Միշել վան Էսբրուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միշել վան Էսբրուկ
Michel van Esbroeck (2).jpg
Ծնվել էհունիսի 17, 1934(1934-06-17)[1]
Մեխելեն, Մեխելեն, Անտվերպեն, Բելգիա
Մահացել էնոյեմբերի 21, 2003(2003-11-21)[1] (69 տարեկանում) կամ նոյեմբերի 22, 2003(2003-11-22) (69 տարեկանում)
Օտինյի-Լուվեն-լա-Նյով, Նիվել, Վալոնյան Բրաբանտ, Վալոնիա, Բելգիա
ՔաղաքացիությունFlag of Belgium.svg Բելգիա
Դավանանքկաթոլիկություն
Մասնագիտությունպատմաբան, արևելագետ և հայագետ
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1]

Միշել վան Էսբրուկ (հունիսի 17, 1934(1934-06-17)[1], Մեխելեն, Մեխելեն, Անտվերպեն, Բելգիա - նոյեմբերի 21, 2003(2003-11-21)[1] կամ նոյեմբերի 22, 2003(2003-11-22), Օտինյի-Լուվեն-լա-Նյով, Նիվել, Վալոնյան Բրաբանտ, Վալոնիա, Բելգիա), բելգիացի արևելագետ, հայագետ, վրացագետ, Քրիստոնյա Արևելքի մատենագրությունների հմուտ մեկնաբան, պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միշել վան Էսբրուկը ծնվել է 1934 թվականի հունիսի 17-ին Բելգիայի Մալին քաղաքում։ Տոհմանունը ֆլեմական է, սակայն ընտանիքում մայրենի լեզուն ֆրանսերենն է եղել։ Գիտնականի հայրը՝ պրոֆեսոր Գիյոմ վան Էսբրուկը Կոլումբիայի համալսարանում 1921-1923 թվականներին մասնագիտացել է երկրաբանության բնագավառում, իսկ մայրը՝ Իդա Բրուսելմանը 1914-1918 թվականներին սովորել է Լոնդոնում։ Միշելը 1951 թվականին սովորել է Բրյուսելի Սեն-Միշել քոլեջում և ուսումնասիրել հունարեն և լատիներեն։ Այնուհետև մեկ տարի սովորել է Սեն-Լուիս իրավաբանական ֆակուլտետում, որից հետո 1953-1955 թվականներին մտել է Հիսուսյան վանական շարքի կարգերը։ 1959 թվականին հանձնել է պետական քննություն և դասական բանասիրության մասնագետի վկայական ստացել Բելգիայում։ Այնուհետև 3 տարի Լիբանանի Սեն-Ալբեր քահանայապետական ինստիտուտում պատրաստել և պաշտպանել է փիլիսոփայության աստիճանի ատենախոսություն «Պրոհայրեսիսը Արիստոտելի և հույն ճարտասանների մոտ» թեմայով։ Այնուհետև, մեկ տարվա զինվորական ծառայությունից հետո, դասավանդել է նույն ուսումնական հաստատությունում։

1962 թվականին Միշել վան Էսբրուկը հրավիրվել է պաշտոնավարելու Բրյուսելի Բոլանդիստների վանական միության գրադարանում, ուր հնարավորություն է ստացել զբաղվել եկեղեցագիտական խնդիրներով։ Այդ ժամանակ նա, իբրև ազատ ունկնդիր թույլտվություն է ստացել Լուվենի համալսարանում հետևել պրոֆեսոր Ժերար Գարիտի հայկական և վրացական բանասիրության դասախոսություններին։ Մեկ տարի անց նրան թույլատրվում է Բեյրութի Սեն-Ժոզեֆ համալսարանում ուսանել արաբերեն և ասորերեն, սակայն 1964 թվականին նա ետ է կանչվում Լուվեն՝ շարունակելու աստվածաբանական կրթությունը։ 1966 թվականին Միշել վան Էսբրուկը Լուվենի համալսարանում ձեռնամուխ է լինում արևելյան բանասիրության և պատմության գծով դոկտորական ատենախոսության շարադրմանը։ 1970 թվականին նա ավարտել է աստվածաբանական կրթությունը և ձեռնադրվել քահանա։

