Jump to content

Ասպազիյա (բանաստեղծուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասպազիյա
լատիշ․՝ Johanna Emīlija Lizete Rozenberga
Ծնվել էմարտի 4 (16), 1865[1]
ԾննդավայրMitava parish, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էնոյեմբերի 5, 1943(1943-11-05)[2] (78 տարեկան)
Վախճանի վայրDubulti, Rīgas Jūrmala, Ռիգայի շրջան, Q21481240?, Generalbezirk Lettland, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ
ԳերեզմանՌայնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծուհի, դրամատուրգ, քաղաքական գործիչ, թարգմանչուհի, գրող և լրագրող
Լեզուլատիշերեն և գերմաներեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  Լատվիա
Ժանրերպոեզիա
Պարգևներ
Ճանաչման Խաչ և Երեք աստղերի երրորդ աստիճանի շքանշան
ԱմուսինՅան Ռայնիս
 Aspazija Վիքիպահեստում

Ասպազիյա կամ Ասպազիա (լատիշ․՝ Aspazija, ի ծնե` Յոհա՛ննա Էմի՛լիյա Լիզե՛տե Ռո՛զենբերգա (լատիշ․՝ Johanna Emīlija Lizete Rozenberga), ամուսնությունից հետո` Էլզա Պլիեկշանե (լատիշ․՝ Elza Pliekšāne), մարտի 4 (16), 1865[1], Mitava parish, Doblen County, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 5, 1943(1943-11-05)[2], Dubulti, Rīgas Jūrmala, Ռիգայի շրջան, Q21481240?, Generalbezirk Lettland, Ռայխսկոմիսարիատ Օստլանդ), լատիշ բանաստեղծուհի և դրամատուրգ։

Գրող, հասարակական գործիչ Յան Ռայնիսի կինն է եղել[3]։

Ասպազիյան Ասպասիայի լատիշերեն տառադարձումն է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպազիյան ծնվել և մեծացել է 1865 թվականին հարուստ գյուղացու ընտանիքում Լատվիայի Ելգավա քաղաքից ոչ հեռու գտնվող բնակավայրում, որտեղ էլ միջնակարգ կրթություն է ստացել և երիտասարդական կազմակերպությունների ակտիվ մասնակիցներից է եղել։ Ուսումնառության վերջին տարում նա թողել է գիմնազիան, իսկ 1886 թվականին նա ամուսնացել է Վիլհելմ Մաքս Վալտերի հետ։

Հետագայում Ասպազիան հետաքրքրվել է գրականությամբ, հիմնականում գերմանական հեղինակների ստեղծագործություններով։ Ելգավայում դպրոցական տարիներին տասնչորսամյա Էլզան սկսել է բանաստեղծություններ գրել գերմաներեն։ Գրականության հանդեպ նրա հետաքրքրասիրության ու խանդավառության համար ընկերներն ու ուսուցիչները նրան տվել են «Ասպազիա» մականունը՝ նկատի ունենալով հնագույն հռետոր և փիլիսոփա Ասպասիային, որը նա օգտագործել է նաև 1887 թվականին Դիենաս Լապա («Dienas Lapa») սոցիալ-դեմոկրատական շարժման օրաթերթի հավելվածում իր առաջին բանաստեղծությունը տպագրելիս։

Ասպազիան առաջին անգամ ամուսնացել է 1886 թվականին։ Ամուսնությունը դժբախտ է եղել, և նրա ամուսինը հարսանիքից անմիջապես հետո փախել է ԱՄՆ, այլևս երբեք չտեսնվելով։ 1891 թվականին նա ամուսնալուծվել է և մինչև 1893 թվականը մասնավոր ուսուցիչ է աշխատել Ելգավայի Յաունսվիրլաուկաս շրջանում (լատիշ․՝ Jaunsvirlaukas pagasts

Իր հարբեցող հոր, հոգեկան հիվանդ մոր, կրտսեր եղբայրների ու քույրերի և իր հոգսերը հոգալու համար Ասպազիան աշխատել է որպես դերձակուհի, հացթուխ, իսկ 1891-1893 թվականներին՝ որպես դաստիարակ[4]։ 1893 թվականին նա բնակություն է հաստատել Ռիգայում և սկսել է աշխատել որպես լրագրող։

1891-1893 թվականների ընթացքում Ասպազիան գրել է իր առաջին պիեսները և «Արևի դուստրը» («Saules meita») պոեմը, որը, սակայն, հրատարակիչ չի գտել։ Այն տպագրվել է միայն 1894 թվականին, այն բանից հետո, երբ նա համբավ է ձեռք բերել Ռիգայում բեմադրված իր առաջին` Վաիդելոտե և Կորցնել իրավունքը (Vaidelote և Zaudētās tiesības)[5][6] պիեսներով, որոնցից մի քանիսը սկանդալային էին։

Սոցիալ-դեմոկրատական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպազիան լրագրությամբ զբաղվելու տարիներին հանդիպել է Յանիս Պլիեկշանսին (Janis Pliekšāns, ավելի հայտնի էր որպես Ռայնիս)։ Նա բանաստեղծ էր, իրավաբան, 1891-1896 թվականների ընթացքում «Ամենօրյա թերթիկ» (Dienas Lapa) թերթի խմբագիրն էր և «Նոր հոսանք» (Jaunā strāva) ձախ սոցիալ-դեմոկրատական զանգվածային շարժման առաջնորդ[7]։ Ռայնիսի ազդեցության ներքո Ասպազիան միացել է այդ շարժմանը։

1897 թվականին «Նոր հոսանք» շարժումը ճնշվել է։ Ասպազիան և Ռայնիսը տեղափոխվել են Պանևեժիս (Լիտվա) և ամուսնացել են։ Նույն թվականին Ասպազիան հրատարակել է բանաստեղծությունների իր առաջին ժողովածուն։ Ռայնիսն իր գործունեության համար բանտարկվել է և հետագայում դատապարտվել հինգ տարվա աքսորի Ռուսաստան (1897-1903 թթ.)։ Ասպազիան հետևել է նրան։ Նրանք միասին լատվիերեն են թարգմանել Գյոթեի բազմաթիվ ստեղծագործություններ։ Ավելի ուշ նրանք վերադարձել են Լատվիա և շարունակել են գրել, իսկ Ռայնիսը մասնակցել է նաև սոցիալիստական քաղաքականությանը։

Ռուսաստանում 1905 թվականի հեղափոխությունը սկսվել է Սանկտ Պետերբուրգում հունվարյան բողոքի ցույցերից։ Մի քանի օրվա ընթացքում բողոքի ակցիաները հասել են Ռիգա և 1905 թվականի հունվարի 13-ին շատերը սպանվել են։ Ասպազիայի «Վայդելոտե» պիեսը ներկայացվել է հունվարին և մեկնաբանվել որպես իմպերիալիստական Ռուսաստանի փլուզման կոչ։ Ռայնիսը նաև հրատարակել է «Փոթորիկի դեմքը» (Vētras Seja) հեղափոխական բանաստեղծությունների ժողովածուն։

Ցարի հրամանով հաշվեհարդար է եղել շատերի նկատմամբ։ Բազմաթիվ հեղափոխականներ ձերբակալվել և սպանվել են 1905-1906 թվականներին։ Այդ պատճառով Ռայնիսը և Ասպազիան արտագաղթել են Շվեյցարիա և 1905-1920 թվականներին բնակություն հաստատել Լուգանո լճի ափին գտնվող Կաստանյոլա բնակավայրում։

Ասպազիան էմանսիպացիայի կողմնակից էր և պաշտպանում էր իր ամուսնու սոցիալ-դեմոկրատական հայացքները։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո, երբ նրանք վերադարձել են անկախ Լատվիա, նրանք ջերմ ընդունելություն են գտել և ի պատիվ նրանց անվանակոչվել են Ռիգայի ամենագեղեցիկ փողոցները[8]։ Ասպազիան դարձել է ֆեմինիստական շարժման ակտիվ մասնակից. նա ակտիվորեն պաշտպանում էր կանանց իրավունքները։ Ասպազիան նաև դարձել է Լատվիայի 1904 թվականին ստեղծված սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ և 1920 թվականի ապրիլի 17-18-ին տեղի ունեցած Լատվիայի առաջին Սահամանադրական ժողովի (լատիշ․՝ Satversmes sapulce) ընտրություններում պատգամավոր ընտրված հինգ կանանցից մեկը (որը գործել է 1920 թվականի մայիսի 1-ից 1922 թվականի նոյեմբերի 7-ը)[5][6]։

Կյանքի վերջին տարիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռայնիսի և Ասպազիայի հուշատախտակ Ցյուրիխի Ուշտերիշտրասե 14 փողոցում (Շվեյցարիա)

