Թել ալ-Ամառնա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էլ–Ամառնաից)
Քաղաք֊հնավայր
Էլ-Ամառնա
العمارنة
Էլ-Ամառնայի թանգարան
ԵրկիրԵգիպտոս Եգիպտոս
Հիմնադրված էմ. թ. ա. 1346 և մ. թ. ա. 1370[1] թ.
ԲԾՄ195±1 մետր
Ժամային գոտիUTC+2
Թել ալ-Ամառնա (Եգիպտոս)##
Թել ալ-Ամառնա (Եգիպտոս)

Էլ–Ամառնա (Թել էլ Ամառնա, արաբ․՝ تل العمارنة‎‎), հին եգիպտական անունը՝ Ախեթաթոն (Աթոնի հորիզոն, կապված է Հին Եգիպտոսում արևի աստծո՝ Աթոնի պաշտամունքի հետ), հնավայր, քաղաք Հին Եգիպտոսում, այժմյան Ամառնա բնակավայրի մոտ։ Հիմնադրել է Էխնաթոն (Ամենհոտեպ IV) փարավոնը (մ.թ.ա. XV դ. վերջին) և դարձրել իր մայրաքաղաքը՝ Թեբեի փոխարեն։

Էլ–Ամառնայի պեղումներով բացվել է փարավոնների արխիվը, գտնվել են Բաբելոնի, Միտանիի, Խեթական պետության և Կիպրոսի թագավորների հետ նրանց գրագրությունները։

Պահպանվել են Նոր թագավորության շրջանի պալատներ (Նեֆերտիտի թագուհու պալատը), տաճար, գրիչների դպրոցը, միջին խավին պատկանող բնակարաններ, աղքատների և քանդակագործների թաղամասերը (ճարտարապետ Թութմոսի արվեստանոցում հայտնաբերվել են Էխնաթոնի և Նեֆերտիտիի հայտնի արձանները), դամբարաններ, բույսերի, կենդանիների, կենցաղային և այլ պատկերներով որմնանկարներ։ Քաղաքի մոտ, ժայռափոր դամբարանների պատկերներն ու արձանագրությունները նվիրված են Ամոն աստծուն։

Քաղաքը գոյություն է ունեցել 15 տարի և Էխնաթոնի մահից հետո՝ լքվել։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր թագավորության սկզբնական շրջանում արվեստում երևան եկող նորամուծությունները նախապատրաստեցին անսպասելի թվացող այն փուլը, որն ընդունված է առանձնացնել որպես եգիպտական իրատեսական արվեստի զարգացման գագաթնակետ։ Մ.թ.ա. 14 դարի սկզբներին Ամենհոտեպ 4-րդ փարավոնը ավագանու և Ամոն-Ռա աստծու քրմության օրեցօր աճող իշխանությունը թուլացնելու նպատակով կատարեց սոցիալական և կրոնական բարեփոխություն՝ գլխավորելով մանր ստրկատերերի շարժումն ընդդեմ խոշոր ստրկատիրական ավագանու։ Ամենհոտեպ 4-րդի բարեփոխությունը, որն իր համարձակությամբ աննախադեպ էր Եգիպտոսի պատմության մեջ, հասցրեց այն բանին, որ կեղծ հայտարարվեցին բոլոր հին աստվածները, փակվեցին նրանց տաճարները, ոչնչացվեցին պատկերները, իսկ արևի խորհրդանիշ Ամոն-Ռայի փոխարեն որպես նոր միասնական աստվածություն հռչակվեց հենց արևը՝ Աթոնը։ Ամենհոտեպ 4-րդը գտնում էր, որ մարդուն մատչելի է անմիջականորեն հենց աստծու հետ հաղորդակցվելը։ Այդ առնչությամբ նա փոխեց նաև իր իսկ անունը՝ իրեն անվանելով Էխնաթոն Աթոնի Ոգի։ Էխնաթոնի բարենորոգության շնորհիվ բազմաթիվ փոփոխություններ կատարվեցին Եգիպտոսի կյանքում։ Մայրաքաղաքը Թեբեից փոխադրվեց Ախետաթոն, Աթոնի երկինք՝ ժամանակակից Թել-Էլ-Ամառնա (այստեղից էլ՝ «ամառնայի ժամանակաշրջան» անվանումը), որը վերստին կառուցեցին տեղական վարպետները։ Հին, այնքան կայուն թվացող ավանդույթները խախտվում էին։ Գրականության մեջ գործածվեց խոսակցական լեզուն, նրանով գրվում էին նույնիսկ հիմները։

