Jump to content

Մարտական սթրեսային ռեակցիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ-ի ծովային հյուծված հետևակը՝ Թեոդոր Ջեյմս Միլլերը, 1944 թվականի փետրվարին Էնիվետոկի ճակատամարտում երկու օր շարունակական կռիվներից հետո :

Մարտական սթրեսային ռեակցիան (ՄՍՌ) սուր վարքագծային խանգարում  է` որպես մարտական տրավմայի ուղղակի հետևանք։ Նաև հայտնի է որպես «մարտական հոգեխոցվածք», «մարտական հյուծում» կամ «մարտական նյարդախտ» և որոշակիորեն համընկնում է քաղաքացիական հոգեբուժության սուր սթրեսային ռեակցիայի ախտորոշմանը։ Այն պատմականորեն կապ ունի կոնտուզիայի հետ և երբեմն կարող է առաջացնել հետտրավմատիկ սթրեսային խանգարում։

Մարտական սթրեսային ռեակցիան սուր ռեակցիա է, որը ներառում է մարտական սթրեսի հետևանքով առաջացած մի շարք վարքային կողմնորոշումների, որոնք նվազեցնում են ռազմիկի մարտունակությունը։ Ամենահաճախ հանդիպող ախտանշաններն են՝ ուժասպառությունը, դանդաղ արձագանքը, անվստահությունը, շրջապատից մեկուսացումը  և առաջնահերթություններ սահմանելու անկարողությունը։ Մարտական սթրեսային ռեակցիան հիմնականում կարճաժամկետ է և չպետք է շփոթել սուր սթրեսային խանգարման, հետտրավմատիկ սթրեսային խանգարման կամ այլ երկարատև խանգարումների հետ, որոնք հատուկ են մարտական սթրեսին, թեև դրանցից ցանկացածը կարող է սկսվել որպես մարտական սթրեսային ռեակցիա։ ԱՄՆ բանակը պաշտոնական բժշկական զեկույցներում օգտագործում է ՄԱՍՌ (Մարտական սթրեսային ռեակցիա) (COSR) եզրույթը/հապավումը։ Այս եզրույթը կարող է գործածվել զորամասում ցանկացած սթրեսային ռեակցիայի դեպքում։ Շատ ռեակցիաներ նման են հոգեկան խանգարման ախտանիշներին (օրինակ՝ խուճապ, ծայրահեղ անհանգստություն, դեպրեսիա և հալյուցինացիաներ, բայց դրանք կարճատև բնույթի ռեակցիաներ են մարտական տրավմատիկ սթրեսին և ռազմական գործողությունների կուտակային սթրեսներին[1]։

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կոնտուզիան համարվում էր հոգեկան հիվանդություն, որը առաջացել է մարտի ժամանակ նյարդերի վնասվածքից։ Ըստ խրամատային պատերազմի բնույթի, կռվող զինվորների մոտ 10%-ը զոհվել է (համեմատած Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ 4,5%-ի), իսկ  կորուստ ունեցած (զոհված կամ վիրավորված) զորքերի ընդհանուր քանակը 57% է[2]։ Արդյոք կոնտուզիա ստացած անձը համարվում էր «վիրավոր» թե «հիվանդ», կախված էր հանգամանքներից։ Զինվորներն անձամբ մեղադրվում էին ոչ թե պատերազմական փորձառության, այլ հոգեկան խանգարումների համար։ Առաջին համաշխարհային պատերազմի եվրոպական բնակչության վետերանների մեծ մասը նշում էր, որ ախտանիշները բնորոշ էին տարածաշրջանին:

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտական սթրեսային ռեակցիայի ախտանիշները կարող եք տեսնել նաև հոգեբանական տրավմայի դեպքում, որը սերտորեն կապված է հետտրավմատիկ սթրեսային խանգարման (ՀՏՍԽ) հետ։ ՄՍՌ-ի տարբերությունը ՀՏՍԽ -ից (ի թիվս այլ բաների) այն է, որ ՀՏՍԽ-ի ախտորոշման համար պահանջվում է ախտանիշների տևողություն մեկ ամսից ավելի, ինչը ՄՍՌ-ի դեպքում հարկավոր չէ։

Հոգնածությամբ պայմանավորված ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաշատ հանդիպող սթրեսային ռեակցիաները ներառում են.

  • Դանդաղ արձագանք
  • Մտքի դանդաղում
  • Առաջադրանքների առաջնահերթության սահմանման դժվարություն
  • Սովորական առաջադրանքները սկսելու դժվարություն
  • Աննշան խնդիրներով և ծանոթ գործերով մտահոգվածություն
  • Անվճռականություն և կենտրոնացման բացակայություն
  • Հոգնածությամբ պայմանավորված նախաձեռնության կորուստ
  • Ուժասպառություն

Վեգետատիվ նյարդային համակարգ – վեգետատիվ նյարդային համակարգի գրգռում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտում կրած կորուստների թիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթրեսի զոհերի և մարտերի զոհերի հարաբերակցությունը տատանվում է՝ կախված կռվի ինտենսիվությունից։ Ինտենսիվ պայքարի դեպքում այն կարող է հասնել մինչև 1:1 հարաբերակցության։ Քիչ ինտենսիվ հակամարտությունների դեպքում այն կարող է իջնել մինչև 1:10 (կամ ավելի քիչ)։ Ժամանակակից պատերազմը շարունակական գործողությունների սկզբունքների ամբողջություն է,որը ենթադրում է մարտական սթրեսից տուժածների ավելի մեծ ցուցանիշ[3]։

Ըստ տվյալների` պատերազմի վերջին տարիներին ցածր ցուցանիշներ են գրանցվել Երկրորդ համաշխարհային պատերազմում եվրոպական բանակի սթրեսից տուժածների մակարդակում` նկատվելով տարեկան 10-ից 1 զինվորի մոտ (101:1,000), ինչը նշանակում է նվազում թե՛ նորմայից, թե՛ իր ամենաբարձր ցուցանիշից[4]։

Հետևյալ ՄԱՍ սկզբունքները գործում էին «դեռևս չախտորոշված նյարդային» (ԴՉՆ) դեպքերի համար։

  • Մերձավորություն`  տուժածներին բուժել ճակատին մոտ և մարտական ձայների լսելիության սահմաններում։
  • Անհետաձգելիություն` բուժել նրանց առանց հապաղելու և չսպասել բոլոր վիրավորների բուժմանը։
  • Սպասելիություն` վստահեցնել, որ բոլորն իրենց հանգստից և համալրումից հետո կունենան ճակատ վերադառնալու սպասելիք։

Միացյալ Նահանգների զինվորական բժիշկ Թոմաս Վ. Սալմոնը հաճախ մեջբերվում է որպես ՄԱՍ սկզբունքների հեղինակ։ Այնուամենայնիվ, նրա իրական ուժի հիմքում էր իր այցը Եվրոպա և այնտեղ դաշնակցային ուժերից սովորելը, այնուհետև դասավանդելը։ Պատերազմի ավարտին Սալմոնը ստեղծել էր ստորաբաժանումների և ընթացակարգերի ամբողջական համակարգ, որն այն ժամանակ համարվում էր «աշխարհի լավագույն փորձը»։ Իր ավանդի համար պարգևատրվել է «Նշանավոր ծառայության» մեդալով[5]։

ՄՍՌ -ի ուսումնասիրություններով ՄԱՍ մոտեցման արդյունավետությունը չի հաստատվել, և կան որոշ ապացույցներ, որ այն արդյունավետ չէ ՀՏՍԽ -ի կանխարգելման համար[6]։

ԱՄՆ ծառայություններն այժմ օգտագործում են վերջերս մշակված հետևյալ սկզբունքները (ՀԱՇՍՄՊ).

