Հարավային պայտաքիթ
Հարավային պայտաքիթ | |
Հարավային պայտաքիթ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Կաթնասուն (Mammalia) |
Կարգ | Ձեռնաթևավորներ (Chiroptera) |
Ընտանիք | Պայտաքիթ չղջիկներ (Rhinolophidae) |
Ցեղ | Rhinolophus |
Տեսակ | Հարավային պայտաքիթ (R. euryale) |
Միջազգային անվանում | |
Rhinolophus euryale | |
Տարածվածություն և պահպանություն | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ Տաքսոնի տարածվածությունը |
Հարավային պայտաքիթ (լատին․՝ Rhinolophus euryale), չղջիկների ենթակարգի պայտաքթայինների ընտանիքի կաթնասուն կենդանի, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում և ԼՂՀ Կարմիր գրքում։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված է Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Եվրոպայում, Առաջավոր, Փոքր և Միջին Ասիայում, Իրանում։
Հայաստանում տեսակի արեալը սահմանափակվում է Սյունիքի և Վայոց ձորի մարզերով (Արենի, Չիվա, Ելփին, Զառիթափ, Մարտիրոս, Հերհեր, Խնձորեսկ գյուղերի և Կապանի շրջակայքեր)։
Արցախում այս կենդանիներին կարելի է հանդիպել Շուշիի քարանձավներում, Հադրութի շրջանի Խծաբերդ և Մոխրենիս գյուղերի տարածքի գրոտներում, Եղիշե Առաքյալի վանքում (Մարտակերտի շրջան)։
Կենսակերպ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակվում է քարանձավներում, ժայռերի խորշերում և ճեղքերում` երբեմն նաև ձմեռում է այդտեղ՝ սրականջ գիշերաչղջիկի, սովորական երկարաթև չղջիկի, մեծ պայտաքիթ չղջիկի հետ։ Վարում է մթնշաղագիշերային կենսակերպ։ Մեծաթիվ կուտակումներ չի առաջացնում։
Արտաքին տեսք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմինը միջին չափի է։ Մարմնի երկարությունը 40,8-51,5 մմ է, պոչինը՝ 19,8-26 մմ, պայտի լայնությունը՝ 4,4-7,1 մմ, նախաբազուկի երկարությունը՝ 47,3-54,9 մմ, իսկ քաշը՝ 10,73-14,92 գ։ Մարմնի մեջքային հատվածի գունավորումը կարող է տատանվել ծխագորշից մինչև մուգ սևին տվող կամ երբեմն շիկավուն երանգի, իսկ որովայնի հատվածը՝ բաց մոխրագույնից մինչև սպիտակավարդագույն։ Երիտասարդ առանձնյակների մոտ փորի վրա երբեմն նկատվում են բծեր։
Սնունդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում է մեծ ու փոքր միջատներով (թիթեռներ, բզեզներ, ճանճեր, մոծակներ, մլակներ և այլն)։
Բազմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունիս-հուլիսին ծնվում է մեկ (հազվադեպ՝ երկու) ձագ, որը 3,5-4,5 շաբաթականում հասնում է սեռահասուն կենդանու չափերին։
Թվաքանակը սահմանափակող գործոններից են քարանձավներում պայթուցիկ նյութերի օգտագործումը և անկանոն պեղումները, մարդու այցելությունները քարանձավներ՝ բազմացման և ձմեռման շրջաններում։
Նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարևոր նշանակություն ունի կենսացենոզների դինամիկ հավասարակշռության պահպանման գործում և որպես վնասատու միջատների դեմ պայքարի կենսաբանական միջոց[1][2][3][4][5][6][7]։
Պահպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրանցված էր նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Սահմանափակ նեղ արեալով հազվադեպ և քիչ ուսումնասիրված տեսակ է, որն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում և գնահատվում է որպես խոցելի տեսակ։
Ակտիվությունը սկսվում է մինչև մութն ընկնելը և շարունակվում մինչև մայրամուտը։ Ի տարբերություն այլ պայտաքթայինների` ագրեսիվ չէ։ Հունիսի սկզբին էգը ծնում է մեկ ձագ, որը մշտապես մնում է մոր կրծքին կպած։ Ձմեռում են ամառային թաքստոցներում։
Թվաքանակը հանրապետությունում վերջին տարիներին զգալիորեն կրճատվել է։
Քարանձավների մի մասն ընդգրկվել է բնության հուշարձանների ցանկում։ 2008 թվականին հասարակական կազմակերպությունների միջոցներով Նորավանքի կիրճի «Մագելի» քարանձավը (Եղեգնաձորի շրջան) փակվել է այցելուների համար[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ղարաբաղի կենդանիների Կարմիր գիրք, Ե., Էդիթ Պրինտ, 2012, էջ 205։
- ↑ Յավրույան Է. Գ., Հայրապետյան Վ. Տ., Ղարաբաղի վայրի կաթնասունները, մաս I, Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս», 2003։
- ↑ Հայաստանի բնաշխարհ. հանրագիտարան, Ե., 2006, էջ 444։
- ↑ Հայրապետյան Վ. Տ. Ղարաբաղի ձեռքաթևավորները, թեկն. ատենախոս., Ե., 2004։
- ↑ Красная книга Армянской ССР. Животные, Ер., 1987.
- ↑ Հարավային պայտաքիթ չղջիկի մասին ՀՀ Բնապահպանության նախարարության կայքում
- ↑ Sober W. and Grimmberger E. Die Fledermause Europas, Kosmos Verl., 1988.
- ↑ Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային պայտաքիթ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավային պայտաքիթ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |