Jump to content

Մագելի քարանձավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագելի քարանձավ
Տեսակքարանձավ
Երկիր Հայաստան[1]
ՎարչատարածքՎայոց Ձորի մարզ[1]
Քարտեզ
Քարտեզ


Մագելի(Մագելանի) քարանձավը  գտնվում է Պետական խճուղի № 2–Նորավանքի վանական համալիր տանող ճանապարհի ձախ կողմում, Նորավանքից 7,5 կմ հյուսիս, Գնիշիկի կիրճի արևելյան` ուղղաձիգ քարափի ստորին մասում:

Մագելանի քարանձավը ընդգրկվել է Վայոց ձորի մարզի Արենի գյուղի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի մեջ (ՀՀ կառավարության  2003 թ.  հունիսի 17-ի №  754 որոշում):

1970-ական թթ. մասնագիտությամբ քիմիկոս Էդվարդ Սարգսյանը ալպինիստներից կազմված սիրող-անձավախույզերի հետ միասին Հայաստանի տարբեր մասերում իրականացրել է հետազոտություններ՝ քարանձավների հայտնաբերման և դրանց ուսումնասիրման ուղղությամբ: 1980 թ. խումբը որոնողական աշխատանքներ է իրականացրել Եղեգնաձորի  շրջանում: Այդ թվականի աշնանը Արենի գյուղի բնակիչ Մագելան  Առաքելյանը (Արենիում նա հայտնի էր նաև Մագել, Մագիլ անունով) ցույց է տվել մի քարանձավ (հետագայում այն հայտնաբերողի անունով կոչվեց Մագելանի քարանձավ): Քարանձավի մուտքը Մագելան Առաքելյանը նկատել էր  դեռևս 1946 թ․ մայիսի 9-ին։

Քարանձավային բլոկը կազմված է կրաքարային կոնգլոմերատներից, որոնցից վերև տեղադրված են կրաքարային շերտերը: Քարանձավը տեղադրված է բացառապես կոնգլոմերատների մեջ: Այն ձևավորվել է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ձգվող մի քանի ճեղքերի վրա, որոնք առանձին հատվածներում հատվում են հարավ-արևմուտքից-հյուսիս-արևելք ուղղությամբ ճեղքերի համակարգով: Քարանձավը առաջացել է այդ ճեղքերի սուֆոզիոն լվացման արդյունքում: Նման գեոմորֆոլոգիական  առանձնահատկության հետևանքով քարանձավում ձևավորվել են հիմնականում մի քանի տասնյակ մետր երկարություն, մի քանի մետր լայնություն և մինչև 10 մ բարձրություն ունեցող դահլիճանման խոռոչներ: Միայն քարանձավի մուտքային մասում` ջրի հզոր հոսքի պատճառով առաջացրել են խողովականման հատվածներ` 1-2 մ տրամագծով: Քարանձավը հատակագծում ունի լաբիրինթոսանման պատկեր։  


2024 թ․ հայ-չեխական  արշավախումբը հնագիտական ուսումնասիրություններ է իրականացրել քարանձավում․ ներկայումս մշակվում են պեղումների արդյունքները։ 2023 թ․ ապրիլի 15-ից Մագելանի քարանձավը օգտագործվում է էքսկուրսիոն քարանձավի կարգավիճակով։ Այն Հայաստանում առաջին էքսկուրսիոն քարանձավն է, որը բարեկարգվել, սարքավորվել, կահավորվել եւ օգտագործվում է Անձավագետների միջազգային միության եւ Էքսկուրսիոն քարանձավների միջազգային միության ընդունած փաստաթղթերի պահանջներին համապատասխան։

Առանձնահատկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Քարանձավն ունի լաբիրինթոսային կառուցվածք, և իրենից ներկայացնում է հիմնականում նեղ և երկար սրահների համակարգ: Սրահների երկարությունը սովորաբար տատանվում է 10-50, լայնությունը՝ 1-3, բարձրությունը՝ 1-10 մետրերի միջև:  
  • Քարանձավի ընդանուր երկարությունը կազմում է 1385 մ, պրոյեկտիվ երկարությունը՝ 1315մ, մակերեսը՝ 2550 մ2, ծավալը՝ 5718 մ3, իսկ  հատակի ամենաբարձր և ամենացածր կետերի միջև եղած տարբերությունը  (դենիվելյացիա)՝  38 մ։
  • Քարանձավն ունի 5 մուտք, որոնք տեղադրված են Գնիշիկաձորի կիրճի լանջին` ծովի մակերևույթից 1060-1080 մ բարձրությունների վրա:  Դրանք ընկած են Գնիշիկ գետի  հունից 20-40 մ բարձրությունների վրա: Մուտքերն ունեն տարբեր  ձևեր, դրանցից ամենափոքրն ունի շրջանի ձև`  մոտ  1 մ տրամագծով, իսկ ամենամեծը` եռանկյունաձև` մոտ 8 մ բարձրությամբ և 5 մ հիմքով:
  • Օդի ջերմաստիճանը  ողջ տարվա ընթացքում կազմում է +7+80C՝ անկախ դրսի ջերմաստիճանից։
  • Մագելանի քարանձավում հայտնաբերվել են 10-12 տեսակի չղջիկներ, որոնց մի մասը գրանցված է Հայաստանի կենդանինիների կարմիր գրքում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 GEOnet Names Server — 2018.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]