  • Հակիրճություն
  • Անհետաձգելիություն
  • Շփում կամ կենտրոնացում
  • Սպասելիություն
  • Մերձավորություն
  • Պարզություն։

Պատերազմների միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիտանական կառավարությունը 1922 թվականին հրապարակել է Պատերազմի գրասենյակի հետաքննող հանձնաժողովի զեկույցը կոնտուզիայի վերաբերյալ։ Զեկույցի առաջարկությունները ներառում էին.

Առաջնային գոտիներում
Ոչ մի զինվոր չպետք է մտածի, որ նյարդային կամ մտավոր վերահսկողության կորուստը մարտադաշտից փախչելու պատվավոր պատճառ կարող է դառնալ, և պետք է ամեն ինչ արվի, որպեսզի գումարտակի կամ դիվիզիական տարածքից լքելու աննշան դեպքերը կանխարգելվեն, բուժումը այդ դեպքում պետք է ապահովի հանգիստ և սփոփանք նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն և խրախուսի վերադառնալ առաջնագիծ։
Նյարդաբանական կենտրոններում
Երբ դեպքերը ծայրահեղ ծանր են, հմուտ և մանրամասն բուժում ստանալու համար նրանց պետք է ուղարկել հատուկ նյարդաբանական կենտրոններ, որքան հնարավոր է առաջնագծին մոտ, որպեսզի նյարդային խանգարումների մասնագետի հսկողության տակ լինեն։ Այնուամենայնիվ, ոչ մի նման դեպք չպետք է այնքան պիտակավորվի տարհանման ժամանակ, որ հիվանդի մտքում ամրագրվի նյարդային խանգարման գաղափարը։
Բազային հիվանդանոցներում
Երբ անհրաժեշտ է տարհանում բազային հիվանդանոց, հիվանդները պետք է բուժվեն առանձին հիվանդանոցում կամ հիվանդանոցի առանձին բաժիններում, այլ ոչ թե սովորական հիվանդների և վիրավոր հիվանդների հետ։ Միայն բացառիկ դեպքերում հիվանդներին պետք է ուղարկել Միացյալ Թագավորություն, քանի որ տվյալ մարդիկ ամենայն հավանականությամբ հետագայում դաշտում գտնվող ուժերի հետ չեն համապատասխանի ցանկացած տեսակի ծառայության։ Այս քաղաքականությունը պետք է լայնորեն տարածված լինի զինված ուժերում։
Բուժման մեթոդները
Բուժման մթնոլորտի ստեղծումը հաջող ապաքինման հիմքն է, ուստի բժշկի անհատականությունը մեծագույն նշանակություն ունի։ Հականալով, որ պատերազմական նյարդախտի յուրաքանչյուր առանձին դեպք պետք է բուժվի ըստ արժանվույն` հանձնաժողովը կարծում է, որ լավ արդյունքների հնարավոր է հասնել հոգեթերապիայի ամենապարզ մեթոդներով, այսինքն՝ մեկնությամբ, համոզմամբ և առաջարկությամբ` դրանց համընթաց կիրառելով այնպիսի ֆիզիկական մեթոդներ, ինչպիսիք են՝ լոգանքները, էլեկտրոթերապիան և մերսումները։ Մտքի և մարմնի հանգիստը կարևոր է անկախ ամեն ինչից։
Հանձնաժողովը կարծում է, որ խոր հիպնոսային քունը, թեև օգտակար է որպես առաջարկներ փոխանցելու կամ մոռացված փորձառություններ դուրս բերելու միջոց, օգտակար է ընտրված դեպքերում, բայց հիմնականում դրանք ավելորդ են և նույնիսկ կարող են որոշ ժամանակով սրել ախտանիշները։
Ֆրեյդյան հոգեվերլուծություն խորհուրդ չի տրվում։
Ապաքինման դեպքում շատ կարևոր է վերաադապտացումը և հետաքրքիր և հարմար զբաղմունք գտնելը:Եթե հիվանդը չի համապատասխանում հետագա զինվորական ծառայության, պետք է ջանալ գտնել համապատասխան զբաղմունք, որպեսզի նա վերադառնա իր ակտիվ կյանքին։
Վերադարձ առաջնագիծ
Զինվորները չպետք է վերադառնան առաջնագիծ հետևյալ պայմանների դեպքում.
(1) Եթե նյարդախտի ախտանիշներն այնպիսին են, որ զիվորը չի կարող արտերկրում բուժվել հետագա օգտակար աշխատանքի հեռանկարով։
(2) Եթե խանգարումն այնքան ծանր է, որ Միացյալ Թագավորությունում երկարատև հանգստի ու բուժման անհրաժեշտություն է առաջանում։
(3) Եթե հաշմանդամությունը ծանր կարգի տագնապային նյարդախտ է։
(4) Եթե հաշմանդամությունը հոգեկան խանգարում է կամ հոգեկան հիվանդություն, որը պահանջում է հոգեբուժարանում բուժում։
Այնուամենայնիվ, համարվում է, որ կան բազմաթիվ նման դեպքեր, երբ ապաքինումից հետո նրանք օգտակար աշխատանք են կարողանում ձեռք բերել, օրինակ՝ օժանդակ մարտական ծառայություն։

Մտահոգության մի մասն այն էր, որ բրիտանացի վետերանները թոշակ էին ստանում և երկարաբնույթ հաշմանդամություն ունեին։

1939 թվականին մոտ 120,000 բրիտանացի նախկին զինծառայողներ ստացել էին վերջնական պարգևներ առաջին կարգի հոգեբուժական հաշմանդամության համար կամ բոլոր թոշակառու հաշմանդամների մոտ 15%-ը, և ևս 44,000-ը դեռ թոշակ էին ստանում «զինվորի սիրտ» կամ դա Կոստա համախտանիշի համար։ Այնուամենայնիվ, շատ բաներ կան, որ վիճակագրությունը ցույց չի տալիս, քանի որ  հոգեբուժական հետևանքների տեսանկյունից թոշակառուները պարզապես հսկայական այսբերգի գագաթն էին[7]։

Պատերազմի թղթակից Ֆիլիպ Գիբսը գրել էր.

Ինչ-որ բան այն չէր։ Նրանք նորից հագել էին քաղաքացիական հագուստները և իրենց մայրերի ու կանանց առջև 1914 թվականի օգոստոսին նախորդող խաղաղ օրերին աշխատանքի գնացած երիտասարդների տեսքով էին։ Բայց նրանք այլևս նույն տղամարդիկ չէին։ Նրանց մեջ ինչ-որ բան փոխվել էր։ Նրանց մոտ հաճախ նկատվում էին տրամադրության փոփոխություններ և տարօրինակ դյուրագրգռություն, խոր դեպրեսիայի նոպաներ, որոնք փոխվում էին անընդհատ հաճույք ստանալու ցանկությամբ։ Շատերը հեշտությամբ տրվեցին կրքին՝ կորցնելով իրենց նկատմամբ վերահսկողությունը։ Շատերը կոպիտ էին արտահայտվում, կարծիք ասելիս դաժան էին և վախեցնող[7]։

Պատերազմների միջև մի բրիտանացի գրող գրել է.

