Դյորդ Ցիֆրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դյորդ Ցիֆրա
Բնօրինակ անունֆր.՝ György Cziffra
Ծնվել էնոյեմբերի 5, 1921(1921-11-05)[1][2][3][…]
Բուդապեշտ, Հունգարիայի Թագավորություն[4]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էհունվարի 15, 1994(1994-01-15)[1][2][3][…] (72 տարեկան)
Longpont-sur-Orge
ԳերեզմանՍանլիս
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդասական դաշնակահար և կոմպոզիտոր
Գործիքներդաշնամուր
ԿրթությունՖերենց Լիստի երաժշտական ակադեմիա
Պարգևներ
 György Cziffra Վիքիպահեստում

Դյորդ Ցիֆրա (հունգ.՝ Cziffra György, 5 նոյեմբերի, 1921, Բուդապեշտ, Հունգարիա17 հունվարի, 1994, Փարիզ, Ֆրանսիա), հունգարացի և ֆրանսիացի դաշնակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյորդ Ցիֆրան ծնվել է 1921 թվականի նոյեմբերի 5-ին Բուդապեշտում, աղքատ գնչուների ընտանիքում։ Նրա հայրը, ում անունը նույնպես Դյորդ էր, 1910-ական թվականներին ցիմբալ է նվագել Փարիզի կաբարեներում ու ռեստորաններում։ Սակայն Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո նա բանտարկվել է որպես թշնամական երկրի քաղաքացի, իսկ նրա կինն ու երկու դուստրերը վտարվել են Հունգարիա։ Ընտանիքը վերամիավորվել է պատերազմի ավարտից հետո։

Դյորդ Ցիֆրան նվագել սովորել է իր քրոջ պարապմունքները դիտելով։ Հինգ տարեկանում նա նվագել է բարերում ու կրկեսներում՝ կատարելով երաժշտական հայտնի մեղեդիների իմպրովիզներ։ Դրանից բացի նա լսողությամբ ընկալում ու նվագում էր ցանկացած երաժշտություն, որ երգում էր հաճախորդը։ Իր վաստակած գումարով նա օգնել է իր ընտանիքին, սակայն հետագայում այդ ելույթների պատճառով նա ծաղրի է արժանացել քննադատների կողմից։

Տասը տարեկան հասակում Ցիֆրան ընդունվել է Ֆերենց Լիստի ակադեմիա՝ դառնալով այդ կրթական հաստատության ամենաերիտասարդ ուսանողը նրա ամբողջ պատմության ընթացքում։ Այնտեղ նա աշակերտել է Էռնստ ֆոն Դոնանիին և Իշտվան Տոմանին։ 1933 թվականից ելույթներ է ունեցել Հունգարիայում, 1937 թվականին համերգային շրջագայության է մեկնել Հոլանդիա և Սկանդինավիա[5]։

1942 թվականին Դյորդ Ցիֆրան ուղարկվում է ռազմաճակատ։ Հունգարիան պատերազմում էր նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայի կողմից, որի դաշնակից բոլոր երկրները, այդ թվում նաև Հունգարիան պատերազմի դաշտ էին ուղարկում մեծ թվով հրեաների ու գնչուների՝ պատանդ պահելով նրանց ընտանիքները։ Դյորդ Ցիֆրան ունեցել է կին և փոքր որդի։ Սկզբում նա ծառայել է որպես հետևակային, ապա տանկիստ, սակայն առաջին իսկ հնարավորության դեպքում լքել է իր գումարտակը և արդյունքում եղել է այդ գումարտակի միակ փրկված զինվորը[6]։

Հունգարիա է վերադարձել 1947 թվականին։ Ընտանիքը պահելու համար դաշնամուր է նվագել բարերում ու ակումբներում։ 1950 թվականին ձերբակալվել է քաղաքական պատճառներով։ Կալանավայրում, իմանալով, որ Ցիֆրան երաժիշտ է, ծեծելիս խփել են ձեռքերին, հանձնարարել այնպիսի աշխատանք, որ ծանրաբեռնվածությունն ընկնի ձեռքի թաթերի վրա։

1953 թվականին բանտից դուրս գալուց հետո շատ ջանքեր են պահանջվել, որպեսզի վերականգնի ձեռքի թաթի ու մատների բնականոն աշխատանքը։ 1955 թվականին նա հաղթել է Ֆերենց Լիստի անվան միջազգային մրցույթում (անգլ.՝ Franz Liszt International Piano Competition), որն անցկացվել է Բուդապեշտում[7]։

1956 թվականին Դյորդ Ցիֆրան ընտանիքի հետ փախել է Վիեննա, որտեղ նոյեմբերին համերգ է տվել։ Փարիզում և Լոնդոնում ելույթներ ունենալուց հետո բնակություն է հաստատել Ֆրանսիայում, հետագայում ստացել է Ֆրանսիայի քաղաքացիություն (Ժորժ ֆր.՝ Georges անունով)[7]։ Կազմակերպել է Լա Շեզ Դյո աբբայության (Օբերն շրջան) երգեհոնի վերականգնումը, իսկ ավելի ուշ այնտեղ հիմնել է փառատոն։ 1969 թվականին Վերսալում կազմակերպել է դաշնակահարների միջազգային մրցույթ, որ կոչվում է իր անունով[7][8]։

1973 թվականին ստեղծել է իր հիմնադրամը՝ նպատակ ունենալով վերականգնել Սանլիսի Սեն Ֆրանբուր թագավորական մատուռը (ֆր.՝ Collégiale Saint-Frambourg de Senlis) և աջակցել երիտասարդ նկարիչներին[7]։ 1976 թվականից վերականգնված մատուռի Ֆերենց Լիստի սրահում Ցիֆրայի հիմնադրամն անցկացնում է երիտասարդ կատարողների ամենամյա մրցութային լսումներ. մրցանակակիրների թվում են եղել Պասկալ Ամուաելը (ֆր.՝ Pascal Amoyel) Էմանյուել Սվերկը (ֆր.՝ Emmanuelle Swiercz), փողհարներ Գի Տուվրոնը, Իբրահիմ Մաալուֆը, դիրիժոր Լիոնել Բրենգե, թավջութակահարներ Սյուզան Ռամոնը (ֆր.՝ Suzanne Ramon), Ֆրեդերիկ Լոդեոնը, Ադրիեն Ֆրաս-Սոմբեն (ֆր.՝ Adrien Frasse-Sombet[9]: 1986 թվականից Դյորդ Ցիֆրան վարպետության դասեր է տվել Սենլիսում. նրա աշակերտների շարքում է եղել նաև արգենտինացի դաշնակահար Աքիլես Դել Վինը (ֆր.՝ Aquiles Delle Vigne)[10]:

Դյորդ Ցիֆրայի որդին՝ Դյորդ Ցիֆրա կրտսերը (1942-1981), եղել է դիրիժոր, բազմիցս ելույթներ է ունեցել և ձայնագրվել հոր հետ։ Նրա կարիերան եղել է խոստումնալից, սակայն 1981 թվականին զոհվել է հրդեհի ժամանակ։ Դրանից հետո Դյորդ Ցիֆրան՝ որպես դաշնակահար, այլևս չի աշխատել նվագախմբերի հետ։ Նա համերգներով հանդես է եկել Եվրոպայում, 1984 թվականին՝ ԱՄՆ-ում (Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո) ու Կանադայում (Տորոնտո)։ Կարիերայի ավարտին տարեկան տվել է 6-7 համերգ՝ իր ժամանակի մեծ մասը նվիրելով հիմնադրամին։

Դյորդ Ցիֆրան մահացել է 1994 թվականի հունվարի 17-ին Փարիզում սրտային անբավարարությունից (նա տառապում էր թոքերի քաղցկեղից)։ Թաղված է Սանլիսի գերեզմանատանը՝ որդու կողքին։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դյորդ Ցիֆրան կատարել է հիմնականում Ֆերենց Լիստի ստեղծագործությունները։ Կատարել է նաև Ֆրեդերիկ Շոպենի, Էդվարդ Գրիգի, Սերգեյ Ռախմանինովի, Պյոտր Չայկովսկու համերգները նվագախմբի հետ, Մոցարտի, Բեթհովենի ստեղծագործություններից, սեփական ստեղծագործություններն ու Ռոսսինիի, Գունոյի, Շտրաուսի և այլոց օպերաների հատվածների նվագադարձություններ[8]։

1954 թվականից Դրոյդ Ցիֆրայի ելույթների ձայնագրությունները կատարվել են Hungaroton, 1956 թվականից՝ EMI Records (ձայնագրությունների մեծ մասը), APR (Մեծ Բրիտանիա), Supraphon, Philips ընկերությունների կողմից։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

The Art of Piano — Great Pianists of 20th Century (1999) փաստավավերագրական ֆիլմի էպիզոդներից մեկը նվիրված է Դյորդ Ցիֆրային։

Դյորդ Ցիֆրայի անունն է կրում Բադենում անցկացվող դաշնամուրային մրցույթը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. Deutsche Nationalbibliothek Record #134353420 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Morrison, Bryce (n.d.). (չաշխատող հղում) "Cziffra, György [Georges]" in Oxford Music Online, accessed 6 September 2016..
  6. Naxos կայքում Ցիֆրայի կենսագրությունում նշված է, որ նա գերի է ընկել։
  7. 7,0 7,1 7,2 7,3 Naxos
  8. 8,0 8,1 Art of Piano
  9. «Auditions» (ֆրանսերեն). Fondation Cziffra. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 15-ին.
  10. «Aquiles Delle Vigne» (անգլերեն). Southern Highlands International Piano competition. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.
  11. «János Balázs» (անգլերեն). Budapest Spring Festival. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դյորդ Ցիֆրա» հոդվածին։