1972 թվականի Միշել վան Էսբրուկը սկսել է 11 վրացերեն ձեռագրերի լուսապատճենների վերծանման աշխատանքը և պարզել, որ դրանք պատկանում են Մրավալթավի (Ճառընտիր) ժողովածուների տիպին։ 1972 թվականի արդեն պաշտպանության պատրաստ է եղել նրա դոկտորական աշխատանքը, սակայն պաշտպանել է 1975 թվականին։ Այդ թվականին էլ նա դիմել է Բելգիայի կառավարությանը, որպեսզի իրեն ընդգրկեն սովետաբելգիական համատեղ գիտական ծրագրերի մեջ։ Այդ թվականից էլ վարքագրության հետազոտության բնագավառում նա մասնակցել է բազմաթիվ գիտական ծրագրերի, որոնք իրականացվում էին Մոսկվայում, Լենինգրադում, Թբիլիսիում և Երևանում։ Այդ ընթացքում էլ Միշել վան Էսբրուկը տիրապետում է ռուսերենին, վրացերենին և հայերենին։ 1982 թվականին նա հրավիրվում է Հռոմի քահանայապետական Արևելագիտության ինստիտուտ՝ դասավանդելու հայերեն և վրացերեն։ 1985 թվականին նա մեկ տարով փոխարինել է պրոֆեսոր Ժան-Պիեռ Մահեին Փարիզի Կաթոլիկ համալսարանի հայագիտության ամբիոնում։

1986 թվականին Մյունխենի Լյուդվիգ-Մաքսիմիլիան համալսարանի խնդրանքով իր թեկնածությունն է ներկայացրել Արևելաքրիստոնեական բանասիրության ամբիոնի վարիչի թափուր տեղում ընդունվելու համար, միաժամանակ փոխարինել է պրոֆեսոր Յուլիուս Ասֆալգին այդ ամբիոնում՝ դասավանդելով Քրիստոնյա Արևելքի վեց լեզուները հայերեն, վրացերեն, արաբերեն, ասորերեն, ղպտերեն և գեեզ (եթովպերեն)։ 1987 թվականին Միշել վան Էսբրուկը ընտրվել է այդ ամբիոնի վարիչ և ղեկավարել այն մինչև 1999 թվականի հուլիսի 31-ը։

Միշել վան Էսբրուկը Գերմանիայի գիտությունների ակադեմիայի Հայրաբանության հանձնաժողովի անդամ է եղել, ընտրվել է Վրաստանի Գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ։ 1998 թվականի դեկտեմբերին Թբիլիսիի համալսարանի վրացագիտության ամբիոնը վրացագիտության բնագավառում ունեցած ձեռքբերումների համար նրան արժանացրել է Մարի-Ֆելիսիտե Բրոսեի անվան մրցանակի։

Ներդրումներ հայագիտության ասպարեզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայագիտության ոսկե ֆոնդի մասն են կազմում Միշել վան Էսբրուկի հետազոտությունները Սողոմոն Մաքենացու և Մշո Ճառընտրի, Ագաթանգեղոսի «Պատմության», Ս․ Թադեոսի և Ս․ Բարդուղիմեոսի պաշտամունքի, Եզնիկ Կողբացու «Եղծ Աղանդոց»-ի հայկական ձեռագրական կրկնագրերի վերաբերյալ։ Նա նոր մեկնաբանություններ է առաջարկել 5-8-րդ դարերի հայ-բյուզանդական եկեղեցական փոխհարաբերությունների հետազոտության և վաղ հայկական մատենագրության մի շարք երկերի ուսումնասիրության բնագավառում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազատ Բոզոյան «Պրոֆեսոր Միշել վան Էսբրուկ», պատմաբանասիրական հանդես №1, 2004, էջ 319-321