Կամսար Առաքելյան
Կամսար Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 3, 1900[1] Ծաթեր, Հայաստան |
Մահացել է | հունիսի 8, 1964[1] (64 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | պատմաբան |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կամսար Արշակի Առաքելյան (հունվարի 3, 1900[1], Ծաթեր, Հայաստան - հունիսի 8, 1964[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ պատմաբան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոռու Ծաթեր գյուղում։ Տնտեսական ծանր պայմանները հարկադրել են վաստակի մեկնել Թիֆլիս և ինը տարի աշխատել որպես բանվոր։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո վերադարձել է հայրենիք, զբաղվել կոմերիտական աշխատանքով, միաժամանակ լրացրել կրթության պակասը։ 1923 թվականին ընդունվել է ԵՊՀ պատմա-բանասիրական ֆակուլտետը։ 1926 թվականին դարձել է կոմկուսի անդամ։ 1927 թվականին ավարտելով ուսումնառությունը՝ աշխատանքի է անցել ԵՊՀ-ում, ստանձնել ուսանողական գործադիր բյուրոյի քարտուղարի, իսկ այնուհետև՝ կուսակցական կոմիտեի քարտուղարի պարտականությունները։
1930-1931 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել ՀԿԿ Ղամարլուի (հետագայում՝ Արտաշատի) շրջկոմում նախ՝ որպես ագիտ-պրոպագանդայի բաժնի վարիչ, ապա՝ նույն շրջկոմի առաջին քարտուղար։ 1931 թվականին ընդունվել և 1936 թվականին ավարտել է Բաքվի մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտը։ Վերադառնալով Երևան՝ կուսակցական ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ՀԿԿ կենտկոմի դպրոցական բաժնում։ 1937 թվականին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր, սակայն 1938 թվականի սկզբներին ենթարկվել է բռնությունների և աքսորվել Սիբիր։ 1954 թվականին վերադառնալով աքսորից՝ արդարացվել է, վերականգնվել են նրա բոլոր իրավունքները, բայց քայքայված առողջության պատճառով չկարողանալով աշխատել՝ անցել է թոշակի։