Բրեմեն (գերմ.՝ Bremen[ˈbʁeːmən]), քաղաքԳերմանիայում. Բրեմենհաֆենի հետ միասին մտնում է Բրեմեն երկրի կազմի մեջ։ Բրեմենը մոտ 550 հազար բնակչությունով հանդիսանում է Գերմանիայի մեծությամբ տասներորդ քաղաքը։
Բրեմենը տեղակայված է Վեզեր գետի երկու ափերին, մոտավորապես 60 կմ հեռավորության վրա, այն տեղից, որտեղ այն թափվում է Հյուսիսային ծով։ Հին քաղաքի շրջանում Միջին Վեզերը (գերմ.՝ Mittelweser) անցնում է Ներքին Վեզեր (գերմ.՝ Unterweser), այնուհետև լայնանալով անցնում է բրեմենյան նավահանգիստ։ Շրջանը, որը տեղակայված է Ներքին Վեզերից ձախ կրում է Վեզերմարշ շրջանի անունը։ Աջից տարածվում է այսպես կոչված Թաց եռանկյունը, ճահճային հարթություն Էլբա և Վեզեր գետերի գետաբերանին։
Քաղաքի տարածքը կազմում է 38 կմ երկարություն և 16 կմ լայնություն։ Քաղաքային սահմանների երկարությունը 136, 5 կմ է։
Շուկայական հրապարակը Բրեմենի կենտրոնն է, որտեղ Բրեմենի ռատուշան է` կառուցված 1405-1410 թվականներին և Սուրբ Պետրոսի տաճարը 11-րդ դար։ Շուկայական հրապարակը Եվրոպայի գեղեցկագույն հրապարակներից է։
Հրապարակի աջ կողմում գտնվում է 1966 թվականին կառուցված քաղաքային պառլամենտի շենքը ։ Միջնադարյան բյուրգերյան տունը շուկայական հրապարակում հրաշքով պահպանվել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, որի ժամանակ Բրեմենի հին կառույցների 90 տոկոսը տուժել էր։
Հրապարակում վեր է խոյանում Ռոլանդի 10․21 մետր բարձրությամբ արձանը, քաղաքի խորհրդանիշ և անկախության մարմնավորում։ Վահանի վրայի կայսերական արծիվը վկայում է, որ քաղաքային իրավունքը ծագել է Կարլ Մեծի ժամանակներում և Բրեմենը ենթարկվում է միայն կայսերը, ոչ թե որևէ այլ հոգևոր կամ ազնվական կառավարչի։
Ռատուշայի առաջ տեղադրված է «Բրեմենյան երաժիշտների» հայտնի քանդակը։ Բրեմենի հայտնի փողոցներից մեկում՝ Բյոտերշտրասեում (գերմ. Böttcherstraße) (երկարություն 100 մետր) գտնվում է 7 շինություն։ 16-րդ դարի կառույցները իրենցից ներկայացնում են ճարտարապետական հուշարձաններ՝ զանգակատուն, երեք թանգարան, պատկերասրահ և թատրոն։
Հին քաղաքում կա շրջան, որտեղ պահպանվել են հին շինությունները։ Այն կոչվում է Շնոր (գերմ. Schnoor)։ Շնորում տեղակայված են գարեջրատներ, մանր գեղեցիկ իրերի փոքրիկ կրպակներ։
Բրեմենյան համալսարանի տարածքում գտնվում է Ունիվերսումը (գերմ. Universum), գիտական կենտրանը։ Սա գիտության թանգարան է, որտեղ յուրաքանչյուր այցելու կարող է շուրջ 250 ցուցադրանմուշի գործողությունները շոշափել և փորձել ։
Բրեմենի կենտրոնում, երկաթգծի կայարանում է գտնվում Քաղաքային այգին, որտեղ կա փոքրիկ կենդանաբանական այգի, որտեղ կան ընտանի կենդանիներ, խոզեր, բադեր, ծովախոզուկներ, ալագադաներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 560)։