Ադիաբենե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
'
 
Ադիաբենեի Թագավորությունը

Ադիաբենեն, հնագույն երկիր Մեծ Հայքի և Միջագետքի սահմանագլխին, Տիգրիս և Փոքր Զավ գետերի միջև[1]։ Տարածվում էր մինչև Զագրոսի լեռնաշղթան (այժմյան Քրդստանի տարածքում)։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադիաբենեն հյուսիսից սահմանակից էր Մեծ Հայքի Կորճայք և Պարսկահայք նահանգներին։ Ըստ Ստրաբոնի, Ադիաբենեում մեծաթիվ ժողովուրդներն էին մարերը, հայերը և բաբելացիները։ Գլխավոր քաղաքներն էին Արբելան և Նինվեն։ Սկզբնապես տարածված լինելով Մեծ Զաբ և Փոքր Զաբ գետերի միջև, անունը ստացել Դիաբա (Զաբ, ասոր. “Գայլ”) գետի անունից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ IV-II դդ Սելևկյան թագավորության 72 սատրապություններից մեկն էր։ Մթա II դարի սկզբին (Սելևկյանների անկումից հետո) դարձավ առանձին թագավորություն։ Սակայն մ.թ.ա. 140-ական թվականներին նվաճվեց Պարթևների թագավորության կողմից, իսկ մ.թ.ա. 80-ականներին՝ որպես կախյալ թագավորություն, Տիգրան Բ Մեծի կողմից ընդգրկվեց Հայկական կայսրության կազմում։ Պլուտարքոսի վկայությամբ, հայ-հռոմեական պատերազմի ժամանակ (մ.թ.ա. 69-66) Ադիաբենեի թագավորն իր զորքով կռվում էր հայկական բանակի կողմում և մ.թ.ա. 69 թվականի Տիգրանակերտի ճակատամարտում գլխավորում էր նրա ձախ թևը։ Արտաշատի մ.թ.ա. 66 թվականի հաշտության պայմանագրով Ադիաբենեն կրկին միացվեց Պարթևստանին։

Մ․թ․ I դ սկզբին այնտեղ հիմնվեց Մոնոբազյանների ժառանգական թագավորությունը (հիմնադիր Մոնոբազ I-ի անունով)։ Երկրորդ գահակալ Իզատեսի օրոք (35-59) թագավորությունը զգալիորեն ընդարձակվեց և հզորացավ։ Պարթևների թագավոր Արտավան IIIՀռոմի համաձայնությամբ 37 թվականին Ադիաբենեին միացրեց Հայքի Ծավդեք, Արվաստան (Միգդոնիա) և Հայոց Միջագետք երկրամասերը։ Ադիաբենեն արևմուտքում տարածվեց մինչև Կոմագենեի թագավորության եփրատյան սահմանը, և նոր կենտրոն դարձավ Մծբինը։

Մ․թ․ I դարի երկրորդ կեսին Հայքի համար ծավալված հռոմեա-պարթևական պայքարում Ադիաբենեի թագավորությունը հենարան էր Պարթևստանի Վաղարշ Ա թագավորի (իշխանության մոտավոր թվականները՝ 51-80) և նրա եղբայր Տրդատ Ա-ի համար։ Այստեղից նրանք ռազմական գործողություններ էին ձեռնարկում Հռոմի և Հայքում նրա դրածո թագավորների դեմ։ Հայքի գահին տիրանալու համար Հռոմի դեմ պայքարող Տրդատ Ա-ին հատկապես եռանդուն աջակցություն ցույց տվեց Մոնոբազ II թագավորը։ Մոնոբազյանների տան անդամները դարձան Տրդատ Ա-ի թագավորության հենարանը և, հավանաբար, նրանցից կազմվեցին Մանավազյան, Բզնունյաց և Խորխոռունյաց նախարարությունները։

115 թվականին Հռոմի Տրայանոս կայսրը նվաճեց Ադիաբենեի թագավորությունը, նրան կցված հայկական նահանգներից կազմելով “Մեսոպոտամիա” (“Միջագետք”), իսկ բուն Ադիաբենեից՝ “Ասսիրիա” (“Ասորեստան”) պրովինցիաները։ Տրայանոսի մահվանից հետո Ադիաբենեն կրկին անցավ Պարթևստանին։ 193 թվականին այն նվաճեց Հռոմի Սեպտիմոս Սևերոս կայսրը։ Բայց 198-ի հռոմեա-պարթևական նոր համաձայնագրով, երբ երկու տերությունների սահման ճանաչվեցին Եփրատ և Խաբուր գետերը, Ադիաբենեն մնաց Պարթևական թագավորությանը։ 213 թվականին Հռոմի Կարակալա կայսրը նվաճեց այն, քանդեց Արբելա քաղաքում պարթև Արշակունիների նախնիների գերեզմանները և աճյունները ցրիվ տվեց։ Բայց Մարկինոս կայսրը (217-218) ստիպված էր Ադիաբենեն վերադարձնել Պարթևստանին և հատուցել իր նախորդի պատճառած վնասները։

Հետագա պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ադիաբենեի վասալ թագավորությունն իր գոյությունը պահպանեց հավանաբար մինչև Սասանյանների իշխանության գլուխ անցնելը (224)։ VI դարում Ադիաբենեն հիշվում է որպես Սասանյան Պարսկաստանին ենթակա վարչական առանձին միավոր՝ Հեդայաբ անունով։ Հեդայաբը (հին Ադիաբենեն) ասորական (նեստորական) եկեղեցական թեմերից էր, որի առաջնորդին ենթարկվում էին Մոկքի, Կորճայքի և Նուշիրական-Պարսկահայքի ասորի եպիսկոպոսները։ Արաբական նվաճումներից (VII դարի կես) հետո Ադիաբենեն վարչականորեն ընդգրկվեց Ջեզիրեի կազմում և նրա անունն աստիճանաբար մոռացվեց։ Այժմ գտնվում է իրաքյան Քրդստանի տարածքում։

Վաղ ժամանակներից այստեղ բնակվում են ասորիներ, մասամբ՝ հայեր, ուշ միջնադարից՝ նաև քրդեր։ Ներկայումս բնակեցված է գերազանցապես քրդերով, թուրքերով և արաբներով։ Դեռ գոյատևում են ասորական նեստորական, յակոբինյան և քաղդեական փոքրաթիվ համայնքներ, որոնք խստագույն հասարակաքաղաքական և մշակութային ճնշման տակ են գտնվում տեղի քրդերի կողմից (www.aina.org

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 33 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 73