Երկրի կյանքում այդպիսի կտրուկ փոփոխությունները նշանակալի վերափոխումներ առաջացրին նաև արվեստում։ Ամառնայի ժամանակաշրջանի լավագույն ստեղծագործությունները, որոնք հրապարակ եկան Էխնաթոնի կառավարման երկրորդ կեսին, աչքի են ընկնում իրենց մարդկայնությամբ և ներթափանցվածությամբ, հագեցած են կյանքի իրական շնչով, համակված ներքին մեծ հմայքով։ Նոր կերպարների որոնումները կապված էին Էխնաթոնի՝ հին կանոններից հեռանալու և կյանքին մոտենալու, նոր արտահայտիչ միջոցներ և պատկերագրական լուծումներ գտնելու ձգտման հետ։ Միևնույն ժամանակ հոգևոր կյանքում կատարվող փոփոխությունները մեծ մասամբ շոշափեցին կերպարվեստը։ Հում աղյուսից, միասնական պարզ հատակագծով արագորեն կառուցված Ախետատոնը շուտով սկսեց փլուզվել։ Դրանում հիմնական նորությունը տաճարներում սյունազարդ դահլիճների բացակայությունն էր և զոհարաններով հսկա գավիթների առկայությունը, քանզի եկեղեցական արարողություններն այժմ կատարվում էին բաց երկնքի տակ։ Այդ ժամանակաշրջանում ստեղծված լավագույնը Էխնաթոնի և նրա կնոջ՝ Նեֆերտիտիի դիմաքանդակներն են, որոնք ստեղծված են ռելիեֆներով։ Եգիպտական արվեստի պատմության մեջ առաջին անգամ երևացին թագավորի պատկերումներ ընտանեկան միջավայրում։ Ռելիեֆներում Էխնաթոնը մերթ հիանում է իր երիտասարդ և շատ գեղեցիկ տիկնոջով, մերթ նրանք երկուսն էլ պատկերվում են իրենց երեխաների հետ, մերթ աղջկա մահվան մահճի մոտ լաց լինելիս։ Աթոն աստծու արևային սկավառակը ամենուրեք տարածում է իր ճառագայթները, կարծես օրհնում է նրանց սերը և գործերը։ Մարդու հոգեկան էությունը դրսևորելու ցանկությունը վերափոխեց գեղեցիկի մասին նախկին պատկերացումները, որոնք հաստատում էին անագորույն տիրակալի ֆիզիկական ուժը և դաժան կամքը։ Ընդհակառակը, Էխնաթոնի դիմանկարային գլուխը՝ ծանրացած կոպերով, որոնք կիսով չափ փակում էին վշտալի աչքերը (մ.թ.ա. XIV դարի առաջին քառորդ, Բեռլին, Պետական թանգարաններ), կերտվել է նշանավոր քանդակագործ Թութմոսի արվեստանոցում, վկայում է մարդու կերպարի նոր քնարական մեկնաբանման մասին։

Այն մասին, թե ինչպիսի փոփոխություններ տողի ունեցան եգիպտական արվեստում՝ մարդկային գեղեցկության ըմբռնման ուղղությամբ, խոսում են նաև Նեֆերտիտիի երկու դիմանկարները, որոնցից յուրաքանչյուրը յուրովի կատարյալ է։ Սքանչելի է Նեֆերտիտիի գունազարդ մարմարե՝ բարձր թագով դիմանկարը (մ.թ.ա. XIV դարի առաջին քառորդ, Բեռլին-Դալեմ թանգարան)։ Թագուհու բարակ ու նուրբ պարանոցով սեգ գլուխը զարմացնում է շատ գեղեցիկ դեմքի հարթված գծերի կատարելությամբ, արտասավոր ներդաշնակությամբ, կոմպոզիցիայի զարմանալի ավարտվածությամբ, գույների հոյակապ զուգորդմամբ։ Կապույտ գլխարկը հյուսված է արծաթազօծ ժապավեններով, որոնցում փայլփլում են թանկարժեք քարերի՝ սարդիոնի, լազուրիտի և այլ քարերի գույները։ Ջերմ ոսկեփայլ մաշկը նրբերանգված է բարձր թագի պայծառ գույներով։ Մի փոքր դեպի առաջ ուղղված կզակը, ամուր փակված շուրթերը և բարձր մուգ հոնքերը դեմքին հաղորդում են ազնվաբարո զսպվածության, սեգության և միաժամանակ մեղմ կանացիության արտահայտություն։ Անավարտ է մնացել բյուրեղային ոսկեփայլ ավազաքարից կերտված, կյանքի շնչով, պատանեկան գեղեցկությամբ և անըմբռնելի ներաշնակությամբ համակված դիմանկարը (մ.թ.ա. XIV դարի առաջին քառորդ, Բեռլին,Պետական թանգարաններ)։

Արվեստում հաստատված նոր իդեալները, սակայն նույնպես շուտով փոխվում են յուրատեսակ կանոնների։ Էխնաթոնի անկանոն դիմագծերի թույլ ոգեշնչվածություն՝ մտախոհ հայացքով և դեմքի ձգված գծագրությամբ. գծեր,որոնք նկարիչները ձգտում էին պատկերել որքան հնարավոր է ճշմարտացիորեն, փոխանցվում են այլ դիմանկարների՝ ստեղծելով որոշակի ոճ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Archaeology and Language: The Puzzle of Indo-European OriginsPimlico, 1998. — P. 49. — ISBN 0-7126-6612-5
  2. Արտասահմանյան արվեստի պատմություն[Ամառնա]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թել ալ-Ամառնա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 9