Հին քաղաք (Բեռն)
Հին քաղաք, Բեռն | |
Old City (Bern)* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Շվեյցարիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1983 (անհայտ նստաշրջան) |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Հին քաղաք (գերմ.՝ Alterbern), Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնի պատմական հատված։
Հին քաղաքը գտնվում է Աարե գետի ոլորանում գտնվող բլրին, որը հետագայում դարձել է Բեռնի պատմական կենտրոնը։ 15-րդ դարում քաղաքի հին մասում կառուցվել են կամարաշարեր, իսկ 16-րդ դարում` շատրվաններ։
1983 թվականից Բեռնի պատմական մասն ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աարե գետի հովտում ամենահին բնակավայրերը վերաբերում են նեոլիթի դարաշրջանին։ Հռոմեական կայսրության կողմից Հելվեցիայի նվաճումից հետո ներկայիս Հին քաղաքի տեղում հիմնադրվել է հռոմեական ոչ մեծ բնակավայր։ Մ. թ. 2-րդ դարում նրա բնակիչները լքել են բնակավայրը, ինչից հետո ընդհուպ մինչև Բեռնի հիմնադրումը 12-րդ դարի սկզբին տեղանքը չի բնակեցվել։
Բեռնի պատմությունը սկսվում է հերցոգ Բերթոլդ V Ցերինգենի կողմից նրա հիմնադրումով 1191 թվականին։ Տեղի ավանդությունը պատմում է, որ հերցոգը երդվել էր քաղաքն անվանել ի պատիվ այն կենդանու, որն առաջինը կհանդիպի իրեն որսի ժամանակ։ Այդ կենդանին եղել է արջը, և քաղաքի անվանումը` Բեռն (գերմ.՝ Bär(e)n , բառացի`արջ ), ինչպես նաև զինանշանը ծագում են այդ լեգենդից[2]։ Այդ ժամանակ ներկայիս Շվեյցարիայի մեծ մասը (այն ժամանակ` Բուրգունդիայի հարավային մասը) գտնվել է Ցերինգեն (Zähringen) հերցոգական տան իշխանության ներքո, որի իշխանությունը տարածվում էր Հռենոսից հարավ։ Որպեսզի ուժեղացնեն իրենց ազդեցությունը, Ցերինգեն հերցոգները հիմնադրել և ընդլայնել են մի շարք քաղաքներ, բնակավայրեր, այդ թվում՝ Ֆրիբուրը (1157), Բեռնը, Բուրգդորֆը և Մուրտենը[3]։
Տեղանքը, որ Բերթոլդ V-ն ընտրել էր քաղաքի հիմնադրման համար, գտնվում է լեռնոտ թերակղզում, որը երեք կողմից շրջապատված էր Աարե գետով։ Դա հեշտացնում էր քաղաքի պաշտպանությունը` հետագայում ազդեցություն ունենալով նրա զարգացման վրա։ Թերակղզու երկար ու նեղ ձևի պատճառով քաղաքը ձգվել է երկարությամբ և կառուցվել շինությունների զուգահեռ շարքերով։ Հատվող եզակի փողոցները, որոնք ուղղվել են հյուսիսից հարավ, ձգվել են քաղաքային պատերի երկայնքով, որոնք տեղափոխվել են քաղաքի աճմանը զուգընթաց։ Այդ պատճառով ուղղահայաց նոր փողոցները նշանավորել են Հին քաղաքի զարգացման նոր փուլը։
Թերակղզու արևելյան հատվածում հերցոգ Բերթոլդ IV-ը 12-րդ դարի երկրորդ կեսին հիմնադրել է փոքրիկ ամրոց, որը կոչվել է Նիդեգ (Nydegg): Առավել հավանական է, որ քաղաքի շինարարությունը սկսվել է հենց այդ ամրոցից։ Բեռնի առաջին ընդարձակումը կատարվել է 1191 թվականին։ Քաղաքը երեք փողոցներով բաժանվել է թաղամասերի, որոնք տարածվել են ամրոցից մինչև քաղաքային պատեր[4]։ 13-րդ դարի առաջին կեսին ձևավորվել են ևս երկու փողոցներ` Բրունգասեն և Հերենգասեն։ Բրունգասեն ունեցել է կիսաշրջանաձև տեսք և հասել է մինչև քաղաքի հյուսիսային հատվածը, մինչդեռ Հերենգասեն քաղաքը սահմանափակել է հարավից։ Աարե գետի վրայով կառուցվել է փայտե կամուրջ, ինչը նպաստել է առևտրական կապերի զարգացմանը։