Չպետք է արդարացում տրվի այն համոզմունքի հաստատմանը, որ ֆունցիոնալ նյարդային խանգարումը տալիս է փոխհատուցման իրավունք։ Դժվար է ասել։ Հնարավոր է դաժան հնչի, որ այն մարդկանց, որոնց տառապանքները իրական են, ում հիվանդությունները թշնամու գործողություններից են առաջացել կամ շատ հավանական հայրենասիրական ծառայության ընթացքում, պետք է վերաբերվեն նման ակնհայտ կոպտությամբ։ Բայց կասկած չկա, որ նման հիվանդների ճնշող մեծամասնությունը չի դիմադրում ցնցմանը, քանի որ դրանից ստանում է օգուտ։ Տալով այդ առավելությունը` օգուտ չենք տա նրանց, քանի որ դրանով կխրախուսենք նրանց բնավորության թուլության ձգտող հակումները։ Պետությունը իր քաղաքացիներին չի կարող քաջության և անձնազոհության կոչ անել և միաժամանակ անուղղակիորեն հայտարարել, որ անգիտակից վախկոտությունը կամ անգիտակից անազնվությունը կպարգևատրվեն[7]։

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Միացյալ Նահանգների զինվորականների մեծ մասը մոռացել էր Առաջին համաշխարհային պատերազմի տված դասերը։ Հավակնորդների զննումն ի սկզբանե մանրակրկիտ էր կատարվում, բայց փորձն ի վերջո ցույց տվեց, որ այն չունի կանխատեսող մեծ ուժ։

ԱՄՆ-ը ներգրավվեց պատերազմին 1941թ. դեկտեմբերին։ Միայն 1943 թ.-ի նոյեմբերից յուրաքանչյուր դիվիզիայի ցուցակում ավելացավ հոգեբույժ, և այդ քաղաքականությունը չիրականացվեց Ռազմական գոծողությունների միջերկրածովյան թատրոնում մինչև 1944 թ.-ի մարտ։ 1943 թ.-ից սկսած ԱՄՆ-ի բանակում սկսեցին օգտագործել «հյուծում» տերմինը որպես նախնական ախտորոշում հոգեբուժական դեպքերի համար, և օգտագործվում էին ռազմական հոգեբուժության ընդհանուր սկզբունքները։ Գեներալ Փաթթոնի ապտակների պատահարը մասամբ խթան հանդիսացավ 1943 թ. սեպտեմբերին իտալական ներխուժման դեմ առաջընթաց բուժում սկսելու համար։ Զորամասի համախմբվածության և խմբի անդամակցության կարևորությունը որպես պաշտպանիչ գործոն սկսեց հանդիսանալ։

Ջոն Ափփելը պարզել է, որ միջինում ամերիկացի հետևակայինը Իտալիայում 200-ից 240 օրվա ընթացքում «հյուծվում է» և եզրակացրել է, որ ամերիկացի զինվորը «կռվում է իր ընկերների համար, կամ քանի որ անձնական հարգանքը թույլ չի տա նրան հեռանալ»։ Մի քանի ամիս մարտերից հետո զինվորը պատճառներ չուներ շարունակել կռվել, քանի որ նա ցույց  էր տվել  իր քաջությունը մարտում և իր հետ մարզված զինակից ընկերների մեծ մասն այլևս իր հետ չէր[8]: Ափփելը օգնեց կիրառել 180 օրյա սահմանափակում ակտիվ մարտերին[9] մասնակցող զինվորների համար և առաջարկեց պատերազմն ավելի իմաստալից դարձնել՝ ընդգծելով ԱՄՆ-ը նվաճելու նրանց թշնամիների ծրագրերը` խրախուսելով զինվորներին պայքարել, որպեսզի կանխեն իրենց ընտանիքներում այն, ինչին նրանք ականատես էին եղել այլ երիկրներում։ Այլ հոգեբույժներ կարծում են, որ ընտանիքից ստացված նամակները հուսահատեցնում են զինվորներին՝ ուժեղացնելով կարոտի զգացումը և անտեղի նշելով այն խնդիրները, որոնք զինվորները չեն կարող լուծել։ Ուիլյամ Մենինգերը պատերազմից հետո նշում է. «Գուցե խելամիտ կլիներ զինվորներին նամակ գրելու համար համազգային կրթական դասընթաց ունենալ», իսկ Էդվարդ Ստրեկերը քննադատեց «մամաներին» (ի տարբերություն մայրերի), որոնց մոտ չի ստացվել  «կրծքից կտրել» որդիներին և նամակների միջոցով վնասել են նրանց բարոյական վիճակը[8]։

Օդաչուները շատ ավելի հաճախ էին թռչում Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտք, քան Եվրոպա, և չնայած Ավստրալիայում նախատեսված էր հանգստի ժամանակ, չկար առաջադրանքների հստակ թիվ, որոնք մարտերի համար ավարտ կլինեին, ինչպես օրինակ Եվրոպայի դեպքում։ Միապաղաղ, տոթ, հիվանդագին միջավայրի հետ մեկտեղ, արդյունքը ոգևորություն չէր առաջացնում, և հյուծված վետերաններն արագ փոխանցեցին այդ տրամադրությունը նորեկներին։ Մի քանի ամիս անց մարտական հոգնածության համաճարակները կտրուկ նվազեցնում էին ստորաբաժանումների մարտունակությունը։ Թռիչքաջոկատի վիրաբույժները հայտնել էին, որ այն տղամարդիկ, ովքեր ամենաերկարն են եղել վայրի անտառների թռիչքադաշտերում, վատ վիճակում էին.

Շատերն ունեն քրոնիկ դիզենտերիա կամ այլ հիվանդություններ, և գրեթե բոլորի մոտ նկատվում էին քրոնիկական հոգնածության վիճակներ…:Նրանք անտարբեր, թափթփված, անփույթ և անհաղորդ տեսք ունեն, գրեթե դիմակ հիշեցնող դեմքի արտահայտությամբ։ Խոսքը դանդաղ է, մտքի բովանդակությունը վատ, բողոքում են քրոնիկ գլխացավերից, անքնությունից, հիշողության արատից, մոռացված են զգում, անհանգստանում են իրենց համար, վախենում են նոր հանձնարարություններից, չունեն պատասխանատվության զգացում և հույսեր չունեն ապագայի համար[10]։

Բրիտանացիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի տարբերություն ամերիկացիների` բրիտանացի առաջնորդները ճիշտ դասեր էին քաղել Առաջին համաշխարհային պատերազմից։ Ենթադրվում էր, որ օդային ռմբակոծությունները օրական կսպանեն մինչև 35000 մարդ, սակայն Բլիցը ընդհանուր հաշվով սպանել է ընդամենը 40000 մարդ։ Սպասվող քաղաքացիական հոգեկան խանգարմումների բուռն հոսք չեղավ։ Կառավարությունը դիմեց Առաջին համաշխարհային պատերազմի բժիշկներին, որպեսզի խորհուրդներ ստանա խնդիրներ ունեցողների համար։ Հիմնականում օգտագործվում էին ՄԱՍ-ի մեթոդները։ Այնուամենայնիվ, բրիտանական բանակում Առաջին համաշխարհային պատերազմի բժիշկների մեծ մասը չափազանց ծեր էր այդ աշխատանքի համար, և աշխատանքի ընդունվեցին երիտասարդ, վերլուծական միտք ունեցող հոգեբույժներ։ Բանակի բժիշկները «թվում է թե պատկերացում չունեին պատերազմի խանգարման և դրա բուժման մասին, թեև նրանցից շատերը ծառայել էին 1914–1918 թթ.-ի պատերազմում»։ Առաջին հոգեբուժարանը Մերձավոր Արևելքի ուժերում կառուցվել է 1942 թ.-ին։ Նորմադական դեսանտային օպերացիայի առաջին ամսվա ընթացքում կար զոհերին 48 ժ պահելու քաղաքականություն նախքան նրանց Լա Մանշով հետ ուղարկելը։ Սա կտրականապես հակասում էր ՄԱՍ-ի սպասելիության սկզբունքին[7]։

Ափփելը կարծում էր, որ բրիտանացի զինվորները կարող են շարունակել կռվել գրեթե երկու անգամ ավելի երկար, քան իրենց ամերիկացի համընկերները, քանի որ բրիտանացիներն ավելի լավ հերթապահության գրաֆիկներ ունեին, և, ի տարբերություն ամերիկացիների, «կռվում են գոյատևման համար»՝ բրիտանացի զինվորների  համար Առանցքի ուժերի սպառնալիքը շատ ավելի իրական էր՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի հարևանությունը մայրցամաքային Եվրոպայի հետ, և այն փաստը, որ Գերմանիան միաժամանակ օդային հարձակումների էր դիմում և ռմբակոծում բրիտանական արդյունաբերական քաղաքները։ Բրիտանացի բժիշկները,ինչպես ամերիկացիները, կարծում էին, որ ընտանիքից ստացվող նամակները հաճախ անտեղի վնասում են զինվորների բարոյական վիճակը[8]:

Կանադական բանակը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մարտական սթրեսային ռեակցիան ճանաչել է որպես «Մարտական հյուծում» և այն դասակարգել որպես մարտական վիրավորման առանձին տեսակ։ Պատմաբան Թերի Քոփը շատ է անդրադարձել այդ թեմային իր աշխատություններում[11]։ Նորմանդիայում «Ճակատամարտին մասնակցող հետևակային ստորաբաժանումներում մարտական հյուծման դեպքերը նույնպես արագ աճ են գրանցել, մարտական սթրեսի պատճառով մի քանի հարյուր մարդ տարհանվել է։ Գնդի զինվորական բժիշկները հասկանում էին, որ ո՛չ մշակված մեթոդները, ո՛չ էլ լավ վերապատրաստումը չեն կարող կանխել զինծառայողների զգալի թվի ուժասպառությունը»[12]։

Գերմանացիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախանացիստական Ֆրեյկորպս (նացիզմի առաջապահ ջոկատը) կիսառազմականացված կազմակերպությունների պատմության մեջ պատմաբան Ռոբերտ Գ. Լ. Ուեյթը նկարագրում է Առաջին համաշխարհային պատերազմի որոշ հուզական ազդեցությունները գերմանական զորքերի վրա և հիշատակում է Գյորինգի արտահայտությունը, որ տղամարդիկ չեն կարող վայրենի չլինել[13]։

Հարցազրույցում բժիշկ Ռուդոլֆ Բրիկենշտեյնը նշել է.

... նա կարծում էր, որ սթրեսային ուժասպառությամբ պայմանավորված կարևոր խնդիրներ չկան, քանի որ դրանք կանխվում են բարձրակարգ առաջնորդության շնորհիվ։ Բայց, նա հավելեց, որ եթե զինվորն իսկապես կոտրվել է և չի կարող շարունակել մարտը, դա ղեկավարության խնդիրն է, այլ ոչ թե բժշկական անձնակազմի կամ հոգեբույժների։ Խանգարումը (ասում է նա) սովորաբար արտահայտվում էր կռվելու դժկամությամբ կամ վախով[14]։

Այնուամենայնիվ, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում սթրեսից տուժածների կտրուկ աճ է գրանցվել՝ 1935 թ.-ի հոսպիտալացումների 1%-ից 1942 թ.-ին հասնելով մինչև 6%-ի։ Մեկ այլ գերմանացի հոգեբույժ պատերազմից հետո հայտնել էր, որ վերջին երկու տարիների ընթացքում Էնսենում հոսպիտալացումների մոտ մեկ երրորդը եղել են պատերազմական նյարդախտի պատճառով։ Հավանական է, որ և՛ իրական խնդիրներն են ավելի քիչ եղել, և՛ խնդրի ընկալումը[14]։

Հատկապես հաստատուն էր ֆիննական վերաբերմունքը «պատերազմական նյարդախտին»։ Հոգեբույժ, ռազմական բժշկության ղեկավար Հարրի Ֆեդերլին կոնտուզիան համարում էր թույլության և ոգու տոկունության բացակայության նշան։ Պատերազմական նյարդախտի դեմ նրա բուժումը պարզ էր. հիվանդները պետք է ենթարկվեին բռնության և տանջանքների, մինչև առաջնագծի ծառայության վերադառնալը։

Ավելի վաղ՝ Խորհրդա-ֆիննական պատերազմի ժամանակ, մի քանի ֆիննական գնդացիրներ Կարելյան Իսթմուս թատրոնում հոգեպես անհավասարակշիռ էին դարձել ֆիննական դիրքերի վրա մի քանի  խորհրդային հոգեբանական անհաջող գրոհները հետ մղելուց հետո։

Երկրորդ համաշխարհայինի հետպատերազմյան զարգացումները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսրայելցիների կողմից ՄԱՍ սկզբունքներին ավելացվել էր նաև պարզությունը. նրանց կարծիքով, բուժումը պետք է լինի կարճ, օգնող և հնարավոր լինի ստանալ առանց որևէ խոր ուսուցման։

Խաղաղապահության սթրեսները

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղաղապահությունն առաջացնում է իր սթրեսները, քանի որ այն ընդգծում է ռազմական գործողությունների վարման կանոնները, ինչը բաշխում է դերերը, որոնք ստանձնելու համար պատրաստվում են զինվորները։ Պատճառները ներառում են հետևյալը տեսնելը կամ զգալը.

  • Մշտական լարվածություն և հակամարտության սպառնալիք,
  • Ականների և ական-որոգայթների սպառնալիք,
  • Սերտ շփում ծանր վիրավորների և մահացած մարդկանց հետ,
  • Դիտավորյալ կոպիտ և անգութ վերաբերմունք՝ հնարավոր է քաղաքացիական անձանց մասնակցությամբ,
  • Մշակութային խնդիրներ,
  • Բաժանում և տան հետ կապված խնդիրներ,
  • Հիվանդության վտանգ, ներառյալ ՄԻԱՎ-ի հավանականությունը,
  • Թունավոր նյութերի սպառնալիք,
  • Ռազմական առաջադրանքի խնդիրներ,
  • Վերադարձ ծառայություն[15]։

Ախտաբանական ֆիզիոլոգիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպաթիկ նյարդային համակարգի (ՍՆՀ) ազդակների ակտիվացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ի հեռահար հետախուզական պարեկի ղեկավարը Վիետնամում, 1968 թ.

