Ամազոնուհիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հերակլեսի մարտը ամազոնուհիների թագուհի Հիպոլիտայի հետ

Ամազոնուհիներ (հին հունարեն՝ ἀμαζόνες՝ անստինք (կանայք)), ըստ հին հունական առասպելաբանության՝ միակուրծք կանանց ցեղ, որն աչքի էր ընկնում իր ռազմատենչությամբ։ Ըստ տարբեր վարկածների` ամազոնուհինները բնակվել են Սև ծովի արևելյան կամ հյուսիսային ափամերձ շրջաններում, Կովկասում կամ Կասպից ծովի մոտ։ Հիշատակվում են դեռևս Հոմերոսի կողմից։ Պատկերվել են հունական գրականության մեջ, արվեստի գործերում։ Ամազոնուհիների հովանավոր աստվածուհին համարվել է Արտեմիսը։

Պլուտարքոսը հայտնում է, որ ամազոնուհիները /հավանաբար խոսքը Մազքության ծագմամբ կին ռազմիկների մասին է/ բնակվում են Կովկասյան լեռնաշղթայի այն հատվածում, որը տարածվում է մինչև Գիրկոնյան, այսինքն` Կասպից ծովի ափերը /խոսքը պատմական Մասքթաց երկիր տարածաշրջանի մասին է, որը գտնվում էր Կասպից ծովի արևմտյան ափամերձ շրջաններում/, և նրանք չեն հանդիսանում Աղվանների (առավեղյան ալաններ) անմիջական հարևանները, քանի որ նրանց միջև բնակվում են գելերը (ագուլներ) և լեգերը (լեզգիներ)։ Նրանք ամեն տարի երկամսյա ժամկետով այցելում են աղվաններին, որից հետո վերադառնում են իրենց երկիրը և ապրում առանց տղամարդկանց ներկայության։

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամազոնուհիների արփանը Սամսունում, Թուրքիա

Ըստ Հերոդոտոսի և Ստրաբոնի՝ ամազոնուհիները ծագումով եղել են Թերմեի և Թեմիսկիրիայի ափերից[1][2]։ Հերոդոսոսը նաև նշել է, որ որոշ ամազոնուհիներ ապրել են Սկյուիթիայում։ Ամազոնուհիներին կռվի դաշտում պարտության մատնելուց հետո հույները նավերով հեռանում են՝ իրենց հետ տանելով այնքան ամազոնուհիներ, որքան հնարավոր էր տեղավորել երեք նավերում, բայց բաց ծովում ամազոնուհիները հարձակվում են նավի անձնակազմի վրա և սպանում նրանց։ Այնուհետև այս ամազոնուհիները ցամաք են դուրս գալիս Սկյութիայի ափերում[3]։ Ստրաբոնը գրել է, որ ամազոնուհիների սկզբնական տունը Թեմիսկիրիայում էր, բայց հետագայում նրանք ստիպված են եղել թողնել այս տարածքը և Ստրաբոյի կենդանության օրոք ապրել են Կովկասում՝ Աղվանքում։ Պատմիչը նաև վկայում է, որ այլ պատմաբաններ, այդ թվում Մետրոդորոս Սկեպսացին և Հիփսիկրատեսը, նշել են, որ ամազոնուհիները ճամփորդել են և բնակություն հաստատել գարգարացիների սահմանին՝ Կովկասյան լեռների հյուսիսային նախալեռներում[4]։ Դիոդորոս Սիկիլիացին հավաստիացնում է, որ թերմեյան ամազոնուհիներից շատ ժամանակներ առաջ դեռ գոյություն ունեին Լիբիայի ամազոնուհինեը[5]։ Այս ամազոնուհիները ծագումով Լիբիայից էին, հետագայում ճամփորդել են Եգիպտոս և Սիրիա և կանգ են առել Էոլիսում, որի հարևանությամբ հիմնադրել են մի քանի քաղաքներ։ Նա նշում է, որ հետո նրանք հիմնել են Միթիլնին[2]։ Համաձայն Պսեու-Պլուտարքոսի՝ ամազոնուհիները ապրել են Թանայիս գետի շրջակայքում, որը նախկինում կոչվել է Ամազոնյան գետ կամ Ամազոն, քանի որ կանայք այս գետում էին լոգանք ընդունում[6]։ Ամազոնուհիները հետագայում տեղափոխվել են Թեմիսկիրիա՝ Թերմե գետի հարևանությամբ (այժմյան Թուրքիայում)։ Պլուտարքոսը նշում է, որ Հերկուլեսի և Թեսևսի՝ ամազոնուհիների դեմ մղած արշավները տեղի են ունեցել Սև ծովում[7]։ Հոմերոսը պամում է, որ ամազոնուհիներ նաև բնակվել են Լիկիայի հարևանությամբ[2]։

