Լիբանանի պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լիբանանի պատմություն, Լիբանանի Հանրապետության տարածքում գտնվող ազգերի ու ժողովուրդների, մշակույթների ու քաղաքակրթությունների պատմություն։

Նախնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից Լիբանանի տարածքում մարդու բնակատեղիներ եղել են դեռևս մ.թ.ա. 5-րդ հազարամյակում։ Մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներում Փյունիկեցիները Միջերկրականի արևելյան ափին հիմնել են քաղաք-պետություններ՝ Բիբլոս (այժմ՝ Ջուբեյլ), Սիդոն (Սայդա), Տյուրոս (Սուր), Բերիտ (Բեյրութ) և այլն։ Մ.թ.ա. 2-րդ հազարամյակից մինչև մ.թ.ա. 7-րդ դարում Լիբանանի տարածքին տիրել են Եգիպտոսը, Ասորեստանը, Բաբելոնը, Պարսկաստանը, Մակեդոնիան՝ Ալեքսանդր Մակեդոնացու օրոք, Պտղոմեյաններն ու Սելևկյանները, Հայաստանը՝ Տիգրան Մեծի օրոք, Հռոմը, Բյուզանդիան։ 7-րդ դարում այն նվաճեցին արաբները։

Միջնադար[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուզանդական տիրապետության ժամանակաշրջանում նախալեռնային ծովափնյա և լեռնահովտային շրջաններում սկզբնավորվեցին ֆեոդալական հարաբերություններ, որոնք զարգացան 7-16-րդ դարերում։ Լիբանանի տարբեր շրջաններում կազմավորվեցին մարոնականների, դրուզների, քաղկեդոնականների մալքիական, ուղղափառ քրիստոնյաների, սուննիների, շիիների համայնքները։ 1516 թվականին օսմանյան թուրքերը նվաճեցին Լիբանանի տարածքը։ Նախալեռնային ծովափնյա և լեռնահովտային շրջանները բաժանվեցին Տրիպոլիի և Դամասկոսի (1660 թվականից՝ նաև Սայդայի) փաշայությունների միջև։ Լեռնային շրջաններում պահպանվեցին տեղական ֆեոդալների տիրույթներն ու կիսաանկախությունը։ 15-19-րդ դարերին լեռնային հատվածների բնակչությունը ֆեոդալ-ազնվականների գլխավորությամբ պայքարել է օսմանյան լուծը թոթափելու համար։ Իշխանապետները ձգտել են իրենց շուրջը համախմբել ու միմյանց շաղկապել բնիկների տարանջատ-հակամարտ համայնքները, ներգրավել Օսմանյան կայսրության ճնշված ժողովուրդների, այդ թվում նաև հայ ժողովրդի ստվար բեկորներին։

Նոր ժամանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1841 թվականին Թուրքիան իր անմիջական տիրապետությունը հաստատեց լեռնային ինքնուրույն հատվածներում և, ըստ կրոնադավանական պատկանելության, ստեղծեց մարոնականների ու դրուզների կայմակամություններ։ 1859 թվականի դրուզ-մարոնական արյունահեղությունից օգտվելով՝ ֆրանսիական զինվորական արշավախումբը ներխուժեց Լիբանան (1860 թվականի օգոստոսին)։ Եվրոպական պետությունների ճնշմամբ ֆրանսիական զորքերը դուրս բերվեցին Լիբաանից, և միջազգային հանձնաժողովը մշակեց Լիբանանի «Օրգանական ստատուտը» (1861 թվականի հունիսի 9-ին), որով Լիբանանի ժամանակակից տարածքի մի մասը՝ Լեռնալիբանան (Զաբալ Լուբնան) անվամբ, ինքնավար հռչակվեց։

Լեռնալիբանանը (ուներ 6500 կմ2 տարածություն, 930 բնակավայր, շուրջ 400 հազար բնակչություն և Ջունիի շրջանում դեպի ծով մի նեղ ելք) կառավարելու էր Բ. Դռան նշանակած և եվրոպական հինգ մեծ տերությունների հաստատած քրիստոնյա, ոչ տեղացի կառավարիչը (մութասարիֆ)։ Առաջին կառավարիչ Կարապետ Հարություն (Արթին) փաշա Դաուդյանը (Դաուդ փաշա, 1861-1868 թվականներին) վարել է Լիբանանյան ինքնավարությունը անձեռնմխելի պահելու, համայնքները միմյանց շաղկապելու, առևտրատնտեսական և կրթական-մշակութային վերելքը խթանելու քաղաքականություն։ Հաջորդ 6 կառավարիչները սատարել են Լեռնալիբանանի առաջընթացը, իսկ վերջին կառավարիչը՝ Հովհաննես փաշա Գույումջյանը (1913-1915 թվականներին), պայքարել է Լիբանանյան ժողովրդին երիտթուրքերի ցեղասպան քաղաքականությունից զերծ պահելու համար։

Ինքնավար շրջանի վարչակառավարման ապարատում և տարբեր վարչություններում զգալի թվով հայեր զբաղեցրել են պատասխանատու պաշտոններ։ Ինքնավարության ժամանակաշրջանում Լեռնալիբանանը և նրան անմիջականորեն առնչվող Բեյրութը դարձան արաբ, լուսավորական շարժման կենտրոններ։ Այդ շարժման գործիչներից էին Բուտրուս ալ-Բուսթանին, Սուլեյման ալ-Բուսթանին, որոնք եղան արաբական հանրագիտարանի հրատարակողները, Նասիֆ ալ-Յազիջին, Իբրահիմ ալ-Յազիջին, Ֆարիս Նիմրին։ Առաջատար դեմքերից էին հայալեզու գրող և գրականագետ Իսկենդեր. Աբգարիոսը, գիտնական-բժիշկ Հովհաննես (Հաննա) Վարդապետը, անվանի գրող և հրապարակախոս Ադիբ Իսհակը (Զուլմաթյան)։ Նրանց մասնակցությամբ 1868 թվականին Բեյրութում հիմնադրվեց առաջին բուհը՝ Սիրիական բողոքական կոլեջը (ապագա Բեյրութի ամերիկյան համալսարանը), իսկ 1875 թվականին ստեղծվեց քաղաքական գաղտնի կազմակերպություն, որի նպատակն էր արաբ, երկրները ազատագրել օսմանյան լծից։

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Լիբանանը վերածվեց արևմտաեվրոպական գերտերությունների, առաջին հերթին՝ Ֆրանսիայի կիսագաղութի։ Տնտեսական քայքայման, սուլթանական կառավարության ազգահալած քաղաքականության հետևանքով տասնյակ հազարավոր լի բանանցիներ, հատկապես մարոնականներ, գաղթեցին ԱՄՆ և Լատինական Ամերիկայի երկրներ։

Նորագույն շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ (1914-1918 թվականներին) երիտթուրքերը վերացրին Լեռնալիբանանի ինքնավարությունը և լիբանանյան ժողովրդի նկատմամբ կիրառեցին ցեղասպան քաղաքականություն, որին զոհ գնաց Լիբանանցիների շուրջ 25 %-ը։ 1918 թվականի հոկտեմբերին Բեյրութը և ծովափնյա մյուս քաղաքները օսմանցիներից ազատագրեցին ֆրանսիական զորքերը, որոնց հետ կռվում Էր նաև հայ և արաբ կամավորներից կազմըված «Արևելյան լեգեոնը»։ 1920 թվականի սեպտեմբեչի 1-ին ֆրանսիական գաղութարարները ստեղծեցին Մեծ Լիբանան պետությունը, որն ընդգրկում էր ներկայիս Լիբանանի տարածքը։ Ազգերի լիգան 1922 թվականի հուլիսի 24-ին հաստատեց Ֆրանսիայի մանդատը Մեծ Լիբանանի վրա։ Լիբանանի ժողովուրդը պայքար սկսեց ֆրանսիական գաղութային լծի դեմ (1924-1926 թվականի զինված ելույթները)։ Այդ պայքարին մասնակցում էր 1924 թվականին ստեղծված Սիրիայի և Լիբանանի կոմունիստական կուսակցությունը։ Գաղութային իշխանությունները 1926 թվականին Լիբանանի ձևականորեն անկախ հռչակեցին, իսկ 1936 թվականին, երբ սկսվեց ազգային-ազատագրական շարժման վերելքը, Լիբանանի հետ կնքեցին պայմանագիր, որով հանձն էին առնում երեք տարի անց վերացնել մանդատը և երկիրը հռչակել անկախ։ Սակայն ֆրանսիական պառլամենտը 1939 թվականին չվավերացրեց այդ պայմանագիրը, և ուժի մեջ մնաց մանդատային տիրապետության ձևը։

Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբին Լիբանանում մտցվեց արտակարգ դրություն։ Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո երկիրը փաստորեն անցավ առանցքի երկրների վերահսկողության ներքո։ Բայց 1941 թվականի հունիսի 8-ին Լիբանան մտան Անգլիայի և «Ազատ (մարտնչող) Ֆրանսիայի» զորքերը։ 1941 թվականի նոյեմբերի 26-ին հայտարարվեց ֆրանսիական մանդատը վերացնելու և Լիբանանին անկախություն տալու մասին։ Սակայն ֆրանսիական իշխանություններն իրենց խոստումը չկատարեցին և պահպանեցին կառավարման նախկին ձևը։ Ուստի և 1941-1943 թվականին ծավալվեց ազգային-ազատագրական պայքար հանուն Լիբանանի անկախության, որի ճնշման տակ Ֆրանսիան հարկադրված գիչեց։ 1943 թվականի օգոստոսի 29-ին և սեպտեմբերի 4-ին առաջին անգամ անցկացվեցին ընարություններ։ Լիբանանի առաջին պրեզիդենա Բիշարա ալ-Խուրին և պրեմիեր մինիստր Ռիադ աս-Սոլհը կնքեցին միջհամայնքային բանավոր «Ազգային ուխտը», ըստ որի Լիբանանը պետք է լիներ անկախ արաբ, չեզոք պետություն՝։ Վարչակառավարման բոլոր պաշտոնները պետք է բաժանվեին ըստ համայնքների թվաքանակային փոխհարաբերության (պրեզիդենտը՝ մարոնական, պրեմիեր մինիստրը՝ սուննի, պառլամենտի նախագահը՝ շիի, արտաքին գործերի մինիստրը՝ հույն ուղղափառ, պաշտպանության մինիստրը՝ դրուզ են), իսկ պառլամենտում քրիստոնյաների և մուսուլմանների թիվը պետք է լիներ 6/5 հարաբերությամբ, ըստ որում, 55 դեպուտատի դեպքում՝ 30 քրիստոնյաներից 2-ը՝ հայ։

1943 թվականի նոյեմբերի 8-ին պառլամենտը սահմանադրությունից վերացրեց ֆրանսիական մանդատային տիրապետությանը վերաբերող՝ երկրի ինքնիշխանությունը սահմանափակող հոդվածները։ Ի պատասխան ֆրանսիական իշխանությունները ձերբակալեցին երկրի ղեկավարներին, արձակեցին պառլամենտը և հայտարարեցին սահմանադրության գործողությունը դադարեցնելու մասին։ Գաղութարարների դեմ ծավալվեց ժողովրդական զինված պայքար, որը ղեկավարում էր հայրենասիրական ճակատը՝ «Ազգային համագումարը»։ Նրա կազմում իրենց ներկայացուցիչներն ունեին նաև հայ կոմունիստներն ու մյուս դեմոկրատները։ Չկարողանալով ճնշել համազգային զինված ապստամբությունը, ինչպես նաև ԱՄՆ-ի ու Անգլիայի ճնշմամբ (նրանք «անկախություն» պաշտպանության քողի տակ ձգտում էին Ֆրանսիային դուրս մղել Լ֊իբանանից և գրավել նրա տեղը) ֆրանսիական վարչությունը 1943 թվականի նոյեմբերի 22-ին վերականգնեց Լիբանանի օրինական իշխանությունը։ Այդ օրը համարվում է Լիբանանի ազգային տոնը՝ Անկախության օր։ Նոյեմբերի 24-ին Ֆրանսիան ճանաչեց սահմանադրության մեջ կատարված փոփոխությունները։ Լիբանանի դիվանագիտական հարաբերություններ հաստատեց ԽՍՀՄ-ի հետ ([[1944] թվական]ի օգոստոսին), պատերազմ հայտարարեց Գերմանիային ու Ճապոնիային (1945 թվականի փետրվարին), դարձավ Արաբական երկրների լիգայի, ապա ՄԱԿ-ի անդամ, երկրից դուրս բերվեցին օտարերկրյա զորքերը (1946 թվականի դեկտեմբերին)։ Ստեղծվեցին ազգային կապիտալին պատկանող խոշոր ձեռնարկություններ և բանկեր, օտարապատկան մի շարք ծառայություններ (երկաթուղային, էլեկտրամատակարարման և այլն) հատուցմամբ ազգայնացվեցին։ Դրա հետ միասին օտարերկրյա մոնոպոլիաները պահպանում էին տիրապետող դիրքերը Լիբանանի տնտեսության մեջ, ուժեղացավ ԱՄՆ-ի տնտեսական ու քաղաքական ներթափանցումը Լիբանանում։ Այդ բոլորը հարուցեց ժողովրդական զանգվածների դժգոհությունը, պառլամենտում առաջացավ ընդդիմություն պրեզիդենտի դեմ։ 1952 թվականի սեպտեմբերին պրեզիդենտ Բիշարա ալ-Խուրին հեռացվեց իշխանությունից։ Նոր պրեզիդենտ Քամիլ Շամունը, նախընտրական խոստումներին հակառակ, վարում էր արևմտյան տերություններին մերձենալու քաղաքականություն։

1958 թվականին կազմված առաջադիմական կուսակցությունների և գործիչների Ազգային միացյալ ճակատը պահանջեց ներքին և արտաքին քաղաքական ուղու վերափոխում։ Քալիմ Շամունի բացահայտ պրոամերիկյան և հակաժողովրդական կուրսը հանգեցրեց համաժողովրդական քաղաքական գործադուլի (1958 թվականի մայիսին), որը վերածեց զինվորական ապստամբության։ Պրեզիդենտ Քամիլ Շամունը հուլիսի 14-ին դիմեց ԱՄՆ-ի օգնությանը։ ԱՄՆ-ի ինտերվենցիան չփրկեց Շամունի վարչակարգը։ Նա հրաժարվեց։ Սեպտեմբերին պրեզիդենտ ընտրվեց բանակի գլխավոր հրամանատար, գեներալ Ֆուադ Շիհաբը, իսկ ամերիկյան զորքերը հոկտեմբերի 25-ին դուրս եկան երկրից։ Իրականացվեցին ազգային տնտեսությունն ամրապնդող ու ժողովրդի կենսապայմանները բարելավող սոցիալական միջոցառումներ։ 1964 թվականին պրեզիդենտ ընտրված Շարլ Հելուի օրոք շարունակվեց դրական չեզոքության քաղաքականությունը։ 1967 թվականի հունիսին Լիբանանի կառավարությունը դատապարտեց իսրայելական հարձակումը, իսկ 1968 թվականին Պաղեստինի Դիմադրության շարժմանը Լիբանանի հարավում ազատ գործելու իրավունք տվեց։ 1970 թվականին օրինականացվեց Լիբանանի կոմունիստական կուսակցության գործունեությունը։ Այդ քաղաքականությունից դժգոհ ԱՄՆ-ի դրդմամբ Իսրայելը Լիբանանի դեմ ձեռնարկեց ռազմական գործողություններ։ Երկրի ներսում գլուխ բարձրացրին Քամիլ Շամունի ազգային-լիբերալ և Պ. Ժմայելի քաթաիբ կուսակցությունների աջ ծայրահեղականները՝ պահանջելով ճնշել հայրենասիրական կազմակերպությունների գործունեությունը և Լիբանանից արտաքսել պաղեստինցի գաղթականներին։ Աջերի մկրտումների դեմ հանդես եկավ Ազգային հայրենասիրական ուժերի ճակատը, որի հիմքը առաջադիմական սոցիալիստական և կոմունիստական կուսակցություններն էին։ Ազգային ճակատը ղեկավարում էր քաղաքական հայտնի գործիչ, գրող և փիլիսոփա Քամիլ Ջումբլատը։

1970 թվականի սեպտեմբերին պրեզիդենտ ընտրվեց Սուլեյման Ֆրանջիեն, որը աստիճանաբար անցավ աջերի քաղաքական կուրսի պաշտպանության դիրքերը։ 1973 թվականին Լիբանանի բանակը, մարոնական հետադեմ բարձրաստիճան սպաների ղեկավարությամբ, ռազմական գործողություններ ձեռնարկեց Պաղեստինի Դիմադրության շարժման դեմ, սակայն կոնֆլիկտի հետագա սրումը կանխվեց։ Ամերիկյան իմպերիալիզմի, սիոնիզմի և արաբական ռեակցիայի թելադրանքով ու օժանդակությամբ Լիբանանի աջ խմբավորումները 1975 թվականին հրահրեցին քաղաքացիական պատերազմ, որը տասնյակ հազարավոր զոհեր և նյութական ծանրագույն վնասներ պատճառեց Լիբանանի ժողովրդին։

1976 թվականի սեպտեմբերին հանրապետության նախագահ ընտրվեց Իլիաս Սարգիսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 597