Շատ ախտանշաններ սկզբնապես ՄՍՌ-ով տառապող մարդկանց կողմից դրսևորված մարմնի «կռվել կամ փախչել» արձագանքի երկարատև ակտիվացման հետևանք են։ «Կռվել կամ փախչել» արձագանքը ներառում է ընդհանուր սիմպաթիկ նյարդային համակարգի արտանետում, որպես արձագանք ընկալվող սթրեսի հարուցիչին և պատրաստում է մարմինը, որ կռվի կամ փախչի սթրես առաջացնող սպառնալիքից։ Կատեխոլամինային հորմոնները, ինչպիսիք են ադրենալինը կամ նորադրենալինը, հեշտացնում են անմիջական ֆիզիկական ռեակցիաները, որոնք կապված են ուժեղ մկանային ազդեցության նախապատրաստման հետ։ Թեև «կռվել կամ փախչել» արձագանքի ավարտը սովորաբար սպառնալիքի վերացումն է, մարտական գործողությունների գոտիներում մշտական մահացու վտանգը նույնպես անընդհատ և սուր սթրեսի պատճառ է զինվորների համար[16]։

Ընդհանուր ադապտացիոն համախտանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործընթացը, որով մարդու մարմինը արձագանքում է ընդլայնված սթրեսին, հայտնի է որպես ընդհանուր ադապտացիոն համախտանիշ (ԸԱՀ)։ «Կռվել կամ փախչել» նախնական արձագանքից հետո մարմինը ավելի է կոփվում սթրեսի նկատմամբ՝ փորձելով մեղմել սիմպաթիկ նյարդային արձագանքը և վերադառնալ հոմեոստազին։ Դիմադրության այս ժամանակահատվածում ՄՍՌ-ի ֆիզիկական և մտավոր ախտանիշները կարող են կտրուկ նվազել, քանի որ մարմինը փորձում է հաղթահարել սթրեսը։ Այնուամենայնիվ, երկարատև մարտական ներգրավվածությունը կարող է օրգանիզմը հետ պահել հոմեոստազից և դրանով սպառել նրա ռեսուրսները և նորմալ չգործել՝ այն ուղղորդելով ԸԱՀ-ի երրորդ՝ հյուծվածության փուլ։ Սիմպաթիկ նյարդային ակտիվացումը մնում է հյուծվածության փուլում, և սթրեսային ռեակցիաները նկատելիորեն զգայուն են, քանի որ «կռվել կամ փախչել» արձագանքի ախտանիշները վերադառնում են։ Եթե մարմինը մնում է սթրեսային վիճակում, ապա կարող են ի հայտ գալ ՄՍՌ-ի ավելի ծանր ախտանիշներ. կարող են դրսևորվել սրտանոթային և մարսողական համակարգի խանգարումներ։ Երկարատև  հյուծվածությունը կարող է ընդմիշտ վնասել օրգանիզմը[17]։

Բրիտանական բանակը մարտական սթրեսային ռեակցիայի բուժումը իրականացրել է համաձայն 7Հ-ի[18].

  • Հասկացողություն – բացահայտել, որ անհատն ունի ծառայողական սթրեսի ռեակցիա
  • Հանգիստ –  ապահովել կարճ հանգիստ առաջնագծից
  • Հանդարտություն - թույլ տալ հանգստանալ և վերականգնվել
  • Հիշողություն – անհատին հնարավորություն տալ հիշելու և քննարկելու փորձը, որից առաջացել է ռեակցիան
  • Հավաստիացում – տեղեկացնել նրանց, որ նրանց արձագանքը նորմալ է, և նրանք կապաքինվեն
  • Հոգեֆիզիկական վերականգնում – բարելավել հիվանդի ֆիզիկական և հոգեկան առողջությունը մինչև նա այլևս չցուցաբերի ախտանիշներ
  • Հետդարձ – թույլ տալ զինվորին վերադառնալ իր ստորաբաժանում։

Առջնագծի մարտական սթրեսի բուժման ժամանակակից մեթոդները մշակված են որոշակի փոփոխություններով՝ կրկնօրինակելու պատմականորեն օգտագործված ՄԱՍ սկզբունքը։ ՀԱՇՍՄՊ -ը ԱՄՆ բանակում օգտագործվող բուժման ընթացիկ կուրս է և ընդգծում է դիֆերենցիալ բուժումը՝ կախված զինծառայողի մոտ առկա ՄՍՌ ախտանիշների ծանրությունից։ ՀԱՇՍՄՊ -ը օգտագործվում է, որպեսզի  ՄՍՌ ախտանիշները բուժվեն և զինվորները արագ ծառայության վերադառնան։

ՀԱՇՍՄՊ ծրագրի հետևյալ ենթաբաժինները վերցված են ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի մարտական սթրեսի ձեռնարկից[19].

Հակիրճություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական իրադարձությունների ամփոփումը պետք է տևի 2-ից 3 ժամ։ Բժշկական ՄՍՎ (Մարտական սթրեսի վերահսկում) հաստատություններում նախնական հանգիստը և համալրումը պետք է տևեն ոչ ավելի, քան 3 կամ 4 օր։ Նրանք, ովքեր հետագա բուժման կարիք են ունենում, տեղափոխվում են խնամքի հաջորդ մակարդակ։ Քանի որ շատերին հետագա բուժում չի պահանջվում, զինվորական հրամանատարներն ակնկալում են, որ իրենց զինծառայողներն արագ կվերադառնան իրենց ծառայությանը։

Անհետաձգելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՍՎ-ն պետք է իրականացվի որքան հնարավոր է շուտ, երբ ռազմական գործողությունները թույլ տան։ Միջամտությունն իրականացվում է ախտանիշների ի հայտ գալուն պես։

Շփում /կենտրոնացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զինծառայողները, որոնք  ստորաբաժանումից դուրս զննման կամ խնամքի կարիք ունեն, տարհանվում են մոտայքում գտնվող հաստատություններ, հեռու ռազմադաշտին կից բուժկենտրոնի բժշկական կամ վիրաբուժական հիվանդներից, կենտրոնական վիրաբուժական աջակցության բուժմասերից (Ծովային հետևակայինների) կամ առաջնային պաշտպանության/զորաբաժանման աջակցության կենտրոնից կամ զինծառայողների զորամասին մոտ աջակցող տարածքային բուժմասերից (Բանակ)։ Լավագույն դեպքում զինծառայողներին, ովքեր չեն կարող շարունակել իրենց ծառայությունը և ավելի շատ հանգստի կարիք ունեն, ուղարկել կենտրոնական բուժմասեր այլ ոչ հիվանդանոց, եթե այլ հնարավորություն չկա։ Զինծառայողին պետք է խրախուսել շարունակել իրենց մասին մտածել որպես պատերազմի մարտիկ, այլ ոչ թե բուժվող կամ հիվանդ մարդ։ Հրամանատարության շղթան շարունակում է անմիջականորեն ներգրավված լինել զինծառայողի վերականգնման և ծառայության վերադառնալու գործում։ ՄՍՎ թիմը կապ է հաստատում ստորաբաժանման ղեկավարների հետ՝ իմանալու՝ արդյոք գերլարված անհատը լավ է ծառայել մարտական սթրեսային ռեակցիայից առաջ, թե՞ նրանք միշտ եղել են անտեսված կամ խնդիրներ առաջացնող, ում թիմը կնախընտրեր փոխարինել, քան վերադարձնել։ Հնարավորության դեպքում տուժածը տեղեկանում է ստորաբաժանման ներկայացուցիչներից կամ ստորաբաժանման հաղորդագրություններով, որ նրանք պետք են, և նրանց վերադարձն անհրաժեշտ է։ ՄՍՎ թիմը ստորաբաժանման բժշկական անձնակազմի կամ  բանակային քահանաների միջոցով խորհուրդ է փոխանցում  ստորաբաժանման ղեկավարներին, թե ինչպես ապահովել արագ վերականգնում, երբ զինծառայողը վերադառնա ստորաբաժանում։

Սպասելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատին հստակորեն ասվում է, որ նա նորմալ է արձագանքում ծայրահեղ սթրեսին և ակնկալվում է, որ մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում կվերականգնվի և կվերադառնա լիարժեք ծառայության։ Հրամանատարը շատ կարևոր է բուժման այս փուլում։ Մարտական սթրեսի ենթարկված զինծառայողին ասված բոլոր խոսքերից նրա փոքր ստորաբաժանման ղեկավարի խոսքերը ամենամեծ ազդեցությունն ունեն` պայմանավորված մարտական ​​գործողությունների ժամանակ տեղի ունեցող դրական շփման գործընթացով։ Փոքր ստորաբաժանման ղեկավարի պարզ խոսքերը զինծառայողին, որ նա նորմալ է արձագանքում սթրեսին և շուտով կվերադառնա, դրական ազդեցություն ունեն։ Փոքր ստորաբաժանումների ղեկավարները պետք է զինծառայողներին ասեն, որ ընկերները իրենց կարիքն ունեն և ակնկալում են, որ նրանք կվերադառնան։ Երբ նրանք վերադառնում են, ստորաբաժանումը վերաբերվում է նրանց ինչպես յուրաքանչյուր այլ զինծառայողի և ակնկալում է, որ նրանք լավ կծառայեն։ Մարտական սթրեսային խանգարում ունեցող և ապաքինվող զինծառայողները ավելի քիչ հավանական է, որ կրկին ծանրաբեռնվեն, քան նրանք, ովքեր դեռ չեն ծանրաբեռնվել։ Իրականում, նրանք ավելի քիչ են ծանրաբեռնվելու, քան անփորձ փոխարինողները։

Մերձավորություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շարժունակ պատերազմի ժամանակ, որը պահանջում է արագ և հաճախակի տեղաշարժ, մարտական սթրեսի բազմաթիվ դեպքերի բուժումը տեղի է ունենում տարբեր գումարտակների կամ գնդի շտաբներում կամ թիկունքային ստորաբաժանումներում, թեթև ծառայության ժամանակ, այլ ոչ թե բժշկական ստորաբաժանումներում, երբ հնարավոր է։ Սա առանցքային գործոն է և ևս մեկ ոլորտ, որտեղ փոքր ստորաբաժանման ղեկավարը նպաստում է բուժմանը։ Սթրեսի հետևանքով տուժածների ՄՍՎ-ն և հետագա խնամքը հնարավորինս մոտ են պահվում և սերտ կապ են պահպանում ստորաբաժանման անդամի հետ և հանդիսանում են ամբողջ ապաքինման գործընթացի անբաժանելի մասը։ Վերականգնման ընթացքում անհատի ստորաբաժանման անդամի այցելությունը արդյունավետ է զորամասի հետ կապը պահպանելու համար։ Մարտական սթրեսային ռեակցիայով զինծառայողը ճգնաժամ է ապրում, և կան ճգնաժամի երկու հիմնական կողմեր, որոնք տարբեր ուղղություններով են շարժվում։ Մի կողմից՝ զինծառայողին առաջնորդում է անվտանգություն փնտրելու և անտանելի միջավայրից դուրս գալու մեծ ցանկությունը։ Մյուս կողմից՝ զինծառայողը չի ցանկանում հիասթափեցնել զենընկերներին։ Նրանք ցանկանում են վերադառնալ իրենց ստորաբաժանումը։ Զինծառայողը սկսում է պատերազմից խուսափել և անվտանգ միջավայրի ձգտել, երբ բուժման ընթացքում կորցնում է կապը իր ստորաբաժանման հետ։ Նրանք զգում են, որ լքել են իրենց զինակիցներին, ովքեր արդեն իրենց պիտակավորել են որպես անարժան։ Հնարավոր է, որ զինծառայողը ավելի ու ավելի հուզական պոռթկումներ ունենա իր ախտանիշները պահպանելու համար, որպեսզի կարողանա մնալ անվտանգ միջավայրում։ Սրա մեծ մասն ստացվում է անկախ զինծառայողի կամքից, բայց արդյունքը նույնն է մնում։ Որքան քիչ շփում լինի զինծառայողի և իր ստորաբաժանման մեջ, այնքան քիչ հավանական է, որ նա կվերականգնվի։ Ավելի հավանական է, որ նրանց  մոտ  գրանցվի քրոնիկ հոգեբուժական  հիվանդություն, որի արդյունքում նրանք կտարհանվեն պատերազմից։

Բուժումը պարզ է։ ՄՍՎ-ն թերապիա չէ։ Հոգեթերապիա չի տրամադրվում։ Նպատակն է արագ վերականգնել զինծառայողի հաղթահարման հմտությունները, որպեսզի նա գործի և նորից վերադառնա իր ծառայությանը։ Քունը, սնունդը, ջուրը, հիգիենան, խրախուսանքը, աշխատանքային մանրամասները և վստահությունը վերականգնող խոսակցությունները հաճախ այն ամենն են, ինչ անհրաժեշտ է զինծառայողին լիարժեք մարտական գործողությունների պատրաստվածությունը վերականգնելու համար։ Դա կարելի է անել պահեստային դիրքերում, թիկունքային ստորաբաժանումներում կամ բժշկական վաշտերում։ Ամեն ինչ արվում է զինծառայողների ինքնությունը ամրապնդելու համար։ Նրանցից պահանջվում է կրել իրենց համազգեստը և իրենց մոտ պահել իրենց սաղավարտները, տեխնիկաները, քիմիական պաշտպանիչ սարքերը և զրահաբաճկոնները։ Հնարավորության դեպքում նրանց թույլատրվում է պահել զենքը դրանք մաքրելուց հետո։ Նրանք կարող են լինել պահակային ծառայության կամ սպասողական արագ արձագանքման ուժերի անդամներ։

Նախնական տեղաբաշխման նախապատրաստում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմականորեն, սքրինինգային ծրագրերը, որոնք փորձել են կանխել զինվորների անհատականության գծերի ձևավորումը և համարվում են նրանց ՄՍՌ-ի առաջացման պատճառ, լիովին ձախողվել են։ Այս ձախողման մի մասի պատճառն այն է, որ ՄՍՌ-ի հիվանդացությունը մեկ կամ երկու անհատականության գծերի վրա չի կարող հիմնվել։ Ամբողջական հոգեբանական հետազոտությունները թանկ են և անհամոզիչ, իսկ գրիչով և թղթով թեստերն անարդյունավետ են և հեշտությամբ կարող են կեղծվել։ Բացի այդ, Երկրորդ համաշխարհային պատերազմի սքրինինգային ծրագրերից հետո անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռազմական պատրաստության ժամանակ առկա հոգեբանական խանգարումները ճշգրիտ չեն կանխատեսել սթրեսային խանգարումները մարտական գործողությունների ժամանակ[20]։

Համախմբվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեև դժվար է չափել նման սուբյեկտիվ եզրույթի արդյունավետությունը, այն զինվորները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի ուսումնասիրության ժամանակ հայտնել են, որ իրենց ստորաբաժանման մեջ «միջինից բարձր» ընկերակցության և հպարտության զգացում ունեն, ավելի հավանական է, որ իրենք պատրաստ լինեն մարտական գործողությունների և ավելի քիչ հավանական է, որ ունենային ՄՍՌ կամ այլ սթրեսային խանգարումներ։ Իրենց ստորաբաժանման հետ «միջինից ցածր» համախմբվածության զգացում ունեցող զինվորներն ավելի հակված էին սթրեսային խանգարմանը[21]։

Սթրեսի ենթարկմանը պատրաստումը կամ ՍԵՊ-ը ժամանակակից ռազմական վարժանքների մեծ մասի ընդհանուր բաղադրիչն է։ Սթրեսի ենթարկման արդյունավետ ծրագրի երեք քայլ կա[22].

  • Սթրեսային միջավայրի վերաբերյալ գիտելիքների ապահովում

Զինվորները, ովքեր գիտեն ՄՍՌ-ի և՛ էմոցիոնալ, և՛ ֆիզիկական նշաններն ու ախտանիշները, շատ ավելի քիչ հավանական է, որ ունենան կրիտիկական իրադարձություն, որը նվազեցնում է մարտունակության ցուցանիշը։ Կենսական տեղեկատվությունը, ինչպիսիք են շնչառական վարժությունները, որոնք կարող են նվազեցնել սթրեսը և այնպիսի առաջարկությունները, ինչպիսիք են, օրինակ, չնայել մահացած թշնամիների դեմքերին, նույնպես արդյունավետ են խանգարման հավանականությունը նվազեցնելու համար[23]։

  • Հմտությունների ձեռքբերում

Ճանաչողական վերահսկողության ռազմավարությունները կարող են սովորեցնել զինվորներին՝ օգնելու նրանց ճանաչել սթրեսային և իրավիճակային վնասակար մտքերը և հեռացնել այդ մտքերը մարտական իրավիճակներում։ Ապացուցված է, որ նման հմտությունները նվազեցնում են անհանգստությունը և բարելավում առաջադրանքների կատարումը[24][25]։

  • Վստահության ձևավորում եռանդի և պրակտիկայի միջոցով

Զինվորները, ովքեր վստահ են իրենց և իրենց ջոկատի ուժերի վրա, շատ ավելի քիչ հավանական է, որ ունենան մարտական սթրեսային ռեակցիա։ Պատրաստումը սթրեսային պայմաններում, որոնք նման են իրական մարտական իրավիճակին, վստահություն է առաջացնում իրենց և ջոկատի կարողությունների նկատմամբ։ Քանի որ այս պատրաստումը իրականում կարող է առաջացնել սթրեսի որոշ ախտանիշներ, որոնք այն փորձում է կանխել, սթրեսի մակարդակը պետք է աստիճանաբար ավելանա, որպեսզի զինվորները ժամանակ ունենան հարմարվելու[26][27]։

1982 թ. լիբանանյան պատերազմի թվերը ցույց են տվել, որ առաջնագծին մոտ բուժման դեպքում ՄՍՌ-ի զոհերի 90%-ը վերադարձել է իրենց ստորաբաժանում, սովորաբար 72 ժամվա ընթացքում։ Թիկունքում իրականացված բուժման դեպքում միայն 40%-ն է վերադարձել իրենց ստորաբաժանում։ Նաև պարզել են, որ բուժման արդյունավետությունը բարձրացել է առաջին գծի բուժման տարբեր սկզբունքների կիրառմամբ, ի տարբերություն միայն մեկ սկզբունքի[4]։ Կորեայում նման վիճակագրություն է նկատվել, երբ ԱՄՆ-ի մարտական հյուծումից  զոհերի 85%-ը վերադարձել է ծառայության երեք օրվա ընթացքում, իսկ 10%-ը վերադարձել է մի քանի շաբաթ անց՝ ունենալով սահմանափակ պարտականություններ[3]։

Թեև այս թվերը, կարծես, խթանում են այն պնդումները, որ առաջնագծին մոտ ՄԱՍ կամ ՀԱՇՍՄՊ բուժումը ընդհանուր առմամբ արդյունավետ է, ըստ այլ տվյալների, մարտական սթրեսային ռեակցիայի հետևանքները նվազեցնելու դեպքում երկարաժամկետ ՀՏՍԽ-ի ազդեցություններ կարող են առաջանալ տուժած անհատների հապճեպ վերադարձի հետևանքով։ Ե՛վ ՄԱՍ-ը, և՛ ՀԱՇՍՄՊ-ը միտված են հնարավորինս շատ զինվորների վերադարձնել ծառայության, և իրականում կարող են բացասական ազդեցություն ունենալ զինծառայողների հետագա առողջության վրա, ովքեր մարտական սթրեսի վերահսկման բուժումից հետո հապճեպ վերադառնում են առաջնագիծ։ Չնայած ՄԱՍ սկզբունքները լայնորեն օգտագործվել են Վիետնամի պատերազմում, Վիետնամի վետերանների կյանքի ընթացքում հետտրավմատիկ սթրեսային խանգարումների մակարդակը կազմել է 30%` ըստ 1989 թվականին ԱՄՆ-ում և 21%` ըստ 1996 թվականին Ավստրալիայում իրականացված ուսումնասիրությունների։ Ըստ իսրայելացի վետերանների ուսումնասիրության, 1973 թվականի արաբա-իսրայելական պատերազմի մարտերում ՄՍՌ ախտորոշված վետերանների 37%-ի մոտ հետագայում ախտորոշվել է ՀՏՍԽ, ի տարբերություն վերահսկվող վետերանների 14%-ի հետ[28]։

Հակասություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄԱՍ և ՀԱՇՍՄՊ սկզբունքների հետ կապված էական հակասություններ կան։ Մի շարք պատերազմների ընթացքում, հատկապես Վիետնամի պատերազմի ժամանակ, բժիշկների միջև կոնֆլիկտ է եղել ընկճված զինվորներին մարտ ուղարկելու վերաբերյալ։ Վիետնամի պատերազմի ժամանակ սա հասավ իր գագաթնակետին  գործընթացի էթիկայի մասին բազմաթիվ քննարկումներով։ ՄԱՍ և ՀԱՇՍՄՊ սկզբունքների կողմնակիցները պնդում են, որ դա օգնում է երկարաժամկետ հաշմանդամության կրճատմանը, սակայն մյուս կողմը պնդում է, որ մարտական սթրեսային ռեակցիաները հանգեցնում են երկարաժամկետ խնդիրների, ինչպիսիք են հետտրավմատիկ սթրեսային խանգարումները։