Ամազոնուհին՝ տաբատ հագած, ձեռքին՝ վահան, Հին հունական ատտիկյան սպիտակ ալաբասթոն, Ք․ ա․ 470թ․, Բրիտանական թանգարան, Լոնդոն

Մի շարք քաղաքների կառուցումը վերագրվում է ամազոնուհիներին, այդ թվում Սմիրնա, Պաֆոս, Միրինա, Սինոպ քաղաքներինը[2]։ Պաֆոսում Ամազոնիում անունով մի վայր կար[2][8]։

Լոմնոս կղզում Միրինա անունով մեկ այլ քաղաք կար[2]։ Քաղաքները անվանվել էին Միրինա ամազոնուհու պատվին։

Այլ անուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հույները ամազոնուհիներին նկարագրելու համար նաև այլ բառեր են օգտագործել։ Հերոդոտոսը օգտագործել է անդրոկտոններ (Ἀνδροκτόνες, եզակին՝ Ἀνδροκτόνα, Androktonα) (մարդասպաններ/ տղամարդկանց կոտորողներ) և անդրոլետեիրայ (Ἀνδρολέτειραι, եզակին՝ Ἀνδρολέτειρα, Androleteira) (տղամարդկանց ոչնչացնողներ/կին մարդասպաններ), Իլիականում նրանց անվանում են անտիանեիրայ (Ἀντιάνειραι, եզակին՝ Ἀντιάνειρα, Antianeira) (տղամարդկանց համարժեք) և Էսքիլեսը օգտագործել է ստիգանոր (Στυγάνωρ) (նրան, ովքեր ատում են տղամարդկանց)[9][10] բառը, իր «Պրոմեթևսը շղթայված» և «Քոեթորներ»աշխատանքներում նա նրանց անվանում է "...τὰς ἀνάνδρους κρεοβόρους τ᾽ Ἀμαζόνας" (չամուսանացած, մարդակեր ամազոնուհիներ)[11]։ Հիպպոլիտ ներկայացման մեջ ՖեդրանՀիպպոլիտին կոչում է «ձի սիրող ամազոնուհու որդի» (...τῆς φιλίππου παῖς Ἀμαζόνος βοᾷ Ἱππόλυτος...)[12]։

Հերոդոտոսը վկայում էր, որ սկյութերենում նրանց անվանում էին օիօրպատա, օիոր՝ տղամարդ և պատա՝ սպանել։

Առասպելաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առասպելի մի շարք մեկնաբանություններում նշվում է, որ Ամազոնում ոչ մի տղամարդու չէր թույլատրվում բնակվել կամ սեռական հարաբերություն ունենալ տեղացիների հետ, բայց տարին մեկ անգամ իրենց ցեղի գոյությունը փրկելու համար ամազոնուհիները այցելում էին հարևան գարգարացի ցեղին[13]։

Ստրաբոնը նշում է, որ իր ժամանակներում, հավատում էին, ամազոնուհիները ապրում էին գարգարացիների սահմանին մոտ։ Գարնանը՝ երկու հատուկ ամիսներին, նրանք գնում էին հարևան լեռները, որոնք ամազոնուհիներին բաժանում էին գարգարացիներից։ Գարգարացիները նույնպես, համաձայն հնուց ավանդված սովորույթի, գնում էին այդ նույն լեռները՝ ամազոնուհիների համար զոհողություն անելու և սերունդ տալու նպատակով հարաբերվելու։ Նրանք դա անում էին գաղտնի և մթության մեջ պատահականության սկզբունքով։ Կանանց հղիացնելուց հետո նրանց հետ էին ուղարկում իրենց կղզի։ Նորածին աղջիկները մնում էին ամազոնուհիների հետ, իսկ տղա նորածիններին ուղարկում էին գարգարացիների մոտ։ Յուրաքանչյուր գարգարացի տղա երեխային մեծացնում էր, ինչպես իր սեփականին՝ անորոշությունից նրան հարազատ որդի համարելով։ Նա նաև նշում է, որ ամազոնուհիների աջ կուրծքը դեռ մանուկ հասակում այրում են, որպեսզի հասուն տարիքում նրանք ազատորեն կարողանային օգտագործել աջ ձեռքը ցանկացած անհրաժեշտ նպատակի համար հատկապես տիգեր նետելու և աղեղի օգտագործելու համար։

Ամազոնուհիները և սկյութները հեղինակ՝ Օտտո վան Վեեն

Հերոդոտոսը նշում է, որ երբ հույները պատերազմում հաղթեցին ամազոնուհիներին, իրենց հետ տարան այնքան ամազոնուհիներ, որքան կարելի էր տեղափոխել իրենց երեք նավերով, բայց բաց ծովում ամազոնուհիները հարձակվում են անձնակազմի վրա և սպանում բոլորին։ Ցավոք, ամազոնուհիները ոչինչ չգիտեին նավերի կամ նավարկության մասին, և ալիքներն ու քամին նրանց քշում, տանում են հեռավոր ափեր։ Կանայք իջնում են Սկյութիայի ափերին։ Նոր ցամաքում առաջին բանը, որ տեսնում են սնվող ձիերի երամակն էր։ Նրանք կենդանիներին իրենց են ենթարկեցնում, թամբում են նրանց և հափշտակում սկյութների ունեցվածքը։ Սկյութները չէին հասկանում նրանց, քանի որ նրանց համար անծանոթ էին եկվորների լեզուն, զգեստները և ցեղը։ Սկզբում սկյութները կարծում էին, թե այս օտարները տղամարդիկ են։ Սկյութները պատերազմում են ամազոնուհիների դեմ և միայն պատերազմից հետո, երբ սկյութները ուսումնասիրում են դիակները, պարզում են, որ դրանք կանայք էին։ Ճակատամարտից հետո սկյութները երիտասարդ տղաներ են ուղարկում ամազոնուհիների մոտ դարանակալելու և նրանց հետևելու համար։ Եթե կանայք վերադառնային ռազմաճակատ, նրանք չպետք է կռվի բռնվեին նրանց հետ, այլ մոտենային և ճամբար դնեին նրանց հարևանությամբ։ Սկյութները ընտրեցին հենց այս ռազմավարությունը, քանի որ նպատակ ունեին ամազոնուհիներից սերունդ ունենալ։ Շուտով ամազոնուհիները հասկացան, որ տեղացիները նրանց վնասելու նպատակ չունեն։ 0ր օրի նրանք միմյանց էին մոտեցնում իրենց ճամբարները։ Երիտասարդ տղամարդիկ, ինչպես և ամազոնուհիները, իրենց ձեռքերից և ձիերից բացի ուրիշ ոչինչ չունեին, և ամազոնուհիների նման իրենց ապրուստը վաստակում էին որսորդության միջոցով։ Մի օր մի սկյութ և մի ամազոնուհի մոտեցան իրար։ Նրանք չէին կարողանում խոսքով հաղորդակցվել, բայց ամազոնուհին ձեռքի նշաններով կարողացավ հաղորդակցվել սկյութի հետ։ Հետագայում սկյութներն ու ամազոնուհիները միավորեցին իրենց ճամբարները և սկսեցին միասին ապրել։ Յուրաքանչյուր տղամարդ ընտրեց այն կնոջը, ում ի սկզբանե նկատել էր։ Տղամարդիկ այդպես էլ չկարողացան ամազոնուհիների լեզուն սովորել, բայց կանաք սովորեցին սկյութերենը։

Ամազոնուհիների մարտը'հեղինակ՝ Պիտեր Պաուլ Ռուբենս

Ապոլլոնիոս Հռոդոսացին իր «Արգոնացիներ» էպիկական պոեմում նշում է, որ ամազոնուհիները Արեսի և Հարմոնիայի դուստրերն էին։ Նրանք դաժան էին և ագրեսիվ, կյանքում նրանց կարևորագույն նպատակը պատերազմն էր[14][15]։ Ըստ նրա՝ ամազոնուհիները կենտրոնացած չէին մի քաղաքում, այլ ցրված էին ողջ ցամաքով մեկ՝ երեք ցեղախմբերի բաժանված։ Մի հատվածում ապրում էին թեմիսկիրիացիները (Θεμισκύρειαι), մյուսում՝ լիկաստիացիները(Λυκάστιαι), և երրորդում՝ չադեսիացիները (Χαδήσιαι)[16]։ Նա նաև նշում է, որ մի կղզում ամազոնուհիների թագուհիները՝ Օտրերեն (Ὀτρηρή) և Անտիլոպեն (Ἀντιόπη), մարմարից կառուցում են Արեսի տաճարը։ Այս ամայի կղզում անթիվ ագռավներ կային, որոնք հաճախ էին տաճարում թռչում[17]։ Նշված կղզին Գիրեսուն կղզին էր/Արեթիաս[18]։ Արգոնացիները իրենց ճամփորդության ժամանակ անցնում են Թեմիսկիրայով։ Զևսը Բորեասին (Հյուսիսային քամին) է ուղարկում, ում օգնությամբ արգոնացիները փրկվում են՝ չիջնելով Թեմիսկիրիայում, որտեղ ամազոնուհիները զինվում էին՝ պատերազմի պատրաստվելով[19][20][21][22]։

Լոբատես թագավորը Բելլորոֆոնին ուղարկում է ամազոնուհիների դեմ՝ հուսալով, որ նրանք կսպանեն վերջինիս, բայց Բելլերոֆոնն է սպանում նրանց բոլորին[23][24][25]։

Ամազոնուհիները հայտնվել են Արխաիկ շրջանի հունական մշակույթում՝ առնչվելով որոշ հունական լեգենդների հետ։ Իլիականում հիշատակվում է Միրինայի գերեզմանը[26]։

Ըստ Դիոդորոսի՝ Միրինա թագուհու գլխավորությամբ ամազոնուհիները ներխուժում են Ատլանտիդա։ Կերնե քաղաքում ամազոնուհիները ջախջախում են ատլանտացիների բանակը, սպանում են բոլոր տղամարդկանց, հիմնովին քանդում քաղաքը։ Երբ ատլանտացիներին հայտնի է դառնում Կերնեի բնակիչների սարսափելի ճակատագիրը, նրանք սարսափում են, հայտարարում են հանձնվելու պայմանները և խոստանում ենթարկվել ցանկացած հրամանի։ Միրինա թագուհին ընկերական հարաբերություններ է հաստատում ատլանտացիների հետ և իր անունով մի քաղաք է կառուցում ավերված Կերնեի տարածքում, որտեղ էլ բնակեցնում է և՛ գերիներին, և՛ այդտեղ բնակություն հաստատել ցանկացող բնիկներին։ Ատլանտացիները նրան նվիրում են շքեղ ընծաներ և հանրային հրամանագիր իր նշանավոր փառքի պատվին։ Ի պատասխան՝ Միրինան ընդունում է նրանց բարեհամբույր վերաբերմունքը և խոստանում է բարյացակամ լինել ժողովրդի նկատմամբ։ Դիոդորոսը նաև նշում է, որ ամազոնուհիների թագուհի Միրինան տեղացիներին պատերազմների ժամանակ պաշտպանելու համար օգտագործել է Լիբիայից բերված հսկա օձերի կաշիներ։ Դիոդորոսը նաև նշում է, որ Միրինա թագուհին նաև գլխավորել է գորգոնների և ամազոնուհիների պատերազմը։ Գորգոնների դեմ տարած հաղթանակից հետո Միրինան պատերազմում ընկած իր ընկերների համար թաղման ծեսեր է կազմակերպել երեք խարույկների վրա և կանգնեցրել է երեք մեծ հողե զանգվածներ՝ որպես գերեզմանաքարեր, որոնք կոչվում են «ամազոնյան բլուրներ»[27]։

