Մահաբադի հանրապետություն, Իրանի հյուսիս-արևմուտքում ԽՍՀՄ հովանավորությամբ ստեղծված և կարճատև կյանք ունեցած պետական կազմավորում էր։ Գոյատևել է 1946 թվականի հունվարի 22-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Մահաբադի հանրապետության մայրաքաղաքն էր Մահաբադ քաղաքը։
Մահաբադի հանրապետության համար նպաստող հանգամանք հանդիսացավ ամենից առաջ 1941 թվականի անգլո-խորհրդային ներխուժումը Իրանի տարածք։ Սառը պատերազմի բռնկման նախաշեմին ԽՍՀՄ ղեկավարությունը, որ ցանկանում էր իր ազդեցության ոլորտում պահել Իրանի հյուսիսը և չէր ցանկանում զորքերը դուրս բերել այդ տարածքից սկսեց ակտիվորեն խրախուսել անջատողական տրամադրություններն այս տարածքում։ Արդյունքում 1946 թվականի հունվարի 22-ին Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի առաջնորդներից մեկի` Ղազի Մուհամադի կողմից հռչակվեց Մահաբադի հանրապետության անկախությունը[1]։
Այս պետական կազմավորմանը, սակայն, կարճ կյանք էր վիճակված։ 1946 թվականի ամռանից սովետական զորքերը սկսեցին լքել Իրանի հյուսիսը։ 1946 թվականի դեկտեմբերին արդեն Իրանական ղեկավարությունը վերահսկողություն հաստատեց Մահաբադի հանրապետության տարածքի հանդեպ։ Մահաբադի հանրապետության ղեկավարության մի մասը կարողացավ դիմել փախուստի, իսկ մնացածը ձերբակալվեցին իրանական իշխանությունների կողմից։ 1947 թվականի մարտի 23-ին հանրապետության հիմնադիր Ղազի Մուհամադը իր մի քանի մերձավորների հետ միասին կախաղան բարձրացվեց Մահաբադում[1]։