Տեսարժան վայրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին քաղաքի ամբողջ տարածքը ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված օբյեկտ է, սակայն կան շինություններ ու շատրվաններ, որոնք առանձնանում են և համարվում են Շվեյցարիայի ազգային ու տարածքային նշանակության մշակութային ձեռքբերումներ։
Բեռնի տաճար
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեռնի տաճարը (գերմ.՝ Berner Münster), գոթական ոճի բողոքական եկեղեցի է, որ տեղակայված է թերակղզու հարավային մասում։ Տաճարի շինարարությունը սկսվել է 1421 թվականին և ավարտվել 1893 թվականին՝ զանգակատան կառուցումով։ Բեռնի տաճարի զանգակատունը ամենաբարձրն է Շվեյցարիայում և ունի 100 մ բարձրություն։ Գլխավոր զանգը կշռում է մոտ 10 տոննա և ունի 247 սմ տրամագիծ[5]։
Տաճարի գլխավոր մուտքի մոտ կան քանդակներ, որոնք ներկայացնում են Ահեղ դատաստանի տեսարաններ։ Գլխավոր մուտքից վերև տեղադրված են գոթական աճի բազմաթիվ քանդակներ (47 մեծ քանդակ, որոնց բնօրինակները պահվում են Բեռնի պատմության թանգարանում, և 170 փոքր քանդակ, որոնց բնօրինակները 15-16-րդ դարերի աշխատանքներ են)։
Տաճարի ընդարձակ ինտերիերը բավական ազատ է։ Գեղարվեստական գրեթե բոլոր պատկերները` ներառյալ խորանի պատկերը, տաճարից հեռացվել են 1528 թվականին բողոքական Ռեֆորմացիայի ժամանակաշրջանում՝ տաճարի ավելորդ շքեղության դեմ պայքարի արդյունքում։ Տաճարում ամբողջությամբ պահպանված արվեստի գործերը վիտրաժներն ու երգչախմբի համար նախատեսված հատվածն է։ Վիտրաժները թվագրվում են 1441-1450 թվականներին և գեղարվեստականության տեսանկյունից ամենից արժեքավորն են Շվեյցարիայում[6]։ Վիտրաժային պատուհաններն ունեն զինանշանային և կրոնական խորհրդանիշներ։ Վիտրաժներից մեկը՝ «Մահվան հաղթապարը», ներկայացնում է պարող կմախքին, որը զոհեր է պահամջում բոլոր մասնագիտությունների ու խավերի մարդկանցից։ Այս նկարը կոչված է եղել բոլորին հիշեցնելու, որ մահն անխուսափելի է՝ անկախ կարգավիճակից ու հարստությունից։
Տաճարի արևելյան հատվածի՝ երգչախմբի համար նախատեսված հատվածը առաջինն է Շվեյցարիայում, որ ստեղծվել է Վերածննդի ոճով[5]։ Այն զարդարված է փայտի փորագրություններով, որոնք ներկայացնմում են կենդանիներին բնության մեջ։
Ցիտգլոգե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցիտգլոգեն միջնադարյան աշտարակ է ժամացույցով։ Այն կառուցվել է մոտավորապես 1218-1220 թվականներին։ Բեռնի ամենից հայտնի խորհրդանիշներից է[7]։ Ցիտգլոգե անվանումը գերմաներենի բեռնյան բարբառով նշանակում է ժամանակի զանգ։ Այն աշտարակային ժամացույցների ամենավաղ մեխանիզմներից է, որն ունի մուրճ. մուրճը ամեն կլոր ժամի հարվածում է փոքր զանգին։ Ցիտգլոգե աշտարակի ժամացույցը Շվեյցարիայի ամենահին երեք ժամացույցներից է[8]։
Բեռնի առաջին ընդարձակումից հետո Ցիտգլոգեն եղել է քաղաքի արևմտյան պատի դարպասների աշտարակը։ Այդ ժամանակ այն 16 մ բարձրությամբ ամրոցային աշտարակ է եղել։ Հետագայում աշտարակը դադարել է քաղաքային ամրությունների մաս կազմել, քանի որ դրանք տեղափոխվել են քաղաքի սահմաններից դուրս։ Հենց այս ժամանակ էլ աշտարակի բարձրությունը պակասեցվել է։ Մոտավորապես 1270-1275 թվականներին աշտարակի բարձրությունը ավելացվել է։ Քաղաքի երրորդ ընդարձակումից հետո աշտարակը վերածվել է կանանց բանտի և կիրառվել հոգևորականների հետ ինտիմ հարաբերություն ունենալու մեջ մեղադրվող թեթևաբարո վարքի տեր կանանց պահելու համար[9]։
Մեծ հրդեհի ժամանակ, որ Բեռնում բռնկվել է 1405 թվականին, աշտարակն այրվել է և ամբողջությամբ վերականգնվել միայն 1983 թվականին։ Բանտախցերը դադարել են կիրառվել հրդեհից հետո։ Աշտարակի վրա՝ դարպասից վերև, տեղադրվել է զանգով ժամացույց, որ նշել է ամեն ժամը։ Հենց այս ժամացույցն էլ աշտարակին տվել է Ցիտգլոգե անվանումը։ 15-րդ դարի վերջին աշտարակը զարդարվել է դեկորատիվ չորս անկյուններով և զինանշանային խորհրդանիշներով։ Բացի ժամացույցից՝ Ցիտգլոգեի հատուկ մեխանիզմը ներկայացնում է մեխանիկական կերպարների խումբ։ Ամեն ժամից երեք րոպե առաջ փոխվում են կերպարները, որոնցից են աքաղաղը, հիմարը, ասպետը, ծխնելույզ մաքրողը, առյուծը, արջը[10]։ Կենդանիները հետապնդում են իրար, հիմարը քաշում է զանգը, իսկ աքաղաղը կանչում է։ Այս տեսարանը գրավում է շատ զբոսաշրջիկների։ 1770-1771 թվականներին ժամացույցով աշտարակը վերանորոգվել է ուշ բարոկկոյի ոճով Նիկոլաս Հեբլերի և Լյուդվիգ Էմանուել Զենդերի նախագծով։ Աշտարակի երկու ճակատամասերը 1890 թվականին նորոգվել են ռոկոկո ոճով Ռուդոլֆ ֆոն Շտայգերի կողմից։
1981-1983 թվականներին աշտարակն ամբողջությամբ վերանորոգվել է և վերականգնվել այն տեսքով, որով այն գոյություն է ունեցել 1770 թվականին։
Ստորին դարպասների կամուրջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստորին դարպասների մոտ գտնվող կամուրջը (գերմ.՝ Untertorbrücke) Բեռնի ամենահին կամուրջն է, որ գործում է մինչ օրս։ Ի սկզբանե կամուրջը, որը կառուցվել է 1256 թվականին, եղել է փայտե և հատել է Աարե գետը Նիդեգ ամրոցի շրջանում։ Կամուրջն ավերվել է 1460 թվականի ջրհեղեղից։ Հաջորդ տարվա ընթացքում սկսվել է քարե նոր կամրջի շինարարությունը։ Սուրբ Մարիամի փոքրիկ մատուռը (անգլ.՝ Mariakapelle), որը գտնվում է կամրջի մոտ, օծվել է 1467 թվականին, սակայն կամրջի շինարարությունն ավարտվել է միայն 1490 թվականին։ Նոր կամուրջն ունեցել է 52 մ երկարություն և բաղկացած է եղել երեք կամարներից՝ 13.5 մ, 15.6 մ և 13.9 մ երկարությամբ։ Կամուրջը մի քանի անգամ վերանորոգվել է, ապամոնտաժվել են քարե եզրաքարերը, որոնք 1818-1819 թվականներին փոխարինվել են երկաթգծով։ Մինչև նոր կամրջի (Nydeggbrücke) շինարարությունը 1840 թվականին կամուրջը եղել է Բեռն քաղաքում միակ կամուրջը Աարե գետի վրա։
Նիդեգի եկեղեցի
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիդեգի եկեղեցին (գերմ.՝ Nydeggkirche) կանգնած է այն տեղում, որտեղ սկզբում եղել է Նիդեգի ամրոցը, որը հիմնադրվել էր մոտավորապես 1190 թվականին որպես Բեռնի քաղաքային ամրության մի մաս։
1268 թվականին ամրոցն ավերվել է Բեռնի քաղաքացիների կողմից։ Եկեղեցին՝ ոչ մեծ սրաձողով, կառուցվել է ամրոցի ավերակներում 1341-1346 թվականներին։ 1480-1483 թվականների միջակայքում եկեղեցուն կից կառուցվել է զանգակատուն։ Ռեֆորմացիայի դարաշրջանում 1529 թվականից Նիդեգի եկեղեցին օգտագործվել է որպես փայտանյութի ու հացահատիկի պահեստարան։ Ավելի ուշ՝ սկսած 1566 թվականից, եկեղեցին դարձյալ օգտագործվել է որպես ուխտատեղի։
Շատրվաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին քաղաքի տեսարժան վայրերից են բազմաթիվ շատրվանները, որոնց ընդհանուր թիվն անցնում է հարյուրից։ Շատրվանների մեծ մասը կառուցվել է 16-րդ դարում՝ վերածննդի դարաշրջանում, երբ Բեռնը դարձել է կանտոնի մայրաքաղաք։ Շատրվանները սկզբում կառուցվել են որպես հասարակական ջրամատակարարման օբյեկտներ։ Բեռնի ծաղկմանը զուգընթաց՝ դրանք կատարելագործվել ու գեղեցկացել են, սակայն չեն կորցրել իրենց սկզբնական նշանակությունը։
