Grand Theft Auto IV

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Grand Theft Auto IV
Խաղի կազմը
Մշակող Rockstar North
Rockstar Toronto (PC)
Հրատարակիչ Rockstar Games
Դիստրիբյուտոր Take-Two Interactive
Պրոդյոսեր Լեսլի Բենզիս
Սերիայի մաս Grand Theft Auto
Նախորդ Grand Theft Auto III
Հաջորդ Grand Theft Auto V
Վայր Լիբերթի Սիթի և Նյու Յորք
Թողարկման թվական 2008 թ.
Պլատֆորմներ Xbox 360, Վինդոուզ և PlayStation 3
Շարժիչ Rockstar Advanced Game Engine, Euphoria և Bullet Physics Library
Ժանր Էքշըն, բաց աշխարհ
Խաղի ռեժիմ բազմակառավարելի խաղ և միակառավարելի խաղ
PEGI PEGI 18[1]
USK USK 18
ESRB 17+[2]
CERO Z (միայն 18 տարեկան և բարձր անձնանց)
Կրիչ PlayStation 3
Xbox 360
Microsoft Windows
Կառավարում ստեղնաշար, մկնիկ և գեյմփադ
Պաշտոնական կայք rockstargames.com/IV/
Grand Theft Auto IV Վիքիպահեստում
Խաղի պատկերանիշով որմնապատկերը Նյու Յորքում (2007)

«Grand Theft Auto IV», 2008 թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar Games» ընկերության կողմից թողարկված էքշըն-արկածային ժանրի համակարգչային խաղ, շութեր երրորդ դեմքից։ Թողարկվել է 2008 թվականի ապրիլի 29-ին՝ «PlayStation 3» և «Xbox 360» կոնսոլների, ինչպես նաև նույն թվականի դեկտեմբերի 2-ին՝ «Microsoft Windows» համակարգի համար։ «Grand Theft Auto» խաղաշարի թվով 11-րդ արտադրանքն է

Խաղի գործողություններն ընթանում են Նյու Յորքի նախատիպով ստեղծված Լիբերթի սիթի գեղարվեստական քաղաքում։ Գլխավոր հերոսն է Բոսնիական պատերազմի վետերան Նիկո Բելիկը, ով փախչելով իր անցյալից գաղթում է Լիբերթի սիթի՝ խաղային սցենարի ողջ ընթացքում ճակատագրի հեգնանքով ընդհարվելով հանցագործ խմբավորումների և դրանց առաջնորդների հետ: «Բաց աշխարհ» ձևաչափով խաղը թույլ է տալիս օգտատերերին ազատորեն տեղաշարժվել Լիբերթի սիթիով, որը բաղկացած է երեք հիմնական կղզիներից: 2009 թվականի վերջերին «Rockstar»-ը թողարկում է նաև 2 լրացումային փաթեթ՝ «The Lost and Damned» և «The Ballad of Gay Tony», որոնց դեպքերը զարգանում են «Grand Theft Auto IV»-ի գործողություններին զուգընթաց, սակայն երկու այլ պրոտագոնիստներով։

Խաղի մշակումն սկսվել է դեռևս «Grand Theft Auto: San Andreas»-ի թողարկումից հետո: Աշխատանքը բաժանվել է «Rockstar»-ի՝ աշխարհի տարբեր անկյուններում տեղակայված ստուդիաների միջև։ Գրաֆիկական առումով խաղն անցում կատարեց առավել իրատեսական և մանրամասն ոճի և տոնայնության։ Ի տարբերություն նախորդ թողարկումների, սույն խաղը առանձնապես ներշնչված չի եղել գեղարվեստական ֆիլմերից, դրա փոխարեն շեշտը դնելով ինքնատիպ խաղային սցենար ստանալու վրա: Քաղաքի մոդելն արտածելու համար, ծրագրավորողները զննումներ էին կատարում Նյու Յորք քաղաքի ողջ անկյուններում՝ ստացված տեսանյութերն ու պատկերները փոխանցելով դիզայներական թիմին։

2006 թվականի մայիսից ի վեր, երբ հայտարարվեց «GTA IV»-ի զարգացման մասին, խաղն արդեն լայն պահանջարկ էր վայելում[3]։ Պրեմիերայից հետո այն բարձր գնահատանքի արժանացավ, մասնավորապես բարձր դրական արձագանք գտավ խաղի ինքնատիպ սցենարը և խաղային աշխարհը։ Այնուամենայնիվ, ինչպես նախորդ բոլոր սերիաները, «GTA IV»-ը նույնպես խնդրահարույց քննադատությունների արժանացավ՝ պատկերվող բռնության տեսարանների, ալկոհոլի չարաշահման և այլ բաղադրիչների պատճառով:

Խաղը նոր ռեկորդներ սահմանեց արդյունեբերության պատմության մեջ՝ լույսընծայման առաջին իսկ օրում բերելով 310, իսկ առաջին շաբաթում՝ 500 միլիոն ԱՄՆ դոլարի համախառն եկամուտ՝ դառնալով ամենաարագ վաճառվող ժամանցային պրոդուկտը: Համարվելով 7-րդ սերնդի վիդեոխաղերի կարկառուն ապրանքնանիշներից մեկը, ինչպես նաև բազմաթիվ քննադատների կարծիքով՝ բոլոր ժամանակների լավագույն վիդեոխաղերից մեկը, «GTA IV»-ը թողարկման տարվա ավարտին արժանացավ բազմաթիվ մրցանակների, այդ թվում մի քանի գեյմերային պարբերականների վարկածով ճանաչվեց «Տարվա խաղ»:

2013 թվականի սեպտեմբերին լույս տեղավ խաղի շարունակությունը՝ «Grand Theft Auto V»-ը:

Գեյմփլեյ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Grand Theft Auto IV»-ը համարվում է արկածային մարտախաղ (Action-Adventure)` երրորդ դեմքի հեռապատկերից[4]: Խաղային պատմության մեջ առաջ գնալու նպատակով օգտագործողեները կատարում են առաքելություններ և հայտվում դրանց զուգահեռ սյուժետային գծերի մեջ: Իչպես 3D ամանակաշրջանի GTA խաղերում, այստեղ նույնպես հնարավոր է միաժամանակ մի քանի ակտիվ առաքելություններ, որոնցից որոշները օգտագործողին պահանջում են սպասել հետագա հրահանգների և իրադարձությունների: Առաքելություններից դուրս, խաղացողները հնարավորություն ունեն ազատորեն բացահայտել խաղային բաց աշխարհը, կամավոր կերպով կատարել զանազան կողմնակի առաքելություններ: Բաղկացած լինելով Լիբերթի Սիթի գեղարվեստական քաղաքից, սույն թողարկման բաց աշխարհն առավել մեծ չափեր ունի, քան խաղաշարի վաղ թողարկումներից շատերինը: Խաղային սյուժեի սկզբնամասում խաղացողները կարող են միայն հետազոտել Դյուքս և Բրոքեր կղզիները, իսկ մնացյալ կղզիները բացվում են սյուժեին համընթաց:

Թշնամիների դեմ խաղացվող կերպարը կարող է ֆուլկոնտակտային մարտի բռնվել, օգտագործել հրազեն և պայթուցիկ նյութեր, իսկ խաղային աշխարհով նավարկելիս՝ վազել, ցատկել, լողալ կամ օգտագործել օդային, ցամաքային և ջրային փոխադրամիջոցներ: Մենամարտի բռնվելիս կերպարին կարող են օգնել պաշտպանական և ավտոմատ նշանառման համակարգերը: Վնասվածքներ ստանալիս, խաղացվող կերպարի առողջության սանդղակը կարող է վերականգնվել տարբեր ճանապարհներով, ինչպիսիք են սննդի ընդունումը, առաջին օգնության դեղարկղիկների օգտագործումը, շտապ օգնության դիմելը և այլն[5]: Եթե խաղացողը հանցանք է գործում, նրան սկսում են հետապնդել իրավապահ մարմինները, որոնց ագրեսիվությունը կաղված է հանցանքի ծանրությունից: Իրավապահ մարմինների փնտրման շրջանից բավականաչափ դուրս մնալուց հետո, որոնումը դադարեցվում է[6]:

Քողարկման հնարավորության շնորհիվ խաղացողը ցանկացած ժամանակ կարող է պատսպարվել որևէ պատնեշի մոտ, ինչը բավականին օգտավետ է դառնում հրաձգությունների ժամանակ: Բացի այդ, պատնեշից վրայից խաղացողը կարող է անկանոն կամ կանոնավոր կրակ բաց թողնել, թիրախավորվել առանձին հակառակորդի վրա: Զրահաբաճկոնները կլանում են հրազենային և պայթյունային հարվածները՝ տվյալ գործընթացում ենթարկվելով ֆիզիկական մաշման: Երբ առողջությունն ամբողջապես սպառվում է, գեյմփլեյը դադարում է, և խաղացվող կերպարը վերածնվում է մոտակա հիվանդանոցի մոտ[5]:

Խաղի միակառավարելի ռեժիմում խաղացողները կառավարում են արևելաեվրոպացի պատերազմի վետերան Նիկո Բելիկին: Խաղային սյուժեի ընթացքում Նիկոն հանդիպում է բազմաթիվ կերպարների, որոնցից շատերի հետ ըներանում է: Սույն կերպարները կարող են Նիկոյի համար որոշակի լավաություններ անել, ինչպես օրինակ նրա զարմիկ Ռոմանը, ով ունի իր սեփական տաքսի ծառայությունը, կարող է Նիկոյի ետևից մեքենա ուղարկել: Տաքսիների միշտ հասանելի են գեյփլեյի ժամանակ, որոնց շնորհիվ խաղացողները կարող են առավել արագ կերպով ճանապարհորդել: Խաղի ընթացքում խաղացողները երբեմն կարող են կագնել բարոյական երկընտրությունների առջև, որոնք փոխում են հետագա սյուժեի ընթացքը՝ ըստ կատարված ընտրության: Խաղացողը հնարավորություն ունի նաև այցելելու քաղաքի տարբեր անկյուններում տեղակայված ժամանցի վայրերը (բոուլինգ կենտրոններ, բիլիարդի սրահներ), զբաղվել վիգիլանտությամբ (ոչնչացնել ոստիկանական բազայում գրանցված վտանգավոր հանցագործներին՝ առանց օրինական լիազորության), հեռուստացույց դիտել և այլն[7]: Ընկերների հետ կապնվելու և որոշ գործողություններ սկսելու համար Նիկոն ունի իր անձնական սմարթֆոնը: Սմարթֆոնը կարող է օգտագործվել նաև ցանցային խաղին (մուլտիփլեյեր) և անցում կատարելու և չիտ կոդեր մեքենագրելու համար: Ներխաղային համացանցից օգտվելու համար Նիկոն կարող է այցելել ինտերնետ-սրճարաններ: Համացանցով Նիկոն կարող է ստանալ և ուղարկել էլեկտրոնային նամակներ, ժամադրության հրավիրել պոտենցիալ զուգընկերուհիների, և այլն: Խաղում գոյություն ունի նաև լավ ճյուղավորված մետրոպոլիտեն, որը նույնպես հնարավորություն է տալիս արագ ճանապարհորդել քաղաքի տարբեր անկյուններով:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործողության վայր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Grand Theft Auto IV»-ի գործողությունները տեղի են ունենում 2008 թվականին՝ Լիբերթի Սիթիի վերափոխված տարբերակում։ Գեղարվեստական քաղաքը բաղկացած է չորս վարչական շրջաններից (հիմնված Նյու Յորք քաղաքի չորս բորոների վրա)՝ Բրոքեր (Բրուքլինի նախատիպով), Դյուքս (Քուինս), Բոհան (Բրոնքս) և Ալգոնքուին (Մանհեթեն)[8]: Քաղաքին հարակից գտնվում է Օլդերնի անկախ նահանգը (Հյուսիսային Նյու Ջերսիի նախատիպով)։ Խաղում առկա են երեք հիմնական կղզիներ՝ Չարջ Այլենդ (Ռենդալս Այլենդ), Քոլոնի Այլենդ (Ռուզվելտ Այլենդ) և Հեփինես Այլենդ (Լիբերթի Այլենդ), որտեղ էլ գտնվում է Երջանկության արձանը (Ազատության արձան): Սկզբնապես կապող կամուրջները փակված են՝ հնարավոր ահաբեկչական հարձակումը կանխարգելելու նպատակով, ուստի կամուրջն անցնելիս խաղացողներին հետապնդում են ոստիկանական ուժերը[9]: Ի վերջո, սյուժեի զարգացմանը զուգընթաց կամուրջները բացվում են:

