Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
---|---|
Ժանր | կինոկատակերգություն |
Ռեժիսոր | Լեոնիդ Ամալրիկ |
Սցենարիստ | Վլադիմիր Սուտեև և Միլոշ Մացոուրեկ |
Հնչյունավորում | Միխայիլ Յանշին[1], Գեորգի Միլյար, Գրիգորի Շպիգել, Ելենա Պոնսովա և Գեորգի Վիցին |
Բեմադրող նկարիչ | Նադեժդա Պրիվալովա և Տատյանա Սազոնովա |
Երաժշտություն | Նիկիտա Բոգոսլովսկի |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1966 |
«Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից» (ռուս.՝ «Про бегемота, который боялся прививок»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1966 թվականին Միլոշ Մացոուրեկի հեքիաթի հիման վրա։ Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լեոնիդ Ամալրիկի լավագույն մուլտիպլիկացիոն բեմադրություններից մեկն է[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամռանը հարավային քաղաքի ծովափին լողանում, հանգստանում ու ուրախանում են հեքիաթային կենդանիները։
Հանկարծ հանգիստն ընդհատվում է կախված պատի թերթի հայտարարության պատճառով, որից հայտնի է դառնում, որ բոլորը՝ ճանճից մինչև փիղ, պետք է պատվաստվեն դեղնախտի դեմ։ Հայտարարությունը կարդալուց հետո բոլոր կենդանիները շարունակում են հանգստանալ, պարել ու արևայրուք ընդունել, ասես ոչինչ չի եղել։ Միայն Գետաձին է անհանգստանում և սկսում է բոլորին հարցնել, թե որքան սարսափելի ու ցավոտ է պատվաստում անելը։
Նրան փորձում է օգնել ու հանգստացնել նրա իմաստուն ընկերը՝ Մարաբուն, որը պատմում է, թե որքան դա կարևոր և միաժամանակ չնչին գործ է։ Պատվաստման գնալու ծանուցում ստանալուց հետո Գետաձին ավելի շատ է վախենում։ Միայն Մարաբուի աջակցության շնորհիվ է նա ուղևորվում հիվանդանոց՝ պատվաստվելու։
Պատվատման սպասողների հերթի ժամանակ վախն ավելի է ուժեղանում, և Գետաձին ամեն կերպ փորձում է խուսափել դրանից։ Պատվաստման եկած մյուս կենդանիների օգնությամբ Գետաձին ի վերջո մտնում է բժշկի մոտ։ Վախից մե՛կ քրտնելով, մե՛կ սպիտակելով՝ Գետաձին, օգտվելով առիթից, երբ բժիշկն ու Մարաբուն զրույցի պատճառով ուշադրությունը շեղում են նրանից, փախչում է հիվանդանոցից առանց պատվաստվելու։
Հաջորդ օրը Մարաբուն այցելում է իր ընկերոջն ու նրան գտնում ամբողջովին դեղին։ Մարաբուն հեռախոսով այդ մասին պատմում է բժշկին։ Պարզվում է, որ չպատվաստվելու պատճառով Գետաձին հիվանդացել է դեղնախտով, և նրան տեղափոխում են հիվանդանոց։
Այդպես Գետաձին հայտնվում է հիվանդանոցային մահճակալին, որտեղ տանջվում է բուժման գործողություններից ու ձանձրույթից։ Երբ նրա մոտ են գնում բժիշկն ու Մարաբուն, նա հանկարծ կարմրում է, որովհետև շատ է ամաչում այն պատճառով, որ վախենում էր պատվաստվելուց։
Ֆիլմի վրա աշխատել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստ – Վլադիմիր Սուտեև
- Ռեժիսոր – Լեոնիդ Ամալրիկ
- Բեմադրող նկարիչներ – Նադեժդա Պրիվալովա, Տատյանա Սազոնովա
- Կոմպոզիտոր – Նիկիտա Բոգոսլովսկի
- Օպերատոր – Միխայիլ Դրույան
- Հնչյունային օպերատոր – Գեորգի Մարտինյուկ
- Խմբագիր – Զ. Պավլովա
- Նկարիչ-մուտիպլիկատորներ՝ Իվան Դավիդով, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Արբեկով, Տատյանա Տարանովիչ, Յուրի Բուտիրին, Լիդիա Ռեզցովա, Ելիզավետա Կոմովա, Վադիմ Դոլգիխ, Վիոլետա Կոլեսնիկովա, Օլեգ Սաֆրոնով
- Նկարիչ-դեկորատորներ – Վերա Վալերիանովա, Օլգա Գեմերլինգ
- Օգնականներ – Գ. Անդրեևա, Մ. Տրուսովա, Ն. Նայաշկովա
Դերերը հնչյունավորել են
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Միխայիլ Յաշին | Գետաձի |
Գեորգի Միլյար | Մարաբու |
Գրիգորի Շպիգել | Բժիշկ |
Ելենա Պոնսովա | Վագր / փոստատար Կենգուրու |
Գեորգի Վիցին | Գայլ / Ընձուղտ / Կոկորդիլոս |
Հետաքրքիր փաստ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մուլտֆիլմի թողարկումից տասնչորս տարի անց կապիկների կողմից գետաձիուն պատգարակով հիվանդանոց տեղափոխելու տեսարանն օգտագործվել է «Դե, սպասիր» մուլտֆիլմի հեռուստաթողարկումներում։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1967 — Իրանի լուսավորության նախարարության մրցանակ Թեհրանում անցկացված Մանկական ֆիլմերի երկրորդ միջազգային կինոփառատոնում
Վերաթողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով 1990-ական թվականների սկզբին և DVD-ով 2000-ական թվականներին «Крупный план» ընկերության կողմից «Ամենամեծ ընկերը» (ռուս.՝ «Самый большой друг») մուլտֆիլմերի հավաքածուում[3]։ Ձայնագրության ժամանակ կատարվել է պատկերի ու ձայնի թվային վերականգնում. ձայն — ռուսերեն Dolby Digital 5.1 Stereo, ռուսերեն Dolby Digital 1.0 mono, պատկեր — Standart 4:3 (1,33:1), գույն — PAL։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ DVD «Самый большой друг»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Сутеев В. Г. В мире сказок В. Сутеева. — АСТ, 2009. — ISBN 978-5-17-057941-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|