն մինչև 1999 թվականի հուլիսի 31-ը։
Միշել վան Էսբրուկը Գերմանիայի գիտությունների ակադեմիայի Հայրաբանության հանձնաժողովի անդամ է եղել, ընտրվել է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ 1998 թվականի դեկտեմբերին Թբիլիսիի համալսարանի վրացագիտության ամբիոնը վրացագիտության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար նրան արժանացրել է Մարի-Ֆելիսիտե Բրոսեի անվան մրցանակի։
Ներդրումներ հայագիտության ասպարեզում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայագիտության ոսկե ֆոնդի մասն են կազմում Միշել վան Էսբրուկի հետազոտությունները Սողոմոն Մաքենացու և Մշո Ճառընտրի, Ագաթանգեղոսի «Պատմության», Ս․ Թադեոսի և Ս․ Բարդուղիմեոսի պաշտամունքի, Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ի հայկական ձեռագրական կրկնագրերի վերաբերյալ։ Նա նոր մեկնաբանություններ է առաջարկել 5-8-րդ դարերի հայ-բյուզանդական եկեղեցական փոխհարաբերությունների հետազոտության և վաղ հայկական մատենագրության մի շարք երկերի ուսումնասիրության բնագավառում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ազատ Բոզոյան «Պրոֆեսոր Միշել վան Էսբրուկ», պատմաբանասիրական հանդես №1, 2004, էջ 319-321
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միշել վան Էսբրուկ» հոդվածին։ |