«GTA IV»-ի գործողությունները տեղի են ունենում այլ սյուտային գծով և բոլորովին այլ ժամանակահատվածում, ինչ նախորդ թողարկումները, սակայն զուգահեռ են «The Lost and Damned» և «The Ballad of Gay Tony» լրացումային փաթեթների գործողություններին և նախորդում են խաղաշարի հաջորդ թողարկմանը՝ «Grand Theft Auto V»-ին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելաեվրոպացի վետերան, Բոսնիական պատերազմի մասնակից Նիկո Բելիկը գաղթում է Լիբերթի Սիթի՝ ապրելու իր զարմիկ Ռոմանի հետ և գտնելու իր իսկ ամերիկյան երազանքը։ Բացի այդ, Նիկոն որոնում էր այն զինակցին, ով տասնհինգ տարի առաջ մատնել էր իր ջոկատին: Այնուամենայնիվ, Լիբերթի Սիթիի նավահանգիստ իջնելուն պես, Նիկոն պարզում է, որ զարմիկ Ռոմանն ամենևին էլ ցոպ ու շվայտ կյանքով չի ապրում, ինչպես ինքն էր պնդում, այլ խնդիրներ ուներ վարկատուների և անձնական խաղամոլության հետ, իսկ առանձնատան փոխարեն՝ ապրում էր սովորական կեղտոտ բնակարանում։

Նիկոն բազմաթիվ առիթներով փրկում է Ռոմանին հանցավոր վարկատուների ճանկերից, սակայն ստիպված է լինում որոշ աշխատանքներ կատարել դրանցից մեկի՝ Վլադ Գլեբովի համար, ով ռուսական մաֆիայի՝ «Բրատվայի» անդամ էր: Այն բանից հետո, երբ Վլադը քնում է Ռոմանի զուգընկերուհու՝ Մելորիի հետո, Նիկոն սպանում է նրան: Վլադի սպանությունից հետո, Նիկոն և Ռոմանն առևանգվում են Լիբերթի Սիթիի բրատվայի ներկայացուցիչների կողմից՝ հայտնի քրեական հեղինակություն Միախյիլ Ֆաուստինի և նրա աջ ձեռք Դմիտրի Ռասկալովի կարգադրության: Վլադի սպանությամբ այդքան էլ չանհանգստացած Ֆաուստինն իր մոտ աշխատանքի է վերցնում Նիկոյին: Նիկոն շուտով գիտակցում է, որ Ֆաուստինը խելագար թմրամոլ է, երբ վերջինս նրան կարգադրում է սպանել ռուսական մաֆիայի ամենահզոր հեղինակության՝ Քենի Պետրովիչի որդուն: Երբ Պետրովիչների ընտանիքը սպառնում է վրեժ լուծել, Ֆաուիստինի օգնական Դմիտրին համոզում է Նիկոյին սպանել նրան՝ կանխելու հնարավոր միջկլանային բախումները: Երբ սպանության դիմաց վարձավճարը ստանալու համար Նիկոն պետք է հանդիպեր Դմիտրիի հետ, վերջինս երևան է բերում Նիկոյի նախկին գործատու Ռեյ Բուլգարինին, ով մեղադրում էր Նիկոյին՝ մի քանի տարի առաջ նրան կողոպտելու մեջ: Երբ Նիկոն ճշմարտացիորեն ժխտում է իր հանդեպ հնչեցված մեղադրանքը, կրակահերթ է բռնկվում, իսկ Դմիտրին և Բուլգարինը ճողոպրում են:

Շուտով Դմիտրիի մարդիկ հրկիզում են Ռոմանի տաքսի ընկերության գրասենյակը և բնակարանը, ուստի Բելիկ զարմիկները ճարահատյալ փախչում են Բոհան թաղամաս: Դմիտրիի մարդիկ շուտով առևանգում են նաև Ռոմանին՝ Նիկոյին դավադրաբար սպանելու համար, սակայն ամեն ինչ ձախողվում է, երբ Նիկոն հաջողությամբ փրկում է Ռոմանին: Ավելի ուշ Նիկոյի ընկերուհի Միշելը խոստովանում է, որ պետական գործակալուհի է, և Նիկոյին ստիպում է աշխատել գործակալության համար, որը քողարկված էր «Յունայթեդ Լիբերթի Փեյփեր» թերթի խմբագրության անվան տակ: Ոստիկանության բազայում գրանցված մի շարք հանցագործությունների կոծկման դիմաց Նիկոն սկում է սպանել բազմաթիվ կասկածյալ ահաբեկիչների: Գործակալության անանուն ներկայացուցիչը խոստանում է նաև օժանդակել Նիկոյին դավաճան զինակցի որոնման գործում:

Ի վերջո, գործակալությանը հաջողվում է տեղորոշել և Նիկոյի մոտ բերել Նիկոյի նախկին զինակցին՝ Դարկո Բրևիչին: Նիկոն պետք է որոշեր՝ սպանել թե խնայել դավաճանին (խաղացողի ընտրություն):

Մաֆիայի ծանրակշիռ հեղինակություններից մեկը՝ Ջիմի Պեգորինոն պահանջում է Նիկոյին համագործակցել Դմիտրի Ռասկալովի հետ՝ խոշոր չափաքանակի հերոին ներմուծելու հարցում: Նիկոն դեռ չէր մոռացել Դմիտրիի կատարած ստորությունները և այժմ պետք է որոշում կատարեր. խիղճը մի կողմ դնելով աշխատել Դմիտրիի հետ կամ վրեժ լուծել(խաղացողի ընտրություն):

  • Եթե Նիկոն հրաժարժվում է ոխերիմ թշնամու հետ համագործակցելուց, ապա նա անմիջապես ուղևորվում է նավահանգիստ և այն նավում, որտեղ Դմիտրին հետևում է հերոինի բեռնաթափմանը, գնդակահարում նրան: Ռոմանի հարսանիքի ժամանակ, Նիկոյի կատարած քայլից գազազած Պեգորինոն մեքենային միջից անկանոն կրակ է բացում Նիկոյի ուղղությամբ, սակայն մահացու վիրավորում է նրա զուգընկերուհուն՝ Քեյթին: Նիկոն վերջնամասում հետևում և սպանում է Պեգորինոյին:
  • Եթե Նիկոն համաձայնում է համագործակցել Դմիտրիի հետ, վերջինս կրկին դավաճանում է նրան, և ողջ հերոինը պահում իրեն: Ռոմանի հարսանիքի ժամանակ Դմիտրիի վարձած մարդասպանը փորձում է սպանել Նիկոյին, սակայն փամփուշտը մահացու վիրավորում է հենց Ռոմանին: Երբ Դմիտրին դավադրաբար սպանում է Պեգորինոյին, վրեժով լցված Նիկոն իր հերթին սպանում է նրան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Xbox.com | Official Xbox 360 UK | Grand Theft Auto IV
  2. Gra Grand Theft Auto IV w systemie klasyfikacji gier ESRB
  3. Truta Filip (12 March 2007)։ «Jack Thompson Strikes Again – GTA IV and Manhunt 2»։ Softpedia։ Վերցված է 25 September 2013 (անգլ.)
  4. Marbles, Mr. "Wanted" in Gamepro Magazine p. 52 (October 2007)
  5. 5,0 5,1 Ռոբինսոն Մարտին (փետրվարի 28, 2008)։ «Grand Theft Auto IV UK Hands-On»։ IGN. Ziff Davis։ Վերցված է հուլիսի 10, 2017 (անգլ.)
  6. Քանդի Մեթ (հուլիսի 26, 2007)։ «How GTA IV will reshape the series»։ GamesRadar 
  7. Բեյքեր Քրիս (ապրիլի 28, 2008)։ «Grand Theft Auto IV Shifts Into Media Overdrive»։ Wired 
  8. Մուր, Մեթյու (մայիսի 14 2008)։ «Grand Theft Auto IV: Photos reveal similarities between Liberty City and New York City»։ Լոնդոն: «The Daily Telegraph» 
  9. «Grand Theft Auto IV»։ 1.0։ Rockstar Games։ ապրիլի 29, 2008։ «Նիկո. Ինչու՞ ինձ քաղաքը ցույց չես տալիս ... Ռոման. Ահաբեկիչնե՛րը, մեծ խուճապ է տիրում, ուստի չես կարող ազատորեն անցնել կամուրջներով:» 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]