Կան պատմություններ, որնք վկայում են, որ ամազոնուհիների թագուհի Թալեստրիսը այցելել է Ալեքսանդր Մակեդոնացի թագավորին, նրանից զավակ ունեցել (պատմության աղբյուրը Ալեքսանդրի վեպն է)[28]։ Այդուհանդերձ, Ալեքսանդրի մի քանի այլ կենսագիրներ վիճարկում են այս պնդումը, նրանց թվում է նաև Պլուտարքոսը։ Իր գրություններում նա նկարագրել է այն պահը, երբ Ալեքսանդրի երկրորդային նավատորմի հրամանատարը՝ Օնեսիկրիտը, Լիսիմաչուս արքայի համար կարդում էր իր գրած ալեքսանդրյան պատմության ամազոնյան հատվածը։ Թագավորը ժպտում է և ասում․ «Իսկ որտե՞ղ էի ես այդ ժամանակ»[29]։

Հռոմեացի գրող Վերգիլիոսը բնութագրում է վոլսացի ռազմիկ կույս Կամիլիային՝ հիմնվելով ամազոնուհիների մասին եղած լեգենդների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Herodotus Book 4: Melpomene
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 THE AMAZONS IN GREEK LEGEND
  3. Herodotus Histories
  4. STRABO, GEOGRAPHY, Book XI, Chapter 5  This article incorporates text from this source, which is in the public domain.
  5. The Library of History of Diodorus Siculus, Book III, 52
  6. Pseudo-Plutarch-XIV, TANAIS
  7. Plutarch, The Parallel Lives, The Life of Theseus
  8. Stadiasm. Mar. Mag. p. 488, ed. Hoffmann
  9. AESCHYLUS, PROMETHEUS BOUND
  10. Aeschylus, Prometheus Bound
  11. Aeschylus, Suppliant Maidens, §287
  12. Euripides, Hippolytus, §581-584
  13.  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Amazons». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 1 (11th ed.). Cambridge University Press. էջեր 790–791.
  14. Apollonius Rhodius, Argonautica, Book 2
  15. ARGONAUTICA BOOK 2
  16. ARGONAUTICA BOOK 2, 994–1001
  17. ARGONAUTICA BOOK 2, 380–390
  18. Pliny the Elder, The Natural History-Book VI-Chapter 13.5
  19. Adrienne Mayor (2014 թ․ սեպտեմբերի 22). The Amazons: Lives and Legends of Warrior Women across the Ancient World. Princeton University Press. էջ 165. ISBN 978-1-4008-6513-0.
  20. Michael Grant; John Hazel (2004 թ․ օգոստոսի 2). Who's Who in Classical Mythology. Routledge. էջեր 106–. ISBN 978-1-134-50942-3.
  21. Tobias Fischer-Hansen; Birte Poulsen (2009). From Artemis to Diana: The Goddess of Man and Beast. Museum Tusculanum Press. էջ 333. ISBN 978-87-635-0788-2.
  22. Apollonius Rhodius, Argonautica "Zeus once more sent forth Boreas (the North Wind), and with his help the Argonauts stood out from the curving shore where the Amazons of Themiskyra were arming for battle."
  23. Homer, Iliad vi. 186, &c.
  24. Scholiast On Lycophron 17
  25. Pindar, Olympian 13:89
  26. Homer, Iliad Book ii.45–46; book iii.52–55
  27. The Library of History of Diodorus Siculus, Book III, 54
  28. Greek Alexander Romance, 3.25–26
  29. Plutarch, Life of Alexander, Chapter 46
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 272