Շտապ բժշկական օգնություն
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
Հիմնադրված է | 1887 |
---|
Շտապ բժշկական օգնություն, մարդու կյանքին և առողջությանը վտանգ սպառնացող վիճակներում (վնասվածք, թունավորում և հանկարծակի սուր հիվանդություն) ցույց տրվող բժշկական օգնության ձև և համակարգ։ Շտապ բժշկական օգնության խնդիրներն են․ անհետաձգելի, այդ թվում մասնագիտացված բժշկ․ օգնության կազմակերպումը պատահարի վայրում, բուժհիմնարկ տանելու ճանապարհին և շտապ բժշկական օգնության հիվանդանոցներում, բժշկական հատուկ ցուցմունքներով հիվանդների տեղափոխումը բուժհիմնարկ, դժբախտ պատահարների առաջացման պատճառների հաշվառումը և այլն։ Շտապ բժշկական օգնության կազմակերպումը պայմանավորված է քաղաքների աճման, արդյունաբերության և տրանսպորտի զարգացման հետ կապված դժբախտ պատահարների թվի ավելացմամբ։ Շտապ բժշկական օգնության առաջին կայանը ստեղծվել է Վիեննայում, 1881 թվականին։
Շտապ բժշկական օգնության մատչելիությունը պետք է պայմանավորված լինի ոչ միայն հատուկ հիմնարկների ցանցով, այլև դիսպետչերական ծառայության կենտրոնացմամբ։ Գոյություն ունի միասնական հեռախոսային ինդեքս (03), ռադիոֆիկացիայի են ենթարկված շտապ բժշկական օգնության մեքենաները, հիվանդանոցներում ստեղծվել են վերակենդանացման կենտրոններ, ինտենսիվ թերապիայի բաժանմունքներ։ Ստեղծվել են շտապ բժշկական օգնության մասնագիտացված բրիգադներ, որոնք մեկնում են սրտամկանի ինֆարկտով, ուղեղի կաթվածով, վնասվածքային շոկով և սուր թունավորումներով հիվանդներին օգնելու։ Այդ բրիգադները հնարավորություն ունեն պատահարի տեղում հիվանդին վերակենդանացնել և նախապատրաստել հիվանդանոցում շտապ բժշկական օգնություն ցույց տալու համար։ Շտապ բժշկական օգնության կայանների բացակայության դեպքում անհետաձգելի բժշկական օգնությունն իրագործում են ցերեկը՝ պոլիկլինիկաները, իսկ գիշերը՝ օրագիշեր հերթապահություն ունեցող բուժհիմնարկները։ Գյուղական վայրերում շտապ բժշկական օգնություն կազմակերպում են գյուղական բուժհիմնարկների բժիշկները և բուժակները։ Շտապ բժշկական օգնության քաղաքային կայանի հերթապահ բժիշկներն իրավունք չունեն ժամանակավոր անաշխատունակության թերթիկներ, դատաբժշկական և այլ եզրակացություններ տալու։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |