Ցիտգլոգե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Coa Illustration Elements Building Castle.svg
Ցիտգլոգե
գերմ.՝ Zytglogge
Zytglogge 01.jpg
Տեսակ աստղագիտական ժամացույց, աշտարակ, քաղաքային դարպաս և carillon
Հասցե Bim Zytglogge, 3011 Bern
Վարչական միավոր canton of Bern, Bern-Mittelland administrative district, Բեռն, Inner City (Bern) և Green quarter
Երկիր Շվեյցարիա
Կառուցված 1218-1220
Կոորդինատներ: 46°56′53.000000101611″ հս․ լ. 7°26′52.000000100079″ ավ. ե. / 46.94805555558377819° հս․. լ. 7.44777777780557759° ավ. ե. / 46.94805555558377819; 7.44777777780557759
Ցիտգլոգեը գտնվում է Շվեյցարիաում
Ցիտգլոգե
Zytglogge Վիքիպահեստում

Ցիտգլոգե (գերմ.՝ Zytglogge), միջնադարյան աստղագիտական ժամացույցով աշտարակ Շվեյցարիայի Բեռն քաղաքի պատմական հատվածում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցիտգլոգեն կառուցվել է 1218-1220 թվականներին որպես պաշտպանական աշտարակ Բեռնի գլխավոր փողոցի արևմտյան ծայրակետում: Քանի որ Բեռնը Աարե գետի նկատմամբ ունեցած առանձնահատուկ դիրքի պատճառով կարող էր ընդարձակվել միայն արևմտյան ուղղությամբ, Ցիտգլոտեն հայտնվել է քաղաքի խորքում: Դրանով պայմանավորված` աշտարակը կորցրել է իր պաշտպանական նշանակությունը: Մինչև 1405 թվականի Բեռնի «մեծ հրդեհը» այն օգտագործվել է բանտի նշանակությամբ: Հրդեհից հետո այն վերականգնվել է ավազաքարից որպես ժամացուցային աշտարակ, որի սահմանած ժամը պաշտոնապես ճշգրիտ է համարվել Բեռնում: Ցիտգլոգեից է չափվել «վեգշտունդեն»` ժամանակի սահմանված միավորի ընթացքում տրանսպորտի հեռացման աստիճանը: 16-րդ դարում աշտարակը ստացել է ներկայիս տեսքը և համալրվել նոր ժամացույցով: Նրա դարպասներից ներս կայացվել են քաղաքային ժողովների որոշումներ: Շինարարական վերջին փոփոխությունները կատարվել են 1770-1771 թվականների բարոկկո ոճով[1]:

Աստղագիտական ժամացույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Աստղագիտական ժամացույց և զանգեր

Բեռնի Ցիտգլոգեն Շվեյցարիայի` ժամացույց ունեցող ամենահին աշտարակներից է: Ժամացույցը բաղկացած է նույն հիմնակմախքում տեղադրված հինգ առանձին մեխանիզմներից` մեկը սլաքների շարժման, երկուսը զարկերի և ևս երկուսը ֆիգուրների շարժի համար: Ժամացույցի առանցքին ամրացված են 12 ժամանոց թվատախտակ և աստրոլաբ: Ժամացույցի զարկի մեխանիզմներից մեկը գործի է դրվում ամեն ժամ, մյուսը` քառորդ ժամը մեկ: Շարժվող ֆիգուրները գտնվում են փոքր-ինչ դուրս եկած մասում` 12 ժամանոց արևելյան թվատախտակի տակ, աստրոլաբից աջ:

Աստղագիտական ժամացույցը պահպանվել է մեծ հրդեհի ժամանակներից (1405-1406)[2]: Երկինքն ու հորիզոնը պատկերված են ստերեոգրաֆիկ պրոյեկցիայով երկնքի հյուսիսային բևեռի կողմից: Ժամացույցը ներկայացված է կոորդինատների երկրակենտրոն համակարգի համաձայն, որի դեպքում, ըստ ժամանակի պատկերացումների, Երկիրը համաստեղությունների կենտրոնում է գտնվում: Ժամացույցի պտտվող մասերը ներկայացնում են աստղերի, Արևի և Երկրի տեղաշարժը: Արևի խորհրդանիշը ցույց է տալիս նրա դիրքը հորիզոնում` նշելով արևածագն ու մայրամուտը: Բացի դրանից` ներկայացված է աստղակերպի համաստեղությունների շարժը: Լուսնի խորհրդանիշը մյուս սլաքի վրա է, որ ամեն օր հետ է ընկնում Արևի խորհրդանիշից 48 րոպեով, այդ պատճառով ամեն 29.5 օրը մեկ` նորալուսնի ժամանակ, երկու խորհրդանիշերը հանդիպում են: Լուսնի խորհրդանիշը այնպես է պտտվում իր առանցքի շուրջ, որ դիտողին միայն երևում է նրա «խավար» կողմը: Աստղագիտական ժամացույցի վերին մասում կա փոքրիկ բացվածք, որտեղ երևում է շաբաթվա օրը: Ժամացույցի առանցքը պտտող մեխանիզմը տեղադրված է Ցիտգլոգե աշտարակի ներքին մասում, իսկ կենդանակերպի և լուսնի խորհրդանիշերի շարժման համար պատասխանատու մեխանիզմները` արտաքին մասում` արևի սլաքի վրա:

Զանգերին հարվածող ոսկեգույն կերպարը

Ամեն ժամից 4 րոպե առաջ հայտնվում են շարժվող կերպարները. կանչում է աքաղաղը, իսկ հատուկ տեղում գտնվող հիմարը խփում է գլխի վերևում տեղադրված զանգերը: Այնուհետև աշտարակից դուրս են գալիս զինված արջերը (արջը Բեռնի խորհրդանիշն է), որոնք, պտտվելով աշտարակի շուրջը, կրկին անհետանում են: Աքաղաղը կանչում է երկրորդ անգամ` թափահարելով թևերը: Մորուքավոր Կռոնոսը` ժամանակի աստվածը, շրջում է ավազի ժամացույցը և բարձրացնում գայիսոնը, ինչը զանգերի հնչման ազդանշան է: Նա հաշվում է հարվածները, որ «Հանս ֆոն Տանի» (Hans von Thann) տակտով տալիս է սաղավարտով ասպետը հատուկ մուրճով: Կողքին կանգնած առյուծը պտտում է իր գլուխը այնպես, ասես լսում է զանգերի ձայնը: Հենց զանգերի ձայնը լռում է, աքաղաղը կանչում է երրորդ անգամ` ազդարարելով նոր ժամը:

Ցիտգլոգեի աստղագիտական ժամացույցը ստեղծվել է 1530 թվականին Կասպար Բրուների կողմից, ով եղել է գերմանական ծագումով շվեյցարացի դարբին[3]: 150 տարի անց նրա ստեղծած շարժվող մեխանիզմը փոխարինվել է ներկայումս գործող ճոճոնակավոր մեխանիզմով:

Ֆիլատելիա[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին շվեյցարական փոստը «Փոստի պատմություն և ճարտարապետական հուշարձաններ» շարքում թողարկել է նամականիշ` 60 ռապեն արժողությամբ, որ ներկայացնում է Ցիտգլոգեն: 1967 թվականին նույն մոտիվը պատկերվել է մանուշակագույն հյուսվածքով թղթին:

Ցիտգլոգեին է նվիրված 2014 թվականին ռուս-շվեյցարական համատեղ թողարկմամբ նամականիշը[4]:

Աշտարակի կրած փոփոխությունները[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]