Grand Theft Auto V

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Grand Theft Auto V
Մշակող
ՆախագծողԼեսլի Բենզիս և Imran Sarwar?
ՀրատարակիչRockstar Games, Take-Two Interactive և Softclub?
ԴիստրիբյուտորTake-Two Interactive, Steam[1], PlayStation Store[2], Microsoft Store[3], Humble Store[4] և Էպիկ գեյմզ սթոր
Միջերեսի լեզուանգլերեն
ՍցենարիստԴեն Հաուզեր
ԿոմպոզիտորThe Alchemist, Oh No, Tangerine Dream և Woody Jackson?
ՊրոդյոսերԼեսլի Բենզիս և Սեմ Հաուզեր
Սերիայի մասGrand Theft Auto
ՎայրԼոս Սանտոս, Blaine County և North Yankton?
Թողարկման թվականսեպտեմբերի 17, 2013, հոկտեմբերի 10, 2013[5], նոյեմբերի 18, 2014, ապրիլի 15, 2015 և մարտի 15, 2022[6]
ՊլատֆորմներXbox 360, PlayStation 3, Xbox One, PlayStation 4, Windows[1], PlayStation 5 և Xbox Series X and Series S?
ՇարժիչRockstar Advanced Game Engine
Վերջին տարբերակPlayStation 4: 1.57 (հուլիսի 20, 2021)[7], PlayStation 3: 1.36 (դեկտեմբերի 9, 2016)[8], Xbox 360: 1.29 (նոյեմբերի 17, 2015)[9] և Windows: 1.58[10]
Ժանրարկածային էքշն[11][12], առաջին դեմքի շութեր և Երրորդ դեմքի հրաձիգ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ[1], բազմակառավարելի խաղ[1], PvP և կոոպերատիվ ռեժիմ[1]
PEGIPEGI 18[13]
USKUSK 18[14] և USK 18[14]
ESRB17+, 17+ և 17+
CEROZ (միայն 18 տարեկան և բարձր անձնանց)
ԿրիչBlu-ray Disc, DVD և թվային բաշխում
Կառավարումստեղնաշար, մկնիկ և գեյմփադ
🌐rockstargames.com/V(անգլ.)
 Grand Theft Auto V Վիքիպահեստում

«Grand Theft Auto V» (կրճատ՝ «GTA 5»), 2013 թվականին «Rockstar North» ստուդիայի կողմից մշակված և «Rockstar Games» ընկերության կողմից թողարկված էքշըն և բաց աշխարհ ժանրերի համակարգչային խաղ։ Խաղը թվով տասնհինգերորդն է «Grand Theft Auto» խաղաշարերի մեջ[15]։ Պաշտոնապես լույս է տեսել 2013 թվականի սեպտեմբերի 17-ին՝ «Xbox 360» և «PlayStation 3» խաղային ապարատների համար։

Դեպքերը տեղի են ունենում Լոս Սանտոս գեղարվեստական քաղաքում, որն ստեղծված է Լոս Անջելեսի նախատիպով և առկա էր «GTA San Andreas» խաղում։ Օգտագործողն այս տարբերակում հնարավորություն է ստանում բացահայտելու գեղարվեստական մեգապոլիսի վայրերը, ինչպես նաև այցելել այլ վայրեր, որոնք գտնվում են Լոս Սանտոսից դուրս։ Սցենարային գործողությունները տեղի են ունենում միանգամից երեք խաղացվող կերպարի շուրջ, ինչը նորամուծություն է խաղաշարերի պատմության մեջ։ Օգտագործողը կարող է մի հերոսի սցենարից անմիջապես անցնել մյուսի սցենարին (եթե չի գտնվում առաքելության մեջ)։

Պաշտոնական թողարկումից 24 ժամ անց խաղի վաճառքն արդեն կազմել էր 800 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ առաջին 3 օրվա ընթացքում այն հատեց 1 միլիարդ դոլարի սահմանագիծը՝ խաղը դարձնելով պատմության մեջ ամենաարագ վաճառվող ժամանցային ապրանքատեսակը[16]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվական, Լյուդենդորֆ, Հյուսիսային Յանկտոն։ Պրոֆեսիոնալ ավազակներ և լավագույն ընկերներ Մայքլ Թաունլին, Թրևոր Ֆիլիպսը և Բրեդ Սնայդերը զինված հարձակում են գործում տեղական բանկի վրա։ Կողոպուտը հաջողվում է, սակայն հեռանալիս մեքենան վթարի է ենթարկվում, և հերոսները ստիպված են լինում փախչել ոտքով։ Բրեդն ու Մայքլը հրազենային վիրավորում են ստանում Դաշնային hետաքննությունների բյուրոյի (Հետաքննությունների դաշնային բյուրոյի խաղային ադապտացիան) գործակալ Դեյվ Նորթոնի կողմից։ Թրևորին հաջողվում է փախչել։

Ավելի ուշ պարզվում է, որ հրաձգության ժամանակ վիրավորված Մայքլը, ազատազրկումից խուսափելու համար, գաղտնի համաձայնության է գալիս գործակալ Նորթոնի հետ, բեմադրում սեփական մահը և վկաների պաշտպանության ծրագրի շրջանակում ընտանյոք հանդերձ տեղափոխվում Լոս Սանտոս և սկսում հանդես գալ Դե Սանտա ազգանվամբ։

Անփառունակ կողոպուտից անցնում է 9 տարի։ Մայքլն անընդատ լարված հարաբերությունների մեջ է ընտանիքի անդամների հետ։ Նա հաճախում է հոգեբան Այզեա Ֆրիդլանդերի անհատական խորհրդատվություններին, ով, նրա կարծիքով, ամենևին էլ չի օգնում։ Գանգստեր Ֆրենկլին Քլինթոնը, ով իր ընկեր Լամար Դեյվիսի հետ աշխատում էր ամերիկահայ խարդախ մեքենավաճառ Սիմեոն Եթարյանի մոտ, պատահաբար առերեսվում է Մայքլին, երբ փորձում էր խաբեությամբ գողանալ իր որդու՝ սրահից ձեռք բերված մեքենան։ Հետագայում Մայքլն ու Ֆրենկլինը մտերմանում են։ Երբ մի անգամ Մայքլը տուն վերադառնալիս ննջասենյակում կնոջը բռնացնում է թենիսի մարզչի հետ, նա Ֆրենկլինի հետ հետապնդում է մարզչին, ի վերջո գետնին հավասերեցնելով նրա առանձնատունը։ Առանձնատան սեփականատերը՝ նարկոբարոն Մարտին Մադրազոն, փոխհատուցում է պահանջում

Գումարը հայթայթելու համար Մայքլը ստիպված է լինում վերադառնալ իր հանցավոր անցյալին, որպես հանցակից ներգրավելով նաև Ֆրենկլինին։ Մայքլի հին ընկեր հաշմանդամ հաքեր Լեստեր Քրեստի օգնությամբ նրանք թալանում են ոսկերչական խանութը, ինչից ստացված գողոնը բավարար է լինում պարտքը մարելու համար։ Միևնույն ժամանակ, Թրևորը, ով հակահիգենիկ պայմաններում ապրում է Բլեյն շրջանի փոքր բնակավայրերից մեկում, նորություններից տեղեկանում է խանութի կողոպուտի մասին և, նշմարելով վաղեմի ընկերոջ ձեռագիրը, սկսում կասկածել երբեմնի Մայքլ Թաունլիի սպանության ճշմարտացիության շուրջ։ Ի վերջո, Թրևորին հաջողվում է հայտնաբերել Մայքլին և վերամիավորվել նրա հետ, թեև վերջինս դրան պատրաստ չէր։