- Läuferbrunnen - Վազորդի շատրվան։ Գտնվում է Նիդեգի եկեղեցու մոտ, մի քանի անգամ վերափոխվել է (վերջին անգամ 1824 թվականին), իսկ շատրվանը զարդարող վազորդի կերպարը ստեղծվել է 1545 թվականին[11]։
- Gerechtigkeitsbrunnen - Արդարադատության շատրվան։ Կառուցվել է 1543 թվականին Հանս Հինգի կողմից։ Շատրվանը զարդարում է արդարադատության աստվածուհի Թեմիսը՝ կապված աչքերով ու ականջներով։ Նա մի ձեռքում պահել է թուրը, իսկ մյուսում՝ կշեռքը։ Աստվածուհու ոտքերի մոտ կան չորս կերպարներ, որոնք ներկայացնում են Հռոմի պապին, սուլթանին, կայսրին և քաղաքապետին։ Այս քանդակը պատկերում է արդարադատության գերադաս լինելը բոլոր տեսակի պաշտոնյաներից ու քաղաքական ռեժիմներից` կրոնապետությունից, միապետությունից, անձնիշխանությունից և հանրապետությունից։ Քանդակի կրկնօրինակները կան Շվեյցարիայի շատ քաղաքներում։ Ներկայումս երկրում հաշվվում է Արդարադատության 11 արձան։ Բեռնյան աստվածուհու կրկնօրինակները տեղադրված են Զոլոթուռնում (1561), Լոզանում (1585), Բուդրիում, Կուդրեֆենոում, Նյոշատելում, Արաուում (1643), Բիլում, Բուրգդորֆում, Ցյուրիխում, Լյուցեռնում, Բրյուգգեում։
- Vennerbrunnen - Զինանշանակրի շատրվան։ Գտնվում է ռատուշայի շենքի առջև։ Միջնադարյան Շվեյցարիայում զինանշանակրի աստիճան է ունեցել այն մարդը, որը պատասխանատու է եղել քաղաքի առանձին հատվածներում կարգուկանոնի պահպանման համար։ Պատերազմական ժամանակներում նրա պարտականությունների մեջ է մտել այդ տարածքից ջոկատներ ձևավորելը ու կռվի առաջնորդելը։ Քանդակը թվագրվում է 1542 թվականին։ Այն զինանշանակրին ներկայացնում է ռազմական հանդերձանքով և զինանշանով։
- Mosesbrunnen - Մովսեսի շատրվան - Մովսեսի շատրվանը գտնվում է Տաճարի հրապարակում։ Վերանորոգվել է 1790-1791 թվականներին։ Շատրվանը պսակում է Մովսեսի քանդակը` տասը պատվիրաններով, որ նա բերել էր մարդկանց։
- Simsonbrunnen - Սամսոնի շատրվան։ Ներկայացնում է աստվածաշնչյան Սամսոնի պատմությունը, որը սպանում է առյուծին։ Շատրվանը կառուցվել է 1544 թվականին Հանս Գինգի կողմից այն բանից հետո, երբ համանման շատրվան է կառուցվել Զոլոթուռնում։
- Zähringerbrunnen - Ցերինգենի շատրվան։ Կառուցվել է 1535 թվականին՝ ի նշանավորումն Բերթոլդ V Ցերինգենի կողմից Բեռնի հիմնադրման։ Շատրվանը զարդարված է զինվորական հանդերձանքով արջի քանդակով, որի ոտքերի մոտ ձագն է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Old City of Berne
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
- ↑ Zähringen, von
- ↑ «Bern (Gemeinde)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.
- ↑ 5,0 5,1 Münster — Bern — Cathedral — Collégiale — Catedrale — offizielle Homepage
- ↑ Bern in Colors. Wabern, CH: Benteli-Werd Verlags AG, 1985. стр. 34 ISBN 3-7165-0407-6
- ↑ Ueli Bellwald. Der Zytglogge in Bern. Gesellschaft für Schweizerische Kunstgeschichte. 1983. стр. 2 ISBN 3-85872-341-0
- ↑ Niklaus Flüeler, Lukas Gloor, Isabelle Rucki. Kulturführer Schweiz. Zürich: Ex Libris Verlag AG, 1982. стр. 68-73
- ↑ Time marches on at the Zytglogge(չաշխատող հղում)
- ↑ Zurkinden. Aral Auto-Reisebuch: Schweiz. Zurich, CH: Ringier AG, 1983. стр. 222—224. ISBN 3-85859-179-3
- ↑ Flüeler. Kulturführer Schweiz. Zurich, CH: Ex Libris Verlag AG, 1982. стр. 72-73
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հին քաղաք (Բեռն)» հոդվածին։ |
|