Ռայնիսի մահից հետո, 1929 թվականին Ասպազիան մենակյաց կյանք է վարել` բնակվելով Ռիգայում կամ Դուբուլտիի իր ամառանոցում։

Ասպազիան մահացել է 1943 թվականի նոյեմբերի 5-ին, Դուբուլտիում (Յուրմալա), որտեղ բանակվում էր 1933 թվականից սկսած[3]։ Ասպազիան թաղված է Ռիգայի Ռայնիսի գերեզմանոցում, իր ամուսնու կողքին։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպազիայի առաջին աշխատանքները իրատեսական են, բայց նրա աշխատանքների մեծ մասը նեոռեալիստական են։ Դրանցից որոշները դեպի անցյալ կարոտախտով են լեցուն։ Օրինակ, 1894 թվականին գրված Վաիդելոտե (դիցաբանության աստվածների աղախինը) պիեսում գործողությունները տեղի են ունենում 14-րդ դարում Լիտվական մեծ դքսությունում։ Պարզ ճշմարտություններ և Չիրականացված նպատակներ պիեսները բազմաթիվ քննարկումների տեղիք են տվել, քանի որ բողոքում են հայրիշխանական հասարակության դեմ։ Արծաթե ծածկոց (Sidraba šķidrauts) պիեսը համարվում է նրա լավագույն աշխատանքը։ 1923 թվականին նա գրել է «Ասպազիյա» վերնագրված պիես[5][6]։

«Կարմիր ծաղիկներ» բանաստեղծությունների ժողովածուում պարզ և հասարակ բաները դիտվում են ռոմանտիկ լույսի ներքո։ Միևնույն ժամանակ նրա բանաստեղծությունները լի են լույսով, ֆանտազիայով, և ապստամբ տրամադրություններով։ «Հոգու մթնշաղներ» (1904 թ.) ժողովածուն լի է հոռետեսական տրամադրություններով[5][6]։

Արտասահմանում ապրելով Ասպազիան գրել է «Արևային անկյուն» և «Թևերը տարածել» բանաստեղծությունների ժողովածուները, որոնք պարունակում են ավելի քիչ սոցիալական ասպեկտներ և ավելի մտերմիկ տեքստեր, ավելի պակաս հասարակական բողոք և ավելի անձնական զգացումներ[5][6]։

Բանաստեղծուհու անունն է կրում Ռիգայի կենտրոնական փողոցներից մեկը` Ասպազիյա փողոց։

2015 թվականին Լատվիայում թողարկվել է Ռայնիսի և Ասպազիայի հիշատակին նվիրված նամականիշ։ Լատվիայի բանկը թողարկել է Ասպազիայի ծննդյան 150 ամյակին նվիրված հատուկ մետաղադրամ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Большая российская энциклопедия (ռուս.)М.: Большая российская энциклопедия, 2004.
  2. 2,0 2,1 2,2 http://www.fembio.org/biographie.php/frau/frauendatenbank?fem_id=1361
  3. 3,0 3,1 Большая Российская энциклопедия: В 30 т. / Председатель науч.-ред. совета Ю. С. Осипов. Отв. ред С. Л. Кравец. Т. 2. Анкилоз — Банка. — М.: Большая Российская энциклопедия, 2005. — 766 с.: ил.: карт.
  4. Arne Mentzendorff: Baltische Lebenswege. Rätsel um Persönlichkeiten in Estland und Lettland. Neue Folge. Books on Demand, Norderstedt 2017, ISBN 978-3-7431-3284-9, S. 74.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 1. Aspazija - biogrāfija. uzdevumi.lv կայքում
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Jānis Zālītis Aspazija. memorialiemuzeji.lv կայքում
  7. Arveds Švābe. Latvijas vēsture 1800-1914. — Uppsala: Daugava, 1958
  8. История Латвии XX век. — Рига: ООО J.L.V. 2005. (ռուս.)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Stahnke, Astrida B. Aspazija։ her life and her drama. Lanham, MD.։ Univ. Press of America, 1984. ISBN 0-8191-3681-6 ; ISBN 0-8191-3682-4
  • Meskova, Sandra (2003). Two mothers of Latvian literature։ Aspazija and Anna Brigadere. Journal of Baltic studies. 34.3, 276–297
  • Nesaule, Agate (1992). What happened to Aspazija? In search of feminism in Latvia. Hecate. 18.2, 112–125. ISSN 0311-4198
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 570
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասպազիյա (բանաստեղծուհի)» հոդվածին։