Ժամանակի ընթացքում Մայքլի, Թրևորի և Ֆրենկլինի վարած կյանքը դուրս է գալիս վերահսկողությունից։ Հանցավոր կյանք վերադառնալու պատճառով ընտանիքը լքում է Մայքլին։ Երբ նա հետագայում դառնում է կինոպրոդյուսեր, նա կոնֆլիկտի մեջ է մտնում միլիարդատեր և ագրեսիվ վենչուրային կապիտալիստ Դևին Ուեսթոնի հետ, ով փորձում է փակել Մայքլի ստուդիան։ Մայքլը կարողանում է խափանել Ուեսթոնի ծրագրերը, սակայն միևնույն ժամանակ պատասխանատու է դառնում Ուեսթոնի օգնականի անզգույշ մահվան մեջ՝ ստիպելով Դևինին վրեժխնդիր լինել։ Միևնույն ժամանակ, Ֆրենկլինը պետք է փրկի իր ընկեր Լամար Դեյվիսին իր նախկին ընկերոջ և մրցակից գանգստեր Հարոլդ «Սթրեթչ» Ջոզեֆից, ով փորձում էր սպանել նրանց, որպեսզի կարողանա միանալ Բալաների հանցախմբին։ Միևնույն ժամանակ, Թրևորը փորձում է ամրապնդել իր դիրքերը Բլեյն շրջանի տարբեր սև շուկաների վրա՝ մի քանի ճակատով պատերազմ մղելով «Կորուսյալներ» բայքերական ակումբի, լատինաամերիկյան փողոցային ավազակախմբերի, մրցակից մեթամֆետամինադիլերների, «Մերիվեդեր» մասնավոր անվտանգության ընկերության և չինական տրիադների պարագլուխ Վեյ Չենգի դեմ։

Կրկին կողոպուտի մասնակցելով Մայքլը խախտել էր գործակալ Դեյվ Նորթոնի հետ իր համաձայնությունը, ուստի Դեյվը և վերջինիս վերադաս Սթիվ Հեյնսը ստիպում են Մայքլին, Ֆրենկլինին և Թրևորին մի շարք գախտնի օպերացիաներ կատարել Միջազգային հարաբերությունների գործակալության (Կենտրոնական հետախուզական վարչության խաղային ադապտացիան) համար։ Սթիվի ղեկավարությամբ և Լեստերի հսկողությամբ եռյակը հարձակվում է գործակալության դրամական միջոցները տեղափոխող ավտոշարասյան վրա և կողոպտում փորձարարական քիմիական զենք գործակալության լաբորատորիայից։ Քանի որ Սթիվը սկսում է հայտնվել անվտանգության ծառայությունների հետաքրքրության շրջանակում, նա ստիպում է Մայքլին և Ֆրենկլինին ջնջել իր դեմ ապացույցները Դաշնային hետաքննությունների բյուրոյի սերվերներից։ Առիթից օգտվելով, Մայքլը կարողանում է ջնջել նաև իր տվյալները բազայից, այդ կերպ մեկընդմիշտ զրոյացնելով Սթիվի լծակները նրա հանդեպ։

Ընտանիքի հետ հաշտվելուց հետո Մայքլը Թրևորի, Ֆրենկլինի և Լեստերի հետ սկսում է պլանավորել իր վերջին կողոպուտը։ Դարակազմիկ կողոպուտի առարկան այս անգամ պետք է լիներ դաշնային գանձատան ոսկու ձուլակտորների պահուստը։ Այնուամենայնիվ, Թրևորը հայտնաբերում է, որ Լյուդենդորֆի կողոպուտից ի վեր Բրեդը ոչ թե բանտարված է, ինչպես նա գիտեր, այլ սպանված և թաղված Մայքլի համար նշված գերեզմանում։ Ենաթադրելով, որ Բրեդի փոխարեն իրեն պետք է սպանեին, Թրևորն իրեն դավաճանված է զգում։ Գերեզմանոցում Մայքլի հետ առերեսվելիս, Թրևորը նկատում է նրանց մոտեցող Չենգի բանդայի անդամներին և Մայքլին մենակ թողնում նրանց հետ հրաձգության ժամանակ։ Միևնույն ժամանակ, Սթիվը դավաճանում է Մայքլին ու Դեյվին, ինչի պատճառով նրանց հանդիպման վայրում են հայտնվում ԴՀԲ-ի, ՄՀԳ-ի և նույնիսկ՝ «Մերիվեդեր» մասնավոր անվտանգության ուժայինները։ Սկսվում է լարված հրաձգություն։ Թրևորն օգնում է Մայքլին և Դեյվին, պնդելով, որ միայն նա բարոյական իրավունք ուներ սպանել Մայքլին՝ համաձայնելով վերջինիս հետ կատարել դաշնային գանձատան կողոպուտը և դրանից հետո բաժանվել։