Հոգեմետ դեղամիջոցների օգտագործումը ՄՍՌ-ով մարդկանց բուժման համար նույնպես քննադատության է արժանացել, քանի որ որոշ զինվորական հոգեբույժներ կասկածի տակ են դնում նման դեղամիջոցների արդյունավետությունը վետերանների երկարաժամկետ առողջության համար։ Մտահոգություն է արտահայտվել դեղագործական բուժման ազդեցության վերաբերյալ նախկին ՄՍՌ ունեցող մարդկանց շրջանում թմրամիջոցների չարաշահման առանց այն էլ բարձր մակարդակի վրա[29]։

Վերջին հետազոտությունները օգնել են գիտնականների աճող թվին ենթադրել, որ պայթյունի վնասվածքի հիմքը կարող է լինել ֆիզիկական (այսինքն՝ նեյրոուղեղային վնասվածք), այլ ոչ թե հոգեբանական։ Քանի որ գանգուղեղային վնասվածքը և մարտական սթրեսային ռեակցիան ունեն շատ տարբեր պատճառներ, սակայն հանգեցնում են նմանատիպ նյարդաբանական ախտանիշների, հետազոտողները շեշտը դնում են ավելի մեծ ախտորոշիչ խնամքի վրա[30]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Department of the Army (2009). Field Manual No. 6-22.5. Combat and Operational Stress Control Manual for Leaders and Soldiers. Department of the Army Headquarters, Washington, DC, 18 March 2009. p 12.
  2. «World War I - Killed, wounded, and missing». Encyclopedia Britannica (անգլերեն). Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 28-ին.
  3. 3,0 3,1 «Combat Stress Control in a Theater of Operations US Army Publication». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2004 թ․ սեպտեմբերի 26-ին..
  4. 4,0 4,1 Military Psychiatry Ed. Gabriel, R.A., (1986)
  5. Manon Perry (2006). «Thomas W. Salmon: Advocate of Mental Hygiene». American Journal of Public Health. Ajph.org. 96 (10): 1741. doi:10.2105/AJPH.2006.095794. PMC 1586146. PMID 17008565. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  6. «Treating Survivors in the Acute Aftermath of Traumatic Events». United States Department of Veterans Affairs. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Shephard, Ben. A War of Nerves: Soldiers and Psychiatrists, 1914–1994. London: Jonathan Cape, 2000. Կաղապար:ISBN? [Հղում աղբյուրներին]
  8. 8,0 8,1 8,2 Pfau, Ann Elizabeth (2008). «1: Fighting for Home». Miss Yourlovin: GIs, Gender, and Domesticity during World War II. Columbia University Press. ISBN 978-0231135528.
  9. Carroll, Erin (2000 թ․ հուլիսի 13). «Psychiatrist, 89, Is No Couch Potato John Appel Is Still Practicing And Still Writing Books. He Describes His Latest As A 'How-to ... For Staying Sane.'». Philadelphia Inquirer. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
  10. Mae Mills Link and Hubert A. Coleman, Medical support of the Army Air Forces in World War II (1955) p. 851 Կաղապար:ISBN?
  11. Battle Exhaustion. Soldiers and Psychiatrists in the Canadian Army, 1939–1945. Terry Copp and Bill McAndrew. 978-0773507746 [Հղում աղբյուրներին].
  12. Copp, Terry The Brigade (Stackpole Books, 2007) p. 47 Կաղապար:ISBN?
  13. Vanguard of Nazism: the Free Corps Movement in Post-war Germany, 1918–1923, (Harvard University Press, 1969), Robert G. L. Waite Կաղապար:ISBN? [Հղում աղբյուրներին]
  14. 14,0 14,1 Contemporary Studies in Combat Psychiatry, (1987) [Հղում աղբյուրներին] Կաղապար:ISBN?
  15. Psychological Support to ADF Operations: A Decade of Transformation, Murphy, P.J. et al. Կաղապար:ISBN? [Հղում աղբյուրներին]
  16. Henry Gleitman, Alan J. Fridlund and Daniel Reisberg (2004). Psychology (6 ed.). W. W. Norton & Company. ISBN 978-0-393-97767-7.
  17. Hans Selye (1950). «Stress and the General Adaptation Syndrome». British Medical Journal. 1 (4667): 1383–1392. doi:10.1136/bmj.1.4667.1383. PMC 2038162. PMID 15426759.
  18. Feltham, Colin (2002). What's the Good of Counselling & Psychotherapy?. Sage. էջեր 231–232. ISBN 978-1847871251. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 12-ին.
  19. «Marine Combat Stress Handbook» (PDF). Au.af.mil. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-09-16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 23-ին.
  20. Plesset M. R. (1946). «Psycho-neurotics in Combat». American Journal of Psychiatry. 103: 87–88. doi:10.1176/ajp.103.1.87. PMID 20996374.
  21. G. Fontenot, "Fear God and Dreadnought: Preparing a Unit for Confronting Fear" Military Review (July–August, 1995), pp. 13–24.
  22. Driskell, James E.; Johnston, Joan H. (1998). «Making decisions under stress: Implications for individual and team training.». In Cannon-Bowers, J. A.; Salas, E. (eds.). Stress exposure training. American Psychological Association. էջեր 191–217. doi:10.1037/10278-007.
  23. Inzana C. M., Driskell J. E.; և այլք: (1996). «Effects of Preparatory Information on Enhancing Performance Under Stress». Journal of Applied Psychology. 81 (4): 429–435. doi:10.1037/0021-9010.81.4.429. PMID 8751456.
  24. Wine J (1971). «Test Anxiety and Direction of Attention». Psychological Bulletin. 76 (2): 92–104. doi:10.1037/h0031332. PMID 4937878.
  25. Thyer B. A.; և այլք: (1981). «In Vivo Distraction – Coping in the Treatment of Test Anxiety». Journal of Clinical Psychology. 37 (4): 754–764. doi:10.1002/1097-4679(198110)37:4<754::aid-jclp2270370412>3.0.co;2-g. PMID 7309864.
  26. Vossel G.; Laux L. (1978). «The Impact of Stress Experience on Heart Rate and Task Performance in the Presence of a Novel Stressor». Biological Psychology. 6 (3): 193–201. doi:10.1016/0301-0511(78)90021-2. PMID 667242. S2CID 33000532.
  27. Driskell J. E.; Johnston J. H.; Salas E. (2001). «Does Stress Training Generalize to Novel Settings?». Human Factors. 43 (1): 99–110. doi:10.1518/001872001775992471. PMID 11474766. S2CID 8056746.
  28. Solomon, Z; Shklar, R; Mikulincer, M (2005 թ․ դեկտեմբեր). «Frontline treatment of combat stress reaction: a 20-year longitudinal evaluation study». The American Journal of Psychiatry. 162 (12): 2309–2314. doi:10.1176/appi.ajp.162.12.2309. PMID 16330595.
  29. Benedek D, Schneider B, Bradley J (2007). «Psychiatric medications for deployment: an update». Military Medicine. Military Medicine [serial online]. July 2007; 172(7):681–685. Available from: MEDLINE with Full Text, Ipswich, MA. 172 (7): 681–685. doi:10.7205/milmed.172.7.681. PMID 17691678.
  30. Bhattacharjee Yudhijit (2008). «Shell Shock Revisited: Solving the Puzzle of Blast Trauma». Science. 319 (5862): 406–408. doi:10.1126/science.319.5862.406. PMID 18218877. S2CID 206578848. (subscription required)