Կողոպուտը պսակվում է հաջողությամբ, սակայն շատ չանցած Ֆրենկլինին են մոտենում Սթիվը և Դեյվը, ովքեր պնդում են, որ Թրևորն անկայուն մարդ է և պետք է ոչնչացվի։ Ավելի ուշ Ֆրենկլինին է այցելում Դևին Ուեսթոնը, ով իր հերթին պնդում է, որ պետք է Մայքլը սպանվի։ Ֆրանկլինն ունի երեք ընտրություն՝ սպանել Թրևորին, սպանել Մայքլին կամ ռիսկի դիմել և փորձել փրկել երկուսին էլ։ Մայքլին կամ Թրևորին սպանելու դեպքում, Ֆրենկլինը դադարեցնում է կապն այն մարդու հետ, ում կյանքը խնայում է և վերադառնում է իր հին կյանքին։ Երրորդ տարբերակի դեպքում, Մայքլն ու Թրևորը հաշտվում են, և եռյակը, Լամարի և Լեստերի աջակցությամբ, դիմակայում են ԴՀԲ-ի և «Մերիվեդերի» հարձակմանը, նախքան Չենգին, Սթրեթչին, Սթիվին և Դևինին ոչնչացնելը։ Երեք հերոսները դադարում են միասին աշխատել, սակայն մնում են ընկերներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Steam — 2003.
  2. PlayStation Store
  3. Grand Theft Auto V: Premium Edition — 2012.
  4. Humble Store
  5. https://web.archive.org/web/20130718101703/http://www.computerandvideogames.com/419205/gta-5-new-details-japanese-release-date-confirmed
  6. Digioia A. GTA V per PS5 e Xbox Series X/S uscirà il 15 marzo: Rockstar svela i dettagli della versione next-gen: Nuove informazioni anche sulla versione standalone di GTA Online // IGNSan Francisco: 2022.
  7. GTAV Title Update 1.54 Notes (PS4 / Xbox One / PC)
  8. Actualización 1.36 de GTAV (solo PS3) (իսպ.)
  9. GTAV Title Update 1.29 Notes (PS3/Xbox 360)
  10. https://web.archive.org/web/20211215090225/https://www.gtabase.com/news/grand-theft-auto-v/title-updates/gta-online-the-contract-update-december-2021-patch-notes-fixers
  11. http://store.steampowered.com/app/271590/Grand_Theft_Auto_V/
  12. Internet Movie Database — 1990.
  13. https://pegi.info/search-pegi?q=grand+theft+auto+v
  14. 14,0 14,1 https://usk.de/?s=Grand+Theft+Auto+V
  15. Ստաֆ Ռայթեր (2011 թ․ նոյեմբերի 2). «Համացանցում հայտնվել է «GTA V»-ի թրեյլերը» (անգլերեն). «Այ Թի ՊրոՊորտալ». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 23-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 13-ին.
  16. Բաքլի, Շոն (2013 թ․ սեպտեմբերի 16). ««GTA V»-ի վաճառքը երեք օրվա ընթացքում հասել է $1 միլիարդի, այն կարող է դառնալ ամենաարագ վաճառվող ժամանցային ապրանքատեսակը պատմության մեջ». Engadget.com